Գրադարան
Մաս 29, Օր 4. Ա Պետրոս 3–5


Մաս 29. Օր 4

Ա Պետրոս 3–5

Նախաբան

Պետրոս Առաքյալը խրախուսել է Սրբերին միշտ պատրաստ լինել վկայել Հիսուս Քրիստոսի մասին և ապրել արդար, որպեսզի հերքեն իրենց դեմ ուղղված կեղծ մեղադրանքներ։ Նա ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսն Իր մահից հետո քարոզել է ավետարանը հոգևոր աշխարհում։ Պետրոսը Եկեղեցու երեցներին հորդորել է նաև հոգալ Աստծո հոտի մասին նույն հոգատարությամբ, ինչպես հոգացել է Հիսուս Քրիստոսը՝ Գլխավոր Հովիվը։

Ա Պետրոս 3.1–17

Պետրոսը խորհուրդ է տալիս Սրբերին լինել միավորված արդարակեցությամբ և պատրաստ` միշտ վկայելու Քրիստոսի մասին

Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ պատմությունը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Մեր կյանքում մենք առիթներ կունենանք կիսվելու մեր համոզմունքներով, թեպետ չգիտենք, թե երբ այդ հնարավորությունը մեզ կընձեռվի: Նման հնարավորություն ես ունեցա 1957 թվին, երբ աշխատում էի հրատարակչությունում և ինձ խնդրեցին գնալ Դալլաս՝ Տեխասի նահանգ [ԱՄՆ], որը երբեմն անվանում են «եկեղեցիների քաղաք», գործարար համագումարի մասնակցելու: Այդ համագումարի ավարտին ես նստեցի տեսարժան վայրեր տանող ավտոբուսը, որը շրջելու էր արվարձաններով: Տարբեր եկեղեցիների մոտով անցնելիս մեր վարորդը ներկայացնում էր. «Ձախում դուք տեսնում եք Մեթոդական եկեղեցին» կամ «Աջում Կաթողիկե եկեղեցու մայր տաճարն է»:

«Երբ անցանք բլրի վրա կարմիր աղյուսից կառուցված գեղեցիկ շինության մոտով, վարորդը հայտարարեց. «Այս կառույցում հավաքվում են Մորմոնները»: Ավտոբուսի ետևի մասից մի կին ձայն տվեց. «Վարորդ, կարո՞ղ եք մի փոքր ավելին ասել Մորմոնների մասին»:

«Վարորդը կանգնեցրեց ավտոբուսը ճանապարհի եզրին, շրջվեց և պատասխանեց. «Տիկին, Մորմոնների մասին գիտեմ միայն, որ նրանք հավաքվում են այս կարմիր աղյուսե շենքում: Այս ավտոբուսում կա՞ մեկը, որն ինչ-որ բան ավել գիտի Մորմոնների մասին»: («Խիզախություն ունեցիր կանգնել միայնակ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 67)։

Եթե այդ ժամանակ դուք լինեիք ավտոբուում, ի՞նչ կանեիք կամ կասեիք։

Ինչո՞վ կարող է այսպիսի առիթը հետաքրքիր լինել ձեզ համար։ Ինչո՞վ կարող է այն դժվար լինել ձեզ համար։

Երբ դուք ուսումնասիրեք Ա Պետրոս 3.1–17 հատվածները, փնտրեք մի սկզբունք, որը կարող է օգնել ձեզ, երբ ունենաք ուրիշների հետ ավետարանով կիսվելու առիթներ։

Ա Պետրոս 3.1–11 հատվածներում մենք կարդում ենք, որ Պետրոս Առաքյալը հորդորել է կանանց օգնել բերել անհավատ ամուսիններին դեպի Քրիստոս իրենց արդարակյաց վարքով (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Պետրոս 3.2 [Ա Պետրոս 3.2-ում, ծանոթագրություն բ])։ Նա խորհուրդ է տվել ամուսիններին մեծարել իրենց կանանց: Նա անդամներին խորհուրդ է տվել նաև «համամիտ» լինել (Ա Պետրոս 3.8) և ապրել ավետարանի չափանիշներին համաձայն։

