Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Երեմիա
նախորդ հաջորդ

Երեմիա

Հին Կտակարանի մարգարե, որը ծնվել է քահանայական ընտանիքում և մարգարեացել է Հուդայում, Ք.ծ.ա. 626–586թթ.: Նա ապրել է մյուս մեծ մարգարեների՝ Լեքիի, Եզեկիելի, Ովսեի և Դանիելի մոտ ժամանակաշրջանում:

Երեմիան մարգարե էր կարգվել նախամահկանացու կյանքում (Երեմ. Ա.4–5): Մարգարե լինելու մոտ քառասուն տարիների ընթացքում, նա ուսուցանել է հրեա ժողովրդի մեջ եղած կռապաշտության և անբարոյականության դեմ (Երեմ. Գ.1–5; Է.8–10): Նա ստիպված է եղել դիմանալ շարունակվող ընդդիմությանն ու անարգանքներին (Երեմ. Ի.2; ԼԶ.18–19; ԼԸ.4): Երուսաղեմի անկումից հետո, հրեաները, որոնք հեռացան Եգիպտոս, Երեմիային վերցրեցին իրենց հետ (Երեմ. ԽԳ.5–6), որտեղ, ըստ ավանդության, նրանք քարկոծելով սպանեցին նրան:

Երեմիայի գիրքը

Ա–Զ գլուխները պարունակում են Հովսիայի թագավորության ժամանակ տրված մարգարեությունները: Է–Ի գլուխները Հովակիմի ժամանակի մարգարեություններն են: ԻԱ–ԼԸ գլուխները վերաբերում են Սեդեկիայի թագավորությանը: ԼԹ–ԽԴ գլուխները պարունակում են մարգարեություններ և նկարագրում են Երուսաղեմի անկումից հետո տեղի ունեցած պատմական իրադարձությունները: ԽԵ գլուխը խոստում է պարունակում Բարուքին՝ նրա դպիրին, որ Բարուքի կյանքը կպահպանվի: Ի վերջո, ԽԶ–ԾԱ գլուխները մարգարեություններ են օտար ազգերի դեմ: ԾԲ գլուխը պատմական վերջաբան է: Երեմիայի մարգարեությունների մի մասը գրված էին Նեփիի կողմից ձեռք բերված Լաբանի արույրե թիթեղների վրա (1 Նեփի 5.10–13): Երեմիայի անունը Մորմոնի Գրքում նշվել է ևս երկու անգամ (1 Նեփի 7.14; Հել. 8.20):

Երեմիայի գրքում ընդգրկված են նաև մարդու նախամահկանացու գոյության ճանաչումը և Երեմիայի նախակարգումը (Երեմ. Ա.4–5). մարգարեություն՝ իր ցրված վիճակից Իսրայելի վերադառնալու մասին, քաղաքից մեկին և ընտանիքից երկուսին Սիոնում հավաքելու մասին, հիանալի երկրի մասին, որտեղ Իսրայելը և Հուդան կկարողանան բնակվել ապահովության և խաղաղության մեջ (Երեմ. Գ.12–19). և մարգարեություն այն բանի մասին, որ Տերը կհավաքի Իսրայելը հյուսիսային երկրներից՝ շատ «ձկնորսներ» և «որսորդներ» ուղարկելով, որպեսզի գտնեն նրան (Երեմ. ԺԶ.14–21): Վերջին օրերի այս իրադարձությունն անհամեմատ ավելի մեծ է լինելու, քան Եգիպտոսից Իսրայելին դուրս բերելը (Երեմ. ԺԶ.13–15; ԻԳ.8):