Սեմինարիա
Մաս 25. Օր 2, 3 Նեփի 13


Մաս 25. Օր 2

3 Նեփի 13

Նախաբան

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 13-ում, Փրկիչը շարունակեց Իր քարոզը Լիառատ երկրի տաճարի շուրջ: Նա զգուշացրեց ժողովրդին կեղծավորության դեմ և ուսուցանեց նրանց, որ իրենց արդար գործերը հաճելի էին Երկնային Հորը: Նա նաև պատվիրեց բազմությանը գանձեր կուտակել երկնքում և այնուհետև հորդորեց Իր տասներկու աշակերտներին նախքան իրենց ժամանակավոր խնդիրների մասին անհանգստանալը փնտրել Աստծո արքայությունը:

3 Նեփի 13.1–18

Փրկիչը զգուշացնում է Նեփիացիներին կեղծավորության դեմ և ուսուցանում է նրանց անել արդար գործեր, որոնք հաճելի են Երկնային Հորը

Ձեր մտքում լրացրեք հետևյալ ինքնագնահատումը` ընտրելով որ արտահայտությունն է լավագույնս նկարագրում ողորմություն անելու (ուրիշներին տալու), աղոթելու և ծոմ պահելու ձեր շարժառիթը.

Ես ողորմություն եմ անում, որովհետև.

  1. Ես պետք է անեմ:

  2. Ես սիրում եմ Տիրոջը և հաճույք եմ ստանում, օգնելով այլ մարդկանց:

  3. Ես ուզում եմ, որ ուրիշները լավ կարծիք ունենան իմ մասին:

Ես աղոթում եմ, որովհետև.

  1. Ես չեմ ուզում ասել «ոչ» այլ մարդկանց առջև, երբ ինձ կանչում են աղոթելու:

  2. Դա կազմում է իմ առօրյայի մասը:

  3. Ես ուզում եմ հաղորդակցվել իմ Երկնային Հոր հետ:

Ես ծոմ եմ պահում, որովհետև.

  1. Ծոմապահությունն օգնում է ինձ մոտենալ Տիրոջը:

  2. Մարդիկ կմտածեն, որ ես լավը չեմ, եթե չպահեմ:

  3. Իմ ծնողներն ինձ թույլ չեն տալիս ուտել, երբ ես ծոմ եմ պահում:

3 Նեփի 13-ում Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Նեփիացի բազմությանը ողորմություն անելու, աղոթելու և ծոմ պահելու մարդու շարժառիթների կարևորության մասին: Այս ինքնագնահատման մեջ թվարկված պատասխաններն արտացոլում են տարբեր շարժառիթներ, որ մենք կարող ենք ունենալ անելով այս կամ այլ կրոնական բարեպաշտությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Կարևո՞ր է, թե ինչու ենք մենք անում արդար գործեր: Ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ:

  2. journal iconԱրտագրեք հետևյալ աղյուսակը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում և լրացրեք այն` կարդալով սուրբ գրության յուրաքանչյուր քազվածք և պատասխանելով երկու հարցի: Մինչ կկարդաք, օգտակար կլինի իմանալը, որ կեղծավորը նա է, ով ընդունում է կեղծ արդարության տեսք, կամ ով ասում է մի բան և անում է այլ բան:

    Գործողություն

    Այս գործողությունը կատարելիս հիշենք, թե ինչպիսի՞ շարժառիթի մասին զգուշացրեց Տերը:

    Համաձայն Տիրոջը՝ ինչպե՞ս պետք է կատարենք գործողությունը:

    Ողորմություն անել (3 Նեփի 13.1–4)

    Աղոթել (3 Նեփի 13.5–6)

    Ծոմ պահել (3 Նեփի 13.16–18)

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կարող են արդար գործեր անելու մեր շարժառիթներն ազդել դրանք կատարելու մեր եղանակի վրա:

  • Ո՞րոնք են այն արդար շարժառիթները, որոնք կարող են ոգեշնչել մարդուն թաքուն ողորմություն անել, աղոթել ու ծոմ պահել:

Այս բաներն անելու արդար շարժառիթներից մեկը Երկնային Հորը գոհացնելն է: Կարդացեք 3 Նեփի 13.4, 6, 18 և ուշադրություն դարձրեք, թե ինչ է Տերը խոստանում նրանց, ովքեր գաղտնի գործում են արդար:

Մի կարևոր սկզբունք, որ Տերն ուսուցանել է այս հատվածներում, հետևյալն է. Եթե մենք գործենք արդար այն պատճառով, որ մենք սիրում ենք Երկնային Հորը, Նա մեզ կհատուցի բացահայտ կերպով:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, երբ դուք օրհնված եք զգացել ձգտելով անել ինչ-որ բան, որը գոհացնում է Երկնային Հորը, այլ ոչ թե ուրիշներին ցույց տալու համար:

Հակիրճ վերանայեք ձեր ինքնագնահատումը, որը կատարեցիք դասի սկզբում, և գնահատեք ողորմություն անելու, աղոթելու և ծոմ պահելու ձեր շարժառիթները: Մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել Փրկչի ուսմունքները, որպեսզի բարելավեք ձեր շարժառիթները Տիրոջը նվիրված այս կամ այն գործողությունները կատարելիս:

Փրկիչն աղոթքի մասին հավելյալ հրահանգներ տվեց Նեփիացիներին: Կարդացեք 3 Նեփի 13.7 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Տերը նկարագրել կրկնվող կամ մշակված արտահայտությունները, որոնք աղոթքի մեջ արտահայտվում են առանց անկեղծության: Զուր բառը նշանակում է դատարկ, առանց մտքի կամ զգացմունքի: Զուր կրկնությունը կարող է նաև նշանակել անմտորեն կրկնել նույն բառերը կամ աղոթել առանց հավատքի:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր խուսափել զուր կրկնություններից Երկնային Հորն ուղղված մեր աղոթքներում:

    2. Ո՞րոնք են այն բաները, որ դուք կարող եք անել, որպեսզի աղոթելիս խուսափեք զուր կրկնությունից:

Կարդացեք 3 Նեփի 13.8 և փնտրեք մի սկզբունք, որ Հիսուս Քրիստոսն ասաց Երկնային Հոր մասին: Դուք կարող եք ընդգծել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում: Ձեր աղոթքի նպատակներից մեկն է «ապահով դարձնել մեր և ուրիշների օրհնությունները, որոնք Աստված կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք հավատքով» (Bible Dictionary, “Prayer”):

պատանին աղոթելիս

Կարդացեք 3 Նեփի 13.9–15 և մտածեք, թե Տերն ինչ է ուզում, որ դուք սովորեք ձեր աղոթքների մասին: Փնտրեք եղանակներ, որպեսզի բարելավեք ձեր աղոթքները` կիրառելով այն, ինչ սովորեցիք Փրկչի ուսմունքներից:

3 Նեփի 13.19–24

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է բազմությանը գանձեր կուտակել երկնքում

Երբևէ կարդացել կամ լսե՞լ եք պատմություն կորցրած կամ թաղված գանձերի մասին: Երբեմն նման պատմություններում գանձեր որոնողները վերջիվերջո հասնում են իրենց նպատակին, և պարզվում է, որ գանձերը տեղում չեն կամ երբևիցե չեն էլ եղել: Կարդացեք 3 Նեփի 13.19–20 և պարզեք այն երկու տեսակ գանձերը, որոնց մասին Տերը խոսել է: Ըստ Նրա` այս գանձերից ո՞ր մեկը միշտ կլինի այնտեղ մեզ համար, եթե մենք փնտրենք:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ո՞րն է տարբերությունը «գանձեր երկրի վրա» և «գանձեր երկնքում» արտահայտությունների միջև:

    2. Այն ամենից, ինչ սովորում եք 3 Նեփի 13.21–24-ում, որո՞նք են այն ճշմարտությունները, որ Փրկիչն ուսուցանեց երկրային գանձեր ու երկնային գանձեր փնտրելու մասին: (Իմանալը, որ մամոնա բառը մի տերմին է, որը բնութագրում է աշխարհիկությունը կամ հարստությունը, կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս հատվածները:)

    3. Ինչպե՞ս կարող է երկրի վրա գանձեր փնտրելը հեռացնել մեզ երկնքում գանձեր փնտրելուց:

Փրկիչը չի ուսուցանել, որ փողը կամ երկրային ունեցվածքը չարիք են: Բայց Նա ընդգծել է մեր սրտերը ոչ թե երկրային գանձերի, այլ երկնային գանձերի վրա դնելու կարևորությունը, որը հարատև կլինի:

Մեկ սկզբունք, որ կարող ենք սովորել 3 Նեփի 13.19–24-ից, հետևյալն է. որպեսզի Աստված լինի մեր ուսուցիչը, մենք պետք է սիրենք ու ծառայենք Նրան աշխարհում ամեն ինչից վեր:

