Գրադարան
Մաս 13, Օր 3. Հովհաննես 4


Մաս 13. Օր 3

Հովհաննես 4

Նախաբան

Ճամփորդելով դեպի Գալիլեա, Հիսուսն անցավ Սամարիայով և ջրհորի մոտ ուսուցանեց մի կնոջ։ Կինը վկայեց մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն էր: Ավելի ուշ, Հիսուսը բուժեց ազնվականի որդուն։

Հովհաննես 4․1–42

Հիսուս Քրիստոսը ուսուցանում է Սամարացի կնոջը

Մտածեք հետևյալ հարցի շուրջ. Ո՞րն է ամենաարժեքավոր բնական ռեսուրսը երկրի վրա: Հնարավոր պատասխանի մասին մտածելիս, դիտարկեք այնպիսի բնական ռեսուրսներ, ինչպիսիք են՝ հողը, երկաթը, ածուխը, նավթը, ոսկին և ադամանդները։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը.

Նկար
Elder David A. Bednar

«Մենք սկզբում կարող ենք մտածել, որ ոսկին, նավթը կամ ադամանդներն ունեն ամենամեծ արժեքը։ Սակայն երկրի վրա և դրա ներսում հայտնաբերված բոլոր հանքանյութերից, մետաղներից, թանկարժեք քարերից և լուծիչներից՝ ջուրն ամենաարժեքավորն է։

Կյանքը ծագում է ջրից։ Կյանքը պահպանվում է ջրով։ Ջուրն այն միջավայրն է, որը պարտադիր է կյանքի բոլոր հայտնի տեսակների հետ կապված տարբեր գործառույթները կատարելու համար։ Մեր ֆիզիկական մարմինը մոտավորապես երկու երրորդով կազմված է ջրից։ Մինչդեռ մարդ կարող է կենդանի մնալ առանց սննդի շատ օրերի և նույնիսկ շաբաթների ընթացքում, անհատը, որպես կանոն, առանց ջրի, երեք կամ չորս օրից կմահանա։ Աշխարհի բնակչության խոշորագույն կենտրոններից շատերը գտնվում են թարմ ջրի աղբյուրների մոտ։ Պարզ ասած, կյանքը չի կարող գոյատևել առանց մաքուր ջրի բավարար պաշարների հասանելիության և մատչելիության» («Կենդանի ջրի աղբյուր» [Եկեղեցու կրթական համակարգի հավաքներ չափահաս երիտասարդների համար, փետ. 4, 2007], 1, lds.org/broadcasts):

Հովհաննես 4 գլուխն ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք, թե ջրի որ տեսակն է էական ձեր հոգու համար և որտեղ կարող եք գտնել այդ արժեքավոր ռեսուրսը։

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 4.1–4 հատվածներում (Սուրբ գրքերի ուղեցույցում) սովորում ենք, որ ինչպես Հիսուսը, այնպես էլ Իր աշակերտները մկրտում էին։

Հիսուսը Հրեաստանից գնաց Գալիլեա: Կարդացեք Հովհաննես 4.4, ուշադրություն դարձնելով, թե Նա որ տարածքով անցավ Գալիլեա գնալիս։

Նայեք Աստվածաշնչյան Քարտեզներ, թիվ 11, «Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի Ժամանակ» և գտեք Հրեաստանը, Սամարիան և Գալիլեան։

Նկար
map, Holy Land in New Testament Times

Հրեաները ճամփորդելիս, սովորաբար, շրջանցում էին Սամարիան, այլ ոչ թե անցնում դրա միջով՝ հրեաների և սամարացիների միջև գոյություն ունեցող թշնամության պատճառով (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Սամարացիներ»): Սամարիան շրջանցելու փոխարեն, Հիսուսը որոշեց գնալ դրա միջով։

Կարդացեք Հովհաննես 4.5–9 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը կանգ առավ ջրհորի մոտ՝ Սամարիայի Սյուքար քաղաքի հարևանությամբ։ («ժամը վեցին դէմ էր» արտահայտությունը 6-րդ հատվածում նշանակում է, որ կեսօրին մոտ էր։) Նկատեք կնոջ զարմանքը, երբ Հիսուսը ջուր ուզեց նրանից։

Կարդացեք Հովհաննես 4.10–12, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչ ասաց ի պատասխան կնոջ հարցին։

Նկար
Jesus and woman at well

Ի՞նչ առաջարկեց նա կնոջը։

Երբ Փրկիչն օգտագործեց «Աստուծոյ պարգեւը» արտահայտությունը 10–րդ հատվածում, նա ակնարկում էր Իրեն՝ որպես աշխարհի Փրկիչ և կենդանի ջրի աղբյուր։

Կարդացեք Հովհաննես 4.13–14, հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Հիսուսն այն ջրի մասին, որը Նա առաջարկեց։

Նկար
Elder David A. Bednar

Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է ներկայացնում կենդանի ջուրը, կարդացեք Երեց Բեդնարի հետևյալ խոսքերը. «Կենդանի ջուրը, որի մասին նշվել է այս դրվագում, ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսին և Իր ավետարանը։ Եվ ինչպես ջուրն անհրաժեշտ է ֆիզիկական կյանքը պահպանելու համար, այդպես էլ Փրկիչը և Իր վարդապետությունները, սկզբունքները և արարողություններն էական են հավերժական կյանքի համար։ Ես և դուք մեր ընթացիկ հոգևոր աճն ու զարգացումը պահպանելու համար Նրա կենդանի ջրի պահանջն ունենք՝ ամեն օր և բավականաչափ պաշարներով («Կենդանի ջրի աղբյուր» 2)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք մի ջրի բաժակ և պիտակավորեք այն. Փրկիչը և Իր ավետարանը: Ապա գրեք, թե ինչու է ջուրը պատշաճ խորհրդանիշ համարվում Փրկչի և Իր ավետարանի համար։

Ուշադրություն դարձնելով այս սիմվոլիզմի վրա, կրկին կարդացեք Հովհաննես 4.14 հատվածը և խորհեք, թե մենք ինչ սկզբունք կարող ենք սովորել Փրկչի և Իր ավետարանի մասին։

Մեկ սկզբունք, որ կարող ենք բացահայտել այս հատվածից, այն է, որ եթե գանք Հիսուս Քրիստոսի մոտ և անկեղծորեն ճաշակենք Նրա ավետարանից, ապա կստանանք հավերժական կյանք։ Դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում:

Կարդացեք Հովհաննես 4.15–18 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե այդ կինը ինչ խնդրեց Հիսուսից և ինչպես պատասխանեց Փրկիչը։ Մտածեք, թե ինչպիսի պահանջ ուներ այդ կինն այն ջրի, որն առաջարկում էր Փրկիչը։

Հիսուսի պատասխանը ցույց է տվեց, որ Նա գիտեր այդ կնոջ վիճակի մասին։

Ինչպիսի՞ մտքեր և զգացումներ կարող էր այդ կինը ունենալ, երբ Հիսուսը հայտնեց մանրամասնություններ նրա մասին, որոնք սովորական անծանոթ մարդը չէր կարող իմանալ։

Այս հատվածներից մենք կարող ենք բացահայտել մեկ Ճշմարտություն, որ Հիսուս Քրիստոսը գիտի մեր մեղքերի մասին և առաջարկում է մեզ Իր ավետարանը, որ օգնի մեզ հաղթահարենք դրանք: Ինչո՞ւ է այդ ճշմարտությունը կարևոր իմանալ և հասկանալ:

Կարդացեք Հովհաննես 4.19–20 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց կինը Հիսուսին, որը ցույց տվեց, որ կնոջ պատկերացումը Նրա հանդեպ փոխվում էր։

Սամարիայում կա Գերիզիմ անունով մի սար։ Փրկչի մահկանացու ծառայությունից դարեր առաջ Սամարացիներն այնտեղ կառուցել էին տաճար որպես պաշտամունքի վայր։ Սակայն ի տարբերություն հրեաների, Սամարացիները չունեին քահանայության իշխանություն արարողություններ կատարելու համար, և նրանք մերժել են Աստծո մարգարեների շատ ուսմունքներ։

Կարդացեք Հովհաննես 4.21–24 հատվածները և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 4.26 հատվածը (in John 4:24, footnote a), ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչ է սովորեցրել այդ կնոջը Աստծուն երկրպագելու մասին։

Ըստ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության՝ ի՞նչ օրհնություն է գալիս, երբ մենք երկրպագում ենք Աստծուն հոգով և ճշմարտությամբ։

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ եթե մենք երկրպագենք Աստծուն հոգով և ճշմարտությամբ, Նա կօրհնի մեզ Իր Հոգով։

Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը, ուշադրություն դարձրեք և նշեք, թե ինչ է նշանակում երկրպագել Հորը հոգով և ճշմարտությամբ.

Նկար
Elder Bruce R. McConkie

«Մեր նպատակն է երկրպագել ճշմարիտ ու կենդանի Աստծուն և անել դա Հոգու զորությամբ և այնպես, ինչպես նա է սահմանել։ Ճշմարիտ Աստծո հաստատված երկրպագությունը տանում է փրկության. կեղծ աստվածներին մատուցված պաշտամունքները, որոնք հիմնված չեն հավերժական ճշմարտությունների վրա, նման երաշխիք չեն պարունակում։

«Ճշմարտության մասին գիտելիքը էական է ճիշտ պաշտամունքի համար։ …

«… Ճշմարիտ ու կատարյալ պաշտամունքը Աստծո Որդու քայլերին հետևելու մեջ է, պատվիրանները պահելու և Հոր կամքին հնազանդվելու մեջ՝ այն չափով, որ մենք առաջանանք շնորհքից շնորհք, մինչև փառաբանվենք Քրիստոսով, ինչպես նա է փառաբանված Հորով։ Այն շատ ավելին է, քան աղոթքը, քարոզը և երգը։ Այն նշանակում է ապրել, գործել և հնազանդվել։ Այն ընդօրինակում է մեծ Օրինակի [Հիսուս Քրիստոսի] կյանքը» (“How to Worship,” Ensign, Dec. 1971, 129–30)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ե՞րբ է Երկնային Հոր ձեր պաշտամունքը հրավիրել Հոգու օգնությունը ձեր կյանքում:

    2. Ըստ Երեց Մակքոնկիի խոսքերի՝ ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի ավելի երկրպագեք Աստծուն հոգով և ճշմարտությամբ։ (Գրեք մեկ բանի նպատակ, որը դուք կարող եք մասնավորապես ավելի լավ անել։)

Կարդացեք Հովհաննես 4.25–26 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչ հայտնեց այդ կնոջն Իր մասին։

Կարդացեք Հովհաննես 4.27–30 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց է այդ կինը Փրկչի հետ խոսելուց հետո։

Ի՞նչ ասաց նա, որը վկայում է, որ նա Հիսուս Քրիստոսի մասին վկայություն էր ձեռք բերել։

Այս պատմությունից մենք կարող ենք սովորել, որ ձեռք բերելով վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, մենք լցվում ենք մարդկանց հետ դրանով կիսվելու ցանկությամբ։

Հովհաննես 4.31–37 հատվածներում մենք կարդում ենք, որ Հիսուսի աշակերտները վերադարձան սնունդով։ Երբ նրանք խնդրեցին Նրան ուտել, Նա ուսուցանեց նրանց, որ սնվում է Իր Հոր կամքը կատարելով։ Ապա Նա հրավիրեց նրանց հասկանալ, որ ավետարանը քարոզելու հնարավորություններն առատ էին։

Կարդացեք Հովհաննես 4.39–42 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ազդեցություն ունեցավ այդ կնոջ վկայությունը իր քաղաքի ժողովրդի վրա։

Ըստ Հովհաննես 4.42 հատվածի՝ ժողովուրդն ի՞նչ ասաց կնոջը։

Հովհաննես 4.43–54

Հիսուսը բուժում է ազնվականի որդուն

Հովհաննես 4.43–45 հատվածներն արձանագրում են, որ Հիսուսը մեկնեց Սամարիայից և գնաց Գալիլեա։ Կարդացեք Հովհաննես 4.46–54, ուշադրություն դարձնելով, թե ով հանդիպեց Հիսուսին և այդ մարդն ինչ օրհնություն խնդրեց Հիսուսից։

Հիմնվելով 48-րդ հատվածում Հիսուսի ասածի վրա, ինչո՞ւ Նա հապաղեց տալ այդ մարդուն իր խնդրած օրհնությունը։ Ինչպե՞ս այդ մարդը ցույց տվեց, որ նա հավատալու համար նշանի կարիք չուներ։

Այդ պատմությունից մենք կարող ենք սովորել, որ հավատալով Հիսուս Քրիստոսին առանց նշանների կարիք ունենալու, Տերը կհաստատի մեր հավատը։

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է այդ ազնվականի որդու բուժման նշանակության մասին. «Սա բուժման առաջին հրաշքն է, որը մանրամասնորեն շարադրված է Ավետարաններում։ Հրաշքները, որոնք գործվել էին Զատիկի տոնի ժամանակ և ողջ Հրեաստանում, նկարագրված կամ բացատրված չեն։ Այս հրաշքը, – մինչդեռ երկրորդ հրաշքը գործված էր Կանայում, – ավելացնում է նոր կարևորություն Հիսուսի բուժելու ծառայությանը, որը մենք չենք տեսել մինչև այս պահը։ Սա, փաստորեն, երկակի հրաշք էր. մեկը, որ բուժեց բացակայող որդու մարմինը և մյուսը, որ բժշկեց անհավատությունը և հավատք սերմանեց ներկա գտնվող հոր սրտում» (The Mortal Messiah.) From Bethlehem to Calvary, 4 vols. [1979–81], 2:12):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հավատանք Հիսուս Քրիստոսին առանց նշանների կարիք ունենալու:

    2. Ինչպե՞ս է Տերը հաստատում մեր հավատը, երբ մենք հավատարմորեն հավատում ենք Նրան։

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 4 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.