Գրադարան
Մաս 24, Օր 1. Բ Կորնթացիս 8–9


Մաս 24. Օր 1

Բ Կորնթացիս 8–9

Նախաբան

Պողոս Առաքյալը գրել է Կորնթոսի սրբերին, բացատրելով, որ Մակեդոնիայի եկեղեցու անդամները հոժարությամբ նվիրատվություն էին արել կարիքավորների համար: Նա քաջալերել է կորնթացի սրբերին նույնպես հետևել Փրկչի օրինակին և նվիրատվություն անել աղքատներին: Պողոսն ուսուցանել է այն օրհնությունների մասին, որոնք գալիս են նրանց, ովքեր ուրախությամբ նվիրատվություն են անում աղքատներին:

Բ Կորնթացիս 8

Պողոսը սրբերին խորհուրդ է տալիս հոգալ կարիքավորների մասին

Նկար
Elder Jeffrey R. Holland

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ պնդումը և գտեք, թե ինչ բառ է բաց թողնված, որն այդ պնդումը ճշմարիտ կդարձնի. «Պատմության ընթացքում ____________________ համարվել է մարդկության մեծագույն և առավել տարածված խնդիրներից մեկը: Այն հիմնականում արտահայտվում է ֆիզիկական ձևով, բայց դրա հոգևոր և էմոցիոնալ վնասը կարող է անգամ ավելի կեղեքիչ լինել» («Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 40):

Գրեք աղքատություն բառը գծի վրա և վերընթերցեք երեց Հոլլանդի պնդումը՝ մտածելով դրա իմաստի մասին:

Աղքատությունը բավարար քանակով անհրաժեշտ միջոցներ չունենալն է, ինչպիսիք են փողը, իրերը և գոյատևման այլ միջոցները: Աղքատությունն ինչո՞ւ կարող է դժվար մարտահրավեր լինել:

Մտածեք ձեզ ծանոթ այն մարդկանց մասին, ովքեր հնարավոր է ֆիզիկական, էմոցիոնալ, սոցիալական, հոգևոր կամ որևէ այլ տիպի օգնության կարիք ունի: Բ Կորնթացիս 8–9 գլուխներն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ և կատարել կարիքավորներին օգնելու ձեր դերը:

Բ Կորնթացիս 8.1–8 հատվածներում Պողոս առաքյալը Կորնթոսի սրբերին տեղեկացրել է, որ Մակեդոնիայի եկեղեցու անդամները առատաձեռնորեն օժանդակել էին աղքատների նյութական կարիքները հոգալու հարցում (տես Աստվածաշնչյան քարտեզներ. Քարտեզ 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»): Նա բացատրել է, որ մակեդոնացի անդամներն օգնել էին, որովհետև ցանկացել էին Աստծո կամքը կատարել: Պողոսը քաջալերել է կորնթացի սրբերին անկեղծ սիրուց դրդված հետևել կարիքավորներին օգնելու այդ օրինակին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի դատարկ էջի մեջտեղում մի ուղղահայաց գիծ քաշեք դեպի ներքև՝ ստեղծելով երկու սյունակ: Գրեք Հարուստ բառը սյունակներից մեկի վերևում և Աղքատ բառը երկրորդ սյունակի վերևում:

    Կարդացեք Բ Կորնթացիս 8.9 հատվածը, պարզելով, թե ըստ Պողոսի խոսքերի, Հիսուս Քրիստոսը ինչ էր արել սրբերի համար: Ապա գրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում Հարուստ և Աղքատ բառերի ներքո:

    1. Հիսուս Քրիստոսն ի՞նչ առումով էր հարուստ նախաերկրային կյանքում:

    2. Մահկանացու կյանքի ընթացքում ի՞նչ առումով էին Նրան աղքատ համարում:

    3. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում 9-րդ հատվածի «դուք [Փրկչի] աղքատութիւնովը հարստանաք» արտահայտությունը:

Նկատեք, որ նախքան ծնվելը Հիսուս Քրիստոսը Աստվածագլխի անդամ էր և կանգնած էր Երկնային Հոր կողքին՝ իշխանությամբ, զորությամբ ու փառքով: Հիսուս Քրիստոսը բարեհաճությամբ ու խոնարհությամբ իջավ Իր նախաերկրային գահից և երկիր եկավ ծառայելու, օրինակ թողնելու և Քավություն կատարելու, որի շնորհիվ մենք կարող ենք ձեռք բերել հավերժության հարստությունները (տես 1 Նեփի 11.26–28):

Դրանից մոտ մեկ տարի առաջ, Կորնթոսի սրբերը պարտավորություն էին վերցրել մի խումբ ապրանքներ տանել Երուսաղեմի աղքատ սրբերի համար: Կարդացեք Բ Կորնթացիս 8.10–11 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ է խորհուրդ տվել, որ սրբերն անեն այդ ժամանակ: «Անելը» և «անելն էլ կատարեցէք» արտահայտությունները վերաբերում են Պողոսի հորդորին, որ սրբերը հետևեն իրենց նախորդ պարտավորությանը՝ իրենց կարողության չափով նվիրաբերելու աղքատ սրբերի համար, ճիշտ ինչպես Փրկիչն է հավերժական հարստություններ նվիրել իրենց:

Մենք կարող ենք սովորել մի սկզբունք, որ երբ սկսենք գնահատել այն ամենը, ինչ Փրկիչը տվել է մեզ, մենք ավելի պատրաստակամ կլինենք ուրիշներին բաժին հանել մեր ստացվածքից:

Մտածեք, թե Փրկչի պարգևների լիությունը տեսնելը ինչպես կարող է դրդապատճառ դառնալ, որ մենք կարիքավորներին նվիրատվություն անենք:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Փրկիչն ի՞նչ առանձնահատուկ պարգևներ է տվել ձեզ և ինչպես են դրանք ձեզ ոգեշնչում նվիրատվություն անել ուրիշներին:

Կարդացեք Բ Կորնթացիս 8.12–15 հատվածները, փնտրելով մեկ այլ ճշմարտություն, որը Պողոսն ուսուցանել է նյութականով միմյանց օգնելու կարևորության վերաբերյալ:

Բ Կորնթացիս 8.12–13 հատվածներում մենք կարող ենք սովորել մի ճշմարտություն, որ Աստված կամենում է, որ մենք նվիրաբերելու պատրաստակամություն ունենանք, անգամ երբ նվիրելու բան չունենք:

Որպեսզի ավելի լավ հասկանաք այդ ճշմարտության իմաստը, կարդացեք Երեց Հոլլանդի հետևյալ պնդումը, ապա մտածեք հետևյալ հարցերի մասին. «Հարուստ, թե աղքատ, մենք պետք է «անենք, ինչ կարող ենք», երբ մյուսները կարիքի մեջ են» («Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք» 41):

  • Ի՞նչ կարող ենք անել ուրիշների համար, եթե ֆիզիկապես նվիրաբերելու հնարավորություն չունենք:

  • Ինչո՞ւ պետք է «անենք, ինչ կարող ենք» ուրիշների համար:

  • Ըստ Բ Կորնթացիս 8.14–15 հատվածների՝ ո՞վ է օգտվում, երբ բոլոր սրբերը իրենց ավելացածից հետևողականորեն նվիրատվություն են անում:

Խորհեք, թե նվիրաբերելու բոլորի պատրաստակամությունը ինչ ձևով է օգուտ բերում յուրաքանչյուրին:

Կարդացեք Երեց Հոլլանդի հետևյալ պնդումը, պարզելով, թե Տերն ինչպես կարող է օգնել մեզ կարեկցանքով արձագանքել աղքատներին. «Ես չգիտեմ, հատկապես ինչպես պետք է ձեզանից յուրաքանչյուրը կատարի իր պարտականությունը նրանց հանդեպ, ովքեր չեն կարողանում օգնել իրենք իրենց: Բայց ես գիտեմ, որ Աստված գիտի, և Նա կօգնի և կուղղորդի ձեզ աշակերտին հատուկ գթասիրտ գործերում, եթե դուք բարեխղճորեն ցանկանաք, աղոթեք և ուղիներ փնտրեք պահելու պատվիրանը, որ Նա բազմիցս տվել է մեզ» («Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք» 41):

Նկատեք՝ երեց Հոլլանդն ասել է, որ աղքատին և կարիքավորին օգնելու համար դուք պետք է «բարեխղճորեն ցանկանաք, աղոթեք և ուղիներ փնտրեք»: Ծոմի նվիրատվությունները, ծառայության տեղական նախագծերը և մարդասիրական ծրագրերն այն մի քանի ուղիներն են, որոնք Եկեղեցին հաստատել է, որպեսզի մենք օգնենք հոգալ աղքատների կարիքները: Կարո՞ղ եք մտածել այլ ուղիներ, որով կարող ենք անել այդ բաները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք որևէ կարիքավորի օգնելու մի դեպքի և արդյունքում ունեցած ձեր զգացումների մասին: Կարող եք գրել նաև մի բան, որ ծրագրում եք անել նրա հիման վրա, ինչ Պողոսն ուսուցանել է աղքատին ու կարիքավորին նվիրելու վերաբերյալ:

Ինչպես արձանագրված է Բ Կորնթացիս 8.16–24 հատվածներում, Պողոսը կորնթացիների հետ խոսել է Տիտոսի և երկու այլ եղբայրների մասին, որոնք ուղարկվել էին, որպեսզի մարդասիրական օգնություն հավաքեին Երուսաղեմի սրբերի համար: Պողոսը խոսել է Կորնթոսի սրբերի հանդեպ իր վստահության մասին և բացատրել է, որ նրանց առատ նվիրատվությունները ուրիշների հանդեպ նրանց սիրո ապացույցն է:

Բ Կորնթացիս 9

Պողոսն ուսուցանում է անկեղծ զոհաբերություն անողի օրհնությունների մասին

Պողոսը շարունակել է գովաբանել Կորնթոսի սրբերին (տես Բ Կորնթացիս 9.1–5): Նա նրանց տեղեկացրել է, որ ուղարկել է Տիտոսին ու մյուսներին, որպեսզի հաստատի աղքատներին հոժարակամ օգնելու իրենց պատրաստակամությունը:

Մտածեք, թե արդյոք երբևէ եղե՞լ է, որ տրտմությամբ կամ դժկամությամբ ինչ-որ բան ինչ-որ մեկին նվիրեք կամ ինչ-որ բան ինչ-որ մեկի համար անեք: Ինչո՞ւ է երբեմն դժվար ձեր ժամանակը, փողը կամ այլ միջոցները ուրախությամբ նվիրաբերելը:

Կարդացեք Բ Կորնթացիս 9.6–7 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ համեմատություն է օգտագործել հոժարակամ նվիրելու մասին Կորնթոսի եկեղեցու անդամներին ուսուցանելու համար:

Սերմել նշանակում է սերմ ցանել: Ովքե՞ր են սերմողները այս համեմատության մեջ:

Մտածեք, թե նվեր տալն ինչպես է նման դաշտում սերմ ցանելուն: Ի՞նչ է տեղի ունենում, երբ սերմը խնայողաբար ենք ցանում: Ի՞նչ է տեղի ունենում, երբ սերմը առատությամբ ենք ցանում:

Ըստ Բ Կորնթացիս 9.7 հատվածի՝ Տերն ինչպե՞ս է ակնկալում, որ մենք սերմենք կամ նվիրենք:

Բ Կորնթացիս 9.6–7 հատվածներից սորովում ենք հետևյալ ճշմարտությունը. Եթե սրտի ուրախությամբ օգնենք կարիքավորներին, Աստված կօրհնի մեզ շռայլորեն:

Ինչպե՞ս կարող է ուրիշներին ուրախությամբ օգնելուն հետևել ավելի առատորեն ստանալը:

Կարդացեք Բ Կորնթացիս 9.8–10 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի՝ ինչ օրհնություններ կստանան սրբերը ուրախ սրտով նվիրաբերելու արդյունքում: Ձեր սուրբ գրություններում գծանշեք կամ նշեք Պողոսի օգտագործած արտահայտություններից մի քանիսը, որոնք նկարագրում են, թե Տերն ինչպես է օրհնում ուրախ սրտով նվիրողներին:

Նկատեք, որ Տիրոջ օրհնությունները նկարագրող Պողոսի խոսքերը ենթադրում են, որ մենք կստանանք Տիրոջ շնորհը, որը ներառում է մեր կարիքների չափով բավարար նյութական օրհնություններ:

Ըստ Բ Կորնթացիս 9.10 հատվածի՝ ո՞վ է «նա՝ որ սերմ ցանողին սերմ է պարգեւում»: Սերմի աղբյուրի մասին հիշելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ուրախությամբ նվիրաբերել:

Կարդացեք Բ Կորնթացիս 9.11–15 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել սրբերի մասին, ովքեր և՛ նվիրում են, և՛ ստանում են ուրախությամբ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ըստ Բ Կորնթացիս 9.11–15 հատվածների՝ Աստծո հանդեպ ի՞նչ զգացում են ունենում իրենց ստացվածքից հոժարակամ նվիրաբերողները և ուրիշի ստածվածքն ընդունողները: (Կարող եք նշագծել կամ նշել այդ հատվածներում հանդիպող գոհության արտահայտությունները):

Ձեր սուրբ գրություններում Բ Կորնթացիս 9.11–15 հատվածների դիմաց կարող եք գրել հետևյալ ճշմարտությունը. Մեզ օրհնելիս Աստծո մեծահոգությունը նկատելը կարող է Նրա հանդեպ երախտագիտության զգացում պարգևել մեզ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Պատահե՞լ է արդյոք, որ Աստծո հանդեպ երախտագիտության զգացում եք ունեցել, նկատելով ուրախությամբ ուրիշներին ծառայելու և օգնելու դիմաց Նրա ուղարկած օրհնությունները: (Կարող եք ավելացնել ձեր վկայությունը այն սկզբունքների ու ճշմարտությունների վերաբերյալ, որոնք բացահայտեցիք Բ Կորնթացիս 8–9 գլուխներում):

Որպես այս դասի կիրառման օգնություն՝ մտածեք, թե ինչպես կարող եք այս շաբաթ օգնել որևէ կարիքավորի (գուցե ձեր ընտանիքի անդամներից մեկին): Այդ անձին օգնելու որոշակի նպատակ դրեք և թղթի վրա գրի առեք այն:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Բ Կորնթացիս 8–9 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.