Գրադարան
Բ Կորնթացիս նախաբանը


Բ Կորնթացիս նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Կորնթոսի Եկեղեցու անդամներին ուղղված Պողոս Առաքյալի այս նամակն առանձնանում է չարչարանքների մեջ մխիթարություն գտնելու, թուլության մեջ ուժ գտնելու (ինչպես Պողոսն է իր օրինակով ցույց տվել) և ճշմարիտ ու կեղծ վարդապետների մեջ զանազանելու իր թեմաներով: Կորնթացիների Բ նամակում գրված Պողոսի օրինակը և ուսմունքները կարող են ոգեշնչել ձեզ, անկախ հանգամանքներից կամ հետևանքներից, ճշմարիտ ու հավատարիմ մնալ հավերժական ուխտերին, որոնք դուք կապել եք Աստծո՝ Հավերժական Հոր հետ:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Կորնթոսի սրբերին ուղղված այս նամակի հեղինակը Պողոսն է (տես Բ Կորնթացիս 1.1):

Ե՞րբ և որտեղ է այն գրվել:

Ա Կորնթացիս թուղթը գրելուց կարճ ժամանակ անց Եփեսոսում խռովություն բարձրացավ նրա ուսմունքների դեմ (տես Գործք 19.23–41), և նա հեռացավ Մակեդոնիա (տես Գործք 20.1, Բ Կորնթացիս 2.13, 7.5): Ենթադրվում է, որ Բ Կորնթացիս թուղթը Պողոսը գրել է Մակեդոնիայում եղած ժամանակ, Ք.ծ.հ 55–57 թթ. (տես Bible Dictionary, “Pauline Epistles”, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org):

Ո՞ւմ համար է գրվել այս գիրքը և ինչու:

Բ Կորնթացիս թուղթը գրվել է Կորնթոս քաղաքի Եկեղեցու անդամների համար: Մինչ Պողոսը Մակեդոնիայում էր իր առաքելական երրորդ ճամփորդության ժամանակ, Տիտոսը նորություն բերեց Կորնթոսից, որ նրա նամակը լավ ընդունվել է տեղի սրբերի կողմից (տես Բ Կորնթացիս 7.6–13): Եկեղեցու Կորնթոսի ճյուղը առաջընթաց էր ապրում, սակայն Պողոսը լսել էր նաև կեղծ ուսուցիչների մասին, որոնք ապականում էին Քրիստոսի մաքուր վարդապետությունները: Կորնթոսի իր նախնական այցի և հավանական երկրորդ այցի միջև ընկած ժամանակահատվածում (տես Բ Կորնթացիս 1.15–16), երբ նա կարծես խրատել էր սրբերից ոմանց (տես Բ Կորնթացիս 2.1, 12.21), Երուսաղեմի կողմից քարոզիչներ էին եկել Կորնթոս և սկսել էին սրբերին ուսուցանել, որ նրանք պետք է որդեգրեն հրեական որոշ սովորույթներ, ինչը հակառակ էր Պողոսի ուսմունքներին: Բ Կորնթացիս նամակի մեծ մասը պատասխանում է այդ կեղծ ուսուցիչների կողմից առաջացրած խնդիրներին:

Պողոսի նամակը ուղղված էր և՛ նրանց, ովքեր ցանկանում էին ավելի շատ լսել իր խոսքերը (տես Բ Կորնթացիս 1–9), և՛ նրանց, ովքեր դժկամությամբ էին ընդունում նրա ուսմունքները (տես Բ Կորնթացիս 10–13): Ընդհանուր առմամբ, Բ Կորնթացիս գրվածքը հուշում է, որ այդ նամակն ուներ մի քանի նպատակներ.

  • Երախտագիտություն հայտնել և զորացնել սրբերին, ովքեր բարեհաճորեն էին ընդունել իր նախորդ նամակը

  • Զգուշացնել կեղծ ուսուցիչների մասին, որոնք ապականում էին Քրիստոսի մաքուր վարդապետությունները

  • Պաշտպանել Հիսուս Քրիստոսի Առաքյալի իր անձնական կերպարը և իշխանությունը (տես Բ Կորնթացիս 10–13)

  • Կորնթոսի սրբերին քաջալերել, որ դրամական շռայլ նվիրատվություններ անեն Երուսաղեմի աղքատ սրբերին (տես Բ Կորնթացիս 8–9):

Որո՞նք են այս գրքի բնորոշ առանձնահատկություններից մի քանիսը:

Թեև Պողոսի նամակներից շատերը վարդապետական են, այս նամակի մեծ մասն ընդգծում է կորնթացի սրբերի հետ նրա հարաբերություններն ու նրա սերն ու մտահոգությունը նրանց համար: Չնայած Պողոսը ամուր էր քննադատների իր ընդդիմության մեջ, ողջ Բ Կորնթացիս նամակում մենք տեսնում ենք նրան որպես քահանայության ուշադիր ղեկավարի, որը հոգում է սրբերի երջանկության և բարեկեցության համար: Նա նաև կիսվել է իր կյանքի որոշ կենսագրական մանրամասներով և գրել է իր «մարմինի խայթի» մասին (Բ Կորնթացիս 12.7):

Սրբազան մի փորձառության պատմությամբ, որը գրված է Բ Կորնթացիս 12.2–4 հատվածներում, Պողոսն իրեն նկարագրել է որպես «Քրիստոսի մի մարդու», որ «յափշտակուեցաւ մինչև երրորդ երկինքը», որտեղ անասելի բաներ տեսավ և լսեց: Այդ տեսիլքը, հարություն առած մարմինների փառքի տարբերության վերաբերյալ (տես Ա Կորնթացիս 15.35–44) նրա նախորդ վարդապետական հայտարարության հետ միասին, կարելի է դիտել որպես Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնի աստվածաշնչյան զուգահեռ:

Համառոտ շարադրանք

Բ Կորնթացիս 1–5: Պողոսը վկայում է, որ Աստված մխիթարում է իր զավակներին իրենց բոլոր ձախորդությունների մեջ: Նա սրբերին կոչ է անում սիրել և ներել միմյանց: Ավետարանը և Տիրոջ Հոգու ներգործումները շատ ավելի փառահեղ են, քան Մովսեսի օրենքի տառը: Պողոսն իր ընթերցողներին քաջալերում է իրենց փորձության պահերին և նրանց հիշեցնում է Աստծո սիրո և փառքի հավերժական բնույթի մասին: Նա կարդացողներին օգնում է հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով Աստծո հետ հաշտվելու կարիքը:

Բ Կորնթացիս 6–13: Դիմակայելով կեղծ ուսուցիչների քննադատությանը և ընդդիմությանը՝ Պողոսը պաշտպանում է իր անկեղծությունը որպես Տիրոջ ծառա և իր ընթերցողներին հրավիրում է չխառնվել աշխարհին: Նա ուսուցանում է «աստվածային տրտմության» մասին (տես Բ Կորնթացիս 7.10): Պողոսը կորնթացի սրբերին շնորհակալություն է հայտնում Երուսաղեմի աղքատ սրբերին օգնելու համար և խրախուսում է շարունակել շռայլ նվիրաբերություններ անել: Նա խիստ խոսքեր է ասում «սուտ առաքյալների» վերաբերյալ (Բ Կորնթացիս 11.13): Նա պարծենում է Տիրոջով և կիսվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և Նրա համար տարած չարչարանքների անձնական մանրամասնություններով: Նա գրում է երրորդ երկնքի մասին իր տեսիլքի վերաբերյալ և հրավիրում է սրբերին իրենց անձը քննել և հավատարիմ մնալ: