Գրադարան
Մաս 18, Օր 3. Գործք 9


Մաս 18. Օր 3

Գործք 9

Նախաբան

Հիսուսը հայտնվեց Սողոսին (ով հետո կոչվելու էր Պողոս), երբ նա ճամփորդում էր Դամասկոս, որից հետո Սողոսը կուրացավ։ Անանիայի կողմից բժշկվելուց հետո Սողոսը մկրտվեց և սկսեց քարոզել Դամասկոսում: Սողոսը հետագայում գնաց Երուսաղեմ և այնտեղ միացավ աշակերտներին, բայց երբ Երուսաղեմի հույն հրեաները սպառնացին Սողոսի կյանքին, Առաքյալներն ուղարկեցին նրան Տարսոն։ Պետրոսը հրաշքներ գործեց Լիվդիայում և Յոպպեում։

Գործք 9.1–9

Հիսուսը հայտնվում է Սողոսին դեպի Դամասկոս տանող ճանապարհին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, որ մենք պետք է ներենք.

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Մեզանից շատերի մեջ կա ինչ-որ բան, որը չի թողնում ներել կամ մոռանալ կյանքում նախկինում կատարած մեր և ուրիշի սխալները։ Դա լավ չէ։ Դա քրիստոնյային վայել չէ։ Այն գտնվում է սաստիկ հակադրության մեջ Հիսուս Քրիստոսի Քավության վեհության և փառահեղության հետ։ …

«Թող մարդիկ ապաշխարեն։ Թող մարդիկ աճեն։ Հավատացեք, որ մարդիկ կարող են փոխվել և ավելի լավը դառնալ։ Սա հավա՞տք է: Այո՜: Սա հո՞ւյս է: Այո՜: Սա գթությո՞ւն Է: Այո՜: Նախ և առաջ, դա գթությունն է` Քրիստոսի մաքուր սերը» (“The Best Is Yet to Be,” Ensign, Jan. 2010, 25–26)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որո՞նք են մի քանի իրավիճակները, որոնցում ձեզ համար կարևոր կլիներ թույլ տալ ուրիշներին փոխվել և ավելի լավը դառնալ և հավատալ, որ նրանք կարող են անել այդպես։

    2. Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր հավատալ, որ կարող եք փոխվել և ավելի լավը դառնալ:

Երբ ուսումնասիրեք Գործք 9 գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք մենք կարող ենք սովորել` փոխված և ավելի լավը դարձած մարդու փորձառությունից։

Գործք 9 գլխի մեծ մասը կենտրոնանում է Սողոս անունով մարդու փորձառությունների վրա։ «Սողոսը ծնվել է Տարսոնում՝ Կիլիկիայի հունական քաղաքում (տես Գործք 21.39): Նա ծնունդով Հռոմի քաղաքացի էր (տես Գործք 16.37) և խոսել է «Եբրայեցիների լեզուով» (հավանաբար՝ արամերեն) և հունարեն (Գործք 21.37–40)։ Նա Բենիամինի ցեղի հրեա (տես Հռովմեացիս 11.1) և բարեպաշտ փարիսեցի էր (տես Գործք 23.6), ով եռանդուն հետապնդեց և չարչարեց Հիսուս Քրիստոսի հետևորդներին (տես Գործք 9.1–2)։ Նա ավելի ուշ հայտնի դարձավ իր լատինական Պողոս անունով [տես Գործք 13.9]» (Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 294)։ Սողոսը կրթություն է ստացել Երուսաղեմում Գամաղիէլից (տես Գործք 22.3), ով եղել է հայտնի փարիսեցի և հրեական օրենքի հարգված ուսուցիչ (տես Գործք 5.34–40

Սողոսի մասին մենք առաջին անգամ կարդում ենք Գործք 7 գլխում, որը պատմում է Ստեփանոս աշակերտի քարկոծման մասին։ Կարող եք վերհիշել, որ նրանք ովքեր քարկոծեցին Ստեփանոսին, դրեցին իրենց վերնազգեստը Սողոսի ոտքերի մոտ (տես Գործք 7.58–59

Կարդացեք Գործք 8.1–3, 9.1–2 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես էր Սողոսը վարվում Հիսուս Քրիստոսի հետևորդների հետ։ Կարող է օգտակար լինել իմանալ, որ քաշել բառը, ինչպես այն օգտագործված է այս հատվածում (Գործք 8.3), նշանակում է տեղաշարժել բռնությամբ։

Ընթերցեք Գործք 9.3–6 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ զգաց Սողոսը Դամասկոս ճամփորդելիս՝ այնտեղ ապրող Հիսուս Քրիստոսի աշակերտներին ձերբակալելու համար։

Նկար
goad

Ուշադրություն դարձրեք «խթանին քացի տալ» արտահայտությանը 9-րդ հատվածում: «Խթանը վերաբերում է սուր նիզակին կամ փայտին, որն օգտագործվել է կենդանիներին հրելու համար, որպեսզի նրանք գնան առաջ։ Առաջ գնալու փոխարեն, համառ կենդանիները երբեմն քացի են տալիս հակահարված հասցնելու համար, բառացիորեն քացի տալով «խթանին»։ Այդպիսի արձագանքը միայն ավելացնում է տառապանքը, քանի որ կենդանին իր տիրոջ կողմից ենթարկվում է ավելի ցավոտ խթանի։ Փրկիչը հստակեցնում է, որ եթե Սողոսը շարունակի պայքարել Իր դեմ, ինքը միայն տառապանք է պատճառելու նրան։ Հունական գրականության մեջ «խթանին քացի տալ» արտահայտությունը եղել է աստծուն ընդդիմանալու համար հայտնի փոխաբերություն» (Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ, 295

Գործք 9.6 հատվածում ուշադրություն դարձրեք Սողոսի հարցին։ Ի՞նչ կարող է այդ հարցն ուսուցանել ձեզ Սողոսի մասին։

Համաձայն Ջոզեֆ Սմիթի Թարգմանության Գործք 9.7 հատվածի, Սողոսի հետ ճամփորդողները տեսան լույսը, բայց չլսեցին Հիսուսի ձայնը, երբ Նա խոսեց Սողոսի հետ (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Գործք 9.7 [Գործք 9.7 հատվածում, ծանոթագրություն ա], տես նաև Գործք 22.9

Տեսիլքից հետո Սողոսը ֆիզիկապես կուրացավ։ Նրան տարան Դամասկոս, և նա երեք օր չէր ուտում ու խմում։

Պատկերացրեք ձեզ Սողոսի իրավիճակում։ Եթե դուք հանդգնաբար հետապնդել էիք Հիսուս Քրիստոսի աշակերտներին, ի՞նչ կարող էիք այդ ժամանակ մտածել և զգալ։

Գործք 9.10–22

Սողոսը բժշկվում է Դամասկոսցի Անանիայի կողմից, մկրտվում և քարոզում է Հիսուս Քրիստոսի մասին

Կարդացեք Գործք 9.10–12 հատվածները, հայտնաբերելով, թե Տերն ինչ հանձնարարեց Անանիային կատարել, ով Դամասկոսի Եկեղեցու արդար անդամ էր:

Հիշեք, որ Սողոսի Դամասկոս գնալու սկզբնական մտադրությունը կայանում էր Անանիայի պես մարդկանց ձերբակալման մեջ։ Եթե լինեիք Անանիայի փոխարեն և իմանայիք Սողոսի համբավը, դուք ի՞նչ կմտածեիք Տիրոջից այս հանձնարարությունը ստանալուց հետո։

Կարդացեք Գործք 9.13–16 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ սովորեցրեց Տերը Անանիային Սողոսի վերաբերյալ:

Ինչո՞վ էր Տիրոջ տեսակետը Սողոսի մասին տարբերվում Անանիայի տեսակետից ։

Գործք 9.15 հատվածում ուշադրություն դարձրեք այն հատուկ աշխատանքի վրա, որը Տերն ընտրել էր Սողոսի համար։ Սողոսի մասին ձեզ հայտնի պատմությունից ի՞նչը կպատրաստեր նրան քարոզել «հեթանոսների, թագաւորների եւ Իսրայէլի որդկանց» առաջ»։ (Կարող եք անդրադառնալ Սողոսի նկարագրությանը, որ դուք այս դասին քիչ առաջ կարդացիք)։

