Մաս 26. Օր 3
3 Նեփի 19
Նախաբան
3 Նփի 11–18-ում հիշատակված իրադարձությունները բոլորը տեղի ունեցան մեկ օրվա ընթացքում: Այդ օրվա ավարտին Փրկչի այցելության և հաջորդ օրը Նրա վերադառնալու մասին լուրը տարածվեց մարդկանց շրջանում և նրանք «անչափ տքնեցին ողջ այդ գիշեր, որպեսզի հաջորդ օրը նրանք կարողանային լինել այն տեղում, որտեղ Հիսուսը պետք է իրեն ցույց տար բազմությանը» (3 Նեփի 19.3): Առավոտյան տասներկու առաքյալներն ուսուցանեցին մարդկանց և աղոթեցին նրանց հետ: Այնուհետև Նեփին մկրտեց տասներկու առաքյալներին և նրանք ստացան Սուրբ Հոգին ու շուրջանակի մեջ առնվեցին հրեշտակների կողմից: Այս դրսևորման ընթացքում Հիսուս Քրիստոսը հայտնվեց և պատվիրեց առաքյալներին աղոթել, և Նա նույնպես աղոթեց Հորը բազմության անունից: Առաքյալներն իրենց հավատքի շնորհիվ լցվեցին Սուրբ Հոգով: Նրանք մաքրագործվեցին և Հոր ու Որդու հետ մեկ դարձան:
3 Նեփի 19.1–14
Ինչպես Փրկիչն էր պատվիրել, տասներկու առաքյալները սպասավորում են ժողովրդին
Պատկերացրեք, թե ինչ կզգայիք և ինչ կանեիք, եթե իմանայիք, որ վաղը Հիսուս Քրիստոսը գալու է տաճար, որը ձեզանից որոշակի հեռավորության վրա է գտնվում: Որքա՞ն շատ կփորձեիք հասնել այնտեղ: Կուզենայի՞ք ձեզ հետ ուրիշ մարդկանց էլ բերել: Ի՞նչ կանեիք այս փորձառությանը նախապատրաստվելու համար:
Կարդացեք 3 Նեփի 19.1–3` ուշադրություն դարձնելով Նեփիացիների արձագանքին, երբ Փրկիչը խոստացավ նրանց, որ վերադառնալու է հաջորդ օրը: Երբ բազմությունը հավաքվեց, տասներկու առաքյալները բազմությունը բաժանեցին տասներկու խմբի և սկսեցին ուսուցանել նրանց: Նրանք սովորեցնում էին բազմությանը ծնկի իջնել աղոթելու համար և ուսուցանում էին նրանց այն նույն ճշմարտությունները, որ Փրկիչն ուսուցանել էր նախորդ օրը: (Տես 3 Նեփի 19.4–7:)
-
Կարդացեք 3 Նեփի 19.8–9 և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Առաքյալներն ամենից շատ ի՞նչ էին ցանկանում: Ձեր փորձառությունից ելնելով` ինչո՞ւ է Սուրբ Հոգու պարգևն այդքան ցանկալի:
-
Տասներկու առաքյալները ղեկավարելու էին Եկեղեցու գործերը Ամերիկաներում, երբ Փրկիչը գնար: Ինչո՞ւ էր անհրաժեշտ ունենալ Սուրբ Հոգին իրենց առաջնորդելու համար:
-
Երբ ավարտեք կատարել հանձնարարությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, մտածեք հետևյալ հարցերի մասին. Ո՞րոնք են այն մի քանի բաները, որ ցանկանում եք ամենից շատ, երբ դուք աղոթում եք: Որքա՞ն հաճախ եք աղոթում Սուրբ Հոգու համար:
Կարդացեք 3 Նեփի 19.10–12 և ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին առաքյալներն աղոթելուց հետո: 10-12 հատվածներում նկարագրված մկրտությունը տասներկու առաքյալների համար երկրորդ մկրտությունն էր: Եկեղեցին Նեփիացիների մոտ հաստատված է եղել տարիներ շարունակ և քահանայություն կրող այս եղբայրները պետք է որ նախկինում մկրտված լինեին, չնայած որ իրենց առաջին մկրտությունը հիշատակված չէ սուրբ գրություններում: Այս երկրորդ մկրտությունը հատուկ հանգամանք էր, ինչպես բացատրել է Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը: «Փրկիչը պատվիրեց Նեփիին ու ժողովրդին կրկին մկրտվել, քանի որ Նա նոր ձևով էր կազմակերպել Եկեղեցին ավետարանի ներքո: Նախքան դա այն կազմակերպված էր [Մովսեսի] օրենքի ներքո» (Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:336):
Հիշեք, որ առաքյալներն ու մյուս Նեփիացիներն արժանի էին լինելու Փրկչի ներկայության մեջ: Կարդացեք 3 Նեփի 19.13` ուշադրություն դարձնելով, թե տասներկու առաքյալներին ինչ շնորհվեց արդար ցանկություններ ունենալու արդյունքում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կազմեք օրհնությունների ցանկ, որոնք գալիս են մի մարդու կյանք, ով ունի Սուրբ Հոգու պարգևը և ապրում է դրան արժանի: Այնուհետև համեմատեք ձեր ցանկը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի մեջբերման հետ ու ձեր ցանկին ավելացրեք նոր մտքեր, որոնց կհանդիպեք.
«Սուրբ Հոգին մեզ տալիս է ուժ ու խիզախություն, որպեսզի առաջնորդենք մեր կյանքը Աստծո արքայության ճանապարհով, և հանդիսանում է Հոր և Որդու մասին մեր վկայության աղբյուրը: …
Մենք ունենք Սուրբ Հոգու` որպես մեր մշտական ուղեկցի կարիքը, որպեսզի մեզ օգնի ավելի լավ ընտրություններ կայացնել ամեն օր մեզ հանդիպող որոշումներում: Մեր երիտասարդ տղամարդիկ ու կանայք ենթարկվում են հարձակման աշխարհի տգեղ բաների կողմից: Սուրբ Հոգու ընկերակցությունը զորություն կտա նրանց, որպեսզի դիմակայեն չարին, և, անհրաժեշտության դեպքում, ապաշխարեն ու վերադառնան դեպի նեղ ու անձուկ ճանապարհը: Մեզանից ոչ ոք ապահովագրված չէ հակառակորդի գայթակղություններից: Մեզ բոլորիս անհրաժեշտ է ամրացումը, որը հասանելի է Սուրբ Հոգու միջոցով:… Սուրբ Հոգու պարգևն ունենալն օգնում է ընտանիքի անդամներին կայացնել իմաստուն որոշումներ` ընտրություններ, որոնք կօգնեն նրանց իրենց ընտանիքի անդամների հետ վերադառնալ իրենց Երկնային Հոր ու Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի մոտ՝ Նրանց հետ հավերժորեն ապրելու» (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 8):
Հիմնվելով 3 Նեփի 19.1–14–ի ձեր ուսումնասիրության վրա` մտածեք, թե ամենից շատ ինչ օրհնություն եք ուզում ձեր կյանքում և ինչու:
Լրացրեք հետևյալ սկզբունքային արտահայտությունը համաձայն 3 Նեփի 19.9, 13-ի. Անկեղծ ցանկությունների ու աղոթքի միջոցով մենք կարող ենք :
3 Նեփի 19.14–36
Փրկիչն հայտնվում ու աղոթում է մարդկանց համար, որպեսզի նրանք մաքրագործվեն իրենց հավատքի միջոցով
Կարդացեք 3 Նեփի 19.14–16, որպեսզի իմանաք, թե ինչ տեղի ունեցավ, երբ տասներկու առաքյալները մկրտվեցին և լցվեցին Սուրբ Հոգով:
Երբ առաքյալներն ու բազմությունը ծնկի իջան, Փրկիչը պատվիրեց Իր տասներկու առաքյալներին աղոթել: Կարդացեք նրանց աղոթքի պատմությունը 3 Նեփի 19.17–18, 24–26, 30-ում: Սուրբ գրություններում սա միակ տեղն է, որտեղ հիշատակված է, որ մարդիկ աղոթում էին անմիջապես Հիսուս Քրիստոսին: Մեր աղոթքներում մենք աղոթում ենք Հայր Աստծուն Իր Որդու` Հիսուս Քրիստոսի անունով: Սուրբ գրություններում չկա որևէ տեղ, որտեղ մեզ ուսուցանվում է աղոթել Հիսուսին:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին մի պատճառ առաջարկեց, թե ինչու առաքյալները կարող էին աղոթել Հիսուսին այս եզակի օրինակում. «Հիսուսն արդեն ուսուցանել էր նրանց աղոթել Հորը Իր անունով, որը նրանք արեցին սկզբում [տես 3 Նեփի 19.8–9]:… Բայց այս անգամ «նրանք աղոթեցին առ Հիսուսը` կոչելով նրան իրենց Տեր և իրենց Աստված» [3 Նեփի 19.18]: Հիսուսը կանգնած էր նրանց առջև` որպես Հոր խորհրդանիշ: Տեսնելով Նրան` նրանք կարծես տեսնում էին Հորը. Աղոթելով Նրան` նրանք կարծես աղոթում էին Հորը: Դա մի հատուկ ու եզակի իրավիճակ էր» (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 560–61): Փրկիչն Ինքն ասաց, «Նրանք աղոթում են ինձ, որովհետև ես նրանց հետ եմ» (3 Նեփի 19.22):
-
Մինչ մարդիկ ծնկի էին իջել, նրանք ականատես եղան, թե ինչպես Հիսուս Քրիստոսն առաջարկեց երեք առանձին աղոթք Իր առաքյալների ու իրենց համար: Արտագրեք հետևյալ աղյուսակը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Կարդացեք հանձնարարված սուրբ գրության հատվածները և լրացրեք աղյուսակը:
|
Սուրբ գրության հատված |
Ինչի՞ համար աղոթեց Փրկիչը: |
Ինչպե՞ս կարող եք ձեր կյանքում կիրառել այն, ինչ սովորեցիք Փրկչի աղոթքից: |
|---|---|---|
Կարդացեք 3 Նեփի 19.24: Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «չէին ավելացնում շատ խոսքեր»: Աղոթքի վերաբերյալ, որի բառերը տրվում են, որպեսզի իմանան, թե ինչի համար աղոթեն, Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին ուսուցանել է. «Կատարյալ աղոթքները ոգեշնչված են, որտեղ Հոգին հայտնում է բառերը, որոնք պետք է օգտագործվեն» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 586):
Որպեսզի ավելի լավ հասկանաք որոշ սկզբունքներ, որ Փրկիչն ուսուցանել է Իր աղոթքներում, վերանայեք 3 Նեփի 19.28 և ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը. եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք մաքրագործվել: Մտածեք, թե առաքյալներն ինչպես հավատք գործադրեցին 3 Նեփի 19 -ում հիշատակված դեպքերի ընթացքում: Իրենց հավատքի արդյունքում առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով (տես 3 Նեփի 19.13), իսկ Սուրբ Հոգին ստանալն անհրաժեշտ է մաքրագործման համար:
Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Մերիոն Ջ. Ռոմնիի հետևայլ խոսքերը և ուշադրություն դարձրեք, թե ինչ է նշանակում մաքրագործվել. ««Այն ժամանակ կգա կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը» [2 Նեփի 31.13]: Կրակով ու Սուրբ Հոգով այս մկրտությունը, որի մասին ասվում է այստեղ Նեփիի կողմից, ազդում է մարդկանց սրտերի վրա՝ մեծ փոփոխություն առաջացնելով, որի մասին հիշատակում է Ալման [տես Ալմա 5.14]: Այն նրանց մարմնականից դարձի է բերում դեպի հոգևորը: Այն մաքրում է, բուժում ու մաքրագործում է հոգին: … Հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը, ապաշխարությունը և ջրով մկրտությունը - բոլորը նախապատրաստական և անհրաժեշտ պայման են դրա համար, բայց դա է կատարելագործումը [վերջնական նպատակը]: Այն ստանալ նշանակում է լվանալ հագուստը Հիսուս Քրիստոսի քավիչ արյունով» (Learning for the Eternities, comp. George J. Romney [1977], 133):
-
Խորհեք, թե ինչ է նշանակում լինել մաքրագործված, և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին՝ Ինչպե՞ս է առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելն օգնում մեզ դառնալ մաքուր ու անարատ:
Հիսուսը հրաշալի աղոթք ասաց Իր քավիչ զոհաբերության նախօրեին, որը շատ նման էր այն աղոթքներին, որոնք Նա ասաց Նեփիացիների մոտ Իր այցելության երկրորդ օրը: Կարդացեք 3 Նեփի 19.23, 29 և Յովհաննէս 17.9, 11, 21–22: Ընգծեք «որպեսզի մենք կարողանանք մեկ լինել» արտահայտությունը: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից այն մասին, թե մենք ինչպես ենք կարող լինել մեկ Հիսուս Քրիստոսի հետ:
Այս հատվածներում ուսուցանված սկզբունքներից մեկը հետևյալն է. հավատքի միջոցով մենք կարող ենք մաքրագործվել և դառնալ մեկ Հիսուս Քրիստոսի հետ այնպես, ինչպես Նա է մեկ Հոր հետ: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքը այն մասին, թե մենք ինչպես կարող ենք մեկ լինել Հոր և Որդու հետ. «Իհարկե, մենք չենք կարողանա մեկ լինել Աստծո և Քրիստոսի հետ, մինչև մենք չդարձնենք Նրանց կամքն ու հետաքրքրությունը մեր ամենամեծ ցանկությունը: Նման հնազանդության չի կարելի հասնել մեկ օրում, այլ Սուրբ Հոգու միջոցով Տերը կխրատի մեզ, եթե մենք կամենանք, մինչև որ ժամանակի ընթացքում զգուշորեն կարելի կլինի ասել, որ Նա մեր մեջ է, ինչպես որ Հայրն է Նրանում: Երբեմն ես դողում եմ, մտածելով, թե ինչ կպահանջվի, բայց ես գիտեմ, որ միայն այս կատարյալ միավորման մեջ է, որ ուրախության լրիվությունը կարելի է գտնել» (“That They May Be One In Us,” Ensign, Nov. 2002, 73):
Ավարտեք այսօրվա ուսումնասիրությունը` կարդալով և խորհելով 3 Նեփի 19.35–36-ի մասին:
-
Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 19 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.