Մաս 13. Օր 1
Մոսիա 18
Նախաբան
Ալման, ով ամբարիշտ Նոյ թագավորի քահանաներից էր, հավատաց Աբինադի մարգարեի խոսքերին և ապաշխարեց իր մեղքերից: Աբինադիի մահից հետո Ալման գաղտնի սովորեցնում էր ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք, ովքեր հավատացին Ալմային, ցանկացան գալ Աստծո հոտը: Նրանք մկրտության ուխտի մեջ մտան Մորմոնի ջրեր կոչվող մի վայրում: Երբ դուք ուսումնասիրեք Մոսիա 18, փնտրեք, թե ինչ էր Ալման սովորեցնում խոստումների մասին, որոնք դուք կապում եք մկրտվելիս և ինչ կանի Տերը ձեզ համար, եթե դուք պահեք այդ խոստումները:
Մոսիա 18.1–16
Ալման ուսուցանում և մկրտում է մարդկանց
Մտածեք ձեր մկրտության մասին: Ի՞նչ մանրամասներ եք դուք հիշում այդ փորձառության մասին: Ինչպե՞ս էիք դուք պատրաստվել ձեր մկրտությանը: Ինչ զգացմունքներ եք դուք հիշում ձեր մկրտությունից: Խորհեք, թե ձեր մկրտության հետ կապված ինչի համար դուք կարող եք այժմ ավելի շատ երախտապարտ լինել, քան երբ մկրտվում էիք:
Մոսիա 18 օգնում է մեզ հասկանալ ուխտը, որը մկրտվելիս կապում ենք Աստծո հետ: Ուխտը «Աստծո և մարդու միջև համաձայնություն [է], որի մեջ սակայն նրանք չեն գործում որպես հավասարներ: Աստված տալիս է ուխտի պայմանները, և մարդիկ համաձայնվում են անել այն, ինչ Նա խնդրում է անել: Այնուհետև, Աստված մարդկանց որոշակի օրհնություններ է խոստանում նրանց հնազանդության համար» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Ուխտ», scriptures.lds.org):
Տեսնելու համար, թե ինչպես է Մոսիա 18 օգնում մեզ հասկանալ մկրտության ուխտը, ուշադրություն դարձրեք այս գլխի հետևյալ ուրվագծի վրա. Մոսիա 18.1–7, Նախապատրաստվել ուխտին; Մոսիա 18.8–16, Ուխտ կապել; և Մոսիա 18.17–30, Ապրել ուխտին համաձայն: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում գրել յուրաքանչյուր թեման (օրինակ` Նախապատրաստվել ուխտին) համապատասխան հատվածների կողքին:
Կարդացեք Մոսիա 18.1–2, 6–7, փնտրելով վարդապետությունները և սկզբունքները, որոնք Ալման ուսուցանեց մարդկանց` օգնելով նրանց նախապատրաստվել մկրտությանը: Ստորև տրված մասում գրեք, թե իր ժողովրդին Ալմայի ուսուցանածը հասկակալը ինչպես կօգնի ինչ-որ մեկին այսօր նախապատրաստվել մկրտությանը.
Մոսիա 18.8–11-ում արձանագրված է, թե ինչպես Ալման օգնեց իր մարդկանց հասկանալ խոստումները, որոնք նրանք տալու և ստանալու էին մկրտության ուխտի միջոցով:
-
Ստորև տրված գծապատկերը գծեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Մոսիա 18.8–11-ում փնտրեք, թե ինչ ուսուցանեց Ալման խոստումների մասին, որոնք մենք տալիս ենք Աստծուն (ինչը մենք «հոժար ենք» անել), և խոստումների մասին, որոնք Աստված է մեզ տալիս, երբ մենք մկրտվում ենք: Ձեր գտած պատասխանները գրեք ձեր գծապատկերի համապատասխան սյունակներում:
|
Ես խոստանում եմ |
Աստված խոստանում է |
|---|---|
Մոսիա 18.8–11-ում գտնվող ավետարանի սկզբունքներից մեկը հետևյալն է. Մկրտության ուխտ կապելով և պահելով, մենք ստանում ենք Տիրոջ Հոգին և հավերժական կյանքի խոստումը:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գծապատկերի ներքևում համառոտ գրեք, թե ինչ եք դուք սովորել մկրտության ուխտ կապելու և պահելու կարևորության մասին:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի հետևյալ հայտարարությունը և ընդգծեք օրհնությունները, որոնք կարող են տրվել մեզ, եթե մենք հասկանանք խոստումները, որոնք մենք տալիս և ստանում ենք մկրտության ժամանակ. «Իմ ողջ կյանքի ընթացքում ես նկատել եմ, որ երբ մարդիկ սկսում են լիարժեքորեն հասկանալ իրենց մկրտության ուխտի օրհնությունները և զորությունը, լինեն նրանք նորադարձներ կամ երկար տարիների Եկեղեցու անդամներ, մեծ ուրախություն են գտնում իրենց կյանքում և իրենց պարտականությունները թագավորությունում կատարում են վարակիչ խանդավառությամբ» (“Alma the Elder: A Role Model for Today,” in Heroes from the Book of Mormon [1995], 84):
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ձեր մկրտության ուխտը ինչպես կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես եք ապրում ձեր կյանքի ամեն մի օրը: (Օրինակ, խորհեք ձեր խոստման մասին` «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում», թե ինչպես է այն առնչվում ուրիշների հետ ձեր հարաբերություններին, ներառյալ՝ ինչպես եք դուք վերաբերվում ձեր ընտանիքի անդամներին, ինչ եք դուք քննարկում ընկերների և ծանոթների հետ, ինչպես է այն ազդում ձեր օգտագործած բառապաշարի վրա, ձեր դիտած ֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների տեսակների վրա, ձեր լսած երաժշտության վրա, հասարակական և ժամադրությունների ժամանակ ձեր հարաբերությունների վրա, և թե ինչպես եք դուք արձագանքում նրանց, ովքեր քննադատում են ձեր համոզմունքները:)
Ուշադիր ուսումնասիրեք Մոսիա 18.12–16 և ներկայացրեք օրինակներ, թե ինչպես Տերը կատարեց Ալմայի և նրա ժողովրդի հետ կապած ուխտի Իր մասը նրանց մկրտությունից հետո: Դուք կարող եք նշել ձեր գտածը:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք այնպիսի ժամանակաշրջանի մասին, երբ դուք զգացել եք, որ Տերը օրհնել է ձեզ Իր Հոգով, երբ դուք պահել եք Նրան ծառայելու խոստումը, որը դուք կապել եք մկրտության ժամանակ:
Մոսիա 18.17–30
Ալման հաստատում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ժողովրդի մեջ
Որքա՞ն հաճախ եք դուք մտածում ուխտերի մասին, որոնք կապել եք մկրտության ժամանակ և որոնք նորոգում եք, երբ ճաշակում եք հաղորդությունից: Որքա՞ն հաճախ դուք պետք է մտածեք դրանց մասին: Ե՞րբ եք դուք սովորաբար ժամանակ տրամադրում այս խոստումների մասին մտածելու համար:
Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը ուսուցանել է Տիրոջ հետ մեր կապած ուխտերը պահելու կարևորությունը. «Վերջին Օրերի Սրբերը ուխտի ժողովուրդ են: Մկրտության օրվանից սկսած և մեր կյանքի հոգևոր ուղենիշներով անցնելիս մենք խոստումներ ենք տալիս Աստծուն և Նա խոստումներ է տալիս մեզ: Նա միշտ պահում է Իր խոստումները, որոնք տալիս է Իր իշխանություն ունեցող ծառաների միջոցով, սակայն մեր կյանքի վճռորոշ փորձությունը կայանում է նրանում, թե արդյոք մենք կկապենք ու կպահենք մեր ուխտերը Նրա հետ» (”Witnesses for God,” Ensign, Nov. 1996, 30):
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ի՞նչ կանեք դուք մկրտության ժամանակ ձեր կապած ուխտերը ավելի լավ պահելու համար: Ինչպե՞ս դուք կպահեք այդ խոստումը:
Մոսիա 18.31–35
Նրանք, ովքեր միացել են Եկեղեցուն, փախչում են Նոյ թագավորի հալածանքներից
Ուսումնասիրեք Մոսիա 18.31–33, որպեսզի իմանաք, թե ինչ էր անում Նոյ թագավորը Լեքի-Նեփի քաղաքում, մինչ Ալման և նրա մարդիկ մեծ օրհնություններ էին վայելում Մորմոնի ջրերի մոտակայքում: Կարդացեք Մոսիա 18.34 և ապա Մոսիա 23.1–2, որպեսզի պարզեք, թե ինչպես էր Ալման «տեղեկացվել» այն վտանգի մասին, որի առջև կանգնելու էր իր ժողովուրդը:
Կարող եք գրել հետևյալ ճշմարտությունը Մոսիա 18.34–ի կողքին. Տերը կարող է նախազգուշացնել արդարներին, երբ նրանք վտանգի մեջ հայտնվեն:
Կարդացեք հետևյալ փորձառությունը, որով կիսվել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը, որը լուսաբանում է այս ճշմարտությունը.
«Աշխատելով որպես Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոյի հատուկ գործակալ` իմ ընկերը հետաքննում էր կազմակերպված հանցավոր խմբերի, որոնք անօրինական թմրադեղեր էին տեղափոխում Միացյալ Նահանգներ:
Մի առիթով նա և մեկ այլ գործակալ մոտեցել էին մի բնակարանի, որտեղ, նրանց կարծիքով, հայտնի մի ապօրինի թմրադեղ վաճառող կոկային էր բաժանում: Իմ ընկերը նկարագրում է, թե ինչ պատահեց.
«Մենք թակեցինք ապօրինի թմրադեղեր վաճառողի դուռը: Կասկածյալը բացեց դուռը և մեզ տեսնելուն պես փորձեց փակել մեր տեսադաշտը: Սակայն արդեն շատ ուշ էր. մենք կարողացանք նրա սեղանի վրա տեսնել կոկայինը:
Տղամարդը և կինը, ովքեր նստած էին սեղանի շուրջ, անմիջապես սկսեցին հեռացնել կոկայինը: Մենք ստիպված էինք քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտայինք նրանց վերացնել փաստերը, ուստի ես արագ կողք հրեցի կասկածյալին, ով փակել էր մեր ճանապարհը: Երբ ես հրեցի նրան, իմ հայացքը հանդիպեց նրա հայացքին: Տարօրինակ էր, բայց նա զայրացած կամ վախեցած տեսք չուներ: Նա ժպտում էր ինձ:
Նրա աչքերը և զայրույթը մեղմող ժպիտն ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծեցին, որ նա վտանգավոր չէր, ուստի, ես արագ թողեցի նրան և սկսեցի շարժվել սեղանի ուղղությամբ: Կասկածյալն այժմ իմ հետևում էր: Այդ պահին ես հստակ, ազդեցիկ տպավորություն ունեցա իմ մտքում. «Զգուշացիր ժպտացող աչքերի հետևում գտնվող չարիքից»:
Ես անմիջապես ետ շրջվեցի դեպի կասկածյալը: Նրա ձեռքը իր առջևի մեծ գրպանում էր: Բնազդաբար ես բռնեցի նրա ձեռքը և դուրս քաշեցի նրա գրպանից: Միայն այդ ժամանակ ես տեսա նրա ձեռքում սեղմված կիսաավտոմատ ատրճանակը, որը պատրաստ էր կրակելու: Որոշ եռուզեռից հետո ես զինաթափեցի նրան»: …
… Սուրբ Հոգին նախազգուշացրեց իմ ընկերոջը ֆիզիկական վտանգի մասին: Սուրբ Հոգին նաև կնախազգուշացնի ձեզ հոգևոր վտանգների մասին» (“Beware of the Evil behind the Smiling Eyes,” Ensign կամ Liahona, May 2005, 46–47):
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք զգացումների մասին, որոնք ստացել եք Սուրբ Հոգու կողմից, կամ փորձառությունների մասին, որոնք դուք հիշում եք, երբ նախազգուշացվել եք կամ պաշտպանվել եք ֆիզիկական կամ հոգևոր վտանգից, կամ գրեք ձեր ծանոթներից որևէ մեկի փորձառության մասին, կամ որի մասին կարդացել կամ լսել եք:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մոսիա 18 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.