Համաձայն Գործք 9.16 հատվածի, ըստ Տիրոջ, ուրիշ ի՞նչ էր պատահելու Պողոսի հետ, չնայած որ նա դառնալու էր ընտրյալ անոթ հեթանոսների և թագավորների առաջ։

Գործք 9.13–16 հատվածներից մենք կարող ենք սովորել երկու ճշմարտություն. Տերը տեսնում է մեզ այնպես, ինչպիսին մենք կարող ենք դառնալ և Տերը տեսնում է մեր ներուժը Իր գործում Նրան օգնելու համար։

  1. Երբ դուք մտածեք այս ճշմարտությունների շուրջ, պատկերացրեք, թե ինչպես է Աստված տեսնում ձեզ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք ձեր անձի մի հասարակ պատկեր և նշեք ձեր մի քանի ունակություններ և բնավորության գծեր, որոնք, ձեր կարծիքով, Տերը կարող է օգտագործել, որ Իր գործում օգնեն Իրեն։

Նկար
Saul and Ananias

Անանիան օրհնեց Սողոսին իր տեսողությունը վերականգնելու համար։

Ուշադրություն դարձրեք Գործք 9.17 հատվածին, որում Անանիան օրհնեց Սողոսին, որպեսզի նրա տեսողությունը վերականգնվեր և նա լցվեր Սուրբ Հոգով։ Համաձայն Գործք 9.18–20 հատվածների, երբ Աստված վերականգնեց Սողոսի տեսողությունը, ինչպե՞ս էր Տիրոջ հանդեպ Սողոսի տեսակետը տարբերվում Նրա հանդեպ իր նախկին տեսակետից։

Սողոսի ապաշխարությունը, մկրտությունը և քարոզը ցույց տվեցին նրա հավատքն առ Հիսուս Քրիստոսը և նրա խոնարհությունը Տիրոջ կամքի հանդեպ։

Կարդացեք Գործք 9.21–22 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես արձագանքեց ժողովուրդը Սողոսի քարոզին։

Գործք 9.6 հատվածում Տիրոջը տրված Սողոսի հարցը ցույց տվեց նրա խոնարհությունը և ցանկությունը` հնազանդվել Տիրոջ կամքին։ Սողոսի նման, եթե մենք հնազանդվենք Տիրոջ կամքին, ապա կարող ենք փոխվել և իրականացնել այն ներուժը, որը Նա տեսնում է մեր մեջ։

Որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում լինել Տիրոջ կամքին հնազանդ, պատկերացրեք, որ ունեք մի գունդ փափուկ և մի գունդ արդեն քարացած կավ։ Ինչպե՞ս փափուկ կավով որևէ բան քանդակելու փորձառությունը կտարբերվեր քարացած կավով քանդակելու փորձառությունից։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող են կավի երկու տարբեր տեսակները նմանվել մարդու հնազանդությանը Տիրոջ կամքին։

    2. Տիրոջը ենթարկվելը ինչպե՞ս օգնեց ձեզ կամ ուրիշներին փոխվել և իրագործել այն ներուժը, որը Տերը տեսնում է ձեր կամ նրանց մեջ։

Խորհեք այն մասին, թե ինչպես է Սողոսի հարցը. «Տեր, ի՞նչ ես ցանկանում, որ անեմ» (Գործք 9.6), կիրառվում ձեր կյանքում։

Նկար
President Ezra Taft Benson

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է. «[Մարդն] իր կյանքում չի կարող տալ ավելի կարևոր հարց, քան այն, որը տվեց Պողոսը. «… Տեր, ի՞նչ ես ցանկանում, որ անեմ»։ [Մարդը] չի կարող անցնել ավելի մեծ գործի, բացի այն, որ հետամուտ լինի մի ուղու, որը կբերի նրան այդ հարցի պատասխանը և ապա կիրականացնի այդ պատասխանը» (“Listen to a Prophet’s Voice,” Ensign, Jan. 1973, 57)։

Շարունակեք լուրջ աղոթել և ձգտել ստանալ այս հարցի պատասխանը և գործի կոչել ցանկացած հուշումներ, որոնք դուք ստանում եք:

Գործք 9.23–31

Սողոսի կյանքին սպառնում են Դամասկոսում և ապա Երուսաղեմում, և Առաքյալներն ուղարկում են նրան Տարսոն

