Գրադարան
Մաս 21, Օր 4. Ա Կորնթացիս 3–6


Մաս 21. Օր 4

Ա Կորնթացիս 3–6

Նախաբան

Պողոս առաքյալը Կորնթոսի սրբերին բացատրել է միսիոներների դերը Աստծո արքայության կառուցման գործում: Նա ուսուցանել է, որ սրբերի ժողովքը Հոգու բնակավայր է և նրանց հորդորել է մարդկանց մեկը մյուսից լավը չհամարել: Բացի այդ, Պողոսը նրանց նախազգուշացրել է չընկնել ամբարիշտ մարդկանց վատ ազդեցության տակ: Նա նաև նախազգուշացրել է նրանց հեռու մնալ Կորնթոսում հաճախակի հանդիպող անբարոյական գաղափարներից ու սովորույթներից:

Ա Կորնթացիս 3

Պողոսը բացատրում է միսիոներների և Եկեղեցու անդամների դերը Աստծո արքայության կառուցման գործում:

Պատկերացրեք, որ ընկերներից մեկը գրանցվել է մաթեմատիկայի բարդ դասընթացի, ինչպիսին է բարձրագույն հանրահաշիվը, սակայն չի անցել հանրահաշվի հիմնական դասընթաց:

Մտածեք, թե որքան հաջողակ կլինի ձեր ընկերը մաթեմատիկայի բարդ դասընթացն անցնելիս: Ինչո՞ւ է անհրաժեշտ անցնել առարկայի հիմունքները, որպեսզի կարողանաս ավելի բարձր հասկացություններ սովորել:

Կարդացեք Ա Կորնթացիս 3.1–3 հատվածները, պարզելով, թե ինչ վերաբանություն է օգտագործում Պողոս առաքյալը՝ կորնթացի սրբերին բացատրելով, որ նրանք դեռ պատրաստ չեն ավետարանի լրացուցիչ ճշմարտություններ ստանալու: Կարող եք նշագծել կաթ և կերակուր բառերը Ա Կորնթացիս 3.2 հատվածում:

Ա Կորնթացիս 3.1 հատվածի «մանուկներ Քրիստոսում» արտահայտությունն ի՞նչ է ակնարկում կորնթացի սրբերի հոգևոր հասունության վերաբերյալ:

Հիշեք, որ Կորնթոսի սրբերը միաբան չէին, և որ նրանցից ոմանք ավետարանով ապրելու իրենց սովորությունների մեջ դեռևս կռապաշտական (անհավատության) պաշտամունքներ էին կիրառում: Նրանք նաև բաժանվել էին խմբերի, հիմնվելով Եկեղեցու վարդապետության տարբեր մեկնաբանումների վրա և իրենց տեսակետը պաշտպանում էին վկայակոչելով Եկեղեցու հայտնի ղեկավարների խոսքերը (տես Ա Կորնթացիս 1.10–16, 3.4):

Կարդացեք Ա Կորնթացիս 3.5–8 հատվածները, պարզելով, թե Պողոսը ինչ փոխաբերություն էր օգտագործում, որպեսզի օգներ սրբերին հասկանալ ավետարանը Կորնթոս բերած միսիոներների դերը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք Պողոսի փոխաբերությունը և գրեք, թե այդ փոխաբերության օգնությամբ Պողոսն ինչ էր ցանկանում ուսուցանել Կորնթոսի սրբերին:

Ա Կորնթացիս 3.6–7 հատվածներում նկատեք, թե ով է մարդկանց սրտերը փոխում ու դարձի բերում: Այդ հատվածներից մենք սովորում ենք, որ թեև մենք կարող ենք օգնել մարդկանց սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, Սուրբ Հոգու զորությամբ է, որ մարդիկ դարձի են գալիս:

Մտածեք, թե ինչու է կարևոր մեզ համար հասկանալ, որ ոչ թե մեր, այլ Աստծո զորությունն է, որ դարձի է բերում:

Ա Կորնթացիս 3.9–23 հատվածներից սովորում ենք, որ Պողոսը Կորնթոսի սրբերին հորդորում է իրենց հավատքը կառուցել Հիսուս Քրիստոսի հիմքի վրա և թույլ տալ, որ Հոգին ներգործի Եկեղեցում: Պողոսը նաև սրբերին խորհուրդ է տվել չապավինել աշխարհի իմաստությանը, որովհետև Աստծո իմաստության համեմատ, այն «հիմարություն» է (Ա Կորնթացիս 3.19):

Ա Կորնթացիս 4

Պողոսը Կորնթոսի սրբերին գրում է մարդկանց մեկը մյուսից լավը չհամարել

Հաշվի առնելով Ա Կորնթացիս 4.1–3 հատվածների Պողոսի խորհուրդը, կարելի է ենթադրել, որ Կորնթոսի Եկեղեցու որոշ անդամներ դատում էին Պողոսի աշխատանքը որպես միսիոներ և Եկեղեցու ղեկավար: Հնարավոր է նրանք կասկածի տակ էին առել նրա դատողությունները կամ մտածել, որ ինչ-որ մեկը կարող էր ավելի լավ գործ անել, քան նա:

Ինչպես գրված է Ա Կորնթացիս 4.3–5 հատվածներում, Պողոսն ուսուցանել է, որ Տերը կլինի իր դատավորը և «ծածուկ բաները կ’բերէ էլ լոյսի մէջ, եւ սրտերի խորհուրդները կ’յայտնէ» (Ա Կորնթացիս 4.5): Այդ խոսքերից կարող ենք սովորել, որ անկախ մեր հանդեպ մարդկանց դատողությունից, Տերը կլինի մեր արդար դատավորը, քանի որ Նա գիտի ամեն բան, այդ թվում նաև մեր սրտի խորհուրդներն ու մտադրությունները:

Ա Կորնթացիս 4.6–21 հատվածներից սովորում ենք, որ Պողոսն ուսուցանել է Կորնթոսի սրբերին չհպարտանալ Եկեղեցու մի ղեկավարով՝ ի վնաս մյուսի: Նա նաև ասել է նրանց, որ Հիսուս Քրիստոսի առաքյալները կանչված են չարչարանքներ կրելու աշխարհի ամբարշտության պատճառով: Աշխարհը առաքյալներին և Եկեղեցու մյուս ղեկավարներին «հիմար» է համարում (Ա Կորնթացիս 4.10) Քրիստոսին հետևելու ջանքերի համար: Այնուհետև Պողոսն ուսուցանել է, որ Աստծո արքայությունը առաջնորդվում է Աստծո զորությամբ՝ քահանայության բանալիներ կրողների միջոցով:

Ա Կորնթացիս 5

Պողոսը սրբերին զգուշացնում է ետ մնալ նրանց ընկերակցությունից, ովքեր գիտակցաբար մեղք են գործում

Պատկերացրեք, որ դուք ունեք մի աման թարմ միրգ, որոնցից մեկը փտած է:

Նկար
bowl of mangoes

Ի՞նչ կպատահի, եթե թույլ տանք, որ փտած միրգը մնա ամանի մեջ մյուս մրգերի հետ:

Ի՞նչ կարող է խորհրդանշել փտած միրգը մեր կյանքում:

Ա Կորնթացիս 5 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ արձագանքել կյանքի վնասակար ազդեցություններին:

Կարդացեք Ա Կորնթացիս 5.1–2 հատվածները, պարզելով, թե կորնթացի սրբերը ինչ մեղքի համար կարգապահական գործողություն չէին իրականացրել:

Պոռնկությունը վերաբերում է ցանկացած սեռական հարաբերության, որ ամուսնությունից դուրս է: Երևում է Կորնթոսի Եկեղեցու անդամներից մեկը սեռական մեղք էր գործել իր խորթ մոր հետ:

«Ձեր միջիցը վեր առնուի» արտահայտությունը Ա Կորնթացիս 5.2 հատվածում նշանակում է, որ մեղսագործը պետք է հեռացվի Եկեղեցուց: Նախքան անդամին հեռացնելը կամ որևէ այլ կարգապահական գործողություն իրականացնելը Եկեղեցու ղեկավարները շատ գործոններ են հաշվի առնում: Մեղքի լրջությունը հաշվի առնելուց բացի Եկեղեցու ղեկավարները հաշվի են առնում Եկեղեցու կարգապահական գործողությունների մյուս նպատակները՝ օգնել անդամին ապաշխարել, պաշտպանել նրանց, ում վրա մեղսագործի արարքը կամ համոզմունքները կարող են բացասական անդրադառնալ, ինչպեսև պաշտպանել Եկեղեցու ուսմունքների անխաթարությունը (տես «Church Discipline»,mormonnewsroom.org/article/church-discipline):

Կարդացեք Ա Կորնթացիս 5.6–7 հատվածները, պարզելով, թե ինչ վերաբանություն է օգտագործել Պողոս Առաքյալը, որպեսզի բացատրի, թե ինչու պետք է այդ անդամը կորցնի Եկեղեցու անդամությունը:

Խմորը, կամ թթխմորը, օգնում է, որ հացը բարձրանա: Խմորիչի պատճառով հացը փչանում կամ բորբոսնում է: Խմորի զանգվածը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Ինչպե՞ս կբացատրեք այդ վերաբանության իմաստը:

Պողոսի վերաբանությունից կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Եթե խառնվենք նրանց հետ, ովքեր մեղքի մեջ են, հնարավոր է, որ նրանց ամբարշտության ազդեցության տակ ընկնենք:

Կարդացեք Ա Կորնթացիս 5.9–11 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ խորհուրդ է տվել կորնթացի սրբերին, որպեսզի օգնի նրանց կիրառել 6-րդ հատվածի սկզբունքը:

