Գրադարան
Ա Կորնթացիս նախաբանը


Ա Կորնթացիս նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Կորնթոսում ապրող վաղ Եկեղեցու անդամների առաջ բազմաթիվ խնդիրներ էին ծառացած, որոնք առկա են արդի աշխարհում, ինչպիսիք են՝ պառակտումը, կեղծ ուսմունքները և անբարոյականությունը: Կորնթացիներին ուղղված առաջին նամակից մենք տեղեկանում ենք, որ Պողոս առաքյալը սրբերին ուսուցանել է՝ ինչպես խրախուսել միաբանությունը Եկեղեցում, ինչպես սովորել Աստծո գործերը, ֆիզիկական մարմնի դերը որպես Սուրբ Հոգու տաճար, հոգևոր պարգևների էությունը, հաղորդությունը արժանիորեն ընդունելու կարևորությունը և հարության իրականությունը: Ա Կորնթացիներում արձանագրված Պողոսի ուսմունքների ձեր ուսումնասիրության շնորհիվ դուք կկարողանաք այնպիսի վարդապետություններ և սկզբունքներ սովորել, որոնք կօգնեն ձեզ արդար ապրել անկախ հանդիպած ամբարշտություններից:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Ա Կորնթացիների առաջին հատվածը ցույց է տալիս, որ այդ նամակն ուղարկել է Պողոս առաքյալը Սոսթենէս անունով մի աշակերտի, ով հնարավոր է Պողոսի դպիրն է եղել (տես Ա Կորնթացիս 1.1): Մինչ Սոսթենէսի դերի մանրամասներն անհայտ են, ակնհայտ է, որ նամակի բովանդակության հեղինակը Պողոսն է եղել (տես Ա Կորնթացիս 16.21–24):

Ե՞րբ և որտեղ է այն գրվել:

Ա Կորնթացիս թուղթը Պողոսը գրել է Եփեսոս կատարած երեք տարվա իր այցելության ավարտին (առաքելական իր երրորդ ճամփորդության ժամանակ), որն ավարտվել է Ք.ծ.հ 55 և 56 թվականների միջև (տես Գործք 19.10, 20.31, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը»):

Ո՞ւմ համար է գրվել այն և ինչու:

Այս նամակը գրվել է Կորնթոս քաղաքի Եկեղեցու անդամներին: Պողոսը քարոզել էր ավետարանը Կորնթոսում մոտ երկու տարի (տես Գործք 18.1–18) և այնտեղ Եկեղեցու ճյուղ էր կազմավորել (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը»): Ավելի ուշ, երբ Պողոսը քարոզում էր Եփեսոսում, միսիոներական իր երրորդ ճամփորդության ժամանակ, նա նամակ ստացավ Կորնթոսի Եկեղեցու անդամներից: Նա պատասխան գրեց այդ ճյուղին (տես Ա Կորնթացիս 5.9), սակայն, ցավոք, այդ նամակը կորավ և, հետևաբար, ընդգրկված չէ սուրբ գրություններում: Ավելի ուշ, Պողոսը ևս մեկ նամակ ստացավ Կորնթոսի Եկեղեցու անդամներից Եկեղեցու այնտեղի խնդիրների վերաբերյալ (տես Ա Կորնթացիս 1.11), որին նա պատասխանեց, մեկ այլ նամակ գրելով, ինչը հայնտի է որպես Ա Կորնթացիս: Ուստի, Ա Կորնթացիս թուղթն իրականում Պողոսի երկրորդ նամակն է Կորնթոսի եկեղեցու անդամներին:

Պողոսի օրերում Կորնթոսը հին Հունաստանի հարավային Մակեդոնիայի մեծ մասը զբաղեցնող Հռոմեական Աքայիա գավառի մայրաքաղաքն էր: Որպես հարուստ առևտրական կենտրոն՝ Կորնթոսը հրապուրում էր մարդկանց ողջ Հռոմեական կայսրությունից, դարձնելով այն տարածքի ամենաբազմազան քաղաքներից մեկը: Կռապաշտությունը գերակշռում էր Կորնթոսի կրոնական մշակույթում և քաղաքը լի էր բազմաթիվ տաճարներով ու սրբավայրերով: Պողոսի ծառայության ժամանակ Կորնթոսը խիստ անբարոյական քաղաքի համբավ ուներ: Ասվում է, օրինակ, որ Աֆրոդիտեի տաճարում ծիսական մարմնավաճառություն էր կիրառվում:

Այս նամակում Պողոսը հստակեցրել է, որ Եկեղեցու անդամները չունեին միասնություն, և որ որոշ հեթանոսական հավատալիքների ու սովորույթների ազդեցության հետևանքով նրանք չէին հետևում ավետարանի սկզբունքներին ու արարողություններին (տես Ա Կորնթացիս 1.11, 6.1–8, 10.20–22, 11.18–22): Նա գրել է Կորնթոսի Եկեղեցու անդամներին, որպեսզի պատասխանի նրանց մի քանի հարցերին ու խնդիրներին և ամրապնդի նորադարձներին, ովքեր գայթակղվում էին վերադառնալ իրենց անցյալի համոզմունքներին ու սովորույթներին:

Որո՞նք են այս գրքի բնորոշ առանձնահատկություններից մի քանիսը:

Նոր Կտակարանը պարունակում է ավելի շատ խորհուրդներ և ուսմունքներ Պողոսից ուղղված Կորնթոսի Եկեղեցու անդամներին, քան Եկեղեցու ցանկացած այլ ճյուղի անդամներին: Փաստորեն, Կորնթացիներին ուղղված Պողոսի երկու թղթերը կազմում են Պողոսի բոլոր գրվածքների մեկ չորրորդ մասը:

Ինչպես արձանագրված է Ա Կորնթացիսում, Պողոսը բացատրում է, որ Հիսուս Քրիստոսը կատարել է Մովսեսի օրենքը: Պողոսը շեշտել է, որ կարևոր է «Աստուծոյ պատուիրանքների պահելը» (Ա Կորնթացիս 7.19) «Քրիստոսի օրէնքի տակ» (Ա Կորնթացիս 9.21), որպեսզի ավետարանի շնորհիվ ստանան փրկության օրհնությունը:

Համառոտ շարադրանք

Ա Կորնթացիս 1–11: Պողոսը զգուշացնում է Եկեղեցու մեջ բաժանումների դեմ և շեշտում է Եկեղեցու անդամների միաբանության կարևորությունը: Նա նախազգուշացնում է անդամներին սեռական անբարոյականության դեմ, ուսուցանում է, որ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար և ինքնակարգապահություն է խրախուսում: Նա պատասխանում է ամուսնության և միսիոներական ծառայության վերաբերյալ առանձին հարցերի, հաղորդության արարողությանը վերաբերող հարցին, ինչպեսև այն, թե արդյոք թույլատրելի է ուտել հեթանոսական աստվածներին մատուցած զոհաբերության միսը:

Ա Կորնթացիս 12–14: Պողոսն ուսուցանում է, որ մենք պետք է հետամուտ լինենք Հոգու պարգևներին: Կորնթոսի սրբերին նա հիշեցնում է առաքյալների, մարգարեների և ուսուցիչների կարևորությունը, և այն, որ անդամները պետք է հոգան միմյանց մասին: Նա առաջ է քաշում գթության կարևորությունը մնացած բոլոր հոգևոր պարգևների շարքում:

Ա Կորնթացիս 15–16։ Պողոսը վկայում է, որ նա այն բազմաթիվ վկաների շարքում է, ովքեր հարություն առած Քրիստոսի վկաներն են: Նա ուսուցանում է, որ բոլորը պետք է հարություն առնեն, և որ մահացածների համար մկրտությունը հաստատում է գալիք Հարության ճշմարտությունը: Նա բացատրում է, որ հարություն առած էակները կտարբերվեն փառքի աստիճաններով, և որ գերեզմանի դեմ Հիսուս Քրիստոսի հաղթանակը վերացնում է մահվան խայթը: Նա դրամահավաք է կազմակերպում Երուսաղեմի աղքատ սրբերի համար: