Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Նեփի՝ Հելամանի որդի Նեփիի որդին


Նեփի՝ Հելամանի որդի Նեփիի որդին

Նեփիացի տասներկու աշակերտներից մեկը, որն ընտրվել էր հարություն առած Հիսուս Քրիստոսի կողմից Մորմոնի Գրքում (3 Նեփի 1.2–3; 19.4): Այս մարգարեն իր ժողովրդի համար ուժգին աղոթեց Տիրոջը: Նեփին լսեց Տիրոջ ձայնը (3 Նեփի 1.11–14): Նեփիին նաև այցելեցին հրեշտակները, նա դևեր դուրս գցեց, մահից բարձրացրեց իր եղբորը և վկայություն բերեց, որին հնարավոր չէր չհավատալ (3 Նեփի 7.15–19; 19.4): Նեփին սուրբ գրքերի հիշատակարան էր վարում (3 Նեփի 1.2–3):

3 Նեփիի գիրքը

Գիրք՝ Մորմոնի Գրքում, գրված Նեփիի որդի Նեփիի կողմից: 1–10-րդ գլուխները ցույց են տալիս Տիրոջ գալստի մասին մարգարեությունների իրականացումը: Տրվեց Քրիստոսի ծննդյան նշանը. մարդիկ ապաշխարեցին. բայց հետո նրանք վերադարձան ամբարշտության: Ի վերջո, փոթորիկները, երկրաշարժերը, կատաղի մրրիկները և մեծ կործանումը նշանավորեցին Քրիստոսի մահը: 11–28-րդ գլուխներն արձանագրում են Քրիստոսի գալուստն Ամերիկյան աշխարհամաս: Սա 3 Նեփիի գրքի առանցքային մասն է: Քրիստոսի խոսքերից շատերը նման են Աստվածաշնչում արձանագրված նրա քարոզներին (օրինակ՝ Մատ. Ե–Է և 3 Նեփի 12–14): 29–30-րդ գլուխները Մորմոնի խոսքերն են ուղղված վերջին օրերի ազգերին:

4 Նեփիի գիրքը

Այս գիրքն ունի միայն քառասունինը հատված, բոլորը՝ մեկ գլխում, սակայն ընդգրկում է Նեփիացիների պատմության մոտ երեք հարյուր տարին (Ք.ծ.հ. 34–321թթ.): Մի քանի սերունդների գրողներ, այդ թվում՝ Նեփին, գրել են այդ հիշատակարանում: 1–19-րդ հատվածները պատմում են, որ Քրիստոսի այցելությունից հետո, բոլոր Նեփիացիներն ու Լամանացիները դարձի եկան դեպի ավետարանը: Գերիշխում էր խաղաղությունը, սերը և ներդաշնակությունը: Երեք Նեփիացի աշակերտները, որոնց Քրիստոսը թույլ էր տվել մնալ երկրի վրա, մինչև իր երկրորդ գալուստը (3 Նեփի 28.4–9), ծառայում էին ժողովրդին: Նեփին հիշատակարանները թողեց իր որդի Ամովսին: 19–47-րդ հատվածներն արձանագրում են Ամովսի ծառայության (84 տարի) և նրա որդի Ամովսի ծառայության (112 տարի) մասին: Ք.ծ.հ. 201 թվականին հպարտությունն սկսեց խնդիրներ առաջացնել մարդկանց մեջ, որոնք բաժանվել էին դասերի և հիմնել կեղծ եկեղեցիներ՝ շահ ստանալու նպատակով (4 Նեփի 1.24–34):

4 Նեփիի վերջին հատվածները ցույց են տալիս, որ ժողովուրդը կրկին վերադարձավ ամբարշտության (4 Նեփի 1.35–49): Ք.ծ.հ. 305 թվականին Ամովսի որդի Ամովսը մահացավ և նրա եղբայր Ամմարոնը, ապահովության համար, թաքցրեց բոլոր սրբազան հիշատակարանները: Հետագայում Ամմարոնը հիշատակարանները վստահեց Մորմոնին, որը շատ իրադարձություններ արձանագրեց իր կյանքից, իսկ հետո համառոտագրեց դրանք (Մորմ. 1.2–4):