Սեմինարիա
Մաս 4. Օր 4, 1 Նեփի 18–19


Մաս 4. Օր 4

1 Նեփի 18–19

Նախաբան

Տիրոջ ցուցումներին հետևելով, Նեփին և նրա ընտանիքը ավարտեցին նավի կառուցումը և նավարկեցին դեպի խոստումի երկիր: Ճամփորդության ընթացքում նավի մեջ գտնվող մարդկանց մեծամասնությունը, ովքեր ղեկավարվում էին Լամանի և Լեմուելի կողմից, ապստամբեցին: Արդյունքում Լիահոնան դադարեց աշխատել և հզոր փոթորիկը սպառնաց բոլորի կյանքին, ովքեր նավի վրա էին: Ապստամբների ապաշխարհելուց և Նեփիի հավատքով աղոթքից հետո Լիահոնան սկսեց աշխատել, իսկ Տերը հանդարտեցրեց փոթորիկը և նորից առաջնորդեց նրանց ճամթորդությունը: Խոստումի երկիր ժամանելուց հետո Նեփին հորդորեց իր ընտանիքին հիշել Փրկչին և սւորբ գրությունները նմանեցնել իրենց: Երբ ուսումնասիրեք 1 Նեփի 18–19, նմանեցրեք Նեփիի փորձությունների և մարտահրավերների փորձը ձեր անձնական փորձություններին:

1 Նեփի 18.1–8

Լեքիի ընտանիքը պատրաստում է նավարկել դեպի խոստումի երկիր

Ինչո՞ւ է կարևոր ջանասիրաբար աշխատել և միաժամանակ Տիրոջից փնտրել առաջնորդություն: Ինպե՞ս Նեփին ցուցադրեց այս երկու հատկանիշները միասին, երբ կառուցում էր նավը: Կարդացեք 1 Նեփի 18.1–8:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք 1 Նեփի 18.1–8-ի բոլոր բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Նեփիի և նրա ընտանիքի կողմից գործադրած ջանքերը: Այնուհետև գտեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս ձեզ, թե ինչպես Տերը ուղղորդեց և օգնեց նրանց: Ի՞նչ նմանություն եք դուք տեսնում Նեփիի ջանքերի և Տիրոջից ստացած օգնության միջև:

Նեփիի փորձը ցույց է տալիս մեզ, որ Տիրոջ պատվիրանը իրագործելու համար մենք պետք է փնտրենք Նրա օգնությունը և մեր սեփական ջանքերը ներդնենք:

  1. Մտածեք ներկայիս մի իրավիճակի մասին, որում դուք Տիրոջ օգնության կարիքն ունեք: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք, թե ինչ կարող եք անել Տիրոջ առաջնորդությունը ստանալու համար, և ինչ ջանքեր դուք պետք է գործադրեք:

1 Նեփի 18.8–25

Լամանը և Լեմուելը ղեկավարում են նավի վրա ապստամբությունը, որը խոչընդոտում է նրանց ճանապարհորդությանը դեպի ավետյաց երկիր

Երբ կյանքում ունենում ենք փորձություններ կամ զրկանքներ, մտածում ենք, թե ինչու ենք մենք բախվում նման դժվարությունների: Գուցե դուք կամ մեկ ուրիշը, որին դուք գիտեք, դժվարին պահերին հարցրել է՝ «ինչու՞»:

Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնը՝ Յոթանասունի Նախագահությունից, բացահայտել է մեր զրկանքների երեք սկզբնաղբյուրները: Կարդալիս ընդգծեք այդ սկզբնաղբյուրները:

Նկար
Երեց Լ. Ուիթնի Քլեյթոն

«Ընդհանուր առմամբ մեր հոգսերը առաջանում են երեք սկզբնաղբյուրներից: Որոշ հոգսեր մեր աշխարհի, որտեղ ապրում ենք, պայմաններից առաջացած բնական հոգսեր են: Հիվանդություն, ֆիզիկական անկարողունակություն, փոթորիկներ և երկրաշարժեր ժամանակ առ ժամանակ գալիս են առանց մեր մեղավորության: …

Այլ հոգսեր մեզ են պարտադրվում ուրիշների սխալ պահվածքի պատճառով: Բռնությունը և կախվածությունը տունը կարող են դարձնել ամեն ինչ, բացի դրախտից: Մեղքը, սխալ ավանդույթները, ճնշումը և հանցագործությունը թափվում են այդ ծանրաբեռնված զոհերի վրա ամբողջ կյանքի ընթացքում: Նույնիսկ ամենաչնչին սխալ արարքները, ինպիսիք են՝ բամբասանքը և անբարյացակամությունը, ուրիշների համար կարող են դառնալ մեծագույն տառապանք:

Մեր անձնական սխալներն ու մեղքերը պատճառ են հանդիսանում մեր խնդիրների մեծ մասին և կարող են ծանր բեռ դնել մեր ուսերին: Ամենածանրաբեռնող [դժվար] բեռը, որ մենք կրում ենք, դա մեղքի բեռն է: Մեզ բոլորիս ծանոթ է զղջումը և ցավը, որ անվերապահորեն հետևում է մեր պատվիրաններին հնազանդվելու ձախողմանը» (“That Your Burdens May Be Light,” Ensign or Liahona, Nov. 2009, 12–13):

Նկար
Նեփին կապված է կայմին

Այն բանից հետո, երբ Նեփին և նրա ընտանիքը սկսեցին նավարկել դեպի խոստումի երկիր, նրանք տեսան շատ դժվարություններ: Երբ ուսումնասիրեք 1 Նեփի 18, փնտրեք Երեց Քլեյթոնի քննարկած տառապանքների տեսակներից մեկը: Կարդացեք 1 Նեփի 18.9–11 և բացահայտեք նավում եղած որոշ մարդկանց սխալ ընտրությունների օրինակներ:

Մինչդեռ պարելը, երաժշտություն լսելը կամ ուրախ ժամանց անցկացնելը սխալ չէ, 1 Նեփի 18.9-ում ցույց է տրվում, որ նրանք այս բաները արեցին «շատ գռեհկորեն»: Գռեհիկ բառը նշանակում է կոպիտ, բռի կամ կոշտ: Սատանան կարող է օգտագործել պարը, երաժշտությունը կամ մեր խոսելաձևը, որպեսզի խեղաթյուրի մեր սրտերը և մտքերը, պատճառ դառնալով Սուրբ Հոգու զուգընկերության կորստի:

Համաձայն 1 Նեփի 18.10-ի, ինչի՞ց էր Նեփին վախենում, որ կկատարվի, եթե ապստամբները չապաշխարհեին: .

Ի՞նչ արեց Նեփին դրա համար: Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե ծնողը կամ Եկեղեցու ղեկավարը խնդրեր ձեզ փոխել այն երաժշտությունը, որ լսում եք, ձեր պարի ոճը կամ չօգտագործել կեղտոտ բառապաշար: Արդյո՞ք դուք կլսեք և կփոխեք:

Կարդացեք 1 Նեփի 18.12–14, 17–19 և տեսեք, թե ինչպիսին են նրանց ապստամբության հետևանքները: Ինչպե՞ս Նեփին և նրա ընտանիքի անդամները տառապեցին ուրիշների գործողությունների պատճառով: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես որոշ մարդկանց ապստամբ գործողությունները ազդեցին Աստծուց առաջնորդություն ստանալու ամբողջ խմբի ընդունակության վրա:

Ապստամբների այդ գործողությունները ցույց են տալիս, որ մեղքը հանգեցնում է մեր, և երբեմն էլ, ուրիշների տառապանքին:

  1. Որոշ ընդհանուր գայթակղություններ, որոնց բախվում են դեռահասները մեր օրերում, ներառում են անհարգալից վերաբերմունքը ծնողների և ղեկավարների հանդեպ, դպրոցում խարդախություն անելը, բամբասանքը, անհամեստ հագնվելը, մաքրաբարոյության օրենքը խախտելը, իմաստության խոսքը խախտելը (ծխախոտ, ալկոհոլ և թմրանյութեր) և պոռնոգրաֆիա դիտելը: Ընտրեք այս գայթակղություններից մեկ կամ երկուսը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես դրանցից յուրաքանչյուրը կարող է ազդել դրանից տուժած մարդու ընտանիքի և ընկերների վրա:

1 Նեփի 18-ի մնացած մասը մեզ ուսուցանում է, թե ինչպես վարվել դժվար պահերին, երբ դրանք արդյունք են սխալ որոշումների կամ ոչ մեր մեղավորության: Կարդացեք 1 Նեփի 18.15–16, 20–23, և նշեք այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե ինչպես վարվել յուրաքանչյուր իրավիճակում:

Այս հատվածներում ներկայացված են մի քանի վարդապետություններ և սկզբունքներ: Ստորև տրված յուրաքանչյուր արտահայտությունից հետո՝ 1 Նեփի 18.15–16, 20–23-ից գրեք այն հատվածի կամ հատվածների համարները, որոնք, ձեր կարծիքով, ցույց են տալիս ճշմարտության օրինակ.

  • Մենք կարող ենք նայել Աստծուն և մնալ հավատարիմ մեր փորձություններում:

  • Աղոթքը կարող է օգնել մեզ գտնել խաղաղություն մեր փորձությունների ժամանակ:

  1. Ընտրեք նախորդ վարժության մեջ ձեր օգտագործած հատվածներից մեկը, որը հատկապես կարևոր է ձեզ համար, և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչու եք հավանել այն: Ներառեք այն, ինչ սովորել եք այդ հատվածից և, ինչ այն ուսուցանել է չարչարանքներին դիմակայելու մասին: Եթե տեսել եք դրա օրինակը ձեր կամ մեկ ուրիշի կյանքում, գրեք դրա մասին նույնպես:

Նկար
Լեքին և նրա ժողովուրդը ժամանում են խոստացված երկիր

Չնայած այն դժվարություններին, որոնց նրանք բախվեցին, Նեփին և նրա ընտանիքը վերջապես հասան ավետյաց երկիր: Եթե փնտրեք Աստծո առաջնորդությունը և ջանասիրաբար աշխատեք հետևել դրան, դուք նույնպես կարող եք հաջողությամբ ավարտել երկրի վրա ձեր ճամփորդությունը, որի համար Տերը ձեզ ուղարկել է:

Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնը բերում է իր վկայությունը.

«Անկախ նրանից, թե մեր կյանքի հոգսերը բնական պայմանների, ուրիշների սխալ վերաբերմունքի, թե մեր անձնական սխալների կամ մեղքերի հետևանքն են, մենք բոլորս էլ սիրող Երկնային Հոր զավակներն ենք, ով մեր աճի և առաջընթացի համար ուղարկել է մեզ երկիր՝ որպես Իր հավերժական ծրագրի մի մաս: Մեր անհատական, եզակի փորձառությունները օգնում են մեզ նախապատրաստվել վերադառնալու Նրա մոտ: Մեր ձախորդություններն ու չարչարանքները, թեև դժվար են, երկնային տեսանկյունից կտևեն «միայն մի փոքր պահ. Եվ հետո, եթե [մենք] լավ համբերենք, Աստված [մեզ] վեր կբարձրացնի» [ՎևՈւ 121.7–8]: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի կարողանանք կրել մեր բեռը «լավ», որքան էլ երկար մեր «փոքր պահերը» տևեն: …

… Ես գիտեմ, որ եթե մենք պահենք Աստծո պատվիրանները և մեր ուխտերը, Նա կօգնի մեզ մեր հոգսերում: Նա զորացնում է մեզ: Երբ մենք ապաշխարհում ենք, Նա ներում է մեզ և օրհնում մեզ խղճի խաղաղությամբ և ուրախությամբ» (“That Your Burdens May Be Light,” 13–14):

1 Նեփի 19

Նեփին արձանագրում է Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունը, որպեսզի հորդորի մեզ հիշել Նրան

Ավետյաց երկիր ժամանելուց հետո, Նեփին մարգարեանում է Փրկչի գալու վերաբերյալ և թե ինչպես Նա կընդունվի Իր ժողովրդի կողմից: Կարդացեք 1 Նեփի 19.8–10 և գտեք այն արտահայտությունները, որոնք պատմում են Հիսուս Քրիստոսի էության և բնավորության մասին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում արձանագրեք, թե այն, ինչ սովորել եք 1 Նեփի 19.8–10-ում, ինչպես է մեծացրել ձեր սերը Փրկչի հանդեպ:

Ավարտեք այսօրվա դասը, կարդալով 1 Նեփի 19.18–19, 23, և ընդգծեք այն, թե ինչ էր Նեփին հորդորում անել իր ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր կկարդան Մորմոնի Գիրքը: Այսօր հնարավորություն գտեք կիսվելու Փրկչի մասին ձեր վկայությամբ ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ կամ բերել ձեր վկայությունը Եկեղեցու միջավայրում: Այս անելով դուք կօգնեք նրանց հիշել և հավատալ իրենց Քավչին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն եղանակները, որոնցով դուք կարող եք հետևել Նեփիի օրինակին ձեր կյանքում:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Nephi 18–19 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.