Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 64


Բաժին 64

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Եկեղեցու երեցներին, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. սեպտեմբերի 11-ին (History of the Church, 1.211–214): Մարգարեն պատրաստվում էր տեղափոխվել Հայրամ, Օհայո, վերսկսելու Աստվածաշնչի թարգմանության իր աշխատանքը, որը մի կողմ էր դրվել, մինչ նա Միսսուրիում էր: Մի խումբ եղբայրներ, որոնց պատվիրվել էր ճամփորդել դեպի Սիոն (Միսսուրի), լրջորեն զբաղված էին հոկտեմբերին մեկնելու պատրաստություն տեսնելով: Հայտնությունն ստացվեց այս զբաղված ժամանակ:

1–11՝ Սրբերին պատվիրվում է ներել միմյանց, չլինի թե նրանց մեջ մնա ավելի մեծ մեղք. 12–22՝ Չապաշխարողները պետք է բերվեն Եկեղեցու առաջ. 23–25՝ Նա, ով տասանորդ է տալիս, չի այրվի Տիրոջ գալստի ժամանակ. 26–32՝ Սրբերին զգուշացվում է խուսափել պարտքից. 33–36՝ Ապստամբները կարտաքսվեն Սիոնից. 37–40՝ Եկեղեցին կդատի ազգերին. 41–43՝ Սիոնը պիտի ծաղկի.

1 Ահա, այսպես է ասում ձեզ Տերը՝ ձեր Աստվածը. Ով իմ եկեղեցո՛ւ երեցներ, ականջ դրեք և լսեք, և ընդունեք իմ կամքը ձեր վերաբերյալ:

2 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես կամենում եմ, որ դուք հաղթեք աշխարհին. ուստի ես գութ կունենամ ձեր վրա:

3 Ձեր մեջ կան ոմանք, ովքեր մեղանչել են. բայց ճշմարիտ ասում եմ, այս անգամ միայն, իմ փառքի համար, և հոգիների փրկության համար, ես ներել եմ ձեզ՝ ձեր մեղքերը:

4 Ես ողորմած կլինեմ ձեր հանդեպ, քանզի ձեզ եմ տվել արքայությունը:

5 Եվ արքայության խորհուրդների բանալիները չեն վերցվի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերից, իմ սահմանած ձևով, քանի դեռ նա ապրում է, որքան որ նա կհնազանդվի իմ արարողություններին:

6 Կան ոմանք, ովքեր մեղադրանք են փնտրել նրա դեմ, առանց պատճառի.

7 Այնուամենայնիվ, նա մեղանչել է. բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես՝ Տերս, ներում եմ մեղքերը նրանց, ովքեր խոստովանում են իրենց մեղքերն իմ առաջ և ներում են խնդրում, ովքեր չեն մեղանչել ի մահ:

8 Իմ աշակերտները, հին օրերում, մեղադրանք էին փնտրում մեկմեկու դեմ և միմյանց չէին ներում իրենց սրտերում. և այս չարիքի համար նրանք չարչարվեցին և դառնորեն խրատվեցին:

9 Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց. քանզի, ով իր եղբորը չի ներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում:

10 Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց:

11 Եվ դուք պետք է ասեք ձեր սրտերում. Թող Աստված դատի իմ և քո միջև, և հատուցի քեզ՝ քո գործերի համեմատ:

12 Եվ նրան, ով չի ապաշխարում իր մեղքերից, և չի խոստովանում դրանք, դուք պետք է բերեք եկեղեցու առաջ և վարվեք նրա հետ, ինչպես սուրբ գրքերն են ասում ձեզ՝ թե՛ պատվիրանով և թե՛ հայտնությամբ:

13 Եվ դուք դա պետք է անեք, որպեսզի Աստված փառավորվի,– ոչ թե, որովհետև դուք չեք ներում, չունենալով գութ, այլ որ դուք կարողանաք արդարացվել օրենքի աչքում, որպեսզի դուք չմեղանչեք նրա դեմ, ով ձեր օրենսդիրն է,–

14 Ճշմարիտ ասում եմ, որ այդ պատճառով դուք պետք է անեք դրանք:

15 Ահա, ես՝ Տերս, բարկացած էի նրա վրա, ով իմ ծառան էր՝ Էզրա Բութը, և նաև իմ ծառա Իսահակ Մորլին, քանզի նրանք չպահեցին ոչ օրենքը, ոչ էլ պատվիրանը.

16 Նրանք չարիք փնտրեցին իրենց սրտերում, և ես՝ Տերս, ետ պահեցի իմ Հոգին: Նրանք որպես չարիք դատապարտեցին այն, ինչի մեջ չկար չարիք. այնուամենայնիվ, ես ներել եմ իմ ծառա Իսահակ Մորլիին:

17 Եվ նաև իմ ծառա Էդվարդ Պատրիջը, ահա, նա մեղանչել է, և Սատանան փնտրում է կործանել նրա հոգին. բայց երբ այդ ամենը հայտնի դարձվի նրանց, և նրանք ապաշխարեն այդ չարիքից, նրանք կներվեն:

18 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ, որ ինձ նպատակահարմար է, որ իմ ծառա Սիդնի Գիլբերտը մի քանի շաբաթ անց վերադառնա իր գործին և իր գործակալությանը՝ Սիոնի հողում.

19 Եվ որ այն, ինչ նա տեսել և լսել է, հայտնի դարձվի իմ աշակերտներին, որպեսզի նրանք չկորչեն: Եվ այս նպատակով եմ ես խոսել այդ բաները:

20 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Որպեսզի իմ ծառա Իսահակ Մորլին չգայթակղվի նրանից վեր, ինչ կարող է տանել, և սխալ խորհուրդ տա, ի վնաս ձեզ, ես պատվիրան տվեցի, որ նրա ագարակը վաճառվի:

21 Ես չեմ կամենում, որ իմ ծառա Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը վաճառի իր ագարակը, քանզի ես՝ Տերս, կամենում եմ մի ամրոց պահպանել Կիրթլենդի հողում, հինգ տարվա ընթացքում, որի ժամանակ ես չեմ տապալի ամբարիշտներին, որ այդպիսով, կարողանամ փրկել մի քանիսի:

22 Եվ այդ օրվանից հետո, ես՝ Տերս, մեղավոր չեմ համարի որևէ մեկի, ով բաց սրտով կգնա Սիոնի հողը. քանզի ես՝ Տերս, պահանջում եմ մարդկանց զավակների սրտերը:

23 Ահա, ներկան կոչվում է այսօր, մինչև Մարդու Որդու գալուստը, և ճշմարիտ որ, սա զոհաբերության օր է, և իմ ժողովրդի տասանորդը տալու օր. քանզի նա, ով տասանորդ է տալիս, չի այրվի նրա գալստի ժամանակ:

24 Քանզի այսօրվանից հետո գալիս է այրումը,– սա՝ խոսելով Տիրոջ ձևով,– քանզի ճշմարիտ ես ասում եմ, որ վաղը, բոլոր հպարտները և բոլոր նրանք, ովքեր ամբարշտորեն են գործում, հարդի պես կլինեն. և ես կայրեմ նրանց, քանզի ես Զորաց Տերն եմ. և ես չեմ խնայի ոչ ոքի, ով մնում է Բաբելոնում:

25 Ուստի, եթե դուք հավատում եք ինձ, դուք կաշխատեք, քանի դեռ կոչվում է այսօր:

26 Եվ լավ չէ, որ իմ ծառաները՝ Նյուել Ք. Ուիթնին և Սիդնի Գիլբերտը վաճառեն իրենց վաճառատունն ու իրենց ունեցվածքն այստեղ. քանզի դա իմաստություն չէ, մինչև որ մնացածը եկեղեցու, որը մնացել է այս վայրում, չգնա Սիոնի հողը:

27 Ահա, իմ օրենքներում ասված է, կամ արգելված է պարտքի տակ ընկնել թշնամիներից.

28 Բայց ահա, երբևէ չի ասվել, որ Տերը չպետք է վերցնի, երբ կամենում է, և վճարի, ինչպես իրեն բարի է թվում:

29 Ուստի, քանի որ դուք գործակալներ եք, դուք Տիրոջ հանձնարարության տակ եք. և ինչ էլ որ դուք անեք Տիրոջ կամքի համաձայն, Տիրոջ գործն է:

30 Եվ նա ձեզ նշանակել է, որ իր սրբերին ապահովեք այս վերջին օրերին, որ նրանք կարողանան ժառանգություն ստանալ Սիոնի հողում:

31 Եվ ահա, ես՝ Տերս, հայտարարում եմ ձեզ, և իմ խոսքերը հաստատուն են ու անխափան, այնպես որ նրանք ստանալու են այն:

32 Սակայն բոլոր բաները պետք է լինեն իրենց ժամանակին:

33 Ուստի, մի՛ ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է:

34 Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին:

35 Իսկ ապստամբները պիտի կտրվեն Սիոնի հողից, և պիտի դուրս քշվեն, և չպիտի ժառանգեն հողը:

36 Քանզի, ճշմարիտ ասում եմ, որ ապստամբները Եփրեմի արյունից չեն, ուստի նրանք պիտի արմատախիլ արվեն:

37 Ահա, ես՝ Տերս, այս վերջին օրերին իմ եկեղեցին դարձրել եմ, ինչպես բլրին կամ բարձր տեղ նստած մի դատավոր, ազգերին դատելու համար:

38 Քանզի կլինի այնպես, որ Սիոնի բնակիչները կդատեն Սիոնին վերաբերող բոլոր բաները:

39 Եվ ստախոսներն ու կեղծավորները կբացահայտվեն նրանց կողմից, և նրանք, ովքեր առաքյալներ ու մարգարեներ չեն, պիտի իմացվեն:

40 Եվ անգամ եպիսկոպոսը, որը դատավոր է, և նրա խորհրդականները, եթե նրանք հավատարիմ չեն իրենց տնտեսության մեջ, պիտի դատապարտվեն, և ուրիշները պիտի դրվեն նրանց տեղում:

41 Քանզի, ահա, ես ասում եմ ձեզ, որ Սիոնը պիտի ծաղկի, և Տիրոջ փառքը պիտի լինի նրա վրա.

42 Եվ նա մի դրոշ պիտի լինի մարդկանց համար, և երկնքի տակի բոլոր ազգերից պիտի գան դեպի նա:

43 Եվ կգա օրը, երբ երկրի ազգերը կդողան նրա պատճառով և կվախենան նրա ահեղներից: Տերն է ասել դա: Ամեն: