Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եղիա


Եղիա

Հին Կտակարանի մարգարե, որը վերջին օրերին վերադարձավ, որպեսզի Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհի կնքման զորության բանալիները: Իր օրերում Եղիան ծառայում էր Իսրայելի Հյուսիսային Թագավորությունում (Գ Թագ. ԺԷ–ԻԲ; Դ Թագ. Ա–Բ): Նա մեծ հավատք ուներ առ Տերը և հայտնի է բազում հրաշքներով: Նա կանխեց անձրևը երեք և կես տարի: Նա մի պատանու բարձրացրեց մեռելներից և երկնքից կրակ իջեցրեց (Գ Թագ. ԺԷ–ԺԸ): Հրեա ժողովուրդը դեռևս սպասում է Եղիայի վերադարձին, ինչպես մարգարեացել է Մաղաքիան, որ նա կգա (Մաղ. Դ.5): Նա հրավիրված հյուր է հրեաների զատկի խնջույքին, որտեղ բաց դուռը և ազատ աթոռը միշտ սպասում են նրան:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ Եղիան կրել է Մելքիսեդեկյան Քահանայության կնքման զորությունը և եղել է վերջին մարգարեն, որն այն ունեցել է նախքան Հիսուս Քրիստոսի ժամանակները: Կերպարանափոխման սարի վրա նա հայտնվեց Մովսեսի հետ և շնորհեց քահանայության բանալիները Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (Մատ. ԺԷ.3): Նա հայտնվեց կրկին, Մովսեսի և այլոց հետ, 1836թ. ապրիլի 3-ին, Օհայոյի Կիրթլենդի տաճարում, և նույն բանալիները շնորհեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին (ՎևՈՒ 110.13–16): Այդ բոլորը եղավ՝ ի նախապատրաստություն Տիրոջ երկրորդ գալստին, ինչպես խոսվել է Մաղաքիայի Դ.5–6-ում:

Եղիայի զորությունը քահանայության կնքման զորությունն է, որով երկրի վրա կապած կամ արձակած բաները կապվում կամ արձակվում են երկնքում (ՎևՈՒ 128.8–18): Այսօր, երկրի վրա, Տիրոջ ընտրյալ ծառաներն ունեն այս կնքման զորությունը և կատարում են ավետարանի փրկության արարողություններն ապրողների և մահացածների համար (ՎևՈՒ 128.8):