Մտածեք, թե Պողոսի ուսուցանածը ինչպես է վերաբերում մրգերով ամանին, որի մեջ փտած միրգ կար:

Նկար
Elder Neal A. Maxwell

Պողոսի խորհուրդն ավելի լավ հասկանալու համար, որ մերժենք խառնվել պոռնկություն անող կամ ապաշխարել չցանկացող մեղսագործների հետ, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ հայտարարությունը. «Մի խառնվեք պոռնկություն անողների հետ, ոչ թե որովհետև դուք չափից լավն եք նրանց համեմատ, այլ ինչպես [Ս. Ս.] Լյուիսն է գրել, – ձեր լավ լինելը դեռ բավարար չէ: Հիշեք, որ վատ իրավիճակները կարող են վատ ազդեցություն թողնել անգամ լավ մարդկանց վրա» («The Stern but Sweet Seventh Commandment», New Era, June 1979, 42):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Գրեք մի քանի վատ իրավիճակների օրինակներ, որոնք կարող են վատ ազդել լավ մարդկանց վրա, ստիպելով նրանց ցածրացնել իրենց չափանիշներն ու ընդունել մեղսավոր վարքը:

Մենք պետք է ջանանք օգնել և ոգեշնչել մարդկանց, ովքեր պայքարում են մեղքի դեմ, չցածրացնելով մեր չափանիշները: Աղոթքով մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի դրական ձևով ազդեք մարդկանց վրա՝ չցածրացնելով ձեր չափանիշները:

Ա Կորնթացիս 5.12–13 հատվածներից սովորում ենք, որ Եկեղեցու ղեկավարները պատասխանատվություն ունեն դատելու, իսկ անհրաժեշտության դեպքում, հեռացնելու նրանց, ովքեր լուրջ օրինազանցություններ են գործում:

Ա Կորնթացիս 6

Պողոսը սրբերին ուսուցանում է միաբանության և մաքրաբարոյության օրենքի վերաբերյալ

Հին Կորնթոսը անբարոյական քաղաքի հեղինակություն ուներ և շատ կորնթացիներ խրախուսում էին այն միտքը, որ մեր մարմինը հաճույքի համար է: Ա Կորնթացիս 6.13–17 հատվածներում Պողոս Առաքյալը կորնթացի սրբերին ուսուցանել է, որ մեր մարմինը ստեղծվել է ոչ թե սեռական մեղքերի կամ պարզապես ֆիզիկական հաճույքների, օրինակ՝ ուտելիք վայելելու, այլ Տիրոջ նպատակներն իրականացնելու համար: Եկեղեցուն միացած անդամները Քրիստոսի հետ մեկ են դառնում որպես Նրա մարմնի հոգևոր «անդամներ»: Սեռական անբարոյականությունը անհամատեղելի է Հիսուս Քրիստոսի հետ հոգևոր հաղորդակցության հետ:

Կարդացեք Ա Կորնթացիս 6.18–20, պարզելով, թե Պողոսը ինչ է ուսուցանել մեր մարմինների վերաբերյալ: (Ա Կորնթացիս 6.19–20 հատվածները սերտման սուրբ գրություններ են: Կարող եք գրքում նշել այն առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Ամփոփ գրեք Ա Կորնթացիս 6.19 հատվածում Պողոսի ուսուցանած ճշմարտությունը:

    2. Բացատրեք, որ երբ հասկանում ենք, որ մեր մարմինը Աստծո տաճար է, դա ազդում է նրա վրա, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր մարմնին և ուրիշների մարմիններին:

    3. Ամփոփ գրեք Ա Կորնթացիս 6.20 հատվածում Պողոսի ուսուցանած ճշմարտությունը:

Նկար
Cordoba Argentina Temple

Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ մեր մարմինները Աստծո տաճար են:

Խորհեք, թե մարմինների մասին այդ ճշմարտությունները հասկանալը ինչպես կարող է օգնել ձեզ անարատ մնալ, երբ շրջապատված եք ամբարշտությամբ:

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն.Ա Կորնթացիս 6.19–20

  1. Կրկնեք ստորև գրված տողերը, բառերը հասկանալուն զուգահեռ տողերը թղթով ծածկելով, ինչը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրության սերտման այս հատվածը: Շարունակեք կրկնել հատվածը, մինչև որ մտապահեք այն: Ապա անգիր ասեք այս հատվածը ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկին ու նրան խնդրեք ստորագրել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

    [19] Կամ թէ

    չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները

    Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է,

    որ նորան Աստուածանից ունիք.

    եւ ձերինը չէք։

    [20] Որովհետեւ մեծ գնով գնուեցաք.

    Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը

    եւ ձեր հոգումն՝

    որ Աստուծունն են։

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 3–6 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.