Գրադարան
Մաս 23, Օր 3. Բ Կորնթացիս 1–3


Մաս 23. Օր 3

Բ Կորնթացիս 1–3

Նախաբան

Պողոս Առաքյալը գրել է կորնթացի սրբերին և բացատրել է, թե ինչպես կարող են մխիթարել ուրիշներին: Նա նրանց հորդորել է նաև ներել համայնքի մեղավոր մարդկանց: Պողոսը սրբերին ուսուցանել է, որ դարձի գալով առ Տերը նրանք ավելի շատ կնմանվեն Աստծուն:

Բ Կորնթացիս 1

Պողոսը կորնթացի սրբերին ուսուցանում է, թե ինչպես մխիթարել մարդկանց

Մտածեք ձեր ճանաչած մարդկանցից մեկի դժվար փորձության կամ չարչարանքի մի ժամանակի մասին: Ի՞նչ եք արել նրանց օգնելու համար։

Երբևէ ցանկացե՞լ եք մխիթարել ինչ-որ մեկին, ով դժվար փորձության մեջ է եղել իր կյանքում, սակայն չեք իմացել, թե ինչպես դա անել:

Բ Կորնթացիս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք մի սկզբունք, որը ձեզ կօգնի իմանալ, թե ինչպես մխիթարել փորձությունների ու չարչարանքների միջով անցնող մարդկանց:

Կորնթոսի Եկեղեցու անդամներին ուղղված առաջին նամակը Պողոս Առաքյալը գրել է Եփեսոսից: Կարճ ժամանակ անց Եփեսոսում խռովություն բարձրացավ Պողոսի ուսմունքների դեմ (տես Գործք 19.23–41. այդ հատվածներում նշված Ասիան վերաբերում էր ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Հռոմեական նահանգին): Պողոսը հեռացավ Եփեսոսից և գնաց Մակեդոնիա, որտեղ Տիտոսից լուր ստացավ, որ կորնթացիներին գրած իր նամակը լավ արձագանք է ստացել Կորնթոսի սրբերի կողմից: Պողոսը նաև տեղեկացավ, որ սրբերը նեղություններ էին կրում, և որ Կորնթոսի որոշ կեղծ ուսուցիչներ ապականում էին Քրիստոսի վարդապետությունը: Պողոսը գրեց իր երկրորդ նամակը կորնթացի սրբերին, որպեսզի արձագանքի կեղծ ուսուցիչների առաջացրած խնդիրներին:

Կարդացեք Բ Կորնթացիս 1.1–5 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ է ասել կորնթացի սրբերին իրենց նեղությունների մասին: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել կամ գրել, թե ինչ է ասել Պողոսը 3–4 հատվածներում, ինչը կարող էր մխիթարել նրանց:

Բ Կորնթացիս 1.4 հատվածից սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Քանի որ Երկնային Հայրը նեղությունների մեջ մխիթարում է մեզ, մենք կարող ենք օգնել այլ մարդկանց ստանալ Նրա մխիթարությունը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի փորձառության մասին, երբ նեղության պահին դուք ստացել եք Աստծո մխիթարությունը: Ձեր կարծիքով ինչպե՞ս է այդ փորձառությունը նպաստել, որ օգնեք մխիթարության կարիք ունեցող մեկ այլ մարդու:

Բ Կորնթացիս 1.6–8 հատվածներից տեղեկանում ենք, թե Պողոսն ինչ է ասել կորնթացի սրբերին այն դաժան և կյանքին սպառնացող չարչարանքների մասին, որի միջով անցել էին նա և իր գործընկերները Եփեսոսում ավետարանը քարոզելիս:

Կարդացեք Բ Կորնթացիս 1.9–11 հատվածները, պարզելով, թե ինչն է օգնել Պողոսին ու նրա գործընկերներին իրենց փորձությունների ժամանակ:

11 հատվածի հիման վրա լրացրեք հետևյալ ճշմարտությունը, թե ինչպես կարող եք օգնել փորձությունների մեջ գտնվող մարդկանց. կարող է օգնել փորձությունների մեջ գտնվող մարդկանց:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

    1. Ինչպե՞ս կարող են ձեր աղոթքները օգնել փորձությունների մեջ գտնվող մարդուն:

    2. Ինչպե՞ս են այլ մարդկանց աղոթքներն օգնել ձեզ ձեր փորձության պահին:

Բ Կորնթացիս 1.12–24 հատվածներից տեղեկանում ենք, որ Պողոսն ուրախանում էր նրանցով, ովքեր ընդունել էին իր առաջին նամակի խորհուրդը: 15–20 հատվածներում Պողոսը պատասխանել է նրանց, ովքեր իրեն փնովել էին՝ կորնթացիներին այցելելու իր ծրագրերը փոխելու համար: Պողոսի քննադատներից ոմանք, կարծես ասել էին, որ քանի որ Պողոսը փոխել էր ճամփորդելու իր ծրագրերը, նրանք այլևս չէին կարող վստահել նրան ու նրա ուսմունքներին: Պողոսը հայտարարել է, որ չնայած իր ծրագրերի փոփոխությանը, ավետարանի պատգամը ճշմարիտ է:

Բ Կորնթացիս 2

Պողոսը հորդորում է Կորնթոսի սրբերին ներել մեղավորներին

Հիշեք մի դեպք, երբ ինչ-որ մեկը վիրավորել է ձեզ կամ ձեր հարազատներից մեկին: Մտածեք, թե ինչու կարող է դժվար լինել ներել այդ անձին:

Բ Կորնթացիս 2 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչու է կարևոր ներել բոլոր մարդկանց:

Կորնթացիներին ուղղված առաջին նամակում Պողոս Առաքյալը նրանց խրատել է իրենց անհնազանդության և թերահավատության համար: Կարդացեք Բ Կորնթացիս 2.1–4 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ հույս ուներ, որ կորնթացի սրբերը կիմանային իր խրատի մասին: Կարող եք նշում անել կամ գրել, թե ըստ 4-րդ հատվածի ո՞րն էր Պողոսի խրատի պատճառը:

Ինչպե՞ս կարող է խրատելն ու ուղղելը մեր հանդեպ ինչ-որ մեկի սիրո ապացույցը լինել:

Բ Կորնթացիս 2.5–6 հատվածներում Պողոսը գրել է Եկեղեցու ինչ-որ անդամի մասին, ով մեղք է գործել Եկեղեցու մյուս անդամների հանդեպ և տրտմեցրել է նրանց: Արդյունքում, Եկեղեցին կարգապահության է ենթարկել այդ մարդուն:

Կարդացեք Բ Կորնթացիս 2.7–8 հատվածները, պարզելով, թե, ըստ Պողոսի խոսքերի, Եկեղեցու անդամներն ինչպես պետք է վարվեին այդ մարդու հանդեպ: Ընդհակառակը բառը 7-րդ հատվածում նշանակում է հակառակ կամ հակադիր կերպով:

Չնայած որ այդ մարդը մեղք էր գործել, նրա հոգու արժեքը մեծ էր Աստծո աչքում (տես ՎևՈւ 18.10): Պողոսը սրբերին հորդորել է ներել, մխիթարել և սիրել այդ մարդուն ու օգնել նրան ապաշխարել:

Կարդացեք Բ Կորնթացիս 2.9–11 հատվածները, գտնելով ևս մեկ պատճառ, թե ինչու սրբերը պետք է ներեին մարդկանց:

11 հատվածում սրբերին ուսուցանած Պողոսի խոսքերի համաձայն՝ մենք կարող ենք գտնել հետևյալ ճշմարտությունը. Եթե չներենք մարդկանց, առիթ կտանք սատանային, որ առավելություն ունենա մեր հանդեպ: Կարող եք նշում անել կամ գրել այդ ճշմարտությունը Բ Կորնթացիս 2.11 հատվածի լուսանցքում: Ժամանակակից հայտնության մեջ Տերը մեզ պատվիրել է ներել բոլորին (տես ՎևՈւ 64.8–11):

Մարդուն ներելը չի նշանակում, որ մեղավորը չպետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար: Ոչ էլ ենթադրում է, որ մենք այնպիսի վիճակում հայտնվենք, որ մարդիկ շարունակեն վիրավորել մեզ: Փոխարենը, մարդկանց ներելը նշանակում է Քրիստոսանման սեր ցուցաբերել մեզ վիրավորողների հանդեպ և վրդովմունք ու զայրույթ չտածել նրանց հանդեպ, որը կարող է ազդել մեր հոգևոր առաջընթացի վրա (տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Ներել», scriptures.lds.org):

«Եթե դուք բռնության զոհ եք դարձել, իմացեք, որ դուք անմեղ եք և Աստված սիրում է ձեզ: Խոսեք ձեր ծնողների կամ վստահելի մեկ այլ չափահասի հետ, և անհապաղ հայցեք ձեր եպիսկոպոսի խորհուրդը: Նրանք կարող են սատարել ձեզ հոգեպես և օգնել ստանալ անհրաժեշտ պաշտպանություն և օգնություն: Բուժման ընթացքը ժամանակ կարող է պահանջել: Վստահեք Փրկչին: Նա կբժշկի ձեզ և խաղաղություն կպարգևի» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 36–37):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով ինչպե՞ս ենք առիթ տալիս սատանային, որ առավելություն ունենա մեր վրա, երբ չենք ներում մարդկանց:

Մտածեք ինչ-որ մեկի մասին, ում ներելու կարիք ունեք: (Հիշեք՝ ներել չի նշանակում թույլ տալ, որ ձեզ վիրավորեն: Դա նշանակում է ներել վիրավորողին, որպեսզի առաջ շարժվեք ձեր հոգևոր զարգացման ճանապարհին): Նպատակ դրեք ներել այդ մարդուն, որպեսզի առիթ չտաք սատանային, որ առավելություն ունենա ձեր հանդեպ: Խնդրեք Երկնային Հորը օգնել, երբ ձգտում եք ներել մյուսներին:

Բ Կորնթացիս 2.12–17 հատվածներում Պողոսը սրբերին գրում է, որ շնորհակալություն է հայտնում Աստուծուն՝ որ «ամեն ժամանակ մեզ յաղթող է անում Քրիստոսումը» (14 հատված), անգամ դժվար ժամանակներում:

Բ Կորնթացիս 3

Պողոսը Կորնթոսի սրբերին ուսուցանում է, որ դարձի գալով առ Տերը, նրանք ավելի շատ կնմանվեն Աստծուն:

Երբ Պողոս Առաքյալը հեռացավ Կորնթոսից, որոշ կեղծ ուսուցիչներ սկսեցին ընդդիմանալ նրա ուսմունքներին և փորձեցին վարկաբեկել նրան, նորադարձներին ասելով, որ նրանք դեռևս պետք է հետևեին Մովսեսի օրենքին: Բ Կորնթացիս 3.1 հատվածում, արձագանքելով իրեն վարկաբեկողներին, Պողոսը Կորնթոսի Եկեղեցու անդամներին հռետորական հարց է ուղղել, – հարց, որի նպատակը խրատական ազդեցությունն էր նրանց վրա, ոչ թե պատասխանի ակնկալիքը, թե արդյոք կարիք կա՞, որ նա սրբերին ուղարկի կամ նրանցից ստանա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ առաքյալ լինելու իր էությունն ու օրինականությունը հաստատող «յանձնարարական թղթեր»: (Պողոսի ժամանակներում համայնքի նորեկ մարդիկ իրենց հետ հանձնարարական նամակ էին կրում: Այդ նամակները ներկայացնում էին նորեկներին և հավաստիացնում էին նրանց բարի վարքի մասին):

Կարդացեք Բ Կորնթացիս 3.2–3 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի խոսքերի, որն էր նրա հանձնարարական նամակը:

Պողոսն ուսուցանել է, որ սրբերի փոխված կյանքը նման էր Քրիստոսից հանձնարարական նամակ ունենալուն, որը նկարագրում էր Պողոսի ով լինելը: 2-րդ հատվածի «ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած» արտահայտությունը նշանակում է, որ շատ մարդիկ կճանաչեն Եկեղեցին ու կդատեն նրա ճշմարտացիության մասին նախևառաջ Եկեղեցու անդամների անձնական վարքից ու օրինակից ելնելով:

Նկար
Moses with stone tablets

Կարող եք գծանշել Բ Կորնթացիս 3.3 հատվածի «ոչ թէ քարի տախտակների վերայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ» արտահայտությունը։ Մովսեսի օրոք պատվիրանները գրված էին քարե տախտակների վրա: Պողոսն օգտագործել է այդ արտահայտությունը կորնթացի սրբերին օգնելու համար, որպեսզի հասկանան, որ պատվիրանները Սուրբ Հոգու զորությամբ գրվել են իրենց սրտի վրա:

Բ Կորնթացիս 3.5–13 հատվածներում Պողոսը վկայակոչում է Հին Կտակարանի մի պատմություն, որ սրբերին օգնի հասկանալ իրենց օրերի հոգևոր վիճակը: Նա կորնթացի սրբերին հիշեցրել է, որ Մովսեսը, երբ վերադարձավ Սինայ սարի վրա Տիրոջ հետ խոսելուց, քող էր կրում, քանի որ Իսրայելի զավակները վախենում էին նրա երեսից բխող փառքից:

Կարդացեք Բ Կորնթացիս 3.14–15 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչպես էր համեմատում Մովսեսի երեսից բխող փառքից վախեցող իսրայելացիներին իր օրերի հրեաների հետ: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել կամ գրել ձեր պարզաբանումները:

Ձեր կարծիքով ի՞նչ նշանակություն ունեն «նորանց միտքը կուրացաւ» (հատված 14) և «մի քօղ ընկած է նորանց սրտերի վերայ» (հատված 15) արտահայտությունները:

Ճիշտ ինչպես Մովսեսի ժամանակ իսրայելացիները, անարժան լինելու պատճառով, չէին դիմանում Մովսեսի երեսից բխող փառքին, Պողոսի օրերում ևս, հրեաները, իրենց ամբարշտության պատճառով, չէին կարողանում հասկանալ Հին Կտակարանի մարգարեությունները Հիսուս Քրիստոսի մասին:

Կարդացեք Բ Կորնթացիս 3.16–18 հատվածները, պարզելով, թե, ըստ Պողոսի խոստման, ինչը մարդկանց սրտից ու մտքից կհեռացնի անհասկացողության քողը:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ «երբոր դէպի Տէրը կ’դառնան» արտահայտությունը հատված 16 թարգմանված է. «երբ նրանց սրտերը դեպի Տերը կդառնան» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Բ Կորնթացիս 3.16, շեղագիրն ավելացված է):

Բ Կորնթացիս 3.18 հատվածի համաձայն՝ ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր դարձի են գալիս առ Տերը և անհասկացողության քողը նրանցից վեր է առնվում: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել կամ գրել ձեր գտած պատասխանը:

«Նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք» արտահայտությունը (հատված 18) վերաբերում է աստիճանական փոփոխությանը, որը մեզ օգնում է ավելի շատ նմանվել Աստծուն: Այս հատվածներից սովորում ենք, որ երբ մեր սիրտը դարձնում ենք դեպի Տերը, մենք ստանում ենք Հոգին, որը մեզ աստիճանաբար փոխում է և նմանեցնում Աստծուն:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալը.

    1. Բացատրեք, թե ինչ է նշանակում մեր սիրտը դարձնել դեպի Հիսուս Քրիստոսը։

    2. Գրեք մի քանի եղանակներ, թե ինչպես կարող եք ձեր սիրտը դարձնել դեպի Հիսուս Քրիստոսը:

Մտածեք այն մասին, թե ինչպես է Հոգին փոխել ձեզ, այն ժամանակից ի վեր, երբ դուք սկսեցիք ուսումնասիրել Նոր Կտակարանն այս տարի: Ձեր անձնական օրագրում գրի առեք մի նպատակ, որը կօգնի ձեզ ավելի լիովին դարձի գալ դեպի Տերը, որպեսզի ստանաք Հոգին և ավելի շատ նմանվեք Աստծուն:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Բ Կորնթացիս 1–3 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.