Սեմինարիա
Մաս 16: Օր 3, Ալմա 13


Մաս 16. Օր 3

Ալմա 13

Նախաբան

Ալման Ամմոնիայի ապստամբ ժողովրդին ուսուցանեց Մելքիսեդեկյան Քահանայության քահանայապետերի մասին, ովքեր կարգված էին օգնելու մարդկանց ապաշխարել և ներս մտնել Տիրոջ հանգիստը: Նա Մելքիսեդեկի օրինակը բերեց, ով օգնեց իր ժողովրդին ապաշխարել և ապրել խաղաղության մեջ: Ալման փորձեց ուսուցանել Ամմոնիայի ժողովրդին ունենալ հավատք և հույս և խրախուսել նրանց փոխվելու, որպեսզի նրանք նախապատրաստվեն մտնելու Տիրոջ հանգիստը:

Ալմա 13.1–12

Ալման ուսուցանում է Ամմոնիայի ժողովրդին քահանայապետի կոչման մասին

  1. Կարդացեք հետևյալ մեջբերումը և պատասխանեք հարցերին.

    «Նախաերկրային հոգևոր աշխարհում Աստված նշանակեց որոշ հոգիների իրենց մահկանացու կյանքի ընթացքում կատարել հատուկ առաքելություններ: Սա կոչվում է նախասահմանվածություն:

    «Նախասահմանվածությունը չի երաշխավորում, որ անհատները կստանան որոշակի կոչումներ կամ պարտականություններ: Այդպիսի հնարավորություններ այս կյանք են գալիս ազատ կամքի արդար օգտագործման արդյուքում, ճիշտ ինչպես արդարակյաց նախաերկրային գոյության արդյունքում եկավ նախասահմանվածությունը: (Հավատքին Հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 69):

    1. Ո՞րն է կապը մահկանացու կյանքում կատարած որոշումների և նախասահմանվածության միջև:

    2. Ինչպե՞ս են մահկանացու կյանքում կատարած որոշումները ազդում նախասահմանվածության վրա:

Չնայած Ալմա 13 գլխում քահանայություն կրողներն են նշված, սակայն Նախագահ Սփենսեր Վ. Քիմբալը մեզ հիշեցրել է, որ քույրերին նույնպես տրվել են արժանի կոչումներ նախաերկրային կյանքում. «Հիշեք, որ նախքան այս երկիր գալը, հավատարիմ կանանց տրվել էր հատուկ հանձնարարություններ, մինչդեռ հավատարիմ տղամարդկանց նախակարգվել էր Քահանայության հատուկ առաջադրանքներ» (“The Role of Righteous Women,” Ensign, Nov. 1979, 102):

Նկար
Մեծ խորհուրդը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը ուսուցանել է. «Նախամահկանացու կյանքը հեշտ վարդապետություն չէ: Մեզանից յուրաքանչյուրիս համար՝ կան որոշումներ կայացնելու, դժվարին և շարունակական աշխատանքներ կատարելու, ծաղրանքներ ու ձախորդություններ դիմակայելու, լավ ժամանակ անցկացնելու, տաղանդներ ու շնորհքներ լավագույնս կիրառելու: Որովհետև մենք ընտրվել ենք «այնտեղ և այդ ժամանակ», անշուշտ չի նշանակում, որ մենք կարող ենք լինել անտարբեր «այստեղ և հիմա»: Լինի դա նախասահմանվածությունը տղամարդկանց համար, թե նախանշանակումը կանանց համար, այդ կանչված ու պատրաստվածները նույնպես պետք է ապացուցեն, որ «ընտրուած եւ հաւատարիմ են»: (Տես Հայտն. ԺԷ.14, ՎևՈՒ 121.34–36:)» (“Premortality, a Glorious Reality,” Ensign, Nov. 1985, 17):

Ալման Ամմոնիայի եղբայրներին ուսուցանեց, որ շատ տղամարդիկ նախաերկրային կյանքում նախակարգված են եղել ստանալ քահանայություն: Կարդացեք Ալմա 13.1, 8–9 և բացահայտեք, թե որ քահանայության մասին էր Ալման խոսում: Օգտակար կլինի իմանալ, որ այս բաժնում «սուրբ կարգ» բառակապակցությունը նշանակում է Մելքիսեդեկյան քահանայություն կամ «Աստծո որդու կարգի սուրբ քահանայություն» (Վև ՈՒ 107.3): Այս բաժինը ուսումնասիրելիս կարող եք նշել «սուրբ կարգ» բառակապակցությունները (տես Ալմա 13.2, 6–7, 10–11, 16, 18): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ասել է. «Նեփիացիները, ովքեր հավատարիմ ու ճշմարիտ էին Մովսեսի օրենքները պահելիս, ունեին Մելքիսեդեկյան քահանայություն, որը նշանակում է, որ նրանք նույնպես ունեին ավետարանի լրիվությունը» (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 421): Դա նշանակում է, որ Մորմոնի Գրքի մարգարեները ունեին Մելքիսեդեկյան Քահանայություն և գիտեին, թե ինչպես այն օգտագործեն:

Ուսումնասիրեք Ալմա 13.2–6, 10, պատասխանելու համար հետևյալ հարցերին, և այդ պատասխանները գրեք ձեր ձեռնարկում.

  • Ինչպիսի՞ բնութագրեր ունեին Մելքիսեդեկյան Քահանայության կարգված այդ մարդիկ: (Տես Ալմա 13.3–5, 10:)

  • Ի՞նչ էին կարգված անելու այս Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները: (Տես Ալմա 13.6:)

  • Ինչպե՞ս եք տեսել դա իրականանալիս ձեր ծխի կամ ճյուղի Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների կողմից, և ինչպե՞ս է այն օրհնել ձեր և ուրիշների կյանքը:

Ալմա 13 պարունակում է խորը քննարկում Մելքիսեդեկյան Քահանայության վերաբերյալ: Այն ուսուցանում է, որ այդ քահանայությունը ստացած տղամարդիկ նախակարգված են եղել ստանալու դա (տես հատված 3): Այդ քահանայությունը կրողները Աստծո պատվիրանները ուրիշներին ուսուցանողն են «որպեսզի նրանք նույնպես կարողանան մտնել նրա հանգիստը» (հատված 6): Քահանայությունը հավիտյան է (տես հատված 9), և այն շնորհվել է տղամարդկանց «և դա Աստծո առջև նրանց խիստ մեծ հավատքի ու ապաշխարության և նրանց արդարության շնորհիվ էր» (հատված 10): Քահանայության կրողները սրբացվում էն Սուրբ Հոգով, երբ նրանք սովորում են ատել մեղքը, և նրանք, «ովքեր դարձել էին անարատ և մտել Աստծո՝ իրենց Տիրոջ հանգիստը» (հատված 12):

Կարդացեք Ալմա 13.11–12 և բացահայտեք Հիսուս Քրիստոսի Քավության այն սրբացնող ազդեցությունը, որոնք այդ քահանայություն կրողները ստացել էին իրենց հավատքի, ապաշխարության և արդարակեցության շնորհիվ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ եք սովորել այդ Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների օրինակից այն մասին, թե ինչ կարող եք անել, որպեսզի ձեր կյանքում ստանաք Քավության սրբացնող ազդեցությունը:

  2. Հետևյալ ճշմարտությունը գրեք ձեր սուրբ գրություններում Ալմա 13.1–12 հատվածների կողքին, կամ սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում. Այն տղամարդիկ, ովքեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ են և ունեն մեծ հավատք և ընտրում են արդարությունը, կարգված են Մելքիսեդեկյան Քահանայությանը, որպեսզի ուրիշներին բերեն Աստծո մոտ: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք, թե ավետարանի այս սկզբունքի իմացությունը ինչպես կարող է ազդել ձեր կյանքում քահանայության կրողների հանդեպ վերաբերմունքի վրա:

Ալմա 13.13–20

Ալման ուսուցանում է Մելքիսեդեկի`մեծ քահանայապետի մասին, ով խաղաղություն հաստատեց իր ժողովրդի մեջ

Նկար
Մելքիսեդեկը օրհնում է Աբրահամին

Կարդացեք Ալմա 13.13–18 և ուշադրություն դարձրեք այն բառերին, որոնք Ալման օգտագործում է նկարագրելու Մելքիսեդեկին և թե ինչ արեց նա իր ժողովրդի համար: Մտածեք այն մասին, թե ինչպես են այս բառերը նկարագրում Մելքիսեդեկի Քրիստոսանման կյանքը: Ալման ուսուցանեց, որ Մելքիսեդեկյան Քահանայության կրողները ստանում են այն «ըստ Որդու կարգի` Հոր Միածնի» (Ալմա 13.9, տես նաև ՎևՈՒ 107.2–4), ով Հիսուս Քրիստոսն է և որ նրանք ցույց են տալիս մեզ Նրան իրենց օրինակով և իրենց ուսմունքներով: Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ասել է. «Կասկածից վեր է, որ բազմաթիվ մարգարեների կյանքում կան շատ իրադարձություններ, որոնք այդ արդարակյաց մարդկանց զատում են ըստ իրենց Մեսիայի տեսակների և ստվերների: Անհրաժեշտ և օգտակար է փնտրել Քրիստոսանմաններին ամեն տեղ և անընդհատ օգտվել նրանցից, անընդհատ հիշելով նրան և նրա օրենքները մեր մտքերում»: (The Promised Messiah, 453):

Կարդացեք Ալմա 13.19 և ուշադրություն դարձրեք, թե այս հատվածը ինչ է ասում Մելքիսեդեկի մասին: Կրկին անդրադարձեք Ալմա 13.17, որպեսզի տեսնեք, թե ինչպես Ալման նկարագրեց Սաղեմի ժողովրդին, երբ Մելքիսեդեկը դարձավ նրանց թագավորը: Ուշադրություն դարձրեք, թե այս բառերը ինչպես կարող են նաև նկարագրել Ամմոնիայի ժողովրդին (տես Ալմա 8.9, 9.28): Մելքիսեդեկի ջանքերի շնորհիվ ի՞նչ արեց Սաղեմի ժողովուրդը: (Տես Ալմա 13.18:)

Ուշադրություն դարձրեք, թե ինչ զգաց, ստացավ և քարոզեց Մելքիսեդեկը Ալմա 13.18 հատվածում: Մտածեք, թե ինչ սովորեցիք այն մասին, թե, Մելքիսեդեկի օրինակից ելնելով, ինչպիսին պետք է լինի քահանայության ղեկավարը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ե՞րբ եք դուք կամ մեկ ուրիշը, ում դուք ճանաչում եք, զգացել խաղաղություն այն բանից հետո, երբ հետևել եք արադարակյաց քահանայություն կրողի խորհրդին:

Ալմա 13.21–31

Ալման հրավիրում է մարդկանց լսելու Տիրոջ ձայնը և մտնելու Նրա հանգիստը

Փնտրեք և նշեք կրկնվող արտահայտությունը`«Տիրոջ հանգիստը» (կամ նման արտահայտություն) Ալմա 13.12, 13, 16, և 29-ում: Ալման ուսուցանել է Ամմոնիայի ժողովրդին, որ Տերը տղամարդկանց տվել է քահանայություն, որպեսզի նրանք օգնեն մարդկանց մտնելու Տիրոջ հանգիստը: Նա օգտագործեց Մելքիսեդեկի օրինակը, ցույց տալու համար, որ անօրինության և ամբարշտության մեջ գտնվող մարդիկ կարող են ապաշխարել և մտնել Տիրոջ հանգիստը (տես Ալմա 13.17–18, տես նաև ՎևՈՒ 84.24):

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ասել է, որ Աստծո հանգիստը մտնելը «նշանակում է մտնել Աստծո իմացության ու սիրո մեջ, ունենալ հավատք Նրա ծրագրի և նպատակների հանդեպ, այնքանով, որ մենք գիտենք դրա ճշմարտացիության մասին և մենք չենք հետապնդում որևէ այլ բան, չենք անհանգստանում վարդապետության ամեն մի փոքր բանով կամ չար մարդկանց խորամանկությամբ, ովքեր ամեն քայլի խաբում են: Մենք գիտենք, որ վարդապետությունը իրոք Աստծուց է» (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 56):

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի ինչ-որ մեկի վարքագիծը, եթե նա, ինչպես Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն է նկարագրել, մտնի Տիրոջ հանգիստը այս կյանքում:

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է. «Ճշմարիտ Սրբերը մտնում են Տիրոջ հանգիստը , քանի դեռ այս կյանքում են, և հաստատուն մնալով ճշմարտությանը, նրանք շարունակում են մնալ այդ օրհնված վիճակում, մինչև որ նրանք երկնքում հանգստանան Տիրոջ հետ: …Հավերժության մեջ Տիրոջ հանգիստը, դա հավերժական կյանքի ժառանգումն է` Տիրոջ փառքի լիությունը ձեռք բերելն է» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 633):

Այն բանից հետո, երբ Ալման զգուշացնում է Ամմոնիայի ժողովրդին նախապատրաստվել Քրիստոսի գալստյանը (տես Ալմա 13.21–26), նա տալիս է լրացուցիչ ցուցումներ, թե ինչպես մտնել Տիրոջ հանգիստը: Կարդացեք Ալմա 13.27–29, որպեսզի տեսնեք, թե ինչի մասին էին այդ ցուցումները:

Ալմայի ուսմունքները կարելի է ամփոփել հետևյալ սկզբունքի մեջ. Երբ մենք խոնարհաբար արձագանքենք ապաշխարելու հրավերքին, Հոգին կառաջնորդի մեզ դեպի Տիրոջ հանգիստը:

  1. Ալմա 13.27–29-ում նշեք մի օրհնություն, որը դուք կցանկանայիք ստանալ : Օրհնությունը ընտրելուց հետո, ուշադրություն դարձրեք այն խորհրդին, որը Ալման տվեց այդ օրհնությունը ստանալու համար: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք մի նպատակ, որի օգնությամբ դուք կիրագործեք Ալմայի խորհուրդը, որպեսզի դուք կարողանաք այս և գալիք կյանքում մտնել Տիրոջ հանգիստը:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 13 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.