Գրադարան
Ա Պետրոսի թղթի նախաբանը


Ա Պետրոսի թղթի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Պետրոսի առաջին թղթի ամբողջ թեման այն է, որ Փրկիչի աշակերտները կարող են հավատարմորեն տոկալ և արձագանքել տառապանքին ու հալածանքին Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։ Ա Պետրոսի յուրաքանչյուր գլուխը խոսում է փորձությունների ու տառապանքի մասին, և Պետրոսն ուսուցանել է, որ փորձությունները համբերատար կրելը «աւելի պատուական [է] … քան … ոսկին» և կօգնի հավատացյալներին ստանալ «[իրենց] հոգիների փրկութիւնը» (Ա Պետրոս 1.7, 9)։ Պետրոսը Սրբերին հիշեցրել է նաև նրանց ինքնության մասին որպես՝ «ընտիր ազգ … թագաւորական քահանայութիուն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ» (Ա Պետրոս 2.9)։ Ուսումնասիրելով այդ թղթում տված Պետրոսի խորհուրդը, դուք կարող եք ստանալ հույս, քաջալերանք և ուժ, որոնք կարող են օգնել ձեզ դժվարություններին հանդիպելիս։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Այդ թղթի հեղինակը՝ «Պետրոս Յիսուս Քրիստոսի առաքեալ» է (Ա Պետրոս 1.1

«Պետրոսը սկզբում հայտնի էր որպես Շմավոն կամ Սիմոն (Բ Պետ. 1.1)՝ մի ձկնորս Բեթսայիդայից, ով իր կնոջ հետ ապրում էր Կափառնայումում: … Պետրոսն իր եղբայր Անդրեասի հետ կանչվեց որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ (Մատթ. 4.18–22, Մարկոս 1.16–18, Ղուկաս 5.1–11)։ …

« …Տերն ընտրեց [Պետրոսին], որ կրի արքայության բանալիները երկրի վրա (Մատթ. 16.13–18)։ …

«Պետրոսն իր օրերի ավագ Առաքյալն էր» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Պետրոս», scriptures.lds.org

Պետրոսի գրվածքները ցույց են տալիս նրա աճը հասարակ ձկնորսից դեպի զորավոր Առաքյալ։

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Պետրոսը հավանաբար գրել է այս առաջին թուղթը Ք.հ. 62-64թթ. միջև։ Նա գրել է «Բաբելոնից» (Ա Պետրոս 5.13), որը հավանաբար Հռոմի մասին խորհրդանշական վկայակոչում էր։

Ընդունված է կարծել, որ Պետրոսը մահացել է Ներոն կայսեր թագավորման ժամանակ, հավանաբար Ք.հ. 64 թվականից հետո, երբ Ներոնը սկսեց հալածել քրիստոնյաներին (տես Աստվածաշնչի Բառարան, «Պետրոս»

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Պետրոսն ուղղել է այդ թուղթը Եկեղեցու անդամներին, որոնք բնակվում էին մերօրյա Թուրքիայի տարածքում գտնվող Փոքր Ասիայի հինգ հռոմեական նահանգներում (տես Ա Պետրոս 1.1)։ Պետրոսը համարել է իր ընթերցողներին Աստծո «ընտրված[ներ]» (Ա Պետրոս 1.1)։ Նա գրել է, որպեսզի զորացնի և քաջալերի Սրբերին «[իրենց] հաւատքի փորձառությ[ան]» մեջ (Ա Պետրոս 1.7) և պատրաստի նրանց գալիք «բորբոքուած նեղութ[յանը] (Ա Պետրոս 4.12)։ Պետրոսի ուղերձը նաև նրանց սովորեցրել է ինչպես արձագանքել հալածանքին (տես Ա Պետրոս 2.19–23, 3.14–15, 4.13

Պետրոսի խորհուրդը ճիշտ ժամանակին էր, քանի որ Եկեղեցու անդամները շուտով պատրաստվում էին մտնել սաստկացած հալածանքի ժամանակաշրջան։ Մինչև Ք.հ. 64 թվականը, մոտավորապես այն ժամանակ, երբ Պետրոսը գրեց այս թուղթը, հռոմեական կառավարությունն ընդհանուր առմամբ հանդուրժում էր քրիստոնեությունը։ Այդ տարվա հուլիսին հրդեհը կործանեց Հռոմի մեծ մասը և խոսակցություն կար, որ հենց ինքը` Ներոն կայսրն էր հրամայել հրդեհել Հռոմը։ Փորձելով խուսափել այդ աղետի մեջ մեղադրվելուց, որոշ հանրահայտ հռոմեացիներ մեղադրեցին քրիստոնյաներին հրդեհի բռնկման մեջ։ Սա հանգեցրեց քրիստոնյաների ուժգին հալածանքին ողջ Հռոմեական կայսրությունում։ Պետրոսը նշել է, որ երբ Սրբերը «ինչպէս Քրիստոնեայ չարչար[վեն]» (Ա Պետրոս 4.16), նրանք կարող են զգալ ուրախություն՝ իմանալով, որ քայլում են Հիսուս Քրիստոսի հետքերով (տես Ա Պետրոս 2.19–23, 3.15–18, 4.12–19

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Իր ժամանակի Սրբերին, ովքեր բախվում էին նեղությունների և հալածանքի, Պետրոսը հորդորել է միմյանց հետ վարվել սիրով ու նրբանկատությամբ (տես Ա Պետրոս 1.22, 3.8–9)։ Բացի այդ, մենք կարդում ենք Ա Պետրոս 5 գլխում, որ Պետրոսը բացատրել է, թե Եկեղեցու ղեկավարները ինչպես պետք է զորացնեն իրենց համայնքները։

Այս թուղթը պարունակում է, թերևս, ամենապարզ աստվածաշնչյան ակնարկները հոգևոր աշխարհի և այնտեղ տեղի ունեցող փրկության աշխատանքի մասին։ Պետրոսը համառոտ նշել է, որ Հիսուս Քրիստոսն այցելել էր հոգևոր աշխարհը՝ քարոզելու այն անհնազանդ հոգիներին, որոնք ապրել էին Նոյի ժամանակ (տես Ա Պետրոս 3.18–20)։ Նա ավելացրել է, որ ավետարանը քարոզվել է մահացածներին, որպեսզի նրանք ստանան ողջերի հետ հավասար պայմաններով դատվելու հնարավորությունը (տես Ա Պետրոս 4.5–6)։ Մեր տնտեսությունում Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհում էր Ա Պետրոս 3.18–20 և Ա Պետրոս 4.6 հատվածների նշանակության մասին, երբ նա ստացավ հոգևոր աշխարհի վերաբերյալ վարդապետություններ պարզաբանող մի հայտնություն (տես ՎևՈւ 138

Համառոտ շարադրանք

Ա Պետրոս 1.1–2.10։ Պետրոսը գրում է Սրբերի հոգևոր աճի կարիքի մասին՝ հավերժական պարգևները ստանալու համար: Փրկության խոստումը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի արյան թանկ գնով: Սրբերը «ընտիր ազգ … թագաւորական քահանայութիուն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ» են (Ա Պետրոս 2.9), ովքեր ստացել են Աստծո ողորմածությունը։

Ա Պետրոս 2.11–3.12։ Հիսուս Քրիստոսի աշակերտները ձգտում են հարգել բոլոր մարդկանց և հնազանդվել քաղաքացիական իշխանություններին և օրենքներին։ Պետրոսը դիմում է Սրբերի հատուկ խմբերին՝ ազատ քաղաքացիներին, ծառաներին, կանանց և ամուսիններին։

Ա Պետրոս 3.13–5.14։ Երբ հալածանքը Սրբերի տառապանքի պատճառ է դառնում, նրանք պետք է հիշեն Հիսուս Քրիստոսի օրինակը, ով տառապեց և ապա ստացավ վեհացում։ Հիսուս Քրիստոսն ավետարանը քարոզել է մահացածներին, որպեսզի նրանք կարողանան ստանալ արդար դատաստան։ Եկեղեցու ղեկավարներ հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին` Աստծո հոտի մասին հոգալիս։ Սրբերը պիտի խոնարհվեն և իրենց հոգսերը հանձնեն Աստծուն։