Գրադարան
Մաս 28, Օր 1. Եբրայեցիս 5–6


Մաս 28. Օր 1

Եբրայեցիս 5–6

Նախաբան

Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ նրանք, ովքեր ստանում են քահանայությունը, պետք է կանչվեն Աստծո կողմից, և որ Հիսուս Քրիստոսը կանչվել է Աստծո կողմից՝ լինելու «Քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պէս» (Եբրայեցիս 5.10)։ Պողոսը քաջալերել է Եկեղեցու անդամներին, որ Աստծո խոստումները ստանալիս ունենան ջանասիրություն, հավատ, համբերություն և հույս։

Եբրայեցիս 5

Պողոսն ուսուցանում է, որ նրանք, ովքեր ստանում են քահանայությունը, պետք է կանչվեն Աստծո կողմից։

Պատկերացրեք, որ ձեր ծանոթը գրում է բժիշկ կոչումը մի թերթիկի վրա և կցում է այն իր վերնաշապիկին։ Չնայած որ նա կրելու էր պատշաճ կոչումը ցուցադրող պիտակը, ի՞նչ մտահոգություններ կունենայիք դուք, եթե այս մարդը վթարից հետո փորձեր վիրահատել ձեզ։ Ի՞նչ մտահոգություններ կունենայիք, եթե նա կրեր Իրավապահ մարմինների աշխատակից կոչումը ցուցադրող պիտակը և փորձեր ձեզ տուգանել որևէ սխալ բան կատարելու համար։

Դուք ինչո՞ւ դժկամությամբ կվստահեիք այդ մարդուն, երբ նա կատարեր իր ստանձնած պաշտոնի հետ կապված պարտականությունները։

Չնայած պատշաճ կոչումով պիտակը կրելուն, այս մարդը չէր ունենա անհրաժեշտ իշխանությունը և ունակությունը այդ պարտականությունները կատարելու համար։ Ճիշտ ինչպես հասարակությունն է հաստատել իշխանություն ստանալու միջոցներ որոշակի պարտականություններ կատարելու համար, Աստված ևս հաստատել է Իր իշխանությունը ստանալու միջոց, որպեսզի Նրա Եկեղեցում կատարվեն որոշակի պարտականություններ։ Ղուկաս 5 գլուխը ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք Աստծո կողմից հաստատված ձևին, որով ստացվում է Նրա իշխանությունը։

Պողոս Առաքյալը նկարագրել է Փրկչին որպես «մեծ Քահանայապետ» (Եբրայեցիս 4.14)։ Կարդացեք Եբրայեցիս 5.1–3 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը իսրայելացիների մեջ գործող քահանայապետի դերի մասին Մովսեսի օրենքով։

«Մովսեսի օրենքով, Ահարոնյան Քահանայության նախագահող պաշտոնյան կոչվել է քահանայապետ: Այդ պաշտոնը ժառանգական էր և գալիս էր Ահարոնի ընտանիքի առաջնեկների միջոցով, քանի որ հենց ինքը՝ Ահարոնը, եղել է Ահարոնյան կարգի առաջին քահանայապետը»։ Քահանայապետը սովորաբար ծառայում էր իր մնացած կյանքի ընթացքում, բայց ամբարիշտ մարդիկ, ի վերջո, զավթեցին այս պաշտոնը։ «Քահանայապետերը անպատշաճ ձևով նշանակվում և հեռացվում էին ըստ հաճույքի, ինչպես Հերովդեսի, այդպես էլ հռոմեացիների կողմից։ Այդ պաշտոնը լրացրեցին 28 տարբեր մարդիկ՝ Ք.ա. 37 և Ք.հ. 68 թ.թ.-ին» (Աստվածաշնչի Բառարան, «Քահանայապետ»

Կարդացեք Եբրայեցիս 5.4՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես պետք է ընտրվեր քահանայապետը։

Հասկանալու համար, թե ինչպես էր Ահարոնը «Աստուածանից կանչուած» (Եբրայեցիս 5.4), կարդացեք Ելից 28.1 հատվածը, որն արձանագրում է Աստծո և Մովսեսի միջև տեղի ունեցած շփումը Սինայ սարի վրա։

Մտածեք այն մասին, թե ինչու է նշանակալից, որ Աստված հայտնեց Ահարոնի կոչումը Մովսեսին, այլ ոչ թե հենց իրեն՝ Ահարոնին կամ մեկ ուրիշին։ Մովսեսը մարգարե էր, և, հետևաբար, լիազորված էր ստանալ այդպիսի հայտնություն և կանոնակարգել քահանայության կիրառումը երկրի վրա։

Եբրայեցիս 5.4 հատվածում Պողոսի ցուցումից մենք տեղեկանում ենք, որ նրանք, ովքեր կարգված են կրելու քահանայությունը, պետք է կանչվեն Աստծո կողմից հայտնությամբ` Նրա լիազորված ծառաների միջոցով։ Այսօր Եկեղեցում լիազորված քահանայության ղեկավարները պետք է հարցազրույց անցկացնեն կարգման յուրաքանչյուր թեկնածուի հետ և փնտրեն Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ որոշելու թեկնածուի պատրաստակամությունը և արժանավորությունը քահանայության կարգման համար։

