Սեմինարիա
Մաս 25. Օր 1, 3 Նեփի 11.18–3 Նեփի 12


Մաս 25. Օր 1

3 Նեփի 11.18–12.48

Նախաբան

Երբ մարդիկ, ովքեր Լիառատ երկրի տաճարի մոտ էին, անհատապես զգացին Հիսուս Քրիստոսի կողի, ձեռքերի ու ոտքերի վերքերը, Փրկիչը մկրտելու զորություն տվեց Նեփիին ու ուրիշներին: Փրկիչը զգուշացրեց ժողովրդին խուսափել հակառակությունից և խոստացավ, որ նրանք, ովքեր ապրում են ավետարանով, կժառանգեն Աստծո արքայությունը: Նա նաև ուսուցանեց նրանց ինչպես ստանալ Իր ավետարանի օրհնությունները և պատվիրեց նրանց լավ կերպով ներգործել ուրիշների վրա: Տերը հայտարարեց, որ Նա իրականացրել է Մովսեսի օրենքը, և Նա մարդկանց տվեց ավելի բարձր օրենք, որը նրանց կնախապատրաստեր նմանվելու Իրեն ու մեր Երկնային Հորը:

3 Նեփի 11.18-30

Հիսուս Քրիստոսը Նեփիին ու այլոց տալիս է մկրտելու զորություն և դատապարտում է հակառակությունը

Դուք հիշո՞ւմ եք ձեր մտքերն ու զգացմունքները, երբ պատրաստվում էիք ձեր մկրտությանը, կամ տեսե՞լ եք, թե ինչպես է ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը պատրաստվում մկրտվել: Շատ մարդիկ ունեն նման հարցեր. «Ո՞վ կարող է մկրտել ինձ» և «Ինչպե՞ս է կատարվում մկրտության արարողությունը»: Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք այս հարցերին:

Մինչ ուսումնասիրում էիք 3 Նեփի 11.1–17, դուք իմացաք Հիսուս Քրիստոսի հայտնության մասին «Նեփիի [ժողովրդի մի մեծ բազմությանը] ի մի հավաքված տաճարի շուրջբոլորը, որը Լիառատ երկրում էր» (3 Նեփի 11.1): Այս մարդիկ շոշափեցին Նրա վերքերի հետքերը և դարձան Նրա Հարության ու աստվածայնության անձնական վկաները: Այս փորձառությունից անմիջապես հետո Փրկիչն ուսուցանեց նրանց մկրտության մասին` ներառյալ այն մասին, թե ով կարող է մկրտել և ինչպես պետք է կատարել մկրտությունը:

Կարդացեք 3 Նեփի 11.18–22, 24–25 և գրեք պատասխան այս հարցին. «Ո՞վ կարող է մկրտել ինձ»:

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 11-ում, նրանից, ինչ Փրկիչն ասում և անում էր, մենք սովորում ենք, որ մկրտությունը պետք է կատարվի մի անձնավության կողմից, ով ունի հատուկ իշխանություն: Ժամանակակից հայտնությունը պարզաբանում է, որ մկրտությունը կարող է միայն կատարվել մի անձնավորության կողմից, ով Ահարոնյան Քահանայությունում կրում է քահանայի կոչում (տես ՎևՈւ 20.46), կամ նրա կողմից, ով ունի Մելքիսեդեկյան Քահանայություն (տես ՎևՈւ 20.38–39; 107.10–11): Ի հավելում, նա պետք է գործի քահանայության ղեկավարի առաջնորդությամբ, ով կրում է արարողությունը լիազորելու անհրաժեշտ բանալիները (ինչպես օրինակ` եպիսկոպոս, ճյուղի նախագահ, միսիայի նախագահ կամ Բարձրագույն Իշխանություն):

Կարդացեք 3 Նեփի 11.23–27 և գրեք պատասխան հետևյալ հարցի համար`«Ինչպե՞ս է մկրտության արարողությունը կատարվում»:

Նկար
Մկրտություն
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու եք կարծում, որ մկրտությունը պետք է կատարվի Տիրոջ կողմից սահմանված կարգով: Ի՞նչ է տեղի ունենում, եթե մկրտության արարողության բառերը ճիշտ չեն ասվում, կամ եթե մկրտվող անձնավորությունն ամբողջովին չի ընկղմվում ջրի մեջ:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերի շարաններից մեկին կամ մի քանիսին.