Գործք 9.23–26 հատվածներում մենք կարդում ենք, որ Դամասկոսի հրեաները որոշեցին դավադրաբար սպանել Սողոսին, բայց Եկեղեցու անդամներն օգնեցին նրան փախչել քաղաքից։ Մենք նաև կարդում ենք, որ Սողոսը գնաց Երուսաղեմ, որտեղ նա «ջանք էր անում, որ աշակերտներին յարի. Եւ ամենքը նորանից վախենում էին, եւ չէին հավատում՝ թե աշակերտ է» (Գործք 9.26

Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին Եկեղեցու անդամները դժկամությամբ հավատում, որ Սողոսը դարձել էր Հիսուս Քրիստոսի աշակերտ։

Գործք 9.27–31 հատվածներում մենք կարդում ենք, որ Եկեղեցու անդամ Բառնաբասը (տես Գործք 4.36–37) բերեց Սողոսին Առաքյալների մոտ և պատմեց նրանց Սողոսի տեսիլքի և Դամասկոսում նրա համարձակ քարոզի մասին։ Եկեղեցու անդամներն ապա գրկաբաց ընդունեցին Սողոսին իրենց ընկերակցության մեջ։ Երբ Երուսաղեմում հույն հրեաները փորձեցին սպանել Սողոսին, Եկեղեցու ղեկավարները ուղարկեցին նրան Տարսոն։ Գործք 9.31 հատվածում մենք նաև սովորում ենք, որ Հրեաստանում, Գալիլեայում և Սամարիայում Եկեղեցին ապրեց խաղաղություն և աճ։

Գործք 9.32–43

Պետրոսը հրաշքներ է գործում Լիվդիայում և Յոպպեում

Մտածեք մեկի մասին, ում կցանկանայիք օգնել ապավինել Տիրոջը և հավատալ Նրան։ Գործք 9 գլխի մնացած մասն ուսումնասիրելիս, փնտրեք մի միջոց, որով դուք կարող եք օգնել այս մարդուն և ուրիշներին ապավինել Տիրոջը։

Գործք 9.32–35 և Գործք 9.36–42 հատվածները պատմում են Լիվդիայում և Յոպպեում Պետրոսի գործած հրաշքների մասին։ Այս հատվածներն ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք, թե ինչ հրաշքները գործեց Պետրոսը և ինչպես արձագանքեց ժողովուրդը։ Հետևյալ բացատրությունները կարող են օգտակար լինել․ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության, Գործք 9.32 հատվածում ասվում է «երբ որ Պետրոսը ման էր գալիս ամեն երկրամասում» (շեղագիրն ավելացված է)։ Ողորմություններ անելը (Գործք 9.36) աղքատներին նվիրատվություններ տալու սովորույթ է։ Մոտ բառը հատված 38-ում նշանակում է մոտիկ, իսկ ցույց տալ բառը հատված 39-ում նշանակում է ցուցադրել:

Ինչպե՞ս արձագանքեց Լիվդիայի և Յոպպեի ժողովուրդը Պետրոսի ծառայությանը: Մի սկզբունք, որ մենք կարող ենք սովորել Պետրոսի օրինակից, այն է, որ ծառայելով ուրիշներին, մենք կարող ենք օգնել մարդկանց ապավինել Տիրոջը և հավատալ Նրան։

Քահանայական օրհնություններ տալը մի միջոց է ուրիշներին սպասավորելու համար։ Տաբիթայի (Այծեմնիկի) օրինակը Գործք 9.36, 39 հատվածներում ցույց է տալիս մեկ այլ միջոց, որով մենք կարող ենք սպասավորել ուրիշներին։ «Լիքը բարի գործերով» լինելը (Գործք 9.36) և ուրիշներին ծառայելը կարող է օգնել ուրիշներին ապավինել Տիրոջը։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ե՞րբ են մեկ ուրիշի բարի գործերն օգնել ձեզ կամ ուրիշներին ապավինել Տիրոջը և հավատալ Նրան։

    2. Ի՞նչպես կարող եք սպասավորել ուրիշներին: (Եղեք հստակ, և արձանագրեք երկու կամ երեք մտքեր)։

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Գործք 9 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.