Գրադարան
Մաս 22, Օր 4. Ա Կորնթացիս 12–14


Մաս 22. Օր 4

Ա Կորնթացիս 12–14

Նախաբան

Պողոս Առաքյալը գրել է Հոգու բազում պարգևների մասին: Նա Եկեղեցին համեմատել է ֆիզիկական մարմնի հետ և բացատրել, որ ճիշտ ինչպես մարմինը պատշաճ գործունեության համար ունի յուրաքանչյուր անդամի կարիքը, նմանապես Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է օգտագործի իրեն տրված Հոգու պարգևները Եկեղեցում ներդրում կատարելու և այն ամրապնդելու համար: Պողոսը սրբերին խորհուրդ է տվել հետամուտ լինել գթությանը և մարգարեության հոգևոր պարգևին:

Ա Կորնթացիս 12

Պողոսն ուսուցանում է հոգևոր պարգևների վերաբերյալ

Կարդացեք հետևյալ պնդումները և շրջանակի մեջ առեք դրանցից մեկը, որը ձեր կարծիքով առավել ճշգրիտ է:

  • Վկայությունը ձեռքբերովի է:

  • Վկայությունը պարգև է:

Բացատրեք ձեր պատասխանը.

Ա Կորնթացիս 12 գլուխն ուսումնասիրելիս գտեք սկզբունքներ, որոնք ձեզ կօգնեն ամուր անձնական վկայություն ձեռք բերել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վերաբերյալ:

Ա Կորնթացիս 12.1–2 հատվածներում տեղեկանում ենք Կորնթոսի Եկեղեցու անդամներին հոգևոր պարգևների մասին ուսուցանելու Պողոս Առաքյալի մտադրության մասին:

Կարդացեք Ա Կորնթացիս 12.3 հատվածը, տեսնելով, թե ինչպես կարող ենք մեզ համար պարզել, որ Հիսուսը Տերն է և Փրկիչը: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ Տէր ասել արտահայտությունը Ա Կորնթացիս 12.3-ում պետք է հասկանալ որպես Տեր ճանաչել (տես History of the Church, 4:602–3):

Ա Կորնթացիս 12.3 հատվածի ձեր գիտելիքի հիման վրա ավարտեք ճշմարտության հետևյալ պնդումը. Միայն միջոցով կարող ենք անձնական վկայություն ստանալ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:

Առաջին Նախագահության անդամ՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է, որ մենք անձնական վկայություն ստանալու կարիք ունենք.

Նկար
President Dieter F. Uchtdorf

«Վկայությունն ամենաթանկ ունեցվածքն է, որովհետև ձեռք չի բերվում միայն տրամաբանությամբ կամ բանականությամբ. այն չի կարող նվեր կամ ժառանգություն լինել մեր նախնիներից: Մենք չենք կարող կախված լինել մյուսների վկայությունից: Մենք պետք է ինքներս իմանանք: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Յուրաքանչյուր վերջին օրերի սուրբ պատասխանատվություն է կրում ինքնուրույն իմանալու, վստահաբար, առանց կասկածի, որ Հիսուսը կենդանի Աստծո հարություն առած կենդանի Որդին է» («Fear Not to Do Good», Ensign, May 1983, 80): …

Մենք ստանում ենք այս վկայությունը, երբ Սուրբ Հոգին խոսում է մեր մեջ գտնվող հոգու հետ: Մենք ձեռք կբերենք հանդարտ ու անդրդվելի վստահություն, որը կլինի մեր վկայության ու համոզմունքի աղբյուրը», («The Power of a Personal Testimony», Ensign or Liahona, Nov. 2006, 38):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը գալիս է միայն Սուրբ Հոգու միջոցով:

    2. Ի՞նչ կարող ենք անել, որ հրավիրենք Սուրբ Հոգին մեր կյանք և ստանանք այդ վկայությունը:

Ինչպես արձանագրված է Ա Կորնթացիս 12.4–31 հատվածներում, Պողոսը կորնթացի սրբերին ուսուցանել է, որ հոգու բազմաթիվ պարգևները տրվել են Երկնային Հոր բոլոր զավակների օգտի և օգնության համար, որպեսզի Եկեղեցու անդամները ծառայեն միմյանց: Հոգու պարգևները Սուրբ Հոգուց եկող օրհնություններ կամ ունակություններ են, և Աստված տալիս է այդ պարգևներից առնավազն մեկը Եկեղեցու յուրաքանչյուր անդամին (տես ՎևՈւ 46.11): Պողոսը Եկեղեցին համեմատել է ֆիզիկական մարմնի հետ: Ճիշտ ինչպես մարմինը պատշաճ գործունեության համար ունի յուրաքանչյուր անդամի կարիքը, նմանապես Եկեղեցու յուրաքանչյուր անդամ կարող է օգտագործել իր հոգևոր պարգևները Եկեղեցում ներդրում կատարելու և այն ամրապնդելու համար: Այդ պատճառով Պողոսը սրբերին խորհուրդ է տվել. «նախանձաւոր [հետամուտ] եղէք լաւագոյն պարգեւներին» (Ա Կորնթացիս 12.31):

Ա Կորնթացիս 13

Պողոսն ուսուցանում է գթություն ունենալու կարևորության մասին

Կարդացեք հետևյալ դրվագները և մտածեք, թե ինչ հետևանքներ կունենա նմանատիպ վերաբերմունքն ու պահվածքը:

  • Դուք հաճախ եք զայրանում ու ընկճվում եղբոր կամ քրոջ պահվածքից:

  • Դասարանցին կոպիտ է խոսում ձեզ հետ, այնպես որ դուք արդար եք համարում կոպիտ խոսել նրա հետ:

  • Դուք բարի նախանձ եք զգում ընկերոջ տաղանդների և ձեռքբերումների հանդեպ:

  • Երբեմն քահանայության ձեր քվորումում կամ Երիտասարդ Կանանց ձեր դասարանում դուք անհոգ բամբասում եք և վատ բաներ խոսում ուրիշների մասին:

Ուսումնասիրելով Ա Կորնթացիս 13 գլուխը՝ գտեք ճշմարտություններ, որոնք կարող են ձեզ օգնել, որ խուսափեք ձեր անձնական երջանկությանը և մարդկանց հետ ձեր դրական հարաբերություններին խանգարող վարքից ու կեցվածքից:

Կարդացեք Ա Կորնթացիս 13.1–3 հատվածները, պարզելով, թե Հոգու որ պարգևն է Պողոսը բարձր գնահատել:

Գթությունը «ոչ թե պարզապես կապվածություն [է], այլ ամենավեհ, ամենաազնիվ, ամենազորեղ սերը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Գթություն»):

Նկատեք այդ հատվածներում, թե Պողոս Առաքյալն ինչպես է նկարագրել նրանց, ովքեր ունեն հոգևոր այլ պարգևներ, բայց ոչ գթություն (տես նաև ՎևՈւ 88.125):

1-ին հատվածի «ձայն հանող պղինձ» և «հնչեցող ծնծղայ» արտահայտությունները վերաբերում են բարձր ձայն հանող գործիքների: Ա Կորնթացիս 13.1 հատվածի համատեքստում այդ արտահայտությունները կարող են նշանակել դատարկ կամ անիմաստ խոսքեր ասելը, երբ խոսողը գթությամբ չի առաջնորդվում:

Պողոսը բացատրել է գթության հատկանիշներն ու բնութագիրը, որպեսզի օգնի կորնթացի սրբերին հասկանալ այդ պարգևը: Կարդացեք Ա Կորնթացիս 13.4–8 հատվածները՝ գտնելով գթության (սիրո) Պողոսի նկարագրությունը: Կարող եք նշագծել ձեր գտածը:

Մտածեք դժվարահասկանալի հետևյալ արտահայտությունների բացատրությունների մասին. «Երկայնամիտ» բառը (4-րդ հատվածում) նկարագրում է մարդու, ով համբերությամբ տանում է փորձությունները: «Չէ նախանձվում» արտահայտությունը (4-րդ հատվածում) նկարագրում է ուրիշներին չնախանձող մարդու: «Չէ գոռոզանում» արտահայտությունը (4-րդ հատվածում) նկարագրում է չպարծեցող մարդու: «Չէ հպարտանում» արտահայտությունը (4-րդ հատվածում) ցույց է տալիս խոնարհ լինելու հատկանիշը: «Չէ լրբանում» արտահայտությունը (5-րդ հատվածում) նկարագրում է ոչ կոպիտ՝ նրբազգաց մարդու: «Իրը չէ որոնում» արտահայտությունը (5-րդ հատվածում) նկարագրում է Աստծոն և մերձավորներին առաջնահերթություն տվող անձին: «Չէ գրգռվում» արտահայտությունը (5-րդ հատվածում) նկարագրում է դժվար բռնկվող մարդու: «Ամեն բան հաւատում է» արտահայտությունը (7-րդ հատվածում) նկարագրում է այն մարդուն, ով ընդունում է ողջ ճշմարտությունը:

Ո՞ւմ կյանքն է Պողոսի նկարագրած գթության հատկանիշների օրինակ հանդիսանում:

Մորոնի 7.47 հատվածում կարդում ենք Մորմոն մարգարեի ուսուցանածի մասին, որ «գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»: Դուք կարող եք գրել այդ սահմանումը և դրա աղբյուրը Ա Կորնթացիս 13.4–8 հատվածների լուսանցքում:

  1. Ա Կորնթացիս 13.4–8 հատվածներից ընտրեք գթության նկարագրություններից երկուսը կամ երեքը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես են դրանք նկարագրում Հիսուս Քրիստոսին և Նրա կյանքից մի օրինակ բերեք յուրաքանչյուր նկարագրության համար:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Ա Կորնթացիս 13.4–8 հատվածներից, այն է, որ երբ հետամուտ ենք լինում ձեռք բերել գթության հոգևոր պարգևը, մենք ավելի շատ ենք նմանվում Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում 8-րդ հատվածի «Սէրը երբէք չի վերջանալ» արտահայտությունը:

Նկար
Elder Jeffrey R. Holland

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը մի տեսակետ է ներկայացրել, թե ինչպես գթությունը երբեք չի վերջանա. «Կյանքը մտավախություններից ու թերացումներից անմասն չէ: Իրերը, երբեմն, իրենց հունով չեն գնում: Մեզ թողնում են մարդիկ, տնտեսությունները, ձեռնարկությունները կամ կառավարությունները: Սակայն կա մի բան ժամանակի և հավերժության մեջ, որ մեզ չի լքում, – Քրիստոսի մաքուր սերը» (Christ and the New Covenant [1997], 337):

Ա Կորնթացիս 13.9–12 հատվածներում կարդում ենք, թե գիտելիքի ու մարգարեության հոգևոր պարգևներն ինչու են ի վերջո խափանվելու: Պողոսը նկատել է, որ այս կյանքում ձեռք բերած գիտելիքը ամբողջական չէ, և որ հավերժության մեջ մենք կատարյալ գիտելիք ձեռք կբերենք:

Կարդացեք Ա Կորնթացիս 13.13 հատվածը, պարզելով թե ըստ Պողոսի ուսուցանածի, Հոգու որ պարգևներն են մնալու այսինքն՝ հարատևելու կամ հաստատուն մնալու:

Ա Կորնթացիս 13.13 հատվածի ձեր կարդացածի հիման վրա ավարտեք հետևյալ ճշմարտությունը. ____________________ Հոգու ամենամեծ պարգևն է:

Ձեր կարծիքով գթությունը ինչո՞ւ է Հոգու ամենամեծ պարգևը:

Ինչպես արձանագրված է Ա Կորնթացիս 14.1 հատվածում՝ Պողոսը սրբերին խորհուրդ է տվել «սէրին հետեւել»: Կարդացեք Մորոնի 7.48 հատվածը, պարզելով, թե Մորմոնն ինչ է ուսուցանել մարդկանց, որ անեն, որպեսզի հարեն գթությանը:

Ինչպե՞ս ենք ձեռք բերում հոգևոր այս և մյուս պարգևները: Ըստ Մորմոնի՝ Երկնային Հայրը ո՞ւմ է շնորհում գթության պարգևը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է գթություն ունենալը բարելավել ընտանիքի, ընկերների և հասակակիցների հետ մեր հարաբերությունները:

    2. Գրեք մի իրադարձության մասին, երբ գթության դրսևորման ականատես եք եղել ձեր կամ ուրիշների հանդեպ:

    3. Ա Կորնթացիս 13.4–7 հատվածներում նկարագրվող գթության հատկանիշներից ո՞րն եք դժվարանում դրսևորել: Ինչո՞ւ: Մի նպատակ գրեք, թե դուք ինչ կանեք, որպեսզի հետամուտ լինեք և ձեռք բերեք գթության պարգևը:

Ա Կորնթացիս 14

Պողոսն ուսուցանում է, որ մարգարեության պարգևն ավելի մեծ է, քան լեզուների պարգևը:

Ա Կորնթացիս 14.1–3 հատվածներում Պողոսը սրբերին խորհուրդ է տվել հետամուտ լինել մարգարեության պարգևին: Նա ասել է, որ մարգարեության ոգին մարդկանց շենացնում կամ վեհացնում է ավելի շատ, քան լեզուների պարգևը:

«Մարգարեությունը բաղկացած է աստվածայնորեն ոգեշնչված խոսքերից կամ գրվածքներից, որը մարդը ստանում է Սուրբ Հոգուց հայտնության միջոցով: Հիսուսի մասին վկայությունը մարգարերության ոգին է (Հայտնություն 19.10): Երբ անձը մարգարեանում է, նա խոսում կամ գրում է այն, ինչ Աստված ցանկանում է, որ նա իմանա, իր անձնական կամ ուրիշների բարօրության համար»: (Սուրբ գրքերի ուղեցույց, «Մարգարեություն, մարգարեանալ», scriptures.lds.org).

Ա Կորնթացիս 14.1–3 հատվածներից սովորում ենք, որ ուսուցանելով և վկայելով ոգեշնչմամբ, մենք կարող ենք օգնել շենացնել ու մխիթարել ուրիշներին: Մարդկանց մխիթարելու ձևերից մեկը (տես 3-րդ հատված) նրանց քաջալերանքի խոսքեր ասելն է:

Մտածեք, թե երբ է ինչ-որ մեկի ուսուցումը կամ վկայությունը շենացրել, մխիթարել կամ սփոփել ձեզ:

Ա Կորնթացիս 14.4–40 հատվածներում Պողոսը կորնթացի սրբերին զգուշացրել է լեզուներով խոսելու պարգևի վերաբերյալ: Նա նախազգուշացրել է, որ ոչ պատշաճ գործածության դեպքում լեզուների պարգևը շինություն չի բերի Եկեղեցուն և կարող է անդամներին շեղել, որ հետամուտ չլինեն այլ պարգևների: Պողոսը նաև ուսուցանել է, որ «Աստուած խռովութեան Աստուած չէ» (Ա Կորնթացիս 14.33), և որ Եկեղեցում ամեն բան պետք է կարգով կատարվի:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք.

    Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 12–14 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.