Որո՞նք կարող են լինել Աստծուն ու մամոնային միաժամանակ ծառայելու որոշ օրինակները: Ինչո՞ւ կարող է դժվար լինել աշխարհի բաների փոխարեն միշտ սիրել ու ծառայել Աստծուն: Ինչո՞ւ արժե ջանքեր թափել Աստծուն առաջին տեղում դնելու համար:

  1. journal iconԿարդացեք հետևյալ օրինակները: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ցույց տվեք, թե որ ուսուցչին է մարդը ծառայում` Աստծուն, թե մամոնային (աշխարհիկին):

    1. Մի երիտասարդ տղամարդ հրաժարվում է աշխատանքից, որը պահանջում է նրանից բաց թողնել իր կիրակնօրյա ժողովները, և փոխարենն ընտրում է ցածր վարձատրությամբ աշխատանք, որը չի պահանջում նրան աշխատել կիրակի օրերին:

    2. Մի երիտասարդ կին հաճախակի գանգատվում է իր ծնողներին նոր հագուստի համար իր կարիքների մասին: Հագուստը, որը նա ցանկանում է, ավելին արժի, քան իր ընտանիքը կարող է թույլ տալ գնել:

    3. Մի երիտասարդ տղամարդ պարբերաբար վճարում է իր տասանորդը այն գումարից, որը նա ստանում է իր աշխատանքի դիմաց: Բայց նա օգտագործում է իր մնացած եկամուտը զվարճանքի առարկաներ, ներառյալ որոշ անհամապատասխան ֆիլմեր ու երգեր գնելով, և ոչ մի գումար չի խնայում, որպեսզի վճարի իր միսիայի կամ կրթության համար:

    4. Մի երիտասարդ կին հաճախակի օգտագործում է իր եկամտի որոշակի մասը փոքրիկ նվերներ գնելու համար, որպեսզի ցույց տա իր սերը ուրիշների նկատմամբ:

3 Նեփի 13.25–34

Փրկիչը պատվիրում է տասներկու աշակերտներին նախքան իրենց ժամանակավոր հոգսերը փնտրելը փնտրել Աստծո արքայությունը:

Երեք Նեփիացիները

Երբ նրանք առաջ գնացին ժողովրդին սպասավորելու համար, Հիսուս Քրիստոսը սովորեցրեց Իր տասներկու Նեփիացի առաքյալներին չանհանգստանալ ուտելիքի ու հագուստի իրենց ժամանակավոր կարիքների մասին (տես 3 Նեփի 13.25–31): Կարդացեք 3 Նեփի 13.32–33 և ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց Փրկիչն Իր առաքյալներին իրենց ժամանակավոր կարիքների մասին: Ի՞նչ Նա խոստացավ նրանց, ովքեր իրենց կյանքում դնում են Աստծուն ու Նրա արքայությունն առաջին տեղում:

Մեկ սկզբունք, որ կարող ենք սովորել այս հատվածներից, կարող է լինել հետևյալը. Եթե մենք նախ փնտրենք Աստծո արքայությունը, Նա մեզ կօգնի հոգ տանել մեր կարիքների մասին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է մարդը «[փնտրում] … նախ, Աստծո արքայությունը» (3 Նեփի 13.33):

    2. Ինչպե՞ս է Տերը հոգ տանում ձեր կարիքների մասին, երբ դուք Նրան առաջին տեղում եք դնում ձեր կյանքում:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը վկայել է իր այն օրհնությունների մասին, որոնք գալիս են մեր կյանքում Աստծուն առաջին տեղում դնելուց (դուք կարող եք գրել այս մեջբերումը թղթի վրա և պահել այն ձեր սուրբ գրություններում, որպեսզի վերանայեք ու ապագայում դրանով կիսվեք).

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Երբ մենք առաջին տեղում ենք դնում Աստծուն, մյուս բոլոր բաներն ընկնում են իրենց հատուկ տեղերը կամ անհետանում են մեր կյանքից: Տիրոջ նկատմամբ մեր սերը կկառավարի մեզանից ակնկալվող ջերմությունը, մեզանից պահանջվող ժամանակը, հետաքրքրությունները, որոնց մենք հետապնդում ենք, և մեր առաջնահերթությունների կարգը: …

Մենք Աստծուն, մեր հոգիների Հորը, մեր կյանքում պետք է տանք բացառիկ գերակշռություն» (“The Great Commandment—Love the Lord,” Ensign, May 1988, 4–5):

Խորհեք, թե ինչպես եք դուք կամ նրանք, ում դուք ճանաչում եք, օրհնվել Աստծուն իրենց կյանքում առաջին տեղում դնելու արդյունքում:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 13 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.