Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Թագավորաց
նախորդ հաջորդ

Թագավորաց

Չորս գիրք Հին Կտակարանում: Հայերեն Աստվածաշնչում Ա և Բ Թագավորաց գրքերը կոչվում են նաև Սամուելի Ա և Բ գրքեր, իսկ անգլերեն ՀԹՏ Աստվածաշնչի Ա և Բ Թագավորաց գրքերը, համապատասխանաբար, Գ և Դ Թագավորաց գրքերն են: Առաջին երկու գրքերում ընդգրկված է մոտ 130 տարվա պատմություն՝ Սամուելի ծննդից սկսած, գրեթե մինչև Դավիթ թագավորի մահը: Երրորդ և չորրորդ գրքերում տրվում է Իսրայելի պատմությունը՝ Դավիթ թագավորի որդի Ադոնիայի ապստամբությունից սկսած (մոտ Ք.ծ.ա. 1015թ.) մինչև Հուդայի վերջնական գերությունը (մոտ Ք.ծ.ա. 586թ.): Դրանք պարունակում են հյուսիսային թագավորության (Իսրայելի տասը ցեղերի) ամբողջ պատմությունը, բաժանումից մինչև Ասորեստանցիների կողմից գերի վերցվելը և դեպի հյուսիսային երկրներ տանելը:

Ա Թագավորաց

Ա–Դ գլուխները նկարագրում են, որ Տերն անիծեց և պատժեց Հեղիի ընտանիքը և Սամուելին կանչեց որպես քահանայապետ և դատավոր: Դ–Զ գլուխները պատմում են, թե ինչպես ուխտի տապանակն ընկավ Փղշտացիների ձեռքը: Է–Ը գլուխներն արձանագրում են Սամուելի զգուշացումները կեղծ աստվածներ և ամբարիշտ թագավոր ունենալու վերաբերյալ: Թ–ԺԵ գլուխները նկարագրում են Սավուղի թագադրությունը և որպես թագավոր նրա կառավարումը: ԺԶ–ԼԱ գլուխները պատմում են Դավթի պատմությունը և նրա իշխանություն ստանալը՝ Սամուելն օծեց Դավթին, որը սպանել էր Գողիաթին: Սավուղն ատում էր Դավթին, սակայն Դավիթը հրաժարվեց սպանել Սավուղին, թեև դրա համար հնարավորություն ունեցավ:

Բ Թագավորաց

Այս գիրքը պարունակում է Դավթի թագավորության մանրամասները, որպես Հուդայի և, ի վերջո, որպես ամբողջ Իսրայելի թագավոր: Ա–Դ գլուխները ցույց են տալիս երկարատև պայքարը Դավթի հետևորդների և Սավուղի հետևորդների միջև, այն բանից հետո, երբ Դավիթը թագադրվեց Հուդայի կողմից: Ե–Ժ գլուխները ցույց են տալիս, որ Դավթի հզորությունը տարածվում է շատ երկրներով մեկ: ԺԱ–ԻԱ գլուխները ցույց են տալիս Դավթի հոգևոր ուժի անկումը նրա մեղքերի և նաև սեփական ընտանիքում բարձրացած ապստամբության պատճառով: ԻԲ–ԻԴ գլուխները նկարագրում են Տիրոջ հետ հաշտվելու Դավթի փորձերը:

Գ Թագավորաց

. Ա գլուխը նկարագրում է Դավիթ թագավորի կյանքի վերջին օրերը: Բ–ԺԱ գլուխները հիշատակում են Սողոմոնի կյանքը: ԺԲ–ԺԶ գլուխները պատմում են Սողոմոնի անմիջական հաջորդողների՝ Ռոբովամի և Հերոբովամի մասին: Հերոբովամը դարձավ Իսրայելի թագավորության բաժանման պատճառը: Հիշատակվում են նաև մյուս թագավորները: ԺԷ–ԻԱ գլուխներում հիշատակվում են որոշ մասեր Եղիայի ծառայության մասին, երբ նա խրատում էր Աքաաբին՝ Իսրայելի թագավորին: ԻԲ գլուխը նկարագրում է պատերազմն Ասորիքի դեմ, որի ժամանակ Աքաաբը և Հովսափատը՝ Հուդայի թագավորը, միացնում են իրենց ուժերը: Միքիա մարգարեն մարգարեանում է ընդդեմ այդ թագավորների:

Դ Թագավորաց

. Ա գլխից մինչև Բ.11-ը պարունակում է Եղիայի կյանքը, այդ թվում՝ Եղիայի երկինք բարձրանալը հրեղեն կառքով: Բ–Թ գլուխները պատմում են Եղիսեի հավատքի ծառայության և մեծ զորության մասին: Ժ գլուխը պատմում է Հեու թագավորի մասին, և թե ինչպես նա կործանեց Աքաաբի տունը և Բահաղի քահանաներին: ԺԱ–ԺԳ գլուխները պատմում են Հովասի արդար թագավորության մասին և Եղիսեի մահվան մասին: ԺԴ–ԺԷ գլուխները պատմում են զանազան թագավորների մասին, որոնք, հաճախ ամբարշտությամբ, թագավորել են Իսրայելում և Հուդայում: ԺԵ գլուխը հիշատակում է, թե ինչպես ասորեստանցիները գերության տարան Իսրայելի տասը ցեղերին: ԺԸ–Ի գլուխները հիշատակում են Եզեկիայի՝ Հուդայի թագավորի արդարակյաց կյանքի, և Եսայիա մարգարեի մասին: ԻԱ–ԻԳ գլուխները պատմում են Մանասե և Հովսիա թագավորների մասին: Ավանդության համաձայն՝ Մանասեն պատասխանատու է եղել Եսայիայի նահատակության համար: Հովսիան արդարակյաց թագավոր էր, որը վերահաստատեց օրենքը հրեաների մեջ: ԻԴ–ԻԵ գլուխները պատմում են Բաբելոնյան գերության մասին: