Գրադարան
Մաս 21, Օր 3. Ա Կորնթացիս 1–2


Մաս 21. Օր 3

Ա Կորնթացիս 1–2

Նախաբան

Տեղեկանալով, որ Կորնթոսի Եկեղեցու անդամները խնդիրների առաջ էին կանգնած, Պողոսը գրեց նրանց և հորդորեց դադարեցնել հակառակությունը և միաբանվել: Նա բացատրել է նաև, որ Աստված կանչում է թույլ և խոնարհ մարդկանց քարոզելու Իր ավետարանը, և որ Աստծո գործերը հայտնի են դառնում ու հասկացվում Հոգու միջոցով:

Ա Կորնթացիս 1.1–16

Պողոսը գրում է Կորնթոսի սրբերին և նրանց հորդորում է դադարեցնել հակառակությունը և միաբանվել

Մտածեք մի ընտանիքի, սպորտային թիմի և ընկերների մի խմբի մասին:

Նկար
family sitting on beach, soccer team, friends hiking

Այդ խմբերից յուրաքանչյուրում ի՞նչը կարող է երկպառակության և հակառակության պատճառ լինել:

Ինչպե՞ս կարող են նման երկպառակություններն ու հակառակությունն ազդել ընտանիքի, թիմի կամ ընկերների վրա:

Մտածեք այն մասին, թե ինչպես կարող են անդամների միջև երկպառակություններն ազդել Եկեղեցու վրա:

Ուսումնասիրելով Ա Կորնթացիս 1 գլուխը, պարզեք, թե Պողոսը ինչ ճշմարտություն է ուսուցանել Կորնթոսի սրբերին երկպառակությունների և հակառակության վերաբերյալ:

Գտեք Կորնթոսը հետևյալ քարտեզի վրա.

Նկար
map, eastern Mediterranean

Իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ Պողոսը գնաց Կորնթոս քաղաք, որտեղ նա քարոզեց ավետարանը: Այդ ժամանակ շատ մարդիկ մկրտվեցին (տես Գործք 18.1–18): Ավելի ուշ, երբ Պողոսը քարոզում էր Եփեսոսում, նա տեղեկացավ, որ Կորնթոսի Եկեղեցու անդամների մեջ խնդիրներ են առաջացել, քանի որ նորադարձներից շատերը վերադառնում էին իրենց նախկին հավատքին ու կռապաշտության սովորույթներին: Պողոսը գրեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին, որպեսզի նրանց ամրապնդի և հիշեցնի, որ նրանք պարտավորություն են վերցրել ծառայելու Տիրոջը:

Ա Կորնթացիս 1.1–9 հատվածներում Պողոսն ասել է կորնթացի սրբերին, որ նա Աստծուց գոհություն է հայտնում իրենց համար, որ շնորհ են ստացել Հիսուս Քրիստոսից, որը նրանց օրհնել է ամեն ձևով:

Կարդացեք Ա Կորնթացիս 1.10–11 հատվածները, պարզելով, թե Պողոսը Կորնթոսի սրբերին ինչ է խորհուրդ տվել, որ անեն:

Այդ հատվածներում գրված ճշմարտությունը բացահայտելու համար, օգտագործելով տրված բառերը, լրացրեք հետևյալ հայտարարությունը. միաբան, ակնկալել, հակառակություն, դադարեցնել:

Տերը ____________________ մեզանից՝ որպես սրբերի, ____________________ լինել և ____________________ երկպառակություններն ու ____________________:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որպես Եկեղեցու անդամներ՝ ի՞նչ օրհնություններ ենք մենք ստանում, երբ ջանում ենք միաբանվել և դադարեցնում ենք երկպառակություններն ու հակառակությունը:

    2. Գրեք մի դեպքի մասին, երբ որպես ընտանիք, դասարան, քվորում, ծուխ կամ ճյուղ, դուք օրհնվել եք միաբան լինելու արդյունքում:

    3. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դադարեցնենք երկպառակություններն ու հակառակությունը Եկեղեցում:

Ըստ Ա Կորնթացիս 1.12–16 հատվածների՝ Կորնթոսի Եկեղեցու անդամները, հիմնվելով Եկեղեցու վարդապետության տարբեր մեկնաբանումների վրա բաժանվել էին խմբերի և իրենց տեսակետը պաշտպանում էին, վկայակոչելով Եկեղեցու հայտնի ղեկավարների խոսքերը:

Ա Կորնթացիս 1.17–31

Պողոսը սրբերին ուսուցանում է, որ Աստված կանչում է տկարներին, որ քարոզեն Իր ավետարանը

Պողոսի ժամանակ Հունաստանը հռոմեական իշխանության տակ էր և Կորնթոսում շատ հույներ էին ապրում: Հույները մեծապես արժևորում էին իմաստասիրական գաղափարները և աշխարհի իմաստությունը:

Մտածեք, թե աշխարհի իմաստասիրությունը գնահատող մարդու համար ինչու հավանական է դժվար լինի ընդունել և ապրել ավետարանով:

Ա Կորնթացիս 1.17–31 հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք մի ճշմարտություն, որը կօգնի ձեզ հասկանալ աշխարհի իմաստությանն ապավինելու հիմարությունը:

Կարդացեք Ա Կորնթացիս 1.17–22 հատվածները, պարզելով, թե Պողոս Առաքյալն ինչ է ուսուցանել Աստծո իմաստության և աշխարհի իմաստության հակադրության մասին: «Իմաստունների իմաստութիւնը» (Ա Կորնթացիս 1.19) և «այս աշխարհքի իմաստութիւնը» (Ա Կորնթացիս 1.20) արտահայտություններն ակնարկում են այն ժամանակների արատավոր իմաստասիրական ավանդությունները: Օգտակար կլինի իմանալ, որ Պողոսի օգտագործած «խաչը» (Ա Կորնթացիս 1.17–18) ակնարկում է Հիսուս Քրիստոսի կյանքը, առաքելությունը և Քավությունը:

Ձեր կարծիքով անհավատների համար Հիսուս Քրիստոսի Քավության ուղերձը ինչո՞ւ էր հիմարություն համարվում:

Կարդացեք Ա Կորնթացիս 1.25 հատվածը, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել՝ համեմատելով Աստծո իմաստությունն ու մարդկային իմաստությունը: Աստծո հիմար և տկար խոսքերը փոխաբերական են: Պողոսն օգագործել է «Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ» և «Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ», որպեսզի արտահայտի այն միտքը, որ Աստծո իմաստության ու զորության համեմատ մարդկային իմաստությունն ու զորությունը ոչինչ է:

Շրջանի մեջ վերցրեք ճշմարտությունը, որ լավագույնս նկարագրում է այն, ինչ Պողոսն ուսուցանել է կորնթացիներին Աստծո իմաստության մասին.

  • Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան մարդկային իմաստությունը:

  • Մարդը զորավոր է, երբ իմաստուն է:

  • Երկնքի նշաններն ավելի մեծ են, քան հույների իմաստությունը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով գիտելիքը, որ Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան մարդկային իմաստությունը, ինչպե՞ս կարող է ազդել նրա վրա, թե ինչպես է մարդ լուծումներ փնտրում իր խնդիրներին:

Կարդացեք Ա Կորնթացիս 1.26–27 հատվածները, պարզելով, թե ում է Աստված ընտրում քարոզելու Իր ավետարանը:

Խորհեք, թե աշխարհի կողմից հիմար և տկար համարվող մարդկանց ինչո՞ւ է Աստված ընտրում ուսուցանելու Իր ավետարանը:

Ա Կորնթացիս 1.28–31 հատվածներից մենք տեղեկանում ենք, որ Հիսուսը Քրիստոսը «իմաստության, արդարության, սրբության և փրկագնման» կատարյալ օրինակ է (Ա Կորնթացիս 1.30) և մենք պետք է փառավորվենք, կամ ուրախանանք Նրանով:

Ա Կորնթացիս 2

Պողոսը բացատրում է, թե ինչպես պետք է սովորենք Աստծո բաները

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ փորձառությունը, որը նա ունեցել է նախքան Բարձրագույն Իշխանավոր կանչվելը.

Նկար
President Boyd K. Packer

«Ինքնաթիռում ես նստած էի աթեիզմ դավանող մի մարդու կողքը, ով Աստծո հանդեպ իր անհավատությունն այնպիսի ուժով էր պնդում, որ ես կիսվեցի նրա հետ իմ վկայությամբ: «Դուք սխալ եք, – ասացի ես, – Աստված կա: Ես գիտեմ, որ Նա ապրո՛ւմ է»:

Նա առարկեց. «Դուք չգիտե՛ք: Ո՛չ ոք չգիտի դա: Դուք չե՛ք կարող դա իմանալ»: Տեսնելով, որ ես չեմ ընկրկում, աթեիստը, որ իրավաբան էր, թերևս մի վերջնական հարց տվեց վկայության թեմայի շուրջ: «Լավ, – ասաց նա քմահաճ հավանություն տալով, – դուք ասում եք, որ գիտեք: Ասացեք ինձ, թե ինչպես գիտեք դա»:

Երբ փորձեցի պատասխանել, թեև ես առաջադեմ գիտական աստիճաններ ունեի, իմ բացատրությունն անօգուտ էր: …

Երբ ես գործածում էի Հոգի և վկայություն բառերը, աթեիստը պատասխանում էր. «Ես չգիտեմ, թե ինչի մասին եք դուք խոսում»: Աղոթք, խորաթափանցություն և հավատք բառերը նմանապես անիմաստ էին նրա համար: «Տեսնում եք, – ասաց նա, – դուք չգիտեք: Եթե իմանայիք, դուք կկարողանայիք բացատրել ինձ, թե ինչպես գիտեք դա»:

Ես զգացի, որ գուցե իմաստուն չէի, որ վկայություն էի բերել նրան և չգիտեի ինչ անել»: (“The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 51):

Եթե լինեիք նման իրավիճակում, ի՞նչ կասեիք այդ մարդուն, ով Աստծուն չէր հավատում:

Ա Կորնթացիս 2 գլուխն ուսումնասիրելիս գտեք մի ճշմարտություն, որը կօգնի ձեզ հասկանալ, թե այդ մարդը ինչու չէր հասկանում Նախագահ Փաքերի խոսքերը և թե ինչու դուք կարող եք համոզված լինել հոգևոր հարցերի վերաբերյալ ձեր գիտելիքներում:

Ա Կորնթացիս 2.1–8 հատվածներում կարդում ենք Պողոսի խոսքերը կորնթացի սրբերին, որ նա աշխարհի իմաստությամբ չէ համոզում նրանց ավետարանի ճշմարտության մասին: Նա բացատրել է, որ Հոգու զորությամբ է, որ նա ուսուցանում է, որպեսզի նրանք հավատք ունենան առ Աստված: Պողոսը նրանց ուսուցանել է, որ անհավատ մարդիկ չեն կարող հասկանալ Աստծո խորհուրդները:

Կարդացեք Ա Կորնթացիս 2.9–16 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի՝ ինչու են ոմանք կարողանում իմանալ և հասկանալ «Աստծո բաները» (Ա Կորնթացիս 2.10–11), մինչդեռ մյուսները չեն կարողանում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ըստ Ա Կորնթացիս 2.9–10 հատվածների՝ Պողոսը և մյուս հավատարիմ մարդիկ ինչո՞ւ էին կարողանում հասկանալ Աստծո բաները:

    2. Ըստ Ա Կորնթացիս 2.14 հատվածի՝ ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում հասկանալ Աստծո բաները:

Այդ հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Աստծո բաները կարող ենք հասկանալ միայն Նրա Հոգու օգնությամբ: Կարող եք նշագծել Ա Կորնթացիս 2.10–14 հատվածների բառերը, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը:

Նկար
President Boyd K. Packer

Նախագահ Փաքերը ավարտել է իր պատմությունը, բացատրելով, որ այդ պահին ոգեշնչում է զգացել ինքնաթիռում իր կողքին նստած աթեիստին հարցնել, թե արդյոք վերջինս գիտեր աղի համը:

««Իհարկե գիտեմ», պատասխանեց նա:

«Վերջին անգամ ե՞րբ եք փորձել աղի համը»:

«Հենց նոր ինքնաթիռում ճաշելիս»:

«Դուք պարզապես մտածում եք, որ գիտեք աղի համը», ասացի ես:

Նա համառեց. «Ես գիտեմ աղի համը, ինչպես որ ունեմ մնացած բաների իմ գիտելիքը»: …

«Ուրեմն, – ասացի ես, – ենթադրելով, որ ես երբեք չեմ փորձել աղի համը, խնդրում եմ բացատրեք, թե այն ինչ համ ունի»: …

Մի քանի փորձից հետո, իհարկե, նա չկարողացավ բացատրել աղի համը: Նա չկարողացավ բառերով բացատրել հասարակ մի բան՝ ինչպիսին է աղի համը: Ես ևս մեկ անգամ կիսվեցի նրա հետ իմ վկայությամբ և ասացի. «Ես գիտեմ, որ Աստված կա: Քիչ առաջ դուք ծաղրեցիք իմ վկայությունը և ասացիք, որ եթե իսկապես իմանայի, ապա կկարողանայի ճշգրիտ ասել, թե ինչպես գիտեմ դա: Բարեկամս, հոգևոր առումով ասած, ես փորձել եմ աղը: Ես չեմ կարող փոխանցել ձեզ, թե ինչպես է եկել այդ գիտելիքը, ինչպես և դուք չեք կարողանում բացատրել ինձ աղի համը: Բայց ես կրկին ասում եմ ձեզ, որ կա՛ Աստված: Նա իսկապես ապրում է: Եվ միայն այն պատճառով, որ դուք չգիտեք, մի ասեք, որ ես չգիտեմ, որովհետև ես գիտեմ»:

Երբ բաժանվում էինք, տղամարդը դժգոհ փնթփնթում էր. «Ես չեմ հենվի ձեր կրոնի վրա: Ես դրա կարիքը չունեմ»։

Այդ ժամանակից ի վեր ես երբեք չեմ կաշկանդվել, ոչ էլ վատ եմ զգացել, որ չեմ կարողացել բառերով բացատրել իմ հոգևոր գիտելիքները» («The Candle of the Lord», 52):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալը.

    1. Գրեք Աստծո բաներից մի քանիսը, որոնք հնարավոր է իմանալ ու հասկանալ միայն Նրա Հոգու միջոցով:

    2. Մեզ համար ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ Աստծո բաները կարող ենք հասկանալ միայն Նրա Հոգու միջոցով:

Մտաբերեք, թե երբ է պատահել, որ Հոգու օգնությամբ իմացել և հասկացել եք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրած Աստծո բաներից մեկի մասին: Մտածեք, թե ինչ կարող եք հիմա անել, որպեսզի ստանաք Հոգու օգնությունը, երբ փորձում եք իմանալ և հասկանալ Աստծո բաները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 1–2 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.