Գրադարան
Դաս 50. Ղուկաս 10.1-37


Դաս 50

Ղուկաս 10.1-37

Նախաբան

Հիսուսը կանչեց, ուսուցանեց և ուղարկեց Յոթանասունին: Նրանք քարոզեցին ավետարանը, բուժեցին հիվանդներին, դուրս քշեցին դևերին և վերադարձան, որպեսզի տան իրենց աշխատանքի հաշվետվությունը: Այնուհետև Փրկիչն օրինականին ուսուցանեց բարի Սամարացու մասին առակը:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 10.1-24

Տերը կանչում, լիազորում և հրահանգում է Յոթանասունին։

Դասարան բերեք մի տարա, որը լի է առարկաներով (ինչպես օրինակ տարբեր չափսերի գնդակներով): Որևէ ուսանողի հանձնարարեք կանգնել դասարանի առաջ։ Խնդրեք ուսանողին` պահել ձեր տված առարկաները` առանց գցելու կամ ներքև դնելու: Ուսանողին տվեք այնքան առարկաներ, որ այլևս չկարողանա պահել բոլորը և մի քանիսը ընկնեն գետնին: Ապա հարցրեք ուսանողին.

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի կանխեք առարկաների ընկնելը:

Եթե անհրաժեշտ է, ուսանողին առաջարկեք դիմել այլ ուսանողների օգնությանը: Շարունակեք առարկաները տալ ուսանողին և թույլ տվեք նրան` դրանցից մի քանիսը փոխանցել ուրիշ ուսանողների: Ապա խնդրեք ուսանողներին նստել։

  • Ինչպես կհամեմատեիք այս վարժությունը այն ձևի հետ, որով Եկեղեցու ղեկավարները կատարում են իրենց պարտականությունները:

Հիշեցրեք ուսանողներին, որ Փրկիչը կանչել էր տասներկու Առաքյալների և ուղարկել էր նրանց` աջակցելու Իր աշխատանքին: Սակայն Առաքյալները իրենք էլ զգում էին ուրիշների կարիքը` օգնելու իրենց ուսուցանել ու ծառայել, որպեսզի ավետարանի օրհնությունները հնարավոր լիներ տանել բոլոր մարդկանց:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՂուկասի 10.1–2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ում նշանակեց օգնելու Առաքյալներին` կատարելու Իր աշխատանքը։

  • Տերը ու՞մ նշանակեց աջակցելու Իրեն Իր աշխատանքում։ Ո՞րն էր նրանց դերն այդ գործում:

Բացատրեք, որ յոթանասուն բառը Ղուկասի 10.1 հատվածում վերաբերում է Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոնին։ Նույն պաշտոնը այսօր գոյություն ունի վերականգնված Եկեղեցում: (Եթե հնարավոր է, ցուցադրեք վերջին համաժողովի Ensign կամ Լիահոնայի հրատարակության այն էջերը, որոնք վերնագրված են` «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորները և Բարձրագույն Պաշտոնյաները»:) Այժմ գոյություն ունեն Յոթանասունի բազմաթիվ քվորումներ, չնայած միայն առաջին երկու քվորումներն են կոչվում Բարձրագույն Իշխանավորներ: Յուրաքանչյուր Քվորում կարող է ունենալ մինչև 70 անդամ։ Ավետարանը քարոզելու և Եկեղեցու կառավարմանն օգնելու նրանց աշխատանքը ղեկավարվում է Տասներկու Առաքյալների Քվորումի և Յոթանասունի Նախագահության կողմից (տես ՎևՈւ 107.25–26, 34, Սուրբ գրությունների ուղեցույց, Յոթանասունscriptures.lds.org

  • Համաձայն հատված 2-ի, ըստ Տիրոջ, ի՞նչն էր չափազանց քիչ հոգիների հունձքի համար:

  • Տիրոջ աշխատանքի մասին ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները պիտի հիշատակեն նմանատիպ մի ճշմարտություն. Բացի Առաքյալներից, Տերը մշակներ է կանչում, որպեսզի ներկայացնեն իրեն և օգնեն Իրեն Իր աշխատանքում:)

  • Բացի Առաքյալներից և Յոթանասունականներից, ուրիշ էլ ո՞վ այսօր պատասխանատվություն ունի օգնելու Տիրոջն Իր աշխատանքում։ (Եկեղեցու բոլոր անդամները:)

Բացատրեք, որ ճիշտ այնպես, ինչպես Փրկիչը հայտարարեց ավելի շատ մշակների կարիքի մասին, որոնք պիտի իրականացնեն փրկության հունձքը, վերջին օրերի մարգարեները նույնպես հետևողականորեն միսիոներների են կանչում ծառայության: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Ես կրկնում եմ այն, ինչ մարգարեները երկար ժամանակ ուսուցանել են` որ ամեն արժանի, ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի ծառայելու միսիայում: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է` պարտավորություն, որ Տերն ակնկալում է մեզանից, ում այդքան շատ է տրված: Երիտասարդ տղամարդիկ, ես հորդորում եմ ձեզ պատրաստվել ծառայելու որպես միսիոներ: …

Մի խոսք՝ ուղղված ձեզ, երիտասարդ քույրեր. չնայած դուք չունեք որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու քահանայության նույն պարտականությունը, ինչպես երիտասարդ տղամարդիկ, դուք ևս արժեքավոր ներդրում եք կատարում որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք ձեր ծառայությունը» («Մինչև նոր հանդիպում» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 5–6):

  • Լիաժամկետ միսիայում ծառայելուց բացի, մենք ուրիշ ինչ կերպ կարող ենք օգնել Տիրոջն Իր աշխատանքում։

  • Դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, երբ օգնել եք Տիրոջն Իր աշխատանքում :

Ամփոփեք Ղուկասի 10․3-24` բացատրելով, որ Տերը Յոթանասունին հրահանգներ տվեց այն մասին, թե նրանք ինչպես պիտի իրականացնեն իրենց պարտականությունները։ Նա նաև նախատեց տարբեր քաղաքների մարդկանց, ովքեր մերժել էին Իր գործերը: Յոթանասունի անդամները ավելի ուշ Հիսուսին հաշվետու եղան իրենց աշխատանքի մասին, իսկ Նա տվեց նրանց լրացուցիչ հրահանգներ և հրճվեց նրանց հետ:

Ղուկաս 10.25–37

Փրկիչն ուսուցանում է բարի Սամարացու առակը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մեզ շրջապատող մարդիկ կատարյալ չեն. Մարդիկ անում են բաներ, որոնք զայրացնում են, հիասթափեցնում և բարկացնում: Այս մահկանացու կյանքում միշտ այդպես է լինելու» («Ողորմածները ողորմություն են գտնում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 77)։

Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյո՞ք նրանք ճանաչում են ինչ-որ մեկին, ով անում է այնպիսի բաներ, որոնք զայրացնում են, հիասթափեցնում և բարկացնում իրենց:

  • Ինչո՞ւ է դժվար սիրել մեկին, ով անում է այս բաները:

Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել ճշմարտություններին, երբ ուսումնասիրում են Ղուկասի 10.25-37 հատվածները, որոնք կարող են առաջնորդել նրանց, երբ նրանք հաղորդակցվում են այնպիսի անհատների հետ, ում դժվար է սիրել:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 10.25 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով այն հարցին, որ օրինականը տվեց Փրկիչին:

  • Ի՞նչ հարցրեց օրինականը Փրկիչից:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 10․26-28 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով Փրկիչի պատասխանը: Ապա խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ձեռք բերենք հավերժական կյանք։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հնչեցնեն նմանատիպ մի սկզբունք. Հավերժական կյանք ձեռք բերելու համար մենք պիտի սիրենք Աստծուն և սիրենք մեր մերձավորին` ինչպես ինքներս մեզ: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

  • Համաձայն հատված 27-ի, մենք ինչպե՞ս ինչպես պիտի սիրենք Աստծուն:

  • Ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն ձեր ողջ սրտով, հոգով, զորությամբ և մտքով։

Մատնանշեք «սիրել մեր մերձավորին` ինչպես ինքներս մեզ» արտահայտությունը գրատախտակի վրա: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում սիրել մեր մերձավորին` ինչպես ինքներս մեզ, հրավիրեք նրանց գրատախտակին թվարկել այն գործերը, որ նրանք անում են սովորական օրվա ընթացքում: (Ցուցակում կարող են ընդգրկվել օրվա նախապատրաստությունը, ուտելը, քնելը, տնային աշխատանքի կատարումը և այլն:)

Գրատախտակին ցուցակը գրելուց հետո հրավիրեք ուսանողներին խորհել այն մասին, թե նրանց գործողություններից քանիսն են կենտրոնացած իրենց վրա:

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել այս վարժությունից:

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով մենք կարող ենք ավելի հաճախ կենտրոնանալ ուրիշների բարեկեցության վրա և ձգտենք սիրել նրանց այնքան, որքան սիրում ենք ինքներս մեզ:

  • Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով կարող ենք անել այդ` նույնիսկ այն գործողությունների ընթացքում, որոնք արվում են մեզ համար: (Օրինակները կարող են ներառել` ճաշելը նրանց հետ, ովքեր մենակ են կամ ընկերակցելը ուրիշներին մեր դպրոցական միջոցառումների ժամանակ:)

  • Ձեր կարծիքով, Աստծուն և մեր մերձավորին սիրելն այնչափ, որչափ սիրում ենք ինքներս մեզ, ինչպե՞ս կարող է օգել մեզ` առաջադիմել դեպի հավերժական կյանք։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 10.29 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով երկրորդ հարցը, որը օրինականը տվեց Հիսուսին:

  • Ո՞րն էր օրինականի երկրորդ հարցը։

Պատրաստեք մի քանի ուսանողների բեմականացնել բարի Սամարացու առակը Ղուկասի 10.30–35 հատվածներում: Հրավիրեք մի ուսանողի կատարել պատմողի դերը, իսկ մյուսներին կատարել վիրավոր Հրեայի, երկու ավազակների, քահանայի, Ղևտացու և Սամարացու դերերը: (Եթե ձեր դասարանում ընդամենը մի քանի ուսանող կա, նրանք կարող են մի քանի դեր կատարել:) Կարող եք տրամադրել որոշ բեմական նյութեր, ինչպես օրինակ անվանապիտակներ, լրացուցիչ հագուստ, որ պիտի խլվի Հրեայից, երկու տարա, որոնք կներկայացնեն ձեթն ու գինին, ճոճաթոռ, որը կներկայացնի անասունին, իսկ երկու մետաղադրամները` երկու դահեկանը: (Նշում. Կարող եք ընտրել մասնակիցներին և նրանց հատուկ հրահանգներ տալ նախքան դասը, որպեսզի համոզվեք, որ դերախաղը կլինի արդյունավետ, պատշաճ և հուսալի:)

Հրավիրեք պատմողին կարդալ Ղուկասի 10.30-35 հատվածները, իսկ ընտրված մասնակիցներին խնդրեք ներկայացնել առակի բեմականացումը: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ էր ուսուցանում այն մասին, թե ով է մեր մերձավորը: Դերախաղից հետո հրավիրