Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Դավիթ


Դավիթ

Հնագույն Իսրայելի թագավոր Հին Կտակարանում:

Դավիթը Հեսսեի որդին էր՝ Հուդայի ցեղից: Նա քաջազուն երիտասարդ էր, որն սպանեց մի առյուծ, մի արջ և Փղշտացի հսկա Գողիաթին (Ա Թագ. ԺԷ): Դավիթն ընտրվեց և օծվեց որպես Իսրայելի թագավոր: Սավուղի նման, իր հասուն տարիքում նա ծանր հանցանքների մեղսակից եղավ, սակայն, ի տարբերություն Սավուղի, նա ընդունակ էր անկեղծ զղջման: Ուստի նա կարողացավ ներում գտնել, բացի Ուրիայի սպանության դեպքից: (ՎևՈՒ 132.39): Նրա կյանքը կարելի է բաժանել չորս մասի. (1) Բեթլեհեմում, որտեղ նա հովիվ էր (Ա Թագ. ԺԶ–ԺԷ). (2) Սավուղ թագավորի արքունիքում (Ա Թագ. ԺԸ.1–ԺԹ.18). (3) որպես գաղթական (Ա Թագ. ԺԹ.18–ԼԱ.13; Բ Թագ. Ա.1–27). (4) որպես Հուդայի թագավոր Քեբրոնում (Բ Թագ. Բ–Դ), իսկ ավելի ուշ՝ որպես ողջ Իսրայելի թագավոր (Բ Թագ. Ե–ԻԴ; Գ Թագ. Ա.1–Բ.11):

Բերսաբեի հետ Դավթի շնության մեղքին հետևեցին լուրջ դժբախտություններ, որոնք մրոտեցին նրա կյանքի վերջին քսան տարիները: Ազգը, ամբողջությամբ վերցրած, բարգավաճում էր նրա թագավորության ժամանակ, սակայն ինքը՝ Դավիթը, տառապում էր իր մեղքերի պատճառով: Շարունակ ընտանեկան գժտություններ էին լինում, որոնք, Աբիսողոմի և Ադոնիայի դեպքում, ավարտվեցին բաց ապստամբությամբ: Այդ դեպքերը Նաթան մարգարեի հայտարարությունների իրականացումն էին Դավթի վերաբերյալ՝ նրա մեղքերի պատճառով (Բ Թագ. ԺԲ.7–13):

Չնայած այդ դժբախտություններին՝ Դավթի թագավորությունն ամենափայլունն էր Իսրայելացիների պատմության մեջ, քանի որ. (1) նա ցեղերին միավորեց մեկ ազգի մեջ, (2) նա ապահովեց երկրի անվիճելի տարածքների անվտանգությունը, (3) նա կառավարությունը հաստատեց ճշմարիտ կրոնի վրա, այնպես որ Աստծո կամքը դարձել էր Իսրայելի օրենքը: Նշված պատճառներով Դավթի թագավորությունը հետագայում գնահատվեց որպես ազգի ոսկե դարաշրջան, և որպես այն ավելի փառահեղ դարաշրջանի մարմնավորում, երբ Մեսիան պիտի գա (Ես. ԺԶ.5; Երեմ. ԻԳ.5; Եզեկ. ԼԷ.24–28):

Դավթի կյանքը ցույց է տալիս, որ բոլոր մարդիկ պետք է արդարության մեջ համբերեն մինչև վերջ: Որպես երիտասարդ՝ նրա մասին ասվում էր, որ Տիրոջ «սրտի համեմատ» մարդ է (Ա Թագ. ԺԳ.14). որպես տղամարդ՝ նա խոսում էր Հոգով և շատ հայտնություններ ուներ: Սակայն նա ծանր գին վճարեց Աստծո պատվիրաններին չհնազանդվելու համար (ՎևՈՒ 132.39):