Սուրբ գրություններ
Պաշտոնական հայտարարություն 1


Պաշտոնական հայտարարություն–1

Ի գիտություն բոլոր հետաքրքրվողների.

Սոլթ Լեյք Սիթիից քաղաքական նպատակներով ուղարկված մամուլի հաղորդագրությունները, որոնք լայնորեն հրատարակվել են, ազդարարելով, որ Յուտայի Հանձնաժողովը Ներքին Գործերի Քարտուղարին ուղղած իր հաշվետվության մեջ պնդում է, որ բազմամուսնությունները դեռևս հանդիսավորությամբ կատարվում են, և որ հունիս ամսից ի վեր, կամ անցյալ տարվա ընթացքում, քառասուն կամ ավելի նմանատիպ ամուսնություններ են կնքվել Յուտայում, նաև, որ հասարակական բանախոսություններում Եկեղեցու ղեկավարներն ուսուցանում, քաջալերում և պնդում են, որ շարունակվի բազմակնության սովորությունը,–

Հետևաբար, ես՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ, սույն փաստաթղթով հանդիսավոր ձևով հայտարարում եմ, որ նման մեղադրանքները կեղծ են: Մենք չենք ուսուցանում բազմակնություն, կամ բազմամուսնություն, ոչ էլ թույլ ենք տալիս որևէ մեկի շարունակել այն, և ես ժխտում եմ, որ այդ ժամանակամիջոցում քառասուն կամ որևէ այլ թվով բազմամուսնություններ են հանդիսավորվել մեր Տաճարներում կամ Տարածքի որևէ այլ վայրում:

Հաղորդվել է մի դեպքի մասին, որի մասնակից կողմերը պնդում են, որ ամուսնություն է կատարվել Օժտման Տանը, Սոլթ Լեյք Սիթիում, 1889-ի գարնանը, սակայն ինձ չի հաջողվել իմանալ, թե ով է կատարել այդ արարողությունը. այն, ինչ կատարվել է այս դեպքում, եղել է առանց իմ գիտության: Հիշատակված դիպվածի հետևանքով, իմ հրահանգներով, Օժտման Տունն անմիջապես քանդվել է:

Քանի որ Կոնգրեսի կողմից բազմամուսնություններն արգելող օրենքներ են ընդունվել, օրենքներ, որոնք սահմանադրական են հռչակվել վերջին ատյանի դատարանով, սույնով ես հայտարարում եմ իմ դիտավորությունը՝ հնազանդվել այդ օրենքներին և օգտագործել իմ ազդեցությունն այս Եկեղեցու անդամների վրա, որտեղ ես նախագահում եմ, որ նրանք նույն կերպ վարվեն:

Եկեղեցուն ուղղված իմ ուսմունքներում կամ իմ գործընկերների ուսմունքներում, նշված ժամանակաընթացքում, չի եղել ոչինչ, որը տրամաբանորեն հնարավոր լիներ մեկնաբանել բազմակնությունն արմատավորող կամ քաջալերող. և եթե Եկեղեցու որևէ Երեց երբևէ այնպիսի արտահայտություն է օգտագործել, որն, ըստ երևույթին, նման ուսմունք է հաղորդել, նա անմիջապես հանդիմանվել է: Եվ այժմ, ես հրապարակավ հայտարարում եմ, որ իմ խորհուրդն է Վերջին Օրերի Սրբերին՝ հեռու մնալ որևէ ամուսնություն կնքելուց, որն արգելված է երկրի օրենքով:

Վիլֆորդ Վուդրուֆ՝

Հիսուս Քրիստոսի
Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ:

Նախագահ Լորենցո Սնոուն ներկայացրեց հետևյալը.

10 «Առաջարկում եմ, որ ընդունելով Վիլֆորդ Վուդրուֆին որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ և ներկայումս միակ մարդը երկրի վրա, որը կրում է կնքման արարողությունների բանալիները, մենք համարենք նրան լիովին իրավասու՝ իր պաշտոնի առաքինությամբ հրապարակելու Հռչակագիրը, որը կարդացվեց մեր ներկայությամբ, և որը գրանցված է 1890թ. սեպտեմբերի 24-ի ամսաթվով, և որ, որպես Եկեղեցի, Գերագույն համաժողովում հավաքված, մենք ընդունենք բազմամուսնության վերաբերյալ նրա հայտարարությունը, որպես լիազորված և պարտավորեցնող»:

Առաջարկությունը հաստատելու քվեարկությունն անցավ միաձայն:

Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, 1890թ. հոկտեմբերի 6:

Քաղվածքներ Հռչակագրի վերաբերյալ
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի
երեք ելույթներից

Տերը երբեք թույլ չի տա, որ ես կամ որևէ այլ մարդ, որը կանգնած է որպես այս Եկեղեցու Նախագահ, մոլորեցնի ձեզ: Դա ընգրկված չէ ծրագրի մեջ: Դա Աստծո մտադրությունը չէ: Եթե ես փորձեի դա անել, Տերն ինձ կհեռացներ իմ տեղից, և նույնը նա կանի որևէ այլ մարդու հետ, որը կփորձի մարդկանց զավակներին հեռացնել Աստծո պատգամներից և իրենց պարտականություններից: (Եկեղեցու վաթսունմեկերորդ կիսամյա Գերագույն համաժողով, 1890թ. հոկտեմբերի 6, երկուշաբթի, Սոլթ Լեյք Սիթի, Յուտա: Տպագրվել է «Deseret Evening News» լրագրում, 1890թ. հոկտեմբերի 11, էջ 2):

Նշանակություն չունի, թե ով է ապրում կամ ով է մեռնում, կամ ով է կանչված առաջնորդելու այս Եկեղեցին, նրանք պետք է այն առաջնորդեն Ամենազոր Աստծո ոգեշնչմամբ: Եթե նրանք չեն անում այդ ձևով, ապա չեն կարողանա անել դա ընդհանրապես….

Վերջերս մի քանի հայտնություններ եմ ստացել՝ շատ կարևոր ինձ համար, և ես կպատմեմ ձեզ, թե ինչ է ասել ինձ Տերը: Թույլ տվեք ձեր միտքն ուղղել նրան, ինչը կոչում ենք հռչակագիր….

Տերը խնդրել է ինձ մի հարց տալ Վերջին Օրերի Սրբերին, և Նա ասել է նաև, որ եթե նրանք լսեն, թե ինչ եմ ես ասում նրանց և Աստծո Հոգով ու զորությամբ պատասխանեն իրենց տրված հարցին, ապա բոլորը կպատասխանեն միևնույն ձևով, և նրանք բոլորը միևնույն ձևով կհավատան, ինչ վերաբերում է այս խնդրին:

Հարցը հետևյալն է. Ո՞րն է ամենաիմաստուն ուղին, որին պետք է հետամուտ լինեն Վերջին Օրերի Սրբերը,– շարունակել բազմամուսնություն կիրառելու փորձերը, ունենալով երկրի օրենքները դրա դեմ և վաթսուն միլիոն ժողովրդի ընդդիմությունը, և որի հետևանքն է բոլոր Տաճարների բռնագրավումն ու կորուստը, և թե՛ ապրողների, թե՛ մահացածների համար դրանցում կատարվող բոլոր արարողությունների դադարեցումը, և Առաջին Նախագահության ու Տասներկուսի և Եկեղեցու ընտանիքների ղեկավարների բանտարկումը, և ժողովրդի մասնավոր սեփականության բռնագրավումը (որն ինքնին կդադարեցներ այդ գործունեությունը). թե՞, նրանից հետո, ինչ մենք արել ենք ու տառապել, ինչը եղել է այդ սկզբունքին կառչած մնալու հետևանքով, դադարեցնել այդ գործունեությունը և ենթարկվել օրենքին, և այդպիով թողնել, որ Մարգարեները, Առաքյալները և հայրերը մնան տանը, որպեսզի նրանք հրահանգեն ժողովրդին և մասնակցեն Եկեղեցական պարտականություններին, և նաև թողնել, որ Տաճարները մնան Սրբերի ձեռքում, այնպես որ նրանք կարողանան մասնակցել Ավետարանի արարողություններին՝ թե՛ ապրողների, թե՛ մահացածների համար:

Տերն ինձ տեսիլքով ու հայտնությամբ ճշգրիտ ցույց տվեց, թե ինչ տեղի կունենար, եթե մենք չդադարեցնեինք այդ գործունեությունը: Եթե մենք չդադարեցնեինք այն, դուք այս մարդկանցից ոչ մեկի կարիքը չէիք ունենա…. Լոգանի այս տաճարում. քանզի բոլոր արարողությունները կդադարեցվեին ողջ Սիոնի հողով մեկ: Խառնաշփոթություն կտիրեր Իսրայելով մեկ, և շատ մարդիկ կբանտարկվեին: Այս անախորժությունը կգար ողջ Եկեղեցու վրա, և մենք ստիպված կլինեինք դադարեցնել այդ գործունեությունը: Արդ, հարցը սա է, արդյոք այն պիտի դադարեցվի նման ձևով, թե այն ձևով, ինչպես Տերն է հռչակել մեզ, և թույլ տրվի, որ մեր Մարգարեներն ու Առաքյալները և հայրերը մնան ազատ մարդիկ, իսկ տաճարները՝ ժողովրդի ձեռքին, այնպես որ մահացածներին հնարավոր լինի փրկագնել: Արդեն այս ժողովրդի միջոցով բավական մեծ թվով մահացածներ են ազատվել հոգիների աշխարհի բանտից, և արդյոք աշխատանքը պետք է շարունակվի, թե՞ դադարեցվի: Սա է այն հարցը, որը ես դնում եմ Վերջին Օրերի Սրբերի առաջ: Դուք ինքներդ պետք է դատեք: Ես ցանկանում եմ, որ դուք ինքներդ պատասխանեք: Ես չեմ տա դրա պատասխանը. բայց ասում եմ ձեզ, որ սա է իրական այն իրավիճակը, որում մենք կհայտնվեինք, որպես ժողովուրդ, եթե ընտրած չլինեինք այս ուղին:

….Ես ճշգրիտ տեսա, թե ինչ տեղի կունենար, եթե ոչինչ չարվեր: Այս հոգին ինձ վրա էր երկար ժամանակ: Բայց ես ուզում եմ ասել հետևյալը. Ես թույլ կտայի բոլոր տաճարները գնային մեր ձեռքից. ես ինքս կգնայի բանտ և կթողնեի, որ մյուս բոլոր տղամարդիկ գնային այնտեղ, եթե երկնքի Աստվածն ինձ պատվիրած չլիներ անել այն, ինչ ես արեցի. և երբ եկավ ժամը, երբ ինձ պատվիրվեց անել այն, ինձ համար ամեն ինչ պարզ էր: Ես գնացի Տիրոջ առաջ և գրեցի այն, ինչ Տերը պատվիրեց ինձ գրել….

Ես թողնում եմ ձեզ, որ դուք խորհեք և մտածեք: Տերը գործակից է մեզ: (Քեյչ ցցի համաժողով, Լոգան, Յուտա, 1891թ. նոյեմբերի 1, կիրակի: Տպագրվել է «Deseret Weekly» շաբաթաթերթում, 1891թ. նոյեմբերի 14-ին):

Այժմ ես կասեմ ձեզ, թե ինչ էր հայտնի դարձվել ինձ և ինչ արեց Աստծո Որդին այս բանով…. Ինչպես կենդանի է Ամենազոր Աստված, բոլոր այս բաները տեղի կունենային, եթե այդ Հռչակագիրը չտրվեր: Ուստի, Աստծո Որդին հարկ համարեց այդ բանը ներկայացնել Եկեղեցուն և աշխարհին՝ նպատակ ունենալով իր մտքում: Տերը հռչակել էր Սիոնի հաստատումը: Նա հռչակել էր այս տաճարի ավարտը: Նա հռչակել էր, որ ապրողների և մահացածների փրկությունը պիտի տրվի սարերի այս հովիտներում: Եվ Ամենազոր Աստված հռչակեց, որ Դևը չպետք է այն խափանի: Եթե կարողանաք ըմբռնել, սա է բանալին: (Սոլթ Լեյքի Տաճարի նվիրագործման վեցերորդ նիստի ելույթից, 1893թ. ապրիլ: Նվիրագործման ծառայությունների մեքենագրություններից, Արխիվներ, Եկեղեցու Պատմական Բաժանմունք, Սոլթ Լեյք Սիթի, Յուտա):