Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Պողոսի Թղթերը


Պողոսի Թղթերը

Տասնչորս գիրք Նոր Կտակարանում, որոնք սկզբնապես Պողոս Առաքյալի կողմից գրված նամակներ էին ուղղված Եկեղեցու անդամներին: Դրանք կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

Թեսաղոնիկեցիս Ա և Բ (Ք.ծ.հ. 50–51թթ.)

Թեսաղոնիկեցիներին ուղղված իր թղթերը Պողոսը գրել է Կորնթոսից՝ իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ: Թեսաղոնիկեի նրա գործերը նկարագրված են Գործք ԺԷ-ում: Նա ցանկանում էր վերադառնալ Թեսաղոնիկեա, բայց չկարողացավ (Ա Թես. Բ.18): Ուստի, նա ուղարկեց Տիմոթեոսին, որ քաջալերի նորադարձներին և իրեն լուր բերի, թե ինչպես են նրանք: Առաջին թուղթը Տիմոթեոսի վերադարձի իր գոհունակության արդյունքն է: Երկրորդ թուղթը գրվել է կարճ ժամանակ անց:

Կորնթացիս Ա և Բ, Գաղատացիս, Հռովմայեցիս (Ք.ծ.հ. 55–57թթ.)

Կորնթացիներին ուղղված թուղթը Պողոսը գրել է իր երրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ՝ որոշ հարցերի պատասխանելու և Կորնթոսի Սրբերի մեջ անկարգությունները շտկելու նպատակով:

Գաղատացիներին ուղղված թուղթը, հավանաբար, գրվել է ողջ Գաղատիայում տարածված Եկեղեցու շատ ճյուղերին: Եկեղեցու որոշ անդամներ հրեական օրենքի պատճառով հրաժարվում էին ավետարանից: Այս նամակում Պողոսը բացատրել է Մովսեսի օրենքի նպատակը և հոգևոր կրոնի արժեքը:

Հռոմեացիներին ուղղված թուղթը Պողոսը գրել է Կորնթոսից, մասամբ, որպեսզի Հռոմի Սրբերին նախապատրաստի իր հնարավոր այցելությանը: Այս նամակը նաև վերահաստատում է որոշ վարդապետություններ, որոնք կասկածի տակ էին առնվում դեպի Քրիստոնեությունը դարձած որոշ հրեաների կողմից:

Փիլիպպեցիս, Կողոսացիս, Եփեսացիս, Փիլիմոն, Եբրայեցիս (Ք.ծ.հ. 60–62թթ.)

Պողոսը գրել է այս թղթերը, երբ առաջին անգամ բանտարկված էր Հռոմում:

Փիլիպպեցիներին ուղղված իր թուղթը Պողոսը գրել է, հիմնականում, իր երկար բանտարկությունից տխրած Փիլիպպեցի Սրբերին իր երախտագիտությունն ու սերը հայտնելու և նրանց քաջալերելու համար:

Կողոսացիներին ուղղված իր թուղթը Պողոսը գրել է, տեղեկանալով, որ Կողոսացիները լուրջ սխալների մեջ են ընկել: Նրանք սկսել էին հավատալ, թե կատարելության կարելի է հասնել ավելի շուտ արտաքին արարողությունները ճշտորեն կատարելով, քան Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելով:

Եփեսացիներին ուղղված թուղթը մեծ կարևորություն ունի, քանի որ ուսմունքներ է պարունակում Քրիստոսի Եկեղեցու մասին:

Փիլիմոնին ուղղված թուղթն անձնական նամակ է Ոնեսիմոսի մասին, մի ստրուկի, որը թալանել էր իր տիրոջը՝ Փիլիմոնին, և փախել էր Հռոմ: Պողոսը Ոնեսիմոսին ետ էր ուղարկել իր տիրոջ մոտ՝ մի նամակով, որում խնդրել էր ներել Ոնեսիմոսին:

Եբրայեցիներին ուղղված իր թուղթը Պողոսը գրել է Եկեղեցու հրեա անդամներին՝ նրանց համոզելու համար, որ Մովսեսի օրենքը կատարվել է Քրիստոսով, և որ այն փոխարինվել է Քրիստոսի ավետարանի օրենքով:

Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս (Ք.ծ.հ. 64–65թթ.)

Այս թղթերը Պողոսը գրել է Հռոմի առաջին բանտարկությունից ազատվելուց հետո:

Պողոսը ճամփորդեց դեպի Եփեսոս, որտեղ նա թողեց Տիմոթեոսին, որպեսզի նա կանգնեցնի որոշ մտահայեցողական վարդապետությունների աճը, մտադրություն ունենալով հետագայում վերադառնալ: Տիմոթեոսին ուղղած իր առաջին թուղթը նա, հավանաբար, գրել է Մակեդոնիայից, որպեսզի խորհուրդ տա և քաջալերի նրան իր պարտքը կատարելիս:

Տիտոսին ուղղված իր թուղթը Պողոսը գրել է բանտից ազատված ժամանակ: Հավանաբար, նա այցելել էր Կրետե, որտեղ ծառայում էր Տիտոսը: Նամակը հիմնականում վերաբերում է արդարակյաց ապրելակերպին և կարգապահությանը Եկեղեցու մեջ:

Տիտոսին ուղղված իր երկրորդ թուղթը Պողոսը գրել է երկրորդ անգամ բանտում գտնվելու ժամանակ, իր նահատակությունից կարճ ժամանակ առաջ: Այս թուղթը պարունակում է Պողոսի վերջին խոսքերը և ցույց է տալիս այն զարմանահրաշ քաջությունն ու վստահությունը, որով նա դիմավորում էր մահը: