ՄԱՍ 1. Օր 4
Մորմոնի Գրքի ակնարկը
Նախաբան
Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրել է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Մորմոնի Գրքի ի հայտ գալու պահին: Ուսումնասիրելով նրա պատմությունը դուք կխորացնեք ձեր վկայությունը նրա մարգարեական կոչման և Մորմոնի Գրքի աստվածային դերի մասին Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնման մեջ: Այս դասը կօգնի ձեզ նաև ավելի լավ ծանոթանալ նրա հետ, թե ինչպես է Մորմոնի Գիրքը գրվել հնում: Մորմոն և Մորոնի մարգարեները վկայել են Տիրոջ առաջնորդության մասին, որին արժանացել են ոսկե թիթեղների վրա շատ այլ մարգարեների գրառումները գրելիս և միասին հավաքելիս: Ուսումնասիրելու ընթացքում ուշադրություն դարձրեք, թե ինչպես է երևում Տիրոջ ձեռքը Մորմոնի Գրքի հայտնվելու գործում, և թե ինչ դեր կարող է խաղալ Մորմոնի Գիրքը՝ ձեր կյանքը առաջնորդելիս:
«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը»
Ինչպե՞ս դուք կպատասխանեիք «Ինչպե՞ս է ձեր Եկեղեցին ստացել Մորմոնի Գիրքը» հարցին:
«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը» գտնվում է ներածական նյութերում՝ Մորմոնի Գրքի սկզբում, և պարունակում է քաղվածքներ Ջոզեֆ Սմիթ-Պատմությունից, որը գտնվում է Թանկագին Մարգարիտում: Այն նկարագրում է Մորմոնի Գրքի աշխարհ գալը Մարգարեի սեփական խոսքերով: Դուք խրախուսվում եք կարդալ ամբողջ պատմություն Ջոզեֆ Սմիթ-Պատմությունից՝ ձեր ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ:
Քանի որ «Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը» չունի համարակալված հատվածներ, այս դասը հղում կկատարի Ջոզեֆ Սմիթ-Պատմությանը, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի գտնել ընթերցանության հանձնարարությունները: Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը ուսումնասիրելիս գտեք, թե ինչն է վկայում այն մասին, որ Մորմոնի Գիրքը առաջ է եկել Աստծո զորությամբ:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.29–35, 42–43, և ընդգծեք Ջոզեֆ Սմիթին կատարած Մորոնիի այցի մանրամասները, որոնք կօգտագործեիք, եթե բացատրեիք այդ իրադարձությունները մեկ ուրիշին: Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.34-ում գտեք, թե ինչ էր Մորոնին ասում այն մասին, թե ինչ էին պարունակում ոսկե թիթեղները:
-
Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ի՞նչ մեկ միտք կընդգծեիք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.29–35, 42–43-ում, եթե կիսվեիք այս պատմությամբ մեկ ուրիշի հետ: Ինչո՞ւ է դա կարևոր ձեզ համար:
-
Կարդացեք J Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.51–54, և գրեք ձեր մտքերը հետևյալ հարցերի մասին ձեր օրագրում. Ի՞նչ սովորեց Ջոզեֆ Սմիթը Մորոնի հրեշտակի ամենամյա այցերի ժամանակ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ Ջոզեֆը ստանար չորս տարի տևող հրահանգում՝ թիթեղները ստանալուց և թարգմանելուց առաջ:
Նախապատրաստության և հրահանգման որոշակի ժամանակահատվածից հետո 1827թ. Ջոզեֆ Սմիթին տրվեցին թիթեղները և պարտականություն՝ թարգմանելու դրանք Աստծո պարգևով և զորությամբ: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.59–60, և գտեք այն հանձնարարությունը, որը տրվեց նրանց ոսկե թիթեղների կապակցությամբ:
«Համառոտ բացատրություն Մորմոնի Գրքի մասին»
Հասկանալու համար Մորմոնի Գրքի կառուցվածքը կարդացեք «Համառոտ բացատրություն Մորմոնի Գրքի մասին», որը գտնվում է «Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկյայությունը» բաժնից հետո: Համեմատեք ձեր կարդացածը այս դասի վերջում գտնվող նկարի հետ, որը պատկերում է, թե ինչպես են թիթեղների տարբեր հավաքածուները կազմում Մորմոնի Գիրքը:
Շատ անհատներ են ծառայել որպես գրառում վարողներ Նեփիացիների և Լամանացիների պատմության մեջ, սկսած Լեքիից մինչև 1000 տարի անց մարգարե-պատմաբան Մորմոնը և նրա որդի՝ Մորոնին: Մորմոնը առաջնորդվում էր Տիրոջ կողմից, կրճատելով այդ հին մարգարեների գրվածքները և իր ժողովրդի 1000-ամյա պատմությունը: Նրա կրճատումը գրվել է Մորմոնի թիթեղների վրա, որոնք հայտնի են նաև որպես ոսկե թիթեղներ: Մորմոնի մահից հետո նրա որդի Մորոնին ավարտում է գրառումը և թիթեղները թաքցվում են, մինչև որ նորից տրվում են Մարգարե Ջոզեֆ Սմիթին:
Հելաման 3.13–15 մի քանի հատվածներից մեկն է, որտեղ Մորմոնը նկարագրում է Նեփիացիների գրառումները կրճատելու ընթացքը: Այդ հատվածը կարդալիս, ուշադրություն դարձրեք, որ կար գրված շատ ավելին, քան Մորմոնը և Մորոնին ի վիճակի էին ներառել ոսկե թիթեղների վրա:
Կարդացեք Մորմոնի Խոսքերը 1.9 և Մորմոն 8.34–35: Ընդգծեք այն խոսքերը և արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպես Տերն օգնեց և ուղղորդեց Մորմոնին և Մորոնիին՝ Մորմոնի Գրքի գրվածքները կազմելիս:
-
Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Եթե դուք լինեիք Մորմոնը կամ Մորոնին և պարտականություն ունենայիք կրճատելու մարգարեական գրվածքների հատորները, դարձնելով այն մեկ գրծվածք, ինչպե՞ս կորոշեիք, թե ինչը թողնեիք ձեր կրճատ տարբերակի մեջ:
Այս հատվածներից մենք կարող ենք տեսնել, որ Մորմոնի Գիրքը գրողները տեսնում էին մեր օրերը և գրում էին այն մասին, ինչն առավել օգուտ կտար մեզ: Կարող եք նշել սա ձեր սուրբ գրություններում Մորմոն 8.35-ի կողքին:
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը վկայել է, որ Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար, և բացատրել է, թե ինչպես դա իմանալը կարող է օգնել մեզ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս.
«Նեփիացիները երբեք չեն ունեցել գիրքը, ոչ էլ հին ժամանակների Լամանացիներն են այն ունեցել: Այն նախատեսված է մեզ համար: Մորմոնը գրել է այն Նեփիացիների քաղաքակրթության մայրամուտին: Աստծո ներշնչմամբ, որը տեսնում է բոլոր բաները ամենասկզբից, նա կրճատել է դարեր պարունակող գրվածքները, ընտրելով պատմություններ, քարոզներ և իրադարձություններ, որոնք առավել օգտակար կլինեն մեզ համար: …
Եթե նրանք տեսել են մեր օրը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս մենք պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, կամ Ալմային) ընդգրկել այս կամ այն հատվածը իր գրառումների մեջ: Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս օրը և այս տարիքում» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 6):
Այս տեսակի հարցեր տալը, երբ ուսումնասիրում եք, կօգնի ձեզ գտնել այն սկզբունքները և վարդապետությունները, որոնք Տերը համարում է մեծագույն օգնություն ձեր կյանքում:
Մտածեք ձեր այսօրվա կյանքի մասին: Մտածեք այն հարցերի կամ իրավիճակների մասին, որոնց համար կցանկանայիք որոշ ուղղություն ստանալ Աստծուց: Դրանցից մեկ կամ երկուսը գրեք ձեր անձնական օրագրում (ոչ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, որը ցույց եք տալիս ուսուցչին): Ամեն օր Մորմոնի Գրքի ուսումնասիրության ժամանակ գտեք սկզբունքներ, որոնք առաջնորդություն և խորհուրդ են տալիս այդ իրավիճակների համար:
Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության վերաբերյալ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Դուք կարող եք մտածել, թե չափից դուրս զբաղված եք: Օրեկան տաս կամ տասնհինգ րոպե սուրբ գրությունների, հատկապես Մորմոնի Գրքի հետ, կարող են ձեզ հրաշալի հասկացողություն պարգևել հավերժական մեծ ճշմարտությունների մասին, որոնք պահվել են Ամենազորի զորությամբ Իր զավակների օրհնության համար: Երբ կարդաք, … , ավելի կմոտենաք Նրան, ով մեր փրկության հեղինակն է» (“Rise to the Stature of the Divine within You,” Ensign, Nov. 1989, 97):
-
Խորհեք այն մասին, թե ինչ նպատակ կարող եք դնել, որը կօգնի ձեզ քաղել առավալագույնը այս տարի Մորմոնի Գիրքը կարդալուց: Գրեք ձեր նպատակը ձեր օրագրում: Կարող եք կանոնավոր ժամանակ սահմանել՝ ձեր առաջընթացը գնահատելու համար:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես սովորեցի «Մորմոնի գրքի ակնարկ» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.