Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հուդա 2


Հուդա 2

Հին Կտակարանում՝ Հակոբի և Լիայի չորրորդ որդին (Ծն. ԻԹ.35; ԼԷ.26–27; ԽԳ.3, 8; ԽԴ.16; ԽԹ.8): Հակոբն օրհնեց Հուդային, որ նա լավ ղեկավար կլինի Հակոբի որդիների մեջ, և որ Սելովը (Հիսուս Քրիստոսը) կլինի նրա հետնորդը (Ծն. ԽԹ.10):

Հուդայի ցեղը

Քանանում բնակություն հաստատելուց հետո Հուդայի ցեղը վերցրեց ղեկավարությունը: Նրա գլխավոր մրցակիցը Եփրեմի ցեղն էր: Մովսեսն օրհնեց Հուդայի ցեղը (Բ Օր. ԼԳ.7): Սողոմոնի թագավորությունից հետո Հուդայի ցեղը դարձավ Հուդայի թագավորությունը:

Հուդայի թագավորությունը

Ռոբովամի թագավորության ժամանակ Սողոմոնի տիրապետությունները բաժանվեցին երկու առանձին թագավորությունների, հիմնականում Եփրեմի և Հուդայի ցեղերի միջև եղած նախանձի պատճառով: Հարավային թագավորությունը, կամ Հուդայի թագավորությունը, ներառում էր Հուդայի ցեղը և Բենիամինի մեծ մասը: Երուսաղեմը նրա մայրաքաղաքն էր: Ընդհանուր առմամբ այն ավելի հավատարիմ մնաց Եհովայի երկրպագությանը, քան հյուսիսային թագավորությունը: Հուդան ավելի քիչ էր հարձակման ենթարկվում հյուսիսից և արևելքից, և գերագույն իշխանությունը մնաց Դավթի ընտանիքի ձեռքում, մինչև Բաբելոնյան գերությունը: Իսրայելի ավելի զորեղ և բնակչությամբ ավելի մեծ թագավորության անկումից հետո, Հուդայի թագավորությունը կարողացավ գոյատևել 135 տարի:

Հուդայի փայտը

Սա վերաբերում է Աստվածաշնչին՝ որպես Հուդայի տան հիշատակարանի (Եզեկ. ԼԷ.15–19): Վերջին օրերին, երբ Իսրայելի տան տարբեր ճյուղերը հավաքվեն, նրանց սրբազան հիշատակարանները նույնպես մեկտեղ կհավաքվեն: Սուրբ գրային այս հիշատակարանները կլրացնեն միմյանց և կկազմեն միասնական վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Իսրայելի Աստվածը և ողջ երկրի Աստվածը (2 Նեփի 3; 29; ՋՍԹ Ծն. 50.24–36):