Այս ճշմարտությունն ինչպե՞ս է կապված Եկեղեցու այլ պաշտոններում մարդկանց ծառայության կանչվելու գործընթացի հետ։

Կարդացեք Հավատո հանգանակ 1.5` ուշադրություն դարձնելով, թե ինչպես են Եբրայեցիս 5.4 հատվածում նշված նախորդ ճշմարտությունը և «Աստուածանից կանչված [լինելը], ինչպէս Ահարօնը» արտահայտությունը համապատասխանում Մարգարե Ջոզեֆ Սմիթի գրածին։ Ուշադրություն դարձրեք, որ մարգարեությունը վերաբերում է հայտնությանը։

Համաձայն հինգերորդ հավատո հանգանակի, «Աստծո կողմից՝ մարգարեությամբ կանչված լինելու» հետ մեկտեղ, էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի մարդը լիազորվի «Ավետարանը քարոզելու և նրա արարողությունները սպասավորելու համար»։

Նկար
Մովսեսը Ահարոնին կանչում է ծառայության

Ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանները արձանագրում են, որ մարգարեները, քահանայություն կրողները և ավետարանի ուսուցիչները ստացել են իրենց կոչումները ձեռնադրմամբ՝ լիազորված քահանայության կրողի կողմից (տես Թվոց 27.18–23, Գործք 6.5–6, 13.2–3, Ա Տիմոթէոս 4.14

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին, կամ երկուսին.

    1. Այսօր Եկեղեցու պաշտոններում ծառայության կանչվելու գործընթացն ինչպե՞ս է համապատասխանում սուրբ գրություններում հաստատված ձևին։

    2. Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ քահանայության իշխանությունը կարելի է ստանալ միայն այս ձևով։

Կարդացեք Եբրայեցիս 5.5–6 հատվածները՝ պարզելով, թե ով է տվել Փրկիչին Նրա իշխանությունը։

Համաձայն այս հատվածների, Երկնային Հայրը քահանայությունը տվել է Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նա պետք է լիներ «քահանայ … յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս» (Եբրայեցիս 5.6

Որպես մի պաշտոն Մելքիսեդեկյան Քահանայության ներքո, քահանայապետի պաշտոնը «վերաբերում է Հիսուս Քրիստոսին՝ որպես մեծ Քահանայապետ: Ադամը և բոլոր հայրապետերը նույնպես եղել են քահանայապետեր: Այսօր, երեք նախագահող քահանայապետ կազմում են Եկեղեցու Նախագահությունը և նախագահում են բոլոր մյուս քահանայություն կրողների և Եկեղեցու անդամների վրա: Այսօր, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ արժանի մարդիկ կարգվում են քահանայապետեր ողջ Եկեղեցում» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Քահանայապետ», scriptures.lds.org):

Կարդացեք Եբրայեցիս 5.7–10, և 9-րդ հատվածում նշեք, թե ով է դարձել Հիսուս Քրիստոսը։ Հատվածներ 7–8 վերաբերում են Մելքիսեդեկին՝ մարգարեին և թագավորին, ով ապրել է Աբրահամի ժամանակ:

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է, որ այս հատվածները «վերաբերում են և՜ Մելքիսեդեկին և՜ Քրիստոսին, քանի որ Մելքիսեդեկը եղել է Քրիստոսի նախատիպը, և այդ մարգարեի ծառայությունը մարմնավորել ու նախապատկերել է մեր Տիրոջ ծառայությունը» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:157)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ «Ինչպե՞ս է հանդիսանում Հիսուս Քրիստոսը «յաւիտենական փրկության պատճառ» (Եբրայեցիս 5.9) բոլոր նրանց համար, ովքեր հնազանդվում են Նրան։

Ինչպես արձանագրված է Եբրայեցիս 5.11–14 հատվածներում, Պողոսը ցանկություն է հայտնել ավելի շատ ուսուցանել այս հարցի մասին, բայց ասել է, որ մարդիկ ունեին հոգևոր հասկացողության ու հասունության պակասություն ավելի խորը ուսմունքներ հասկանալու համար։

Եբրայեցիս 6

Սրբերը քաջալերվում են Աստծո խոստումները ստանալիս ունենալ ջանասիրություն, հավատ, համբերություն և հույս

Աստված Իր զավակներին խոստացել է օրհնություններ, ինչպիսիք են՝ խաղաղություն, երջանկություն, ներում, աղոթքի պատասխաններ, օրհնություններ հայրապետական օրհնությունների ներքո, հարություն և հավերժական կյանք։ Այս օրհնություններից մի քանիսը կախված են մեր ընտրություններից։

Ո՞րն է խոստացված այն օրհնությունը, որին դուք անհամբեր սպասում եք։

Ինչպես արձանագրված է Եբրայեցիս 6 գլխում, Պողոսը քաջալերեց Սրբերին` չհանձնվել Տիրոջ խոստացած օրհնություններին ձգտելիս։ Երբ դուք կարդաք այս գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ստանալ Աստծո խոստացած օրհնությունները։

Կարդացեք Եբրայեցիս 6.1–3 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի ուսուցանածի, ինչ ուղղությամբ պիտի աշխատեին Սրբերը։ Ուշադրություն դարձրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 6.1 հատվածն (Եբրայեցիս 6.1, ծանոթագրություն ա) ասում է. «Ուստի, չթողնելով Քրիստոսի վարդապետության սկզբունքները» (շեղագիրն ավելացված է)։ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 6.3 հատվածն (Աստվածաշնչի հավելվածում) ասում է. «Եվ մենք կգնանք դեպի կատարելություն, եթե Աստված թույլ տա»։

Կատարյալ լինել նշանակում է լինել հոգևորապես հասուն կամ լիարժեք (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Կատարյալ», scriptures.lds.org)։ Մենք կարդում ենք Եբրայեցիս 6.1–2 հատվածներում, որ ավետարանի առաջին սկզբունքները և արարողությունները կազմում են այն հիմքը, որի վրա մենք պետք է կառուցենք՝ կատարելության, կամ հոգևոր հասունության ուղղությամբ աշխատելիս։

Ինչպես արձանագրված է Եբրայեցիս 6.4–8 հատվածներում, Պողոսը նկարագրել է նրանց, ովքեր կոչվում են կորստի որդիներ, նրանք ովքեր ունեն լիարժեք և կատարյալ գիտելիք, որ Հիսուսը Քրիստոսն է և, այնուամենայնիվ, շրջվում են այս ճշմարտությունից և դառնում Աստծո թշնամիներ։ Պողոսը հակադրել է այս անհատներին այն Սրբերին, ում նա դիմում էր այս թղթում, ովքեր տքնել են հանուն Քրիստոսի (տես Եբրայեցիս 6.9–10

Կարդացեք Եբրայեցիս 6.11–15 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է խրախուսել անել Սրբերին Պողոսը, երբ աշխատեն Աստծո խոստացած օրհնությունները ժառանգելու ուղղությամբ։ Կարող է օգտակար լինել իմանալ, որ «նոյն ջանքը ցոյց տայ, որ յոյսը հաստատ մնայ մինչև վերջը» արտահայտությունը 11-րդ հատվածում վերաբերում է ջանասեր լինելուն, մինչև մենք ստանանք Աստծո խոստացած օրհնությունները:

Պողոսը նկարագրել է Աբրահամին որպես ջանասիրության, հավատի և համբերություն օրինակ` Աստծո խոստացած օրհնությունները փնտրելու գործում։ Աբրահամը 75 տարեկան էր, երբ Աստված խոստացավ նրան հետնորդներ, և հետո նա հավատով սպասեց 25 տարի, որ Իսահակի ծնունդով կատարվի այդ խոստումը։ Պողոսի ցուցումից մենք սովորում ենք, որ ջանասիրությամբ մինչև վերջ, առ Հիսուս Քրիստոս հավատով և համբերությամբ մենք կարող ենք ժառանգել Աստծո խոստացած օրհնությունները։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ունենալ ջանասիրություն, առ Հիսուս Քրիստոս հավատ և համբերություն, երբ մենք ձգտում ենք ստանալ Աստծո խոստացած օրհնությունները:

    2. Ե՞րբ եք դուք ստացել խոստացված օրհնություն ջանասիրության, առ Հիսուս Քրիստոս հավատքի և համբերության շնորհիվ։

Ինչպես արձանագրված է Եբրայեցիս 6.16–18 հատվածներում, Պողոսն ուսուցանել է, որ Աստված կպահի Իր խոստումները և երբեք չի ստի։ Ուստի, մենք կարող ենք հույս ունենալ Նրա խոստումների հանդեպ և վստահ լինել, որ դրանք կիրականանան։

Կարդացեք Եբրայեցիս 6.19–20 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է մեր հույսը Աստծո խոստումների հանդեպ ներգործում մեր կյանքի վրա։

Եբրայեցիս 6.19 հատվածից մենք կարող ենք բացահայտել մեկ ճշմարտություն, որ մեր հույսը Աստծո խոստումների հանդեպ հոգևոր խարիսխ է մեր հոգիների համար։ Հույսը «արդարության դիմաց խոստացված օրհնությունների վստահ սպասում ու փափագ» է (Սուրբ գրքերի ուղեցույց, «Հույս», scriptures.lds.org):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք խարիսխի պատկերը: Մտածեք այն մասին, թե ինչ է անում խարիսխը նավի համար։ Գրեք այն մասին, թե ինչպես է ձեր հույսը Աստծո խոստումների հանդեպ եղել հոգևոր խարիսխ ձեզ համար։

Խորհեք այն մասին, թե դուք ինչպես կարող եք ավելի լիարժեք զարգացնել ջանասիրությունը, հավատը, համբերությունը և հույսը։ Դուք կարող եք արձանագրել ձեր ստացած տպավորությունները ձեր անձնական օրագրում։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Եբրայեցիս 5–6 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.