    1. Ի՞նչ եք հիշում մկրտության արարողության մասին և թե ինչու մկրտվեցիք: Ո՞վ մկրտեց ձեզ: Քա՞նի տարեկան էիք: Ինչպիսի՞ զգացումներ ունեիք, երբ դուք մկրտվեցիք: Ի՞նչ է նշանակում ձեզ համար մկրտվել հատուկ լիազորություն ունեցող մի անձնավորության կողմից և Տիրոջ սահմանած կարգով:

    2. Վերջերս ականատես եղե՞լ եք որևէ մեկի մկրտությանը: Ինչպիսի՞ զգացումներ ունեիք:

    3. Եթե դուք ունենաք Ահարոնյան Քահանայության կոչում, ինչպիսի՞ զգացումներ կունենաք` իմանալով, որ դուք ունեք մկրտելու լիազորություն: Եթե ունեցել եք ինչ-որ մեկին մկրտելու հնարավորություն, ի՞նչ եք զգացել ու սովորել այդ փորձառության ժամանակ:

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 11.28–30-ում` Տերը խորհուրդ տվեց ժողովրդին չվիճել կամ չառարկել (վիճաբանել) միմյանց հետ մկրտության մասին կամ վարդապետության այլ կետերի մասին: Նա ուսուցանեց, որ հակառակությունը դևից է և պետք է հեռացնել այն:

3 Նեփի 11. 31–41

Հիսուս Քրիստոսը հայտարարում է Իր վարդապետությունը

Մտածեք որևէ բանի մասին, որ արել եք այսօր, որը հանգեցրել է դրական հետևանքի: Գրեք գործողությունը և հետևանքը հետևյալ սխեմայի համապատասխան կողմերում: Այնուհետև մտածեք մի բանի մասին, որ արել եք այսօր, որը հանգեցրել է բացասական հետևանքի:

Նկար
սլաք

Գործողության հարաբերությունը հետևանքի հետ երբեմն կոչվում է հունձ: Ժամանակակից հայտնությունը նկարագրում է այն այս կերպ. «Ինչ որ սերմանեք, այն էլ կհնձեք. հետևաբար, եթե դուք բարիք սերմանեք, բարիք էլ կհնձեք, որպես վարձք» (ՎևՈւ 6.33):

Կարդացեք 3 Նեփի 11.31 և պարզեք, թե ինչ ասաց Հիսուս Քրիստոսը, որ պատրաստվում էր հայտարարել ժողովրդին:

  1. Ինչպես հիշատակված է 3 Նեփի 11.32–39-ում` Հիսուս Քրիստոսը հայտնեց Իր վարդապետությունը, «որը Հայրը տվել է [Իրեն]» (3 Նեփի 11.32): Արտագրեք հետևյալ սխեման սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Կարդացեք սուրբ գրությունների յուրաքանչյուր քաղվածք և պարզեք գործողություններն ու հետևանքները, որոնք ուսուցանում էր Հիսուս Քրիստոսը Իր վարդապետության վերաբերյալ:

    Գործողություններ

    Հետևանքներ

    3 Նեփի 11. 32-34

    3 Նեփի 11. 35-36

    3 Նեփի 11. 37-38

    3 Նեփի 11. 39-40

Ըստ ձեր սխեմայի, որո՞նք են Հիսուս Քրիստոսի ուսուցանած այն գլխավոր գործողությունները, որ Երկնային Հոր երեխաները պետք է անեն, որպեսզի մտնեն երկնքի արքայություն:

Ինչպես տեսաք, 3 Նեփի 11.32-ն ասում է, որ Սուրբ Հոգին վկայում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Խորհեք, թե ամենավերջին անգամ երբ է Սուրբ Հոգին վկայել ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի իսկության ու սիրո մասին:

3 Նեփի 12.1-16

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է բազմությանը օրհնությունների մասին, որ մենք ստանում ենք ապրելով Նրա ավետարանով

Նկար
Հիսուսն ուսուցանում է արևմտյան կիսագնդում

Լրացրեք հետևյալ ճիշտ-սխալ տեստը` շրջանակի մեջ վերցնելով ստորև տրված պատասխանները.

  • Երկնային Հայրն ուզում է, որ մենք կատարյալ լինենք:

  • Մենք պետք է կատարյալ լինենք այս կյանքում, որպեսզի մտնենք սելեստիալ արքայություն:

  • Մենք կարող ենք կատարյալ դառնալ:

Որպեսզի ստուգեք ձեր պատասխանները, սկզբում կարդացեք 3 Նեփի 12.48: (Սա սերտման սուրբ գրություն է: Դուք կարող եք ընդգծել այն այլ կերպ, որպեսզի հետո կարողանաք արագ գտնել):

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

Ինչպե՞ս է հնարավոր կատարյալ լինել: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասել է հետևյալը կատարյալ լինելու պատվիրանի մասին. «Մենք չպետք է վհատվենք, եթե կատարելագործվելու մեր անկեղծ ջանքերն այժմ այնքան լարված [դժվար] և անվերջ են թվում: Կատարելագործումն առկախ է: Այն կարող է գալ լիարժեք միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով: Այն սպասում է բոլորին, ովքեր սիրում են նրան ու պահում են իր պատվիրանները» (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 88):

Խորհեք հետևյալ հարցի մասին. Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ կատարելագործումը կարող է գալ «միայն Տիրոջ միջոցով»:

Կրկին նայեք ճիշտ-սխալ տեստին, որը հենց նոր լրացրեցիք, և համաձայն այն ամենի, ինչ սովորեցիք 3 Նեփի 12.48-ից ու Երեց Նելսոնի խոսքերից, փոխեք ձեր պատասխանները:

3 Նեփի 12–14-ում Հիսուս Քրիստոսի ուսմունքները երբեմն անվանվում են «տաճարի քարոզ», քանի որ դրանք նման են Փրկչի հայտնի Լեռան Քարոզին և հաճախ մեծացնում են դրա մասին մեր հասկացողությունը (տես Մատթէոս 5–7): Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Իր Լեռան Քարոզում Ուսուցիչը մեզ տվել է իր սեփական բնավորության մասին հայտնություն, որը կատարյալ էր, կամ, ինչպես կարելի է ասել, մի «ինքնակենսագրություն, որի յուրաքանչյուր վանկը նա գրել է գործողություններով» և, այսպես անելով, մեզ տվել է նախագիծ մեր կյանքի համար» (Decisions for Successful Living [1973], 56): 3 Նեփի 12–14 ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այն եղանակներին, որոնց միջոցով Փրկիչն ուզում է, որ դուք ձգտեք կատարելագործման:

Ինչպես Լեռան Քարոզում, Փրկիչը սկսեց իր քարոզը Նեփիացիներին մի քանի երանելիություններով՝ հայտարարություններ նրանց օրհնված և ուրախ վիճակի մասին, ովքեր հավատարիմ են (տես 3 Նեփի 12.1–12): Մինչ կկարդաք դրանք` ուշադրություն դարձրեք, թե Փրկիչն ինչպիսի հատկանիշներ է պնդում, որ մենք զարգացնենք, և ինչպիսի օրհնություններ է խոստանում այդպես անելու արդյունքում: Կարդալիս դուք կարող եք ընդգծել այդ հատկանիշները և խոստացված օրհնությունները: Օգտակար կլինի իմանալ, որ լինել հոգով աղքատներ (3 Նեփի 12.3) նշանակում է լինել հնազանդ և Տիրոջից կախված, սգալը (3 Նեփի 12.4) վերագրվում է մեր մեղքերի համար վիշտ զգալուն, որը տանում է դեպի ապաշխարություն, և հեզ լինելը (3 Նեփի 12.5) կարող է նշանակել լինել խոնարհ ու հեզ, լինել հլու Աստծո կամքի նկատմամբ, կամ համբերատար լինել անարդարությունը առանց զայրույթի տանելիս:

  1. Նշեք ձեր կարդացած հատկանիշներից մեկը, որը դուք ձգտում եք կամ կձգտեք ձեռք բերել: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրառեք, թե ինչպիսի օրհնություններ եք ստանում կամ հույս ունեք, որ կստանաք, եթե զարգացնեք այդ հատկանիշը:

3 Նեփի 12.1–12-ի բազմաթիվ ճշմատություններից մենք սովորում ենք, որ եթե մենք ապրենք համաձայն Հիսուս Քրիստոսի ուսմունքների, մենք կօրհնվենք ու կպատրաստվենք մտնել երկնքի արքայություն: Եթե մենք այդպես անենք, մենք նաև կլինենք օրինակ կամ լույս աշխարհի համար (տես 3 Նեփի 12.14–16):

3 Նեփի 12. 17-48

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է բազմությանը բարձր օրենքը, որը կօգնի նրանց նմանվել Իրեն ու Երկնային Հորը

Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Նեփիացիներին, թե ինչպես ապաշխարելով ու հնազանդվելով Իր պատվիրաններին գալ դեպի Նա (տես 3 Նեփի 12.19–20): 3 Նեփի 12-ի մյուս հատվածներում Նա խոսեց Մովսեսի օրենքի մասին և այնուհետև ուսուցանեց ավելի բարձր օրենք: Մովսեսի օրենքի մասերը Նա ներկայացրեց նման արտահայտություններով, ինչպես «ասվել է նրանց կողմից, հին ժամանակ» կամ «գրված է»: Այնուհետև Նա ներկայացրեց նոր կամ ավելի բարձր օրենքը, որով Նա ուզում է, որ մենք ապրենք այսօր, հետևյալ արտահայտությամբ «Ես ասում եմ ձեզ …»:

  1. Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ քաղվածքները և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ըստ Փրկչի ինչպիսի վարքագիծը կտանի դեպի կատարելագործում.

    1. 3 Նեփի 12.21-22: Օգտակար կլինի հասկանալը, որ հիմար բառը նսեմացնող տերմին է, որն արտահայտում է արհամարհանք, բացահայտ անբարյացակամություն կամ ատելություն:

    2. 3 Նեփի 12.23–24: Օգտվեք 24ա ծանոթագրությունից, որը կօգնի ձեզ բացահայտել, թե ինչ է նշանակում հաշտվել մեկի հետ:

    3. 3 Նեփի 12.25: Օգտակար կլինի հասկանալը, որ «քո հակառակորդի հետ արագ [հաշտվելը]» վերաբերում է ուրիշների հետ հակասությունների արագ լուծմանը և թույլ չտալուն, որպեսզի դրանք հասունանան ու դառնան ավելի մեծ խնդիրներ: Երեց Դեյվիդ Ի. Սորենսենը, երբ ծառայում էր որպես Յոթանասունականի անդամ, ուսուցանել է. «Այս սկզբունքն ավելի շատ կիրառվում է մեր ընտանիքներում, քան այլուր» (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign կամ Liahona, May 2003, 11):

    4. 3 Նեփի 12.27–30: Օգտակար կլինի հասկանալը, որ ցանկանալը վերագրվում է ոչ տեղին, չար ու եսասեր ցանկությանը:

    5. 3 Նեփի 12.38–42:

    6. 3 Նեփի 12.43–45:

3 Նեփի 12-ի այս հատվածներից մենք կարող ենք սովորել մեկ սկզբունք. երբ մենք գալիս ենք դեպի Քրիստոսը և պահում ենք Նրա պատվիրանները, մենք կարող ենք ավելի նմանվել Նրան ու մեր Երկնային Հորը, ովքեր կատարյալ են:

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

Թեև մենք այս կյանքում չենք կարողանա հասնել կատարելության, Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստը՝ Առաջին Նախագահությունից բացատրել է, որ մենք այժմ պետք է ձգտենք ունենալ առաջընթաց դեպի կատարելություն, որպեսզի կարողանանք ձեռք բերել այն հաջորդ կյանքում. «Կատարելագործումը հավերժական նպատակ է: Թեև մենք չենք կարող լինել կատարյալ մահկանացու կյանքում, դրան ձգտելը պատվիրան է, որը վերջիվերջո, Քավության միջոցով մենք կարող ենք պահել» (“This Is Our Day,” Ensign, May 1999, 19):

Նկար
սուրբ գրությունների սերտման պատկեր
Սուրբ գրությունների սերտում— 3 Նեփի 12.48

  1. Փորձեք լիովին անգիր հիշել 3 Նեփի 12.48: Երբ համարեք, որ արդեն հիշում եք, գրեք հատվածը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Հիշեք՝ Տերը չի ակնկալում, որ մենք ամեն ինչում դառնանք կատարյալ մեր մահկանացու կյանքի ընթացքում, բայց երբ մենք փորձենք ջանասիրաբար հետևել Նրան և ճաշակենք Քավության օրհնություններից, մենք վերջիվերջո կկարողանանք կատարելագործվել:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 11.18–12.48 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.