Գրադարան
Մաս 21, Օր 1. Հռովմայեցիս 8–11


Մաս 21. Օր 1

Հռովմայեցիս 8–11

Նախաբան

Պողոս Առաքյալն ուսուցանել է օրհնությունների մասին, որոնք գալիս են հոգեպես վերածնվելու և Երկնային Հոր կամքին ենթարկվելու արդյունքում: Նա ուսուցանել է, որ Իսրայելը մերժել է Աբրահամի և նրա սերունդների հետ կապած Աստծո ուխտը: Պողոսն ուսուցանել է, որ Աստծո ընտրյալ ժողովուրդը որոշվում է ավելի շատ իրենց ուխտերի հավատարմությամբ, քան ազգատոհմով և նա ուսուցանել է ավետարանը հեթանոսներին հասցնելու մասին:

Հռովմայեցիս 8

Պողոսը նկարագրում է հոգեպես վերածնվելու օրհնությունները

Դուք գիտե՞ք ինչ-որ մեկին, ով մեծ արժեք կամ կարևորություն ունեցող մի բան է ժառանգել մեկ այլ անձնավորությունից: Օրինակ, երբեմն ծնողը կամ տատն ու պապը մեծ արժեքի ինչ-որ մի բան են նվիրում իրենց երեխաներին կամ թոռներին:

Եթե հնարավորություն ունենայիք ինչ-որ մեկի ունեցվածը ժառանգելու, ո՞ւմ ունեցվածքը դուք կընտրեիք և ինչո՞ւ:

Մտածեք թե ինչ օրհնություններ դուք կստանայիք, եթե ժառանգեիք այն ամենը, ինչ ունի մեր Երկնային Հայրը: Հռովմայեցիս 8.1–18 հատվածներն ուսումնասիրելիս պարզեք, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի ժառանգենք այն ամենը, ինչ ունի Երկնային Հայրը:

Կարդացեք Հռովմայեցիս 8.1, 5–7, 13 հատվածները, պարզելով, թե Պողոս առաքյալն ինչ է ուսուցանել «մարմնապես վարվելու» կամ մեղք գործելու բնական հակմանը ենթարկվելու և Հոգուն հետևելու մասին:

Այս հատվածներում Պողոսն ուսուցանել է երկու հակադիր պահվածքի՝ «մարմնի խորհրդին» և «հոգու խորհրդին» հետևելու մասին (Հռովմայեցիս 8.6): Մարմնի խորհրդին հետևելը ֆիզիկական հաճույքների, կրքերի և հեշտասիրության մասին մտահոգվելն է: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հոգու խորհրդին հետևել:

«Մարմնի գործերը սպանեք» արտահայտությունը (Հռովմայեցիս 8.13) նշանակում է հաղթահարել մահկանացու մարմնի թուլությունները, գայթակղությունները և մեղքերը կամ ազատվել դրանցից (տես անգլերեն աստվածաշնչի Romans 8:13, ծանոթագրություն b, Մոսիա 3.19): Այս հատվածից մենք սովորում ենք, որ եթե հետևենք Հոգու ներգործությանը, մենք կհաղթահարենք մեղք գործելու հակումը:

Կարդացեք Հռովմայեցիս 8.14–17, պարզելով, թե Պողոսն ինչպես է անվանել նրանց, ովքեր հետևում են Հոգուն: Որդիք բառը 14 հատվածում, նշանակում է զավակներ և ներառում է նաև դուստրերին (տես ՎևՈւ 25.1):

Սուրբ գրությունները մեր մասին խոսում են որպես «Աստծո որդիք» (Հռովմայեցիս 8.16) ավելի քան մեկ իմաստով: Նախ՝ յուրաքանչյուր մարդ արարած բառացիորեն մեր Երկնային Հոր սիրված հոգեղեն զավակն է: Երկրորդ՝ մենք վերստին ծնվում ենք որպես Աստծո զավակներ Հիսուս Քրիստոսի հետ ուխտյալ հարաբերություն ձևավորելով, երբ մենք ապաշխարում ենք, մկրտվում և ստանում ենք Սուրբ Հոգին:

