Գրադարան
Մաս 17, Օր 1. Գործք 1.1–8


Մաս 17. Օր 1

Գործք 1.1–8

Նախաբան

Իր Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը 40 օր ծառայեց Իր Առաքյալներին ։ Նա պատրաստեց նրանց լինել Իր վկաները աշխարհով մեկ։

Գործք 1.1–8

Հիսուս Քրիստոսը ծառայում է Իր աշակերտներին 40 օր

Պատկերացրեք, որ մեկ այլ հավատի մի ընկեր մոտենում է ձեզ ձեր Եկեղեցու մասին ավելի շատ իմանալու ցանկությամբ և հարցնում. «Ո՞վ է առաջնորդում ձեր Եկեղեցին»։ Ինչպե՞ս դուք կպատասխանեիք:

Գործք 1.1–8 հատվածներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք ճշմարտությունների վրա, որոնք կարող են օգնել ձեզ պատասխանել այդ հարցին և հասկանալ, որ Առաքյալները, ովքեր հնում ղեկավարել են Եկեղեցին, եղել են Հիսուս Քրիստոսի վկաներ և ունեցել այդ վկայությամբ աշխարհով մեկ կիսվելու պարտականությունը։ Առաքյալները, ովքեր այսօր առաջնորդում են Եկեղեցին, ունեն նույն օրհնությունն ու պատասխանատվությունը։

Օգտվեք Գործք Առաքելոց գրքից ձեր սուրբ գրություններում և պարզեք այս գրքի լրիվ անունը:

Գործք Առաքելոց գիրքը կարևոր անցում է Նոր Կտակարանում: Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները պարունակում են Փրկիչի մահկանացու ծառայության և Քավության մասին պատմություններ։ Ի տարբերություն սրանց Գործք Առաքելոց գիրքը պատմում է Առաքյալների ծառայության մասին Փրկիչի երկինք համբարձվելուց հետո։

Կարդացեք Գործք 1.1–2 հատվածները, պարզելով, թե ում համար է գրվել այս գիրքը։

Գործք Առաքելոց գրքի հեղինակը Ղուկասն է, իսկ 1-ին հատվածում «առաջին պատմութիւնը» ակնարկը վերաբերում է Ղուկասի Ավետարանին, որը նույնպես գրվել է Թէոփիլէ անվամբ մի անհայտ մարդու։ Ղուկասի գրելու նպատակն էր օգնել Թէոփիլէին` ստանալ Հիսուս Քրիստոսի մասին իր սեփական վկայությունը (տես Ղուկաս 1.1–4

Կարդացեք Գործք 1.2 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե Հիսուս Քրիստոսը ինչպես շարունակեց առաջնորդել Իր Եկեղեցին Իր Հարությունից հետո։

Ըստ 2-րդ հատվածի, ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ղեկավարել Իր Եկեղեցին մահկանացու կյանքից հետո։

Գործք 1.2 հատվածից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին` Իր կամքը հայտնելով Իր Առաքյալներին Սուրբ Հոգու միջոցով։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ուսուցանել է, որ Հիսուս Քրիսոտոսը շարունակեց առաջնորդել Իր Եկեղեցին Իր Հարությունից հետո.

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Գործք գրքի առաջին հատվածի … հայտարարությունն այն է, որ Եկեղեցին շարունակելու է առաջնորդվել Աստծո, այլ ոչ թե մարդու կողմից։ … Արդարև, Գործք Առաքելոց գրքի համար ավելի լիարժեք ու պատշաճ վերնագիր կարող է լինել «Գործք հարություն առած Քրիստոսի՝ Սուրբ Հոգու միջոցով Իր Կարգված Առաքյալների կյանքում և ծառայություններում»։ …

«Եկեղեցու ուղղությունը եղել է նույնը։ Փրկիչի գտնվելու վայրը փոխվել էր, սակայն Եկեղեցու ուղղությունն ու ղեկավարումը եղել են նույնը» (“Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 37)։

Մտածեք, թե ինչու է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսն այսօր շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին հայտնության միջոցով։

  1. Խորհեք այն փորձառությունների մասին, որոնք ամրացրել են ձեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն այսօր ղեկավարում է Իր Եկեղեցին հայտնության միջոցով։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր փորձառությունները: Եթե չեք զգում, որ ունեք այսպիսի փորձառություն, խնդրեք Եկեղեցու մի հավատարիմ անդամի կիսվել ձեզ հետ, թե նա որտեղից գիտի, որ Տերը առաջնորդում է Իր Եկեղեցին հայտնության միջոցով։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրանցեք այն, ինչ սովորում եք ձեր զրույցից:

Հիսուսը 40 օր իր Առաքյալներին անձնական ցուցումներ տվեց մինչև Իր Համբարձումը երկինք, և Առաքյալները սկսեցին առաջնորդել Եկեղեցին այստեղ` երկրի վրա, Սուրբ Հոգու միջոցով։ Ընթերցեք Գործք 1.3 հատվածը` փնտրելով, թե Առաքյալներն ինչ զգացին և սովորեցին այդ 40 օրվա ընթացքում։

3-րդ հատվածում չարչարանք բառը վերաբերում է Փրկիչի քավիչ զոհաբերությանը և Նրա տառապանքներին (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Գործք 1.3 [ Գործք 1.3, ծանոթագրություն բ]): «Անսխալական ապացույցներ» արտահայտությունը վերաբերում է Հիսուսի ներկայացրած անժխտելի փաստերին, որ Ինքը հարություն է առել։

Ընթերցեք Գործք 1.4–5 հատվածները` փնտրելով, թե Հիսուսը ինչ պատվիրեց անել Առաքյալներին։ Գուցե կամենաք նշագրել ձեր գտածը։

Հիսուսը պատվիրեց Առաքյալներին մնալ Երուսաղեմում, մինչև նրանք մկրտվեին Սուրբ Հոգով։ Այն վերաբերում է նրանց կողմից Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը ստանալուն, որի կարիքը Առաքյալները չունեին, երբ Տերը ֆիզիկապես իրենց հետ էր։

Ընթերցեք Գործք 1.8 հատվածը` փնտրելով, թե ինչ ասվեց Առաքյալներին, որ անեն Սուրբ Հոգին ստանալուց հետո։

8-րդ հատվածում Փրկիչի ուսուցանածից մենք սովորում ենք, որ Առաքյալները Հիսուս Քրիստոսի վկաներ են և վկայում են Նրա մասին աշխարհով մեկ:

Նկար
President Gordon B. Hinckley

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ուսուցանել է Առաքյալների՝ այսօր Հիսուս Քրիստոսի վկաներ լինելու պարտականության վերաբերյալ. «Մեր օրերում Տերը կանչել է 15 հատուկ վկաների` վկայելու Իր աստվածության մասին ողջ աշխարհի առաջ։ Նրանց կոչումը յուրահատուկ է. նրանք Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալներ են՝ ընտրված և լիազորված Նրա կողմից։ Նրանց պատվիրվել է բերել վկայություն Նրա կենդանի իրականության մասին իրենց տրված սուրբ առաքելության զորությամբ և իշխանությամբ (“Special Witnesses of Christ,” Ensign, Apr. 2001, 4):

Նկար
Կենդանի Քրիստոսը

Կարդացեք «Կենդանի Քրիստոսը․ Առաքյալների վկայությունը» հռչակագիրը, որը լրացնում է այս դասը։ Նշեք Առաքյալների վկայության այն մասերը, որոնք ամենանշանակալիցն են ձեզ համար։

Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների տեսանյութերը հասանելի են “Special Witnesses of Christ” բաժնում, LDS.org։ Դուք կարող եք դիտել այս տեսանյութերից երկուսը կամ երեքը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչպե՞ս է ժամանակակից Առաքյալների վկայությունն ազդում Հիսուս Քրիստոսի մասին ձեր անձնական վկայության վրա:

Չնայած Գործք 1.8 հատվածը վերաբերում է կոնկրետ Առաքյալների դերին` որպես Փրկիչի հատուկ վկաներ, այն նաև սովորեցնում է մեզ, թե ինչը կարող է մեզ օգնել լինել Հիսուս Քրիստոսի վկաներ աշխարհով մեկ։

Համաձայն Առաքյալներին տրված Տիրոջ խոստմանը Գործք 1.8 հատվածում, մենք սովորում ենք, որ Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք դառնալ Հիսուս Քրիստոսի վկաներ։

Ի՞նչ կերպ է Սուրբ Հոգու զորությունն օգնում մեզ դառնալ Փրկիչի վկաներ։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ե՞րբ եք զգացել Սուրբ Հոգին այն ժամանակ, երբ ուրիշները կիսվել են իրենց վկայությամբ Հիսուս Քրիստոսի մասին:

    2. Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին օգնում է ձեզ` վկայել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին։

Փնտրեք հնարավորություններ կիսվելու Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ ուրիշների հետ և վստահ եղեք, որ Սուրբ Հոգին կհաստատի այն բաների ճշմարտությունը, ինչի մասին դուք վկայում եք նրանց։

Գործք - Հայտնություն. Նոր Կտակարանի երկրորդ մասի ակնարկը

Գործք 1.8 հատվածը սովորեցնում է ոչ միայն ճշմարտություններ Առաքյալների պարտականության մասին, այլև առաջարկում է Նոր Կտակարանի վերջին մասի ակնարկը։ Համաձայն Գործք 1.8 հատվածի, որտե՞ղ Փրկիչը մարգարեացավ, որ Իր աշակերտները վկայելու էին Իր մասին։

Օգտվեք քարտեզներից Աստվածաշնչի հավելվածներում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում, որպեսզի տեսնեք սուրբ գրություններում նշված վայրերը, որոնք կօգնեն ձեզ պատկերացնել Առաքյալների ճամփորդությունները և Փրկիչի մարգարեության իրականացումը։

Գործք 1–5 գլուխները նկարագրում են Առաքյալների ծառայությունը Երուսաղեմում, Գործք 6–9 գլուխները նկարագրում են նրանց ծառայությունը ողջ Հրեաստանում և Սամարիայում, իսկ Գործք 10–28-ը՝ ողջ Հռոմեական Կայսրությունում կամ «երկրի ծայրերում» (Գործք 1.8)։ Գուցե կամենաք գրանցել այս համառոտ շարադրանքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում` Գործք 1.8 հատվածի կողքին:

Նկար
map, Overview of the Acts of the Apostles

Օգտվեք ձեր Աստվածաշնչի ցանկից։ Նայեք Նոր Կտակարանի գրքերին, որոնք հետևում են Գործք Առաքելոց գրքին։ Ա Կորնթացիս մինչև Եբրայեցիս գրքերը Պողոս Առաքյալի կողմից գրված թղթեր են (նամակներ)։ Դուք կսովորեք Պողոսի դարձի գալու և ծառայության մասին Գործք 9, 13–28 հատվածների ուսումասիրության ժամանակ։

Նայեք «Առաքյալների Գործքի Ակնարկ» քարտեզին, որը ցուցադրում է քաղաքները կամ տարածքները, որոնք համապատասխանում են Պողոսի թղթերից շատերին։ Նոր Կտակարանի թղթերի մեծ մասը գրվեց տարբեր քաղաքներում գտնվող Եկեղեցու համայնքի համար՝ ուշադրություն հատկացնելով նրանց հատուկ կարիքներին։ Օրինակ, Թեսաղոնիկեցիներն ապրել են Թեսաղոնիկե քաղաքում, և Ա Թեսաղոնիկեցիս գիրքը համարվում է Պողոսի գրած ամենավաղ թուղթը: Սրբերի համայնքին գրելուց բացի, Պողոսը գրել է նաև անհատներին, ինչպես օրինակ` Տիմոթեոսին, Տիտոսին և Ֆիլիմոնին։

Նայեք ցանկին, թե որ թղթերն են հետևում Եբրայեցիս թղթին։ Պողոսից բացի, մյուս Առաքյալները և Եկեղեցու ղեկավարները ևս գրել են Եկեղեցու անդամներին։ Այս թղթերից մի քանիսը կազմում են Հակոբոսի, Պետրոսի և Հուդայի գրքերը։ Հայտնություն գրքում արձանագրված է Հովհաննես Առաքյալին տրված տեսիլքը։

Երբ շարունակում եք ուսումնասիրել Նոր Կտակարանի երկրորդ մասը, եղեք աղոթասեր, որպեսզի Սուրբ Հոգին լուսավորի ձեզ և օգնի ձեռք բերել ավելի մեծ հասկացողություն Նոր Կտակարանի Առաքյալների ուսմունքների մասին։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Գործք 1.1–8 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.