Կարդացեք Ա Պետրոս 3.14–16 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ խորհուրդ է տվել Պետրոսը Սրբերին անել, երբ նրանք հանդիպեն մարդկանց, որոնք հարցականի տակ կդնեն նրանց համոզմունքները կամ կհալածեն նրանց այդ համոզմունքների պատճառով։

Պատասխան բառը 15-րդ հատվածում կարող է թարգմանվել նաև որպես «պաշտպանություն» (տես Ա Պետրոս 3.15, ծանոթագրություն բ)։ Պետրոսը հորդորել է Սրբերին կիսվել և պաշտպանել իրենց կրոնական համոզմունքները։ Ուշադրություն դարձրեք, որ Պետրոսն առաջարկել է, որ նրանք անեն դա հեզությամբ և երկյուղածությամբ։ Հեզություն բառը նշանակում է բարեսրտություն, խոնարհություն և համբերություն (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Հեզ, Հեզություն», scriptures.lds.orgԵրկյուղածություն բառը նշանակում է պատկառանք կամ հարգանք (տես Ա Պետրոս 3.15, ծանոթագրություն ա

Ա Պետրոս 3.15 հատվածից կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը` մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, պետք է ձգտենք միշտ պատրաստ լինել կիսվելու և պաշտպանելու մեր համոզմունքները պատկառանքով և հեզությամբ: Կարող եք գրել կամ նշել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրության մեջ՝ Ա Պետրոս 3.15 հատվածի կողքին։

Կարդացեք՝ ավտոբուսում ունեցած Նախագահ Մոնսոնի փորձառության ողջ պատմությունը.

Նկար
President Thomas S. Monson

«Ես սպասեցի, որ տեսնեմ, թե ով կպատասխանի: Ես ուշադիր նայեցի յուրաքանչյուրի դեմքին, որպեսզի տեսնեմ, արդյոք ցանկանում են որևէ բան ասել: Ոչինչ: Ես հասկացա, որ ես պետք է անեմ այն, ինչ Պետրոս Առաքյալն էր առաջարկել՝ «միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե»: Ես նաև հասկացա, որ ճշմարիտ է այն խոսքը, որ՝ «Երբ որոշում կայանցնելու պահը գալիս է, պատրաստվելու ժամանակը անցյալում է»:

«Հաջորդող 15 րոպեների ընթացքում ես արտոնություն ունեցա ավտոբուսի մարդկանց հետ կիսվելու իմ վկայությամբ Եկեղեցու և իմ համոզմունքների մասին: Ես երախտապարտ էի իմ վկայության համար և երախտապարտ էի, որ պատրաստ էի կիսվել դրանով» («Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ»,  67)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ բոլորին.

    1. Որո՞նք են այն բաները, որ դուք կարող եք անել, որպեսզի միշտ պատրաստ լինեք կիսվելու ձեր համոզմունքներով։

    2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր կիսվել ձեր համոզմունքներով պատկառանքով և հեզությամբ։

    3. Ե՞րբ եք կիսվել ձեր համոզմունքներով կամ վկայությամբ ուրիշների հետ:

Մտածեք այն մասին, թե դուք ինչպես կնախապատրաստվեք` կիսվելու ձեր համոզմունքներով և պաշտպանելու դրանք: Գործեք ըստ ձեր ստացած հուշումների:

Ա Պետրոս 3.18–4.19

Հիսուս Քրիստոսն Իր մահից հետո քարոզեց ավետարանը հոգևոր աշխարհում

Պատկերացրեք, որ դուք ծառայում եք որպես լիաժամկետ միսիոներ: Մտածեք այն մասին, թե դուք ինչպես կպատասխանեիք որևէ մեկին, ով ասում է հետևյալը. «Ես հավատում եմ, որ այն, ինչ ուսուցանում եք ինձ, ճշմարիտ է, բայց ես խորհում եմ մարդկանց մասին, որոնք մահանում են առանց ճշմարտությունը լսելու հնարավորության։ Արդարացի չէ, որ Աստված նրանց պատժի կամ թույլ չտա, որ նրանք կրկին ապրեն Նրա հետ, եթե նրանք հնարավորություն չեն ունեցել իմանալու Նրա փրկության ծրագրի մասին»։

Կարդացեք Ա Պետրոս 3.18–20 հատվածները, ներառյալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ա Պետրոս 3.20-ում, ծանոթագրություն ա։ Ապա կարդացեք Ա Պետրոս 4.5–6 հատվածները, ներառյալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ա Պետրոս 4.6-ում, ծանոթագրություն ա։ Երբ կարդաք, փնտրեք Պետրոսի ուսուցանած ճշմարտությունները, որոնցով դուք կարող եք կիսվել վերոհիշյալ իրավիճակում գտնվող անձի հետ։ «Բանտումը եղող հոգիներին» արտահայտությունը Ա Պետրոս 3.19 հատվածում, վերաբերում է հոգիների աշխարհում գտնվողներին, ովքեր չեն ընդունել ավետարանը կամ չեն ունեցել մահկանացու կյանքում այն լսելու հնարավորությունը։

Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից հոգիների աշխարհում այն գտնվողների մասին, ովքեր չեն ընդունել ավետարանը կամ չեն ունեցել այդ հնարավորությունն այս կյանքում։

Նկար
President Joseph F. Smith

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհրդածում էր Ա Պետրոս 3.18–20 և Ա Պետրոս 4.6 հատվածների նշանակության մասին, երբ նա հայտնություն և տեսիլք ստացավ հոգևոր աշխարհ Փրկիչի այցի վերաբերյալ։ Այդ հայտնությունը գրված է որպես Վարդապետություն և Ուխտեր 138 գլուխը։ Նախագահ Սմիթը տեսավ, որ Հիսուս Քրիստոսը Իր մահվան և հարության միջև ընկած ժամանակահատվածում քարոզեց ավետարանը և անհատապես սպասավորեց արդար հոգիներին հոգևոր աշխարհում։ Այդ ժամանակ Հիսուս Քրիստոսը հոգևոր աշխարհում կազմակերպեց և լիազորեց արդար ծառաներին` ուսուցանելու ավետարանը հոգևոր բանտում գտնվող հոգիներին (տես ՎևՈւ138.1–12, 18–19, 27–30

Ըստ Ա Պետրոս 4.6 հատվածի, ինչո՞ւ է ավետարանը քարոզվում մահացածներին։

Մի ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել այդ հատվածից, այն է, որ ավետարանը քարոզվում է նրանց, ովքեր մահացել են, որպեսզի նրանք ունենան նույն հնարավորությունները, ինչպես նրանք, ովքեր լսում են ավետարանը մահկանացու կյանքում: (Ուշադրություն դարձրեք, որ Ա Պետրոս 4.6-ը սուրբ գրությունների սերտման հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք գտնել հետագայում:)

  1. Վերընթերցեք այն իրավիճակը, որը դուք կարդացիք այս մասի սկզբում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե դուք ինչպես կկիրառեիք Ա Պետորս 4.6 հատվածը ձեր կարդացած մտահոգությանը արձագանքելու համար։ Ներառեք ձեր զգացումներն այն մասին, թե ինչպես է մահացածների փրկության վարդապետությունը փաստում Իր զավակների հանդեպ Աստծո ողորմածության և կարեկցանքի մասին։

Ա Պետրոս 4.7–19 հատվածներում մենք կարդում ենք, որ Պետրոսը Սրբերին հորդորել է ունենալ ջերմեռանդ գթություն, որովհետև գթությունը ծածկում կամ կանխում է բազում մեղքեր։ Նա խոսել է նաև գալիք «բորբոքուած նեղութ[յան]» մասին (Ա Պետրոս 4.12), որ Սրբերը գուցե դեռ պետք է կրեին և ուսուցանել է Սրբերին ուրախանալ, երբ ենթարկվեն փորձություններին և հալածանքին առ Հիսուս Քրիստոս իրենց հավատի պատճառով։

Նկար
սուրբ գրության սերտման հատվածի պատկերակ
Սուրբ գրությունների սերտում` 1 Պետրոս 4.6 հատված

  1. Գրեք խոսքերը Ա Պետրոս 4.6 հատվածից մի քարտի կամ մի թղթի կտորի վրա: Մյուս կողմի վրա գրեք, թե ինչ կարող եք անել՝ օգնելու ձեր նախնիներին, ովքեր հոգիների աշխարհում ընդունել են ավետարանը և սպասում են, որ ազատվեն հոգևոր բանտից։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, որ դուք ավարտել եք այդ հանձնարարության այս մասը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում աշխատեք Ա Պետրոս 4.6 հատվածը մտապահելու վրա՝ ամեն առավոտ և երեկո ձեր անձնական աղոթքներն ասելուց առաջ կարդալով և անգիր ասելով դրանք: Վերընթերցեք նաև ձեր գրածն այն մասին, թե ինչպես մասնակցել ձեր նախնիների փրկության աշխատանքին։

Ա Պետրոս 5

Պետրոսը խորհուրդ է տվել Եկեղեցու երեցներին հոգալ Աստծո հոտի մասին և խրախուսել է Սրբերին անսասան մնալ հավատքում

Որպեսզի օգնի նախապատրաստել Սրբերին այն փորձություններին, որոնց նրանք ենթարկվելու էին, Պետրոս Առաքյալը Եկեղեցու երեցներին ուսուցանեց իրենց պարտականությունների մասին` որպես Եկեղեցու ղեկավարներ։ Կարդացեք Ա Պետրոս 5.1–3 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Եկեղեցու երեցներին ուղղված Պետրոսի խորհրդին։

«Արածեց[նել] Աստուծոյ հօտը» (2-րդ հատված) նշանակում է հոգ տանել և հսկել Եկեղեցու անդամներին։ Պետրոսն ուսուցանել է, որ Եկեղեցու ղեկավարները պետք է ծառայեն հոժարությամբ և սիրով, այլ ոչ դժկամորեն կամ պարգևատրվելու ցանկությունից։ Նրանք պետք է օրինակներ լինեին անդամների համար, ոչ թե «տիրապետեին» նրանց (3-րդ հատված):

Մի ճշմարտություն, որ այս հատվածներն ուսուցանում են, այն է, որ Եկեղեցու ղեկավարների պարտականությունն է սիրով և օրինակով հոգալ ու հսկել Աստծո հոտը։

Կարդացեք Ա Պետրոս 5.4 հատվածը՝ պարզելով, թե ինչպես է Պետրոսն անվանել Փրկիչին։

Նկար
Գառ գրկած Քրիստոսը

Ի՞նչ Քրիստոսանման որակներ կամ հատկանիշներ կարող են օգնել Եկեղեցու ղեկավարներին հսկել և հոգալ Եկեղեցու անդամների մասին:

Ե՞րբ եք դուք օրհնվել Եկեղեցու ղեկավարի Քրիստոսանման սիրով կամ օրինակով։

Երբ հարգեք, վստահեք և հետևեք Տիրոջ կողմից կանչված Եկեղեցու ղեկավարներին, նրանք կօգնեն հոգևորապես ուղղորդել և հոգալ ձեր մասին։

Ա Պետրոս 5.5–14 հատվածներում Պետրոսը ուսուցանել է Սրբերին հարգել տարեց մարդկանց, հանձնել իրենց հոգսերը Հիսուս Քրիստոսին և մնալ անսասան իրենց հավատում` չնայած նեղություններին։ Պետրոսը հավաստիացրել է նրանց, որ եթե այդպես վարվեն, Աստված կկատարելագործի և կզորացնի նրանց։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ա Պետրոս 3–5 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.