Հռոմեական աշխարհում որդեգրությունն ընդունված էր և այն ծանոթ գաղափար էր Պողոսի ընթերցողների համար: Օրինական որդեգրվող անձնավորությանը շնորհվում էին բոլոր իրավունքներն ու արտոնությունները, որոնք ունեին հարազատ երեխաները: Ուստի, երբ մենք ստանում ենք «որդեգրութեան Հոգին» (Հռովմայեցիս 8.15) ավետարանի ուխտի մեջ մտնելով, մենք դառնում ենք Աստծո ժառանգները և «Քրիստոսի ժառանգակիցները» (Հռովմեացիս 8.17):

Մորմոնի Գրքում Բենիամին թագավորը նույնպես ուսուցանել է, թե ինչպես կարող ենք դառնալ «Քրիստոսի զավակներ» (տես Մոսիա 5.5–10):

Նկար
President Joseph Fielding Smith

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը «դառնում է մեր Հայրը … քանի որ մեզ կյանք է առաջարկում՝ հավերժական կյանք, այն քավության շնորհիվ, որը նա կատարել է մեզ համար»: Նա բացատրել է. «Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի զավակները` որդիներն ու դուստրերը, Նրան հնազանդվելու մեր ուխտերի շնորհիվ» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. 1954–56, 1:29):

Կրկին կարդացեք Հռովմայեցիս 8.17 հատվածը: Ժառանգակիցն այն մարդն է, որը մյուս ժառանգների հետ ժառանգության հավասար բաժին է ստանում:

Եթե մենք Հայր Աստծո զավակներն ենք, ապա ինչո՞ւ, ինքնաբերաբար, հավասար ժառանգություն չենք ստանում Հիսուս Քրիստոսի հետ միասին: Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ դառնանք Հիսուս Քրիստոսի որդիներն ու դուստրերը:

Նկար
Elder Dallin H. Oaks

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսը բացատրել է․ «Մենք բոլորս մեր երկնային ծնողների ժառանգներն ենք: «Աստուծոյ որդիք ենք, – ուսուցանել է Պողոս Առաքյալը, – և եթէ որդիք` ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռովմայեցիս 8.16–17): Սա նշանակում է, ինչպես մեզ ասվել է Նոր Կտակարանում, որ մենք «ժառանգ [ենք] … հավիտենական կյանքի» (Տիտոս 3.7) և եթե մենք մոտենանք Հորը, մենք պետք է «ժառանգենք ամէնը» (Հայտնություն 21:7), այն ամենը, ինչ Նա ունի, մի գաղափար, որը մեր մահկանացու միտքը հազիվ է կարողանում ըմբռնել: Բայց, համենայն դեպս, մենք կարող ենք հասկանալ, որ նվաճել այս առավելագույն ճակատագիրը հավերժությունում հնարավոր է միայն, եթե մենք հետևենք մեր Փրկչին` Հիսուս Քրիստոսին, ով ուսուցանել է, որ «Ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով» (Հովհաննես 14.6)» (« Քրիստոսի հետևորդները» Լիահոնա, մայիս 2013, 98):

Մեր արժանավորությամբ պայմանավորված՝ մենք ոչինչ չէինք ստանա, քանի որ բոլորս մեղանչել ենք և կտրված ենք Աստծո փառքից (տես Հռովմայեցիս 3.23): Սակայն, երբ որդեգրվում ենք Հիսուս Քրիստոսի կողմից, մեր անկատարությունը հաղթահարվում է Նրա կատարյալ կյանքի և Քավության շնորհիվ: Այդպիսով, Հիսուս Քրիստոսի հետ մեր ուխերի և հնազանդության շնորհիվ մենք դառնում ենք [Հիսուս Քրիստոսի] ժառանգակից և «չարչարանքներին կցորդ» (Հռովմայեցիս 8.17): Դա չի նշանակում, որ մենք չարչարվում ենք այնպես, ինչպես Փրկիչը չարչարվեց Իր քավիչ զոհաբերության ժամանակ: Փոխարենը, մենք չարչարվում ենք Նրա հետ, հետևելով Նրան և զոհաբերելով աշխարհիկ բաները, հնազանդվելով պատվիրաններին և հավատքով դիմակայելով հակադրությանը:

Հռովմայեցիս 8.14–18 հատվածներից սովորում ենք, որ եթե մենք Աստծո հավատարիմ ուխտյալ զավակներ լինենք, մենք կարող ենք Հիսուս Քրիստոսի հետ ժառանգել այն ամենն, ինչ ունի Երկնային Հայրը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երեք սյունակով մի աղյուսակ, առաջին սյունակը վերնագրելով Պահանջներ, մեջտեղինը՝ Հակադրություն, իսկ երրորդ սյունակը՝ Ժառանգություն: Այնուհետև արեք հետևյալը.

    1. «Պահանջներ» սյունակում գրեք չորս կամ հինգ հատուկ պատվիրաններ կամ չափանիշներ, որոնցով պետք է ապրենք, որպեսզի Աստծո հավատրիմ ուխտյալ զավակները համարվենք:

    2. «Հակադրություն» սյունակում գրեք հակադրությունների մի քանի օրինակ, որ հնարավոր է հանդիպենք, մինչ ձգտում ենք ապրել որպես Աստծո հավատարիմ ուխտյալ զավակներ:

    3. «Ժառանգություն» սյունակում գրեք մի քանի օրհնություններ, որոնք կարող ենք ժառանգել Երկնային Հոր կողմից, եթե ջանանք ապրել որպես Իր հավատարիմ ուխտյալ զավակներ:

Նայելով սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում ձեր գրածին, համեմատեք Քրիստոսի հետ ժառանգակից լինելու օրհնություններն ու պահանջները, որոնց պիտի համապատասխանեք և հակադրությունը, որին պիտի դիմակայեք: Ի՞նչ կասեիք մի մարդու, ով ձեզ կհարցներ, թե արդյոք արժե հավատարիմ լինել Տիրոջ պատվիրաններին:

Կարդացեք Հռովմայեցիս 8.18, պարզելով, թե Պողոսն ինչպես է մեր զոհաբերածը համեմատել Երկնային Հոր կողմից սպասվող մեր ժառանգության հետ:

Հռովմայեցիս 8.19–30 հատվածներում Պողոսն ուսուցանել է, որ Հոգին օգնում է մեր տկարություններին, և որ Հիսուս Քրիստոսը նախաերկրային կյանքում կանչվել է լինելու Աստծո զավակների Փրկիչը: (Հռովմայեցիս 8.29–30 հատվածներում նախասահմանել բառը նշանակում է նախապես կարգվել կամ կանչվել: Եփեսացիս թղթում դուք ավելի շատ կուսումնասիրեք նախակարգման մասին Պողոս Առաքյալի ուսմունքների վերաբերյալ):

Կարդացեք Հռովմայեցիս 8.28, 31–39, պարզելով, թե Պողոսն ինչ ճշմարտություններ է ուսուցանել Աստծո սիրո վերաբերյալ, կապված մահկանացու կյանքի հակադրությունների, մարտահրավերների և ձախորդությունների հետ: Կարող եք նշագրել ձեզ համար իմաստալից խոսքերն ու արտահայտությունները:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ Հռովմայեցիս 8.31 հատվածում ասվում է. «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է գերիշխել [հաղթել] մեզ»: (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հռովմայեցիս 8.31 [անգլերեն աստվածաշնչում Romans 8:31, ծանոթագրություն a]):

Ճշմարտություններից մի քանիսը, որ կարող ենք բացահայտել անցած հատվածներում, հետևյալն են. Եթե սիրենք Աստծուն, ապա բոլոր բաները մեզ գործակից կլինեն՝ բարու համար: Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք հաղթահարել մահկանացու կյանքի բոլոր մարտահրավերներն ու ձախորդությունները: Ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որը երևում է Հիսուս Քրիստոսի Քավության մեջ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը.

    1. Մտածեք ձեր ունեցած մարտահրավերների ու ձախորդությունների մասին, ապա Հռովմայեցիս 8.28, 31–39 հատվածներից դուրս գրեք երկու պնդում, որոնք դուք հավանել եք և բացատրեք, թե ինչու:

    2. Նկարագրեք, թե ինչպես եք զգացել Աստծո սերը ձեր մարտահրավերների ժամանակ:

    3. Գրեք մի քանի ուղիներ, թե ինչպես կարող եք ցույց տալ ձեր սերը Աստծո հանդեպ: Նպատակ դրեք գործելու ձեր գրածի համաձայն և վստահ եղեք, որ բոլոր բաները կգործեն ձեր բարիքի համար:

Հռովմայեցիս 9–11

Պողոսն ուսուցանում է Աստծո ուխտերը Իսրայելի կողմից մերժելու և ավետարանը հեթանոսներին հասցնելու մասին

Ինչպես գրված է Հռովմայեցիս 9–11 գլուխներում, Պողոս առաքյալը հրեաներ բառի փոխարեն օգտագործել է Իսրայել կամ Իսրայելացիներ: Հին Կտակարանի ժամանակ Աստված ընտրեց Հակոբի կամ Իսրայելի հետնորդներին՝ լինելու Աբրահամի հետ Իր ուխտի մասը (տես Հռովմայեցիս 9.4–5): Այդ ուխտը ներառում էր օրհնություններ, ինչպիսիք էին երկիրը, քահանայության իշխանությունը և աշխարհով մեկ մարդկանց օրհնելը ավետարանի միջոցով, որը հնարավոր է դարձնում հավերժական կյանքը:

Կարդացեք Հռովմայեցիս 9.6, 8, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել Իսրայելի տան անդամների մասին:

Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ Պողոսը, ասելով. «ոչ թէ ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայէլը» (Հռովմայեցիս 9.6):

Հրեաներից ոմանք չէին հասկանում, որ Իսրայելի տանը ծնված ոչ բոլորն էին արժանի Աստծո ուխտի մասը լինել Իսրայելի հետ: Նրանք սխալմամբ հավատում էին, որ ազգատոհմն ինքնաբերաբար ուխտի օրհնություններ էր բերում նրանց:

Կարդացեք Հռովմայեցիս 10.8–13 հատվածները, պարզելով, թե ինչպես կարող է ամեն ոք դառնալ Աստծո ուխտի ժողովուրդը, անկախ նրանից՝ Իսրայելացի է, թե ոչ:

Այս հատվածներում դավանել բառի հունարեն բնագիրն ունի բացահայտ ընդունելու կամ ուխտ անելու իմաստ, իսկ հավատալ բառի հունարեն բնագիրը նշանակում է վստահելի նվիրվածություն: Փրկչի հանդեպ այդ խորը վստահությունը մարդկանց դրդում է հայտնապես ընդունել Նրան այն ուղով, որը Նա է սահմանել: Այդ ուղին ներառում է Աստծո պատվիրաններին հնազանդվելը, ապաշխարելը և ավետարանի փրկարար արարողությունները ստանալը, այդ թվում մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը:

Ըստ Պողոսի ուսմունքների՝ եթե ընդունենք Հիսուս Քրիստոսին ու Նրա ավետարանը և հնազանդվենք, մենք կստանանք Աստծո ուխտերի օրհնությունները և կփրկվենք:

  1. Որոշ մարդիկ օգտագործում են Հռովմայեցիս 10.9, 13 հատվածները, պնդելով որ փրկվելու համար բավարար է միայն խոսքերով արտահայտել, որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե այս դասին սովորած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել ձեզ պատասխանելու նմանատիպ կեղծ պնդմանը:

Հռովմայեցիս 10–11 մնացած գլուխներում կարդում ենք, որ Աստծո խոսքը լսելը կենսական է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ձևավորելու համար: Նա լրացուցիչ բացատրություն է տվել Իսրայելի կողմից Հիսուս Քրիստոսի ավետարանը մերժելու մասին և օգտագործել է վայրի ձիթենու ճյուղերը ընտանի ձիթենու վրա պատվաստելու նմանությունը՝ ներկայացնելով Իսրայելի տան մեջ հեթանոսների որդեգրումը (տես Հակոբ 5): Նա նաև ուսուցանել է, որ ավետարանը կրկին առաջարկվելու է հրեաներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Հռովմայեցիս 8–11 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.