Սեմինարիա
Մաս 29. Օր 3, Եթեր 1–2


Մաս 29. Օր 3

Եթեր 1–2

Նախաբան

Եթերի գիրքը Հարեդացիների պատմության Մորոնիի կրճատումն է: Հարեդացիները մի ժողովուրդ էին, որ եկել էին Արևմտյան կիսագունդ Լեքիի ժողովրդի գալուց դարեր առաջ: Նոյի օրերի Ջրհեղեղից հետո, շատ հետնորդները նրանց, ովքեր խնայվել էին, դարձան ամբարիշտ: Մարդկանց մի խումբը փորձեց կառուցել աշտարակ, որի «գլուխը մինչև երկինքը լինի» (Ծննդոց 11.4): Հարեդացի ժողովրդի պատմությունը սկսվեց Բաբելոնի աշտարակի կառուցումից: Տերը կասեցրեց համատարած ամբարշտությունը` խառնելով ընդհանուր լեզուն և ցրելով ժողովրդին երկրի երեսին (տես Ծննդոց 11.5–8; Եթեր 1.33): Եթերի գրքում այս պատմությունը սկսվում է, երբ Հարեդը և նրա եղբայրը Տիրոջ օգնությունն էին փնտրում, երբ Նա խառնեց մարդկանց լեզուները Բաբելոնի աշտարակի վրա: Տերը պահպանեց Հարեդի, նրա եղբոր և իրենց ընտանիքների և ընկերների լեզուն և նրանց առաջնորդեց անապատով դեպի խոստացված երկիր: Այնուհետև Տերը հրահանգեց Հարեդի եղբորը ութ բեռնանավ կառուցել` իր մարդկանց ծովերով տեղափոխելու համար:

Նկար
մարդիկ խոսում են Բաբելոնի աշտարակի վրա

Եթեր 1.1–33

Մորոնին արձանագրում է Եթերի տոհմաբանությունը ընդհուպ մինչև Հարեդը` Բաբելոնի աշտարակի մոտ

Որպեսզի օգնեմ ձեզ հասկանալ, թե որտեղից է եկել Եթերի գիրքը, վերանայեք «Ակնարկ Մոսիա 7–24» Մաս 12. Օր 1 դասից (էջ 116): Անդրադարձեք ճամփորդություն 4-ին, և ուշադրություն դարձրեք, թե այդ ճամփորդության ժամանակ ինչ գտան Լիմքիի մարդիկ:

Նայեք Եթերի գրքի սկզբնամասը, և վերնագրի տակ գտեք գրքի հակիրճ նկարագրությունը: Այս նկարագրությունը բացատրում է, որ Հարեդացիների հիշատակարանը վերցվել է Լիմքիի մարդկանց կողմից գտնված 24 ոսկե թիթեղներից:

Մորոնին ավարտելով իր հոր հիշատակարանը վերցրեց Հարեդացիների հիշատակարանը և ստացավ դրա ավելի հակիրճ տարբերակը` Մորմոնի Գրքում ընդգրկելու համար: Կարդացեք Եթեր 1.1–4, և գտեք, թե ըստ Մորոնիի, ինչ չի ընդգրկել նա Հարեդացիների հիշատակարանի իր տարբերակում: Այնուհետև կարդացեք Եթեր 1.5-ը և գտեք, թե այդ պատմության որ մասն է Մորոնին ընդգրկել իր հիշատակարանում: Եթեր 1.5-ում նշված աշտարակը վերաբերում է Բաբելոնի աշտարակին: Ինչպես բացատրվում է Եթեր 1.33-ում, Տերը «խառնեց» մարդկանց լեզուն, ովքեր փորձում էին աշտարակ կառուցել, որպեսզի չհասկանային միմյանց, և Նա ցրեց մարդկանց երկրի երեսին:

Ինչպես գրված է Եթեր 1.6–33-ում Եթեր անունով մի մարդ է գրել Հարեդացիների հիշատակարանը: Մորոնին նշում է Եթերի նախնիներին ընդհուպ մինչև Հարեդ անունով մարդը, ով ապրել էր Բաբելոնի աշտարակի ժամանակներում:

Եթեր 1.33–43

Հարեդի եղբայրն աղոթում է օգնության համար, և նրա ընտանիքի անդամներն ու ընկերները ողորմածության և առաջնորդության են արժանանում

Երբևէ եղե՞լ եք մի երկրում կամ տարածքում, որտեղ մարդիկ խոսել են ձեզ համար անհասկանալի լեզվով: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզգայիք, եթե չհասկանայիք ձեր շրջապատում օգտագործվող լեզուն: Եթե նման իրավիճակում հաղորդակցվելու համար ընտրեիք միայն մի քանի մարդկանց, ո՞ւմ կընտրեիք դուք: Այդպիսի իրավիճակում էին հայտնվել Հարեդը և նրա եղբայրը, ինչպես նաև նրանց ընտանիքները, ովքեր ապրում էին Բաբելոնի աշտարակի ժամանակներում: Կարդացեք Եթեր 1.33–37, և գտեք, թե ում հետ էր ցանկանում հաղորդակցվել Հարեդը: Երբ Տերը Հարեդի եղբորը խոստացավ չխառնել իրենց լեզուն (տես Եթեր 1.34–35), նա աղոթեց իր ընկերների համար (տես Եթեր 1.36–37): Ինչպես ցույց է տրվում Հարեդի եղբոր օրինակով, հավատքով մարդկանց հատկանշական գծերից մեկը իրենց ընկերների համար աղոթելն է, Տիրոջ օրհնությունները ստանալու համար:

Տերն օրհնեց Հարեդի և նրա եղբոր ընտանիքները և նրանց ընկերներին, որ նրանց լեզուն չխառնվեր: Այնուհետև Հարեդը խնդրեց եղբորը, որ աղոթեր Աստծուն և հարցներ Նրան, թե ուր պետք է իրենց ընտանիքները գնային: (Տես Եթեր 1.38–40:)

Կարդացեք Եթեր 1.40–43, և գտեք ինչ առաջնորդող հրահանգներ տվեց Տերը Հարեդացիներին իրենց ճամփորդության համար: Ձեր կարծիով, ինչո՞ւ էր կարևոր Հարեդի և նրա եղբոր համար Տիրոջ հրահանգներին հետևելը:

Եթեր 2.1–12

Հարեդացիները սկսեցին իրենց ճամփորդությունը դեպի խոստացված երկիր

Կարդացեք Եթեր 2.1–3 և գտեք, թե ինչպես Հարեդացիներն արձագանքեցին իրենց տրված հրաhանգներին, որ Տերը տվեց դեպի խոստացված երկիր ճամփորդելուն պատրաստվելու համար (տես Եթեր 1.41–42): Այնուհետև կարդացեք Եթեր 2.4–6, և տեսեք, այնուհետև ինչ տեղի ունեցավ: Նկատեք, որ Տիրոջ հրահանգներին հնազանդվելու շնորհիվ, Հարեդացիները հետագա ցուցումներ ստացան Նրա կողմից: Խորհեք, թե ինչ օրհնություններ և առաջնորդություն ստացան Հարեդացիները` Տիրոջ հրահանգներին հետևելու շնորհիվ:

Հարեդացիների փրոձից մենք սովորում ենք այս սկզբունքը. Երբ մենք հավատքով ենք գործում, կարող ենք հետագա առաջնորդություն ստանալ Նրանից: Կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում` Եթեր 2.6-ի կողքին:

Կարո՞ղ եք հիշել Տիրոջ կողմից ստացած որևէ տպավորություն կամ հուշում, որ ստացել եք աղոթելիս, սուրբ գրություններն ուսումնասիրելիս կամ Եկեղեցու ժողովին ներկա գտնվելիս: Ձեր մտքում պահելով այդ տպավորությունը կամ հուշումը կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերն այն մասին, թե ինչպես ենք հաճախ ստանում մեր աղոթքների պատասխանները. «Անմիջապես դուք հազվադեպ կստանաք լրիվ պատասխանը: Այն կտրվի հատված առ հատված, փոքրիկ փաթեթներով, որպեսզի աճեք կարողությամբ: Յուրաքանչյուր հատվածին հավատքով հետևելու դեպքում, ձեզ կտրվեն այլ հատվածներ, մինչև որ կունենաք լրիվ պատասխանը: Այդ ձևը պահանջում է ձեզանից հավատալ մեր Հոր պատասխանելու կարողությանը: Չնայած երբեմն շատ դժվար է, դա բերում է էական անձնական աճ» (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign or Liahona, May 2007, 9):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ինչպես եք պատասխանել (կամ կարող եք պատասխանել) այդ հոգևոր հուշումին: Կարող եք նաև ներառել այդ հուշումին հետևելու արդյունքում ստացած ձեր օրհնությունները:

Ինչպես գրված է Եթեր 2.7–12-ում, Տերը Հարեդի եղբորն ասաց, որ երբ ինքն ու իր ընտանիքը ժամանեն խոստացված երկիր, նրանք պետք է «ծառայեն իրեն, ճշմարիտ և միակ Աստծուն, այլապես նրանք պիտի ոչնչացվեն» (Եթեր 2.8):

Եթեր 2.13–15

Տերը հանդիմանեց Հարեդի եղբորը` աղոթքով իրեն չկանչելու համար

Կարդացեք Եթեր 2.13–15, և տեսեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հարեդացիները եկան այն մեծ ծովի մոտ, որը բաժանում էր երկրները: Նրանք առաջնորդվեցին անապատով Տիրոջ կողմից, որովհետև լսում էին Տիրոջը և պահում Նրա պատվիրանները: Ինչևէ, Մեծ ծովի մոտ չորս տարի վրաններում բնակվելուց հետո Տերը եկավ Հարեդի եղբոր մոտ և խրատեց նրան աղոթելում թերանալու համար:

Եթեր 2.14–15 հատվածն օգնում է մեզ սովորել հետևյալ սկզբունքները. Տերը դժգոհ է, երբ մենք չենք կանչում առ Նա աղոթքով: Տերը ցանկանում է, որ մենք պարբերաբար աղոթքով կանչենք առ Նա:

Երբ կարդաք Երեց Դոնալդ Լ. Ստահելիի հետևյալ խոսքերը, ով ծառայել է որպես յոթանասունի անդամ, մտածեք, թե որքան հաճախ եք դուք աղոթում. «Մեր կյանքի և մեր վկայությունների սնուցման համար կարևոր է ձգտել ներում, հատուկ օգնություն և ուղղություն ստանալ ամենօրյա ջերմեռանդ աղոթքներով: Երբ սկսում ենք շտապել, կրկնել, անփույթ կամ մոռացկոտ լինել մեր աղոթքներում, մենք միտում ունենք կորցնել մտերմությունը Հոգու հետ, որն այնքան կարևոր է անընդհատ առաջնորդության համար, որի կարիքը մենք այնքան շատ ունենք, մեր ամենօրյա կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու համար» (“Securing Our Testimonies” Ensign or Liahona, Nov. 2004, 39):

Ձեր անձնական օրագրում կամ առանձին թղթի վրա գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ձեր կարծիքով, որքա՞ն հաճախակի եք դուք աղոթում:

  • Ձեր կարծիքով, որքա՞ն անկեղծ եք դուք աղոթում:

  • Ձեր կարծիքով, ձեր անձնական աղոթքներում իրո՞ք հաղորդակցվում եք Երկնային Հոր հետ: Ինչո՞ւ, և ինչո՞ւ ոչ:

  • Եթե ձեր անձնական աղոթքները բավարարելու նպատակով կարողանայիք մեկ փոփոխություն կատարել, ո՞րը կլիներ դա:

Ինչպես գրված է Եթեր 2.16-ում Հարեդի եղբայրը ապաշխարեց իր մեղքերից և աղոթեց Տիրոջը իր ընտանիքի անդամների և ընկերների համար: Տերն ասաց, որ ներում է իրեն, սակայն նա պետք է շարունակի արդարակեցության մեջ, որպեսզի առաջնորդվի դեպի խոստացված երկիր:

Եթեր 2.16–25

Հարեդացիները կառուցեցին բեռնանավեր, որպեսզի հատեին օվկիանոսը խոստացված երկիր գնալու համար

Նկար
Հարեդացիների բեռնանավերը

Մտածեք ինչպիսի կարևոր անձնական որոշման առաջ եք կանգնած կամ կարող եք կանգնել ապագայում, օրինակ` ինչպես հաղթահարել դժվար ընտանեկան կամ սոցիալական իրավիճակը, ինչպես առաջադիմել դպրոցում, ում հետ ամուսնանալ կամ ինչ մասնագիտություն ընտրել: Մտածե՞լ եք ինչպես կարող է Տերը հրահանգներ տալ կամ օգնել ձեզ նման իրավիճակում: Եթեր 2-ի հիշեցումն ուսումնասիրելիս խորհեք ձեր գտած որոշման մասին և փնտրեք սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ ստանալ Տիրոջ աջակցությունը:

Կարդացեք Եթեր 2.16–17, և գտեք` Տերն ինչ պատվիրեց Հարեդացիներին անել դեպի խոստացված երկիր առաջ գնալու համար: Հարեդի եղբայրը երեք խնդիր ուներ բեռնանավերի կառուցվածքի առումով: Կարդացեք Եթեր 2.18–19, և նշեք այն երեք խնդիրները, որոնք Հարեդի եղբայրը հայտնեց Տիրոջը:

  1. Որպեսզի ավելի լավ պատկերացնեք այն, ինչ կարդացիք Եթեր 2.16–19-ում, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք բեռնանավերը այնպես, ինչպես դուք եք պատկերացնում:

Հետևյալ աղյուսակը կօգնի ձեզ բացահայտել, ինչպես Տերն օգնեց Հարեդի եղբորը բեռնանավերի հետ կապված խնդիրներում: Ուսումնասիրեք աղյուսակում տրված սուրբ գրության հատվածները և այնուհետև օգտագործեք տեղեկությունը` լրացնելով աղյուսակի «Խնդրի լուծում» սյունակում:

Սուրբ գրության հատվածներ

Բեռնանավերի հետ կապված խնդիր

Խնդրի լուծում

Եթեր 2.20–21

Օդի կարիք

Եթեր 6.4–9

Ղեկի կարիք

Եթեր 2.22–3.6

Լույսի կարիք

Ի՞նչ արեց Տերը և ինչ Նա պահանջեց Հարեդի եղբորից անել` առանձին տարբեր խնդիրների համար: Յուրաքանչյուր խնդիրից և լուծումից մենք կարող ենք սովորել մի եզակի ճշմարտություն այն մասին, թե ինչպես է Տերն օգնում մեզ, երբ մենք օգնության կարիք ունենք: Համեմատեք աղյուսակում լրացրած լուծումները հետևյալ լուծումների հետ.

Օդի կարիք (Եթեր 2.20–21): Այս խնդիրը լուծելու համար Տերն ասաց Հարեդի եղբորը, թե ինչ պետք է նա անի: Հարեդի եղբայրը հավատք ուներ Տիրոջ հրահանգներին հետևելու համար:

Ղեկի կարիք (Եթեր 6.4–9): Տերն Ինքը լուծեց այդ խնդիրը:

Լույսի կարիք (Եթեր 2.22–3.6): Այս խնդիրը լուծելու համար Տերը Հարեդի եղբորը որոշ հրահանգներ տվեց: Հարեդի եղբայրը մտածեց լուծման ուղղությամբ, ըստ իր ունեցած տեղեկության, և այն իրագործելու համար խնդրեց Տիրոջ հավանությունն ու օգնությունը:

Հարեդի եղբոր փորձից ելնելով մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Երբ մեր խնդիրները լուծելու համար ձգտում ենք մեր մասն անել, մենք կարող ենք ստանալ Տիրոջ օգնությունը: Խորհելով անձնական որոշման շուրջ, որ մտածել էիք քիչ առաջ, ինչպե՞ս կարող է այս սկզբունքը օգնել ձեզ օգնություն կամ առաջնորդություն ստանալ այդ որոշման վերաբերյալ: Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է Տերն ակնկալել ձեզանից ձեր որոշումը կայացնելու հարցում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի պարբերություն` բացատրելով, թե ինչ սովորեցիք Հարեդի եղբոր փորձառությունից` աղոթքի և ձեր կյանքում Տիրոջ օգնությունն ու ուղղորդումը ստանալու վերաբերյալ:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Եթեր 1–2 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.