Գրադարան
Մաս 22, Օր 2. Ա Կորնթացիս 9–10


Մաս 22. Օր 2

Ա Կորնթացիս 9–10

Նախաբան

Պողոս Առաքյալը ցրել է Եկեղեցու պաշարներից իր գոյամիջոցների համար հատկացումների վերաբերյալ կորնթացիների մտահոգությունները: Նա բացատրել է, որ իր քարոզի նպատակը Աստծո զավակներին փրկություն բերելն էր: Նա նրանց հորդորել է խուսափել մեղք գործելուց, ինչպեսև կրոնական համոզմունքների համար մարդկանց վիրավորելուց:

Ա Կորնթացիս 9

Պողոսը քարոզում է ավետարանը, որպեսզի նա և իրեն լսողները փրկվեն:

Երբևէ դժվարացե՞լ եք առավոտյան շուտ արթնանալ և արդյունքում ինչ-որ կարևոր բան բաց եք թողել: Ի՞նչ զգացում ունեք, երբ գիտակցում եք, որ ինչ-որ բան եք բաց թողել կամ թերացել եք հասնել կարևոր մի նպատակի, քանի որ թերացել եք նախապատրաստվել:

Այս կյանքի ամենակարևոր ձեռքբերումը, որին պետք է ջանանք հասնել, հավերժական կյանքին արժանանալու հնարավորությունն է:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչո՞ւ եք ձգտում հավերժական կյանքի:

Ինչպես որ առավոտյան դժվար արթնանալու արդյունքում կարող ենք բաց թողնել կամ անգամ թերանալ հասնել կարևոր նպատակի, վարքի որոշ թերացումների հետևանքով կարող ենք զրկվել հասնելու ամենակարևոր նպատակին՝ հավերժական կյանքին: Ա Կորնթացիս 9 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք մի սկզբունք, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես կարող եք հավերժական կյանք ձեռք բերել:

Ա Կորնթացիս 9.1–21 հատվածներում Պողոսը պատասխանել է կորնթացի սրբերի տարբեր հարցերին: Նա գրել է, որ թեև արդար կլիներ, որ Եկեղեցու անդամներն օգնեին նրան իր նյութական կարիքները հոգալիս, սակայն նա ինքնուրույն է իր կենսական կարիքները հոգացել: Նա բացատրել է, որ հարմարվելով տարբեր իրավիճակների, չցածրացնելով ավետարանի չափանիշները, նա ի վիճակի է եղել օգնել հրեային, հեթանոսին և ավետարանի մեջ թույլ ցանկացած մարդու, որ ընդունեն ավետարանը:

Կարդացեք Ա Կորնթացիս 9.17, պարզելով, թե ինչպես էր Պողոսը քարոզում ավետարանը:

Կարցացեք Ա Կորնթացիս 9.22–23, պարզելով, թե ինչու էր Պողոսը պատրաստակամորեն քարոզում ավետարանը:

Մտաբերեք մի դեպք, երբ դուք փորձեր եք արել կամ պարապել եք ինչ-որ միջոցառման համար: Ի՞նչ ծանրաբեռնվածություն ուներ ձեր պարապմունքների ծրագիրը: Ինչպե՞ս էր նպատակի ուղղությամբ աշխատելը ոգևորում ձեզ:

Պողոսը բացատրել է, որ մարզիկները կարող են հաղթահարել չպարապելու գայթակղությունները՝ կենտրոնանալով նպատակի վրա: Կարդացեք Ա Կորնթացիս 9.24–25, պարզելով, թե Պողոսն ինչ մրցություն է օգտագործել կորնթացի սրբերին ուսուցանելու համար:

Ըստ Պողոսի՝ վազորդները բնավորության ի՞նչ գծերի կամ հատկանիշների կարիք ունեին հաջողակ լինելու համար:

Բոլոր բաներում ժուժկալ լինել նշանակում է ինքնակարգապահություն կամ ինքնատիրապետում դրսևորել: Պողոսի նշած անապականելի պսակը, որ հարատև է, հավերժական կյանքն է:

Ա Կորնթացիս 9.25 հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Հավերժական կյանք ձեռք բերելու համար մենք պետք է բոլոր բաներում ինքնակարգապահություն դրսևորենք: Ի վերջո, թերևս, հավերժական կյանքը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի «արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով» (2 Նեփի 2.8), ոչ թե մեր ինքնակարգապահության միջոցով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով ինչո՞ւ է անհրաժեշտ ինքնակարգապահություն զարգացնել հավերժական կյանք ձեռք բերելու համար:

    2. Մեր կյանքի ո՞ր ասպարեզներում է, որ հավերժական կյանք ձեռք բերելու համար բոլորս ինքնակարգապահություն զարգացնելու կարիք ունենք:

Կարդացեք Ա Կորնթացիս 9.26–27, պարզելով, թե Պողոսն ինչպես է նկարագրել ինքնակարգապահություն զարգացնելու իր ջանքերը: 27 հատվածի «մարմինս ճնշում եմ» արտահայտությունը նշանակում է խստորեն կարգավարժել (տես Ա Կորնթացիս 9.27, ծանոթագրություն a):

Ձեր կարծիքով, որն է 27 հատվածի Պողոսի խոսքերի իմաստը. «Այլ իմ մարմինը ճնշում եմ եւ նուաճում, որ մի գուցէ ուրիշներին քարոզելով, ինքս անպիտան գտնուիմ»։

Մտածեք Նախագահ Բրիգամ Յանգի հետևյալ հայտարարության մասին.

Նկար
President Brigham Young

«Դուք չեք կարող հավերժական կյանք ժառանգել, մինչև որ ձեր ախորժակները չհպատակեցնեք այն հոգուն, որը ձեր մեջ է, այն հոգուն, որը մեր Երկնային Հայրն է տվել: Ես նկատի ունեմ ձեր հոգիների Հորը, այն հոգիների, որոնք նա դրել է [մարմնի] այս խորանում: Խորանը պետք է կատարելապես ենթարկվի հոգուն, այլապես ձեր մարմինը չի կարող բարձրանալ և հավերժական կյանք ժառանգել: … Փնտրեք ջանասիրաբար, մինչև որ ամեն բան ենթարկեք Քրիստոսի օրենքին» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 204):

«Եթե հոգին է ենթարկվում մարմնին, այն [հոգին] ապականվում է. իսկ եթե մարմինն է ենթարկվում հոգուն, ապա այն [մարմինը] մաքրագործվում ու սրբագործվում է» (Teachings: Brigham Young, 205):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեր մարմինը ենթարկեք ձեր հոգուն:

Ա Կորնթացիս 10

Պողոսը կորնթացի սրբերին զգուշանում է խուսափել մեղքից և մարդկանց վիրավորելուց

Նկար
President James E. Faust

Առաջին Նախագահության անդամ՝ Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստը զգուշացրել է. «Կյանքի մասին մեծ առասպելներից մեկն այն է, երբ [մարդիկ] կարծում են, թե իրենք անպարտելի են: Չափից շատ մարդիկ են կարծում, որ իրենք մետաղից են, բավական ամուր, որ դիմակայեն ցանկացած գայթակղության: Նրանք իրենց խաբում են՝ մտածելով. «Ինձ հետ չի պատահի»» («It Can’t Happen to Me», Ensign, May 2002, 46):

Մտածեք իրավիճակների մասին, երբ մարդիկ կարող են թույլ տալ գայթակղվել, մտածելով, որ իրենք բավական ուժեղ են, որ դիմակայեն:

Ինչպես գրված է Ա Կորնթացիս 10.1–5 հատվածներում, Պողոսն ակնարկել է մի քանի բաներ, որ Իսրայելի զավակներն արեցին Մովսեսի ժամանակ, որը նրանց պետք է որ հոգևոր առումով ամուր դարձներ: Թեև նրանք օրհնվեցին Տիրոջ կողմից անապատում և բազմաթիվ հրաշքների ականատես եղան, Տերը դժգոհ էր շատերից և նրանք պատժվեցին:

Կարդացեք Ա Կորնթացիս 10.6–11 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ էր ցանկանում, որ կորնթացի սրբերը սովորեին հին իսրայելացիների օրինակից:

Չնայած որ հին իսրայելացիները մեծ օրհնություններ տեսան, նրանք տեղի տվեցին մեղքին: Պողոսը ցանկանում էր զգուշացնել կորնթացի սրբերին, որ նրանք չկրկնեին հին իսրայելացիների մեղքերը:

Կարդացեք Ա Կորնթացիս 10.12, և ձեր խոսքերով ամփոփեք Պողոսի ուղերձը.

Կարդացեք Ա Կորնթացիս 10.13, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել փորձությունների վերաբերյալ: Կարող եք նշագծել այն, ինչ կգտնեք դրա վերաբերյալ:

Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից փորձությունների մասին:

Խորհեք հետևյալ հարցի շուրջ. Եթե Աստված թույլ չի տա, որ մեր դիմակայելու կարողությունից վեր փորձվենք, ինչո՞ւ հին իսրայելացիները տեղի տվեցին գայթակղությանը:

Կարդացեք Ա Կորնթացիս 10.14, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել սրբերին, որ անեն: Կռապաշտությունը այն մեղքերից մեկն էր, որով տառապում էին և՛ հին իսրայելացիները, և՛ կորնթացի սրբերը:

Ա Կորնթացիս 10.13–14 հատվածներից կարող ենք սովորել, որ Աստված մեզ փորձություններից ազատվելու ուղի կպատրաստի, սակայն մենք պետք է հեռանանք գայթակղությունից:

Կարդացեք Ալմա 13.28, պարզելով, թե ինչ կարող ենք անել, որպեսզի հեռու մնանք գայթակղությունից: Կարող եք այդ հատվածը որպես խաչաձև հղում գրել ձեր սուրբ գրությունների Ա Կորնթացիս 10.13–14 հատվածների լուսանցքում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալին.

    1. Ա Կորնթացիս 10.13–14 և Ալմա 13.28, հատվածներից սովորածի հիման վրա գրեք լրագրի մի խորագիր կամ գովազդային պաստառի մի կարգախոս, որը մարդկանց թելադրում է խուսափել գայթակղությունից:

    2. Ինչպե՞ս կարող է խոնարհվելը և շարունակ արթուն մնալն ու աղոթելն օգնել մեզ հեռու մնալ գայթակղությունից:

Հնարավոր է դուք միշտ չկարողանաք խուսափել գայթակղությունից: Այդ պատճառով մենք պետք է այժմ որոշենք, թե ինչպես ենք վարվելու, երբ հանդիպենք գայթակղության: Մտածեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերի մասին.

Նկար
President Spencer W. Kimball

«Ճիշտ կողմնորոշվելն ավելի հեշտ է, երբ նախապես ենք որոշում կայացնում, մտքում ունենալով վերջնական նպատակը. դա մեզ ազատում է բազմաթիվ տառապանքներից [որոշումների պահերին], երբ մենք հոգնած ենք և խիստ գայթակղվելու շեմին ենք: …

Մեր Հոր հետ հավերժ ապրելու հնարավորությունից պակաս ընտրություն չկատարելու վճռի ժամանակը հիմա է, որպեսզի մեր կատարած ամեն որոշման վրա ազդի մեր վճռականությունը՝ ոչնչի թույլ չտալ խոչընդոտել հասնելու այդ վերջնական նպատակին» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball, [2006], 108–9):

«Անձնական կարգապահություն զարգացրեք, որպեսզի ավելի ու ավելի շատ դեպքերում դուք ստիպված չլինեք որոշում կայացնել կամ փոխել ձեր որոշումը, թե ինչ եք անելու, երբ միևնույն գայթակղությունը կրկին ու կրկին հայտնվի ձեր առջև: Կան բաներ, որոնց համար բավարար է մեկ անգամ որոշում կայացնել:

Մեծ օրհնություն է ազատ լինել կրկին ու կրկին հանդիպող գայթակղության համար որոշում կայացնելու տառապանքից: Եթե նախապես վճիռ չկայացնենք, ապա շատ ժամանակ կծախսենք և վտանգի կենթարկվենք» (Teachings: Spencer W. Kimball, 109):

«Չար ուղիներից հրաժարվելու ժամանակը նախքան այդ ուղիներին հասնելն է: Լավ կյանքի գաղտնիքը պաշտպանության և կանխարգելման մեջ է: Չարին տեղի տվող մարդիկ, սովորաբար, նրանք են, ովքեր իրենց դնում են խոցելի դրության մեջ» (Teachings: Spencer W. Kimball, 109):

Մտածեք, թե որ գայթակղություններն են ձեզ ավելի շատ տառապանք պատճառում: Ի՞նչ փոփոխություններ կարող եք անել, որ խուսափեք գայթակղությունից նախքան դրան հանդիպելը:

Ժամանակ տրամադրեք և մի թեմա կարդացեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից, որը ձեզ կօգնի իմանալ՝ ինչպես հեռու մնալ գայթակղությունից: Ձեր կարդացածի հիման վրա մի նպատակ գրեք և որոշ ժամանակ այն ձեզ մոտ պահեք, որ հիշեցնի խուսափել գայթակղությունից:

Ա Կորնթացիս 10.15–33 հատվածներում Պողոսը կորնթացի սրբերին խորհուրդ է տվել հարգել ուրիշների կրոնական սովորույթները, պահպանելով սեփական սովորույթները, և նա կրկին գրել է, որ քարոզում է, որպեսզի շատերին օգնի փրկվել:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 9–10 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.