Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մորմոնի Գիրքը
նախորդ հաջորդ

Մորմոնի Գիրքը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից ընդունված սուրբ գրքերի չորս հատորներից մեկը: Դա Ամերիկյան աշխարհամասի հնագույն բնակիչների հիշատակարանների համառոտագրում է հնագույն մարգարեի կողմից, որի անունը Մորմոն էր: Այն գրված է որպես վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է: Մարգարե Ջոզեֆ Սմիթը, որը թարգմանել է այդ հիշատակարանն Աստծո պարգևով ու զորությամբ, ասել է դրա մասին. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (Տե՛ս Մորմոնի Գրքի սկզբի նախաբանը):

Մորմոնի Գիրքը երեք խմբի մարդկանց կրոնական հիշատակարան է, որոնք Հին Աշխարհից գաղթեցին դեպի Ամերիկյան աշխարհամաս: Այդ խմբերը ղեկավարվում էին մարգարեների կողմից, որոնք իրենց հոգևոր և աշխարհիկ պատմությունները գրում էին մետաղյա թիթեղների վրա: Մորմոնի Գրքում արձանագրված է նաև Հիսուս Քրիստոսի հայտնվելն Ամերիկյան աշխարհամասի ժողովրդին իր հարությունից հետո: Քրիստոսի այդ գալստին հետևեց երկու հարյուր տարվա խաղաղ դարաշրջան:

Մորոնին՝ վերջին Նեփիացի մարգարե-պատմագիրը, կնքեց այդ ժողովրդի համառոտագիր հիշատակարանները, և դրանք պահ տվեց մոտ Ք.ծ.հ. 421 թվականին: 1823-ին, հարություն առած Մորոնին այցելեց Ջոզեֆ Սմիթին և, ավելի ուշ, հանձնեց նրան այդ հնագույն և սրբազան հիշատակարանները, որ դրանք թարգմանվեն և տրվեն աշխարհին՝ որպես ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: