Սեմինարիա
Մաս 10. Օր 2, Հակոբ 7


Մաս 10. Օր 2

Հակոբ 7

Նախաբան

Հակոբը հույսը դրեց իր վկայության և Տիրոջ վրա, որ հաղթահարեր Սերեմի` հակաքրիստոսի կեղծ գաղափարները և բանավեճերը: Հակաքրիստոսը մեկն է, ով մեծ եռանդով կամ խանդավառությամբ ընդդիմանում է Քրիստոսին և փորձում է կործանել այլ մարդկանց հավատքն առ Նա, Նրա ճշմարիտ Եկեղեցին, Նրա ավետարանը կամ փրկության ծրագիրը:

Հակոբը և Սերեմը

Սերեմի ջանքերը խափանելու համար Հակոբը ուժ էր ստանում նախկին փորձառություններից, որոնք մեծացրել էին նրա հավատքն առ Հիսուս Քրիստոսը: Նա նաև հենվում էր Սուրբ Հոգու առաջնորդության, սուրբ գրությունների իր գիտելիքների և մարգարեների խոսքերի, և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ իր վկայության վրա: Երբ Սերեմը նշան պահանջեց, որը կապացուցեր, որ Հակոբի խոսքերը ճշմարիտ էին, նա հարվածվեց Աստծո կողմից: Հակոբն ավարտեց իր հիշատակարանը, նկարագրելով, թե ինչպես էին նեփիացիներն իրենց հույսը դնում Տիրոջ վրա, երբ ամրացնում էին իրենց լամանացիների դեմ: Նախքան մահանալը Հակոբը փոքր թիթեղները հանձնեց իր որդի Ենովսին:

Հակոբ 7.1–14

Հակոբը հույսը դնում է Տիրոջ վրա, երբ հանդիպում է Սերեմին` հակաքրիստոսին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Մահկանացու կյանքի մեծ փորձություններից մեկը մեր հավատքը հարցականի տակ դնելը կամ քննադատելն է: Նման պահերին մենք, հնարավոր է, ցանկանանք հարձակողական պատասխան տալ: … Սակայն դրանք կարևոր հնարավորություններ են` ետ կանգնելու, աղոթելու և հետևելու Փրկչի օրինակին: Հիշեք, որ Հիսուսին ատեց և մերժեց աշխարհը: … Երբ մենք պատասխանենք մեզ մեղադրողներին ինչպես Փրկիչը, մենք ոչ միայն կդառնանք ավելի Քրիստոսանման, այլև կհրավիրենք մյուսներին զգալ Նրա սերը և հետևել Նրան» («Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 72):

Խորհեք այնպիսի ժամանակաշրջանի մասին, երբ ձեր համոզմունքները հարցականի տակ են դրվել կամ քննադատվել: Երբ դուք ուսումնասիրեք Հակոբ 7, դուք կսովորեք, թե ինչպես Հակոբի հավատքը քննադատվեց Սերեմ անունով մի մարդու կողմից և ինչպես նա հաջողությամբ արձագանքեց այս դժվարությանը:

Կարդացեք Հակոբ 7.1–5 և փնտրեք բառեր և արտահայտություններ, որոնք շեշտում են, թե (1) Սերեմը ինչ էր փորձում անել և (2) ինչպես էր փորձում իրականացնել իր նպատակները: Դուք կարող եք նշել դրանք ձեր սուրբ գրություններում:

Համաձայն Հակոբ 7.3-ի, ի՞նչ ազդեցություն Սերեմն ունեցավ մարդկանց վրա:

  1. journal iconՈւշադրություն դարձրեք Հակոբ 7.4-ում, որ Սերեմը «ուսյալ էր» և ուներ «խոսքի մեծ զորություն»: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ինչու է երբեմն դժվար պաշտպանել ձեր հավատքը Սերեմի նման անձնավորությունից:

Հիշեք, որ ոչ բոլոր մարդիկ, ովքեր հարցականի տակ են դնում կամ քննադատում են մեր հավատքը, միշտ ունեն նույն դրդապատճառները, որ ուներ Սերեմը: Մինչդեռ որոշ մարդիկ, ինչպես Սերեմը, դիտավորյալ փնտրում են կործանել հավատքը, ուրիշները կարող են հարցականի տակ դնել մեր հավատքը, քանի որ նրանք հետաքրքրված են կամ հավանաբար նրանք սխալ տեղեկություններ ունեն մեր համոզմունքների մասին:

Երբ դուք կարդաք Հակոբ 7.5–14, խորհեք, թե ինչպես դուք կպատասխանեիք Սերեմի նման անձնավորությանը: Երբ դուք ուսումնասիրեք Հակոբի պատասխանը, դուք կտեսնեք, որ երբ մենք մեր հույսը դնում եքն Տիրոջ վրա, մենք կարող ենք հաղթահարել մեր հավատքի առջև դրված դժվարությունները: Դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում` այս հատվածների մոտ: Փնտրեք եղանակներ, որոնցով Հակոբը ներկայացրեց այս սկզբունքը Սերեմի հետ իր հանդիպման ժամանակ:

Ստորև տրված աղյուսակի առաջին սյունակից կարդացեք հատված կամ հատվածներ Հակոբ 7.5–14-ից և համեմատեք այդ հղումը երկրորդ սյունակի նախադասության հետ, որը լավագույնս նկարագրում է, թե ինչպես Հակոբը հույսը դրեց Տիրոջ վրա այդ հղման մեջ: Սուրբ գրության տառը գրեք սուրբ գրության հղման կողքի տողում:

Ինչ արեց Հակոբը, որ հուսը դներ Տիրոջ վրա

  1. Հակոբ 7.5

  2. Հակոբ 7.8

  3. Հակոբ 7.10–11

  4. Հակոբ 7.12

  5. Հակոբ 7.13–14

  1. Նա վկայեց սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի մասին:

  2. Հետևանքները վստահեց Աստծո ձեռքերի մեջ:

  3. Հույսը դրեց Սուրբ Հոգու առաջնորդության և զորության վրա:

  4. Հիշեց անցած փորձառությունները, որոնք ամրացրել էին իր հավատքը:

  5. Կիսվեց վկայությամբ, որը նա ստացել էր Սուրբ Հոգուց:

Դուք կարող եք ստուգել այս համընկումների վարժության ձեր պատասխանները, անդրադառնալով ճիշտ պատասխաններին, որոնք գտնվում են այս դասի վերջում:

Ինչպե՞ս դուք կարող եք ամրացնել ձեր վկայությունը, որպեսզի այն անսասան մնա, երբ այն, ինչին դուք հավատում եք, հարցականի տակ է դրվում կամ քննադատվում: Ուշադրություն դարձրեք, որ Հակոբ 7.5-ում Հակոբը ներկայացրել է հետևյալ ճշմարտությունը. Մեր հավատքը չի կարող սասանվել, եթե մեր վկայությունները հիմնված են հայտնության և ճշմարիտ հոգևոր փորձառությունների վրա: Խորհեք առ Հիսուս Քրիստոսը ձեր հավատքի ամրության մասին և թե ինչ կարող եք դուք անել այն ամրացնելու համար:

Սերեմին տված Հակոբի պատասխանը օրինակ է հանդիսանում մեզ համար, որին կարող ենք հետևել, երբ պատասխանում ենք անհատների, ովքեր կասկածի տակ են առնում կամ քննադատում են մեր հավատքը:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք ստորև տրված երեք հարցերին, որոնք կօգնեն ձեզ մտածել բաների մասին, որ Հակոբն արեց, որ հույսը դներ Տիրոջ վրա և ինչպես են այս նույն գործողություններն օգնել ձեզ կամ կարող են օգնել ձեզ, երբ ուրիշները կասկածի տակ են դնում ձեր հավատքը.

    1. Ուշադրություն դարձրեք, որ Հակոբ 7.5-ում Հակոբի նախկին հոգևոր փորձառությունների արդյունքում նրա հավատքն անսասան էր դարձել: Որո՞նք են այն հոգևոր փորձառությունները, որ ամրացրել են ձեր հավատքը: Ինչպե՞ս կարող է այս փորձառությունները հիշելը կամ գրի առնելը օգնել ձեզ, երբ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում կամ քննադատում է ձեր հավատքը:

    2. Հակոբ 7.8-ում Հակոբը հայտարարում է. «Տեր Աստված իմ հոգին լցրեց իր Հոգով»: Ի՞նչ պետք է դուք անեք, որ կարողանաք ձեր հոգին լցնել Հոգով: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ, երբ ձեր հավատքը հարցականի տակ է դրվել կամ քննադատվել է:

    3. Ինչպե՞ս կարող է ամեն օր սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը կարդալու սովորությունն օգնել ձեզ, երբ ուրիշները հարցականի տակ են դնում կամ քննադատում ձեր հավատքը (տես Հակոբ 7.10–11):

    4. Ե՞րբ եք դուք կիսել ձեր վկայությունը մեկի հետ, ով հարցականի տակ է դրել կամ քննադատել է ձեր հավատքը (տես Հակոբ 7.12): Ի՞նչ արդյունք է դա ունեցել:

    5. Իր վկայության ճշմարտացիությունն ապացուցելու փոխարեն, երբ Սերեմը նշան պահանջեց, Հակոբը հետևանքները վստահեց Աստծո ձեռքերի մեջ (տես Հակոբ 7.14): Ինչպե՞ս դա կարող է օգնել ձեզ իմանալ, որ դուք կարիք չունեք ապացուցելու ձեր վկայության ճշմարտացիությունը նրանց, ովքեր կասկածի տակ են առնում ձեր հավատքը:

Հակոբ 7.15–23

Սերեմը զարկվում է, խոստովանում է և մահանում` նեփիացիների բազմությանը առաջնորդելով դառնալ դեպի Տերը

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է.

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Երբ մենք չենք հակադարձում, երբ մենք դարձնում ենք մյուս երեսը և դիմադրում զայրույթին, մենք … կանգնում ենք Փրկչի կողքին: Մենք Նրա սերն ենք դրսևորում, որը միակ ուժն է, որ կարող է հպատակեցնել հակառակորդին և պատասխանել մեր մեղադրողներին` առանց նրանց մեղադրելու ի պատասխան: Դա թուլություն չէ: Դա Քրիստոնեական քաջություն է:

Տարիների ընթացքում մենք սովորում ենք, որ մեր հավատքի դեմ մարտակոչերը նոր չեն, և դրանք, հավանաբար, շուտով չեն անհետանա: Սակայն Քրիստոսի ճշմարիտ աշակերտները հակառակության մեջ տեսնում են հնարավորություն: …

… Բարեբախտաբար, Տերը գիտի մեզ մեղադրողների սիրտը և թե ինչպես մենք կարող ենք առավել արդյունավետ ձևով պատասխանել նրանց: Երբ ճշմարիտ աշակերտներն առաջնորդություն են փնտրում Հոգուց, նրանք յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան ոգեշնչում են ստանում: Եվ յուրաքանչյուր դեպքում ճշմարիտ աշակերտները պատասխանում են այնպես, որ հրավիրում են Տիրոջ Հոգին» («Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը», 72–73):

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հակառակության մեջ տեսնել հնարավորություն»:

Լավ արդյունքի կարելի է հասնել, երբ մենք պատասխանենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում մեր հավատքը, այնպիսի եղանակներով, որոնք հրավիրում են Տիրոջ Հոգին: Կարդացեք Հակոբ 7.15–23 և փնտրեք, թե ինչ լավ արդյունքներ առաջ եկան Հակոբի և Սերեմի հանդիպումից:

Ի՞նչ փաստ եք տեսնում Հակոբ 7.21–22-ում այն մասին, որ Հակոբը ցանկանում էր Սերեմի հետ ունեցած իր փորձառությունով օգնել ուրիշներին:

Համաձայն Հակոբ 7.23-ի, ինչպե՞ս է Հակոբի հանդիպումը Սերեմի հետ լավագույնս ազդել ժողովրդի վրա:

  1. journal iconՍկզբունքներից մեկը, որը մենք սովորում ենք Հակոբի և Սերեմի հանդիպումից, այն է, որ երբ մենք պատասխանում ենք մեր հավատքի վերաբերյալ հարցերին կամ քննադատություններին այնպիսի եղանակներով, որոնք հրավիրում են Հոգին, մենք կարող ենք օգնել ուրիշներին դառնալ դեպի Տերը: Այս սկզբունքի վերաբերյալ հետևյալ հարցերի պատասխանները գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն իմանալը ձեզ թույլ տալ օգնել ուրիշներին դառնալ դեպի Տերը:

    2. Ինչպե՞ս դուք կարող եք ձգտել կիրառել այս սկզբունքը:

Հակոբ 7. 24–27

Հակոբը նկարագրում է նեփիացիների հարաբերությունները լամանացիների հետ և ավարտում է իր հիշատակարանը

Կարդացեք Հակոբ 7.24–27: Հակոբ 7.25–ում ընդգծեք մի արտահայտություն, որն ակնառու է դարձնում դժվարությունների հանդիպելիս հույսը Տիրոջ վրա դնելու մասին Հակոբի ուղերձը:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ի՞նչ կարող եք դուք անել, որ նախապատրաստվեք այնպիսի ժամանակաշրջանի համար, երբ ինչ-որ մեկը հարցականի տակ կդնի ձեր հավատքը:

Եթե դուք մտահոգություններ ունեք այն բանի վերաբերյալ, թե ինչպես վարվել ձեր հավատքի հետ կապված որոշակի հարցերի կամ իրավիճակների դեպքում, ուսումնասիրեք Հավատքին Հավատարին. Ավետարանական Վկայակոչում ձեռնարկը, Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի գերագույն համաժողովի «Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 72–75) ելույթը և այլ նյութեր, որոնք առկա են LDS.org և youth.lds.org կայքերում:

  1. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հակոբ 7 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Այս դասի սկզբում գտնվող համընկումների վարժության պատասխանները. 1) դ, 2) գ, 3) ա, 4) ե, 5) բ: