Գրադարան
Մաս 23, Օր 4. Բ Կորնթացիս 4–7


Մաս 23. Օր 4

Բ Կորնթացիս 4–7

Նախաբան

Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ այս կյանքի փորձությունները և չարչարանքները ժամանակավոր և փոքր են հավերժության օրհնությունների համեմատ: Նա նաև ուսուցանել է Կորնթոսի սրբերին դատաստանի մասին և վկայել է, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար հնարավոր է դարձրել Աստծո հետ հաշտությունը: Շարունակելով պաշտպանել իր վարքը որպես Աստծո պաշտոնյա՝ Պողոսը խորհուրդ է տվել սրբերին իրենց հեռու պահել ամեն անիրավությունից և ուրախացել է, որ նրանք զգացել են աստվածային տրտմություն ու ապաշխարել են:

Բ Կորնթացիս 4

Պողոսը վկայում է, որ չի վախենում, ոչ էլ ընկճվում է իր չարչարանքներից:

Նկար
man pushing another man

Ըստ ձեզ՝ ի՞նչ է արտացոլում այս նկարը: Ի՞նչ կարող է մտածել հրվող մարդը իրեն հրող մարդու մասին:

Նկարի ընդլայնված տարբերակը բացահայտում է, որ մարդը հրում է դիմացինին, որ փրկի վրա հասնող ավտոմեքենայից:

Նկար
man pushing another man from street with automobile coming

Ինչպես կարող է իրավիճակին լայն համատեքստում կամ մեծ տեսանկյունից նայելը փոխել ձեր դատողությունը առաջին նկարի մասին:

Բ Կորնթացիս 4 գլխում Պողոս առաքյալը գրել է Կորնթոսի սրբերին, որպեսզի օգնի նրանց տեսնել իրենց նեղություններն ավելի մեծ տեսանկյունից: Ուսումնասիրելով այս գլուխը, մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել Պողոսի ուսուցանածը սրբերին՝ իրենց նեղությունների մասին:

Բ Կորնթացիս 4.1–7 հատվածներում կարդում ենք, թե Պողոսն ինչպես է հավաստիացրել սրբերին, որ ճշմարտապես քարոզել է ավետարանը նրանց: Նա ուսուցանել է, որ Սատանան՝ «այս աշխարհքի աստուածը» (Բ Կորնթացիս 4.4), ջանում է մարդկանց հեռու պահել ավետարանն ընդունելուց: Պողոսը իրեն և իր ծառայակիցներին համեմատում է հողե անոթի հետ, որի մեջ «գանձ» կա՝ «Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը» (Բ Կորնթացիս 4.6–7):

Կարդացեք Բ Կորնթացիս 4.8–9 հատվածները, պարզելով, թե Պողոսը ինչպես է նկարագրում միսիոներական իր ջանքերը:

Ձեր կարծիքով՝ Պողոսն ինչպե՞ս էր կարողանում դրական վերաբերմունք պահպանել այդ փորձությունների ժամանակ:

Բ Կորնթացիս 4.11–14 հատվածներում Պողոսն ուսուցանել է, որ չնայած որ ոմանք կարող է մահանան հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի, նրանց մահը ժամանակավոր կլինի:

Կարդացեք Բ Կորնթացիս 4.14–16 հատվածները, պարզելով, թե ինչ գիտելիք էր Պողոսին օգնում դիմակայել փորձություններին ու հալածանքներին:

«Թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է» արտահայտությունը (Բ Կորնթացիս 4.16) նշանակում է, որ չնայած որ Պողոսն ու իր գործընկերները ֆիզիկապես կարող է մահանային, նրանց հոգին ամեն օր ամրանում էր:

Կարդացեք Բ Կորնթացիս 4.17–18 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ ճշմարտություններ է ուսուցանել սրբերին իրենց փորձությունների ու չարչարանքների վերաբերյալ:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ այս կյանքի մեր փորձություններն ու չարչարանքները փոքր են հավերժության օրհնությունների ու աճի համեմատ, որոնք կտրվեն դրանց հավատարմությամբ դիմակայողներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է կարևոր մեր չարչարանքներին նայել Երկնային Հոր ծրագրի ավելի լայն տեսանկյունից:

    2. Պատահե՞լ է արդյոք տեսնել ինչ-որ մեկին, ով ամուր է եղել փորձություններին դիմակայելիս, որովհետև նայել է իր չարչարանքներին Երկնային Հոր ծրագրի ավելի լայն տեսանկյունից:

Բ Կորնթացիս 5

Պողոսը սրբերին ուսուցանում է դատաստանի և Հիսուս Քրիստոսի Քավության մասին

Վերցրեք թղթի մի կտոր և ծալեք մեջտեղից: Բացեք թուղթը: Մի կեսի վրա գրեք ձեր անունը, մյուս կեսի վրա գրեք Երկնային Հայր: Երբ եկանք երկիր, մենք հեռացանք Երկնային Հոր ներկայությունից: Ճղեք թուղթը մեջտեղից՝ առանձնացնելով երկու մասերը: Մտածեք, թե ինչպես է ճղված թուղթը ներկայացնում, թե ինչ տեղի ունեցավ, երբ լքեցինք Երկնային Հոր ներկայությունը և երկիր եկանք՝ մահկանացու փորձառություն ունենենալու: Բ Կորնթացիս 5 գլխում կարդում ենք Պողոսի ասած մի քանի ճշմարտությունների մասին, որոնք օգնում են հասկանալ, թե ինչ պետք է անենք Երկնային Հոր ներկայություն վերադառնալու համար:

Կարդացեք Բ Կորնթացիս 5.6–10 հատվածները, պարզելով ճշմարտություններ, որոնք մեզ օգնում են աչքի առաջ ունենալ Երկնային Հոր հետ մեր հարաբերությունները: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշագծել կամ գրառում կատարել ձեր գտածի վերաբերյալ:

Ահա երկու ճշմարտություններ, որոնք կարող ենք սովորել այս հատվածներից. Քանի որ մենք բաժանված ենք Աստծուց մահկանացու կյանքում, մենք պետք է քայլենք հավատքով, ոչ թե երևույթով: Յուրաքանչյուրս պետք է դատվենք Հիսուս Քրիստոսի կողմից՝ մահկանացու կյանքում կատարած մեր գործերի համեմատ:

Մտածեք, թե ինչ է նշանակում «հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով» (Բ Կորնթացիս 5.7): Ո՞ւմ գիտեք, ով ապրում է հավատքով, ոչ թե երևույթով:

Մտածեք, թե ինչ ջանքեր պիտի թափեք ձեր կյանքում, որպեսզի «հաճոյ լինեք [Տիրոջը]» (Բ Կորնթացիս 5.9):

Կարդացեք Բ Կորնթացիս 5.15–16 հատվածները, պարզելով, թե Քավության պատճառով ինչ են անում Հիսուս Քրիստոսի հետևորդները: Կարդացեք նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Բ Կորնթացիս 5.16 (անգլերեն աստվածաշնչում 2 Corinthians 5.16, ծանոթագրություն a): «Այլևս չենք ապրում ըստ մարմնի» արտահայտությունը նշանակում է՝ մենք թողնում ենք աշխարհիկ կյանքը:

Ձեր անունով թղթի կտորի վրա գրեք, թե ըստ ձեր սովորածի՝ ինչպե՞ս պիտի ապրեն Հիսուս Քրիստոսի հետևորդները:

Կարդացեք Բ Կորնթացիս 5.17–19, պարզելով, թե Հիսուս Քրիստոսի Քավությունը ինչպես կարող է օգնել մեզ վերադառնալ Երկնային Հոր ներկայությունը: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշագծել կամ գրառում կատարել ձեր գտածի վերաբերյալ:

«Երկնային Հայր» գրված թղթի կտորի վրա գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք նոր ստեղծված մարդիկ դառնալ և հաշտվել Աստծո հետ:

Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «նոր ստեղծուած» դառնալ (Բ Կորնթացիս 5.17):

Միացրեք թղթի երկու կտորները միմյանց: Աստծո հետ հաշտվել նշանակում է, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք փոխվել և մաքրվել, այսինքն՝ նոր ստեղծված անձ դառնալ, որպեսզի վերադառնանք ապրելու Երկնային Հոր ներկայության մեջ:

Բ Կորնթացիս 5.20–21 հատվածներում կարդում ենք, որ Պողոսն իրեն և իր հետ ուսուցանողներին անվանում է «Քրիստոսի պատգամավորներ» և սրբերին հորդորում է հաշտվել Աստծո հետ:

Բ Կորնթացիս 6

Պողոսը նկարագրում է Աստծո պաշտոնյաների բնութագիրը և սրբերին խորհուրդ է տալիս դուրս մնալ չար ընկերություններից

Երբևէ եղե՞լ է, որ ձեզ ծաղրեն կամ քննադատեն ուրիշներին ծառայելու կամ օգնություն ցուցաբերելու համար: Բ Կորնթացիս 6.1–13 հատվածներում կարդում ենք, թե Պողոսն ինչպես է խրախուսել սրբերին որպես Աստծո պաշտոնյաներ համբերատար լինել և գայթակղության առիթ չտալ, անգամ եթե նրանց հանդեպ անգութ են վերաբերվում:

Բ Կորնթացիս 6.14–18 հատվածներում տեղեկանում ենք, որ Պողոսը սրբերին ուսուցանել է իրենց հեռու պահել անարդարությունից:

Լրացրեք հետևյալ աղյուսակը՝ կարդալով Բ Կորնթացիս 6.14–18 հատվածներն ու թվարկելով Պողոսի խորհուրդներն ու հարակից խոստումները.

Խորհուրդ սրբերին

Տիրոջ խոստումները

Բ Կորնթացիս 6.15 հատվածի միաբանություն բառը նշանակում է ներդաշնակության մեջ լինել, Բելիարը նշանակում է ամբարշտություն (տես Bible Dictionary, «Belial»), և անհավատ բառը ակնարկում է նրանց, ովքեր հավատում էին կեղծ աստվածների: Վաղ քրիստոնյաների համար ոչ քրիստոնյաները անհավատ էին համարվում:

«Բաժանուեցէք» և «պիղծ բաների մի դպչիք» արտահայտությունները (17 հատվածում) զգուշացումներ են՝ հեռու մնալ կռապաշտներից ու նրանց սովորություններից և կիրառելի է նաև մեր օրերի համար: «Պողոսը Կորնթոսի սրբերին համեմատել է «կենդանի Աստուծոյ տաճարի» հետ (Բ Կորնթացիս 6.16): Այնուհետև, նա նրանց հորդորել է կռապաշտողներից հեռու մնալ և չմասնակցել նրանց «պիղծ» գործերին (տես Եսայիայի 52.11): Այս ուսմունքներով Պողոսը վերահաստատել է Աստծո հին ժողովրդին տված խոստումը, որ եթե «դուրս գան» ամբարիշտների միջից, Աստված կբնակվի նրանց մեջ ու նրանց Աստվածը կլինի (Բ Կորնթացիս 6.17, տես նաև … Երեմիա 32.38 և Եզեկիել 11.19–20)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 402): Պողոսը առանձնապես զգուշացրել է անդամներին խուսափել ամեն տեսակի կեղծ երկրպագությունից, կռապաշտությունից ու կեղծ սովորույթներից, ճիշտ ինչպես Հին Կտակարանն էր ժողովրդին սովորեցնում, որ պաշտեն Աստծուն և դառնան նրա ընտրյալ ժողովուրդը՝ մերժելով մյուս բոլոր աստվածներին:

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել Բ Կորնթացիս 6.14–18 հատվածներից, այն է, որ երբ հեռու մնանք կեղծ սկզբունքներից ու անմաքուր գործերից, Տերը կընդունի մեզ: (Այդ սկզբունքը չի ենթադրում, որ կոպիտ վերաբերվենք այլ հավատքի պատկանողների հետ, ոչ էլ, որ հրաժարվենք շփվել նրանց հետ):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Մեր օրերում ի՞նչ է նշանակում հեռու մնալ կեղծ սովորույթներից ու անմաքուր գործերից: (Տես ՎևՈւ 1.15–16):

    2. Պատահե՞լ է արդյոք, որ ձեզ օրհնված եք զգացել, երբ հեռու եք մնացել մի իրավիճակից, որը կարող էր հեռացնել ձեզ Տիրոջից:

Բ Կորնթացիս 7

Պողոսն ուրախանում է սրբերի ճշմարիտ ապաշխարության համար

Բ Կորնթացիս 7 գլխում Պողոս առաքյալը բացատրել է, որ մինչ նա իր միսիոներական գործընկերների հետ ծանր նեղությունների մեջ չարչարվում էր Մակեդոնիայում, Տիտոսը Կորնթոսից լուր էր բերել, որը Պողոսին ուրախություն ու մխիթարություն էր պատճառել: Մինչ այդ Պողոսը Կորնթոսի սրբերին նամակ էր ուղարկել՝ ապաշխարության կանչելով նրանց, իսկ Տիտոսը պատմեց նրան Եկեղեցու անդամների արձագանքի մասին:

Կարդացեք Բ Կորնթացիս 7.8–10 հատվածները, պարզելով, թե Կորնթոսի սրբերը ինչպես էին արձագանքել Պողոսի նամակին:

Ինչո՞ւ էր Պողոսն ուրախություն ապրել այն բանի համար, որ սրբերը տրտմել էին իր նամակից:

Մտածեք, թե արդյոք ձեր մեղքերի համար զգացած տրտմությունը աստվածայի՞ն տրտմություն է, որը «ապաշխարութիւն է գործում փրկութեան համար», թե «աշխարհքի տրտմութիւն» է (Բ Կորնթացիս 7.10), որը նշանակում է ափսոսալ, որ ձեր մեղքը բացահայտվել է կամ ստիպված եք տանել ձեր սխալի հետևանքները:

Կարդացեք Բ Կորնթացիս 7.11 հատվածը, պարզելով, թե ինչ փոփոխություններ են սրբերը կատարել իրենց կյանքում այն բանի շնորհիվ, որ աստվածային տրտմությունը նրանց օգնել է ապաշխարել:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Բ Կորնթացիս 4–7 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.