Գրադարան
Գործք Առաքելոց գրքի նախաբան


Գործք Առաքելոց գրքի նախաբան

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Գործք Առաքելոց գիրքը կապ է հանդիսանում Հիսուս Քրիստոսի կյանքի գրանցման ու չորս ավետարաններում գտնվող ուսմունքների և Նրա Առաքյալների գրվածքների ու աշխատանքների միջև։ Գործք գիրքը ցույց է տալիս, թե ինչպես Փրկիչը շարունակեց ղեկավարել Իր Եկեղեցին Սուրբ Հոգու ներշնչմամբ նրանց համար, ովքեր կրում էին քահանայության բանալիները։ Սուրբ Հոգին հայտնում էր ճշմարտությունը Առաքյալներին, ովքեր այդ ժամանակ առաջնորդում և ուսուցանում էին Եկեղեցին։ Առաքյալները Հիսուս Քրիստոսի անունով նաև հրաշքներ էին գործում: Այս գրքի ուսումնասիրությամբ դուք կիմանաք, թե ինչպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցին սկսեց տարածվել Երուսաղեմից «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1.8)։ Այս գրքի ուսումնասիրությունը կարող է նաև օգնել ձեզ տեսնել հաջորդող ժամանակակից մարգարեների և առաքյալների իմաստությունը և ոգեշնչել ձեզ համարձակ կանգնել որպես Հիսուս Քրիստոսի վկա։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Ղուկասը գրել է Գործք Առաքելոց գիրքը` որպես «երկու մասից բաղկացած աշխատության երկրորդ [մասը]: … Առաջին մասը հայտնի է որպես Ավետարան ըստ Ղուկասի» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Գործք Առաքելոց», scriptures.lds.org, տես նաև Ղուկաս 1.1–4, Գործք 1.1

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Գործք գիրքը գրվել է Ղուկասի ավետարանից հետո (տես Գործք 1.1), որը հավանաբար գրվել է մ.թ. առաջին դարի երկրորդ կեսին: Մենք չգիտենք, թե որտեղ է այն գրվել:

Ո՞ւմ համար է գրվել այս գիրքը և ինչո՞ւ:

Ղուկասն ուղղեց Գործք գիրքը Թեոփիլե անունով մի մարդու (տես Գործք 1.1

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Գործք գիրքը պատմում է քրիստոնեության ծագման և տարածման մասին,որը սկսվել է Երուսաղեմում՝ հրեաների գավառական մայրաքաղաքում, և վերջացել Հռոմում` կայսրության մեծ մայրաքաղաքում։ Գործք գրքում նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել ավելի քան 30 տարում (շուրջ մ.թ. 30–62 թթ.) և կենտրոնանում են հիմնականում Պետրոսի (տես Գործք 1–12) և Պողոսի (տես Գործք 13–28) ծառայությունների վրա։ Առանց Գործք գրքի, Եկեղեցու վաղ պատմության վերաբերյալ մեր գիտելիքը կսահմանափակվեր այն փոքր չափով, որը Նոր Կտակարանի թղթերն են ապահովում։ Բացի այդ, Գործք գիրքը ներկայացնում է արժեքավոր պատմական համատեքստ Պողոսի թղթերի առնչությամբ։

Պողոսի դարձի գալը (տես Գործք 9) և նրա հետագա առաքելությունները, Պետրոսին տրված տեսիլքը՝ նախապես Հուդայիզմ դարձի չեկած հեթանոսներին Եկեղեցու մեջ ընդունելու վերաբերյալ (տես Գործք 10.9–16, 34–35), և Երուսաղեմի համաժողովում ուսուցանված վարդապետությունները շատ կարևոր էին վաղ Եկեղեցու աճի համար (տես Գործք 15

Ինչպես արձանագրված է Ղուկաս 24.49-ում, Փրկիչը հրահանգեց Առաքյալներին չսկսել իրենց ծառայությունները, մինչև «վերեւիցը զօրութիւն [չ]հագնիք»։ Գործք գիրքն արձանագրում է զորության օժտումը Սուրբ Հոգու կողմից և պատմում է դրա տպավորիչ արդյունքների մասին՝ սկսած Պենտեկոստեի օրը հազարավորների դարձի գալուց (տես Գործք 2): Ամբողջ Գործք գրքում Ղուկասը շեշտադրել է Սուրբ Հոգու ներգործությունը անհատների և համայնքների վրա։ «Վերեւիցը զօրութիւն հագնիք» արտահայտությունը նաև հավանաբար նշանակում էր, որ Առաքյալները «ստացել են որոշակի գիտելիք, զորություններ և հատուկ օրհնություններ, որոնք սովորաբար շնորհվում են միայն Տիրոջ Տաճարում» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:859)։

Համառոտ շարադրանք

Գործք 1–2։ Իր Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը 40 օր սպասավորում է Իր Առաքյալներին և ապա համբարձվում երկինք։ Առաքյալները ոգեշնչմամբ ընտրում են Մատաթիային՝ լրացնելու Տասներկու Առաքյալների Քվորումում առաջացած թափուր պաշտոնը: Սուրբ Հոգին հեղվում է Պենտեկոստեի օրը: Պետրոսը համարձակ վկայում է հարություն առած Փրկիչի մասին, և շուրջ 3000 մարդ դարձի են գալիս։

Գործք 3–8։ Պետրոսն ու Հովհաննեսը բժշկում են մի մարդու, ով ի ծնե կաղ էր։ Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվում են Հիսուսի անունով բժշկելու և քարոզելու համար և ազատվում են բանտից։ Առաքյալները կանչում են յոթ մարդկանց, որ օգնեն իրենց ծառայության մեջ. նրանցից մեկը՝ Ստեփանոսը, վկայություն է բերում հրեական խորհուրդի առաջ և խորհուրդի անդամները դատապարտում են նրան մահվան։ Փիլիպպոսը քարոզում է ողջ Սամարիայում։

Գործք 9–12: Սողոսը դարձի է գալիս և սկսում իր ծառայությունը։ Պետրոսն իմանում է տեսիլքից, որ ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին։ Հերովդես Ագրիպպաս Ա մահվան է դատապարտում Հակոբոս Առաքյալին (Հովհաննեսի եղբորը) և բանտարկում Պետրոսին։

Գործք 13–15։ Սողոսն ու Բառնաբասը կանչվում են որպես միսիոներներ։ Նրանք հանդիպում են հրեաների դիմադրությանը և ընդունվում որոշ հեթանոսների կողմից։ Եկեղեցու ղեկավարներ հանդիպում են Երուսաղեմում և որոշում, որ հեթանոս նորադարձները կարիք չունեն թլփատվելու կամ պահելու Մովսեսի օրենքը, երբ նրանք միանում են Եկեղեցուն։ Պողոսը (ինչպես հիմա կոչվում է Սողոսը) Շիղայի հետ մեկնում է երկրորդ միսիոներական ճամփորդության։

Գործք 16–20: Պողոսն ու Շիղան ամրապնդում են տարբեր եկեղեցիներ (համայնքներ), որոնք կազմավորվել էին ավելի վաղ։ Աթենքի Արիսպագոսում Պողոսը քարոզում է, որ մենք «Աստուծոյ ազգիցն ենք» (Գործք 17․29)։ Պողոսն ավարտում է իր երկրորդ առաքելությունը և մեկնում երրորդ առաքելության` Փոքր Ասիայով։ Պողոսը որոշում է վերադառնալ Երուսաղեմ։

Գործք 21–28: Երուսաղեմում Պողոսը ձերբակալվում է և շարունակում վկայել Հիսուս Քրիստոսի մասին: Տերը կրկին հայտնվում է Պողոսին։ Շատ հրեաներ որոշում են դավադրաբար սպանել Պողոսին։ Կեսարիայում նա վկայություն է բերում Ֆելիքսի, Փեստոսի և Ագրիպպասի առաջ։ Պողոսը նավաբեկության է ենթարկվում դեպի Հռոմ տանող ճանապարհին։ Հռոմում գտնվելով տնային կալանքի տակ, Պողոսը ուսուցանում է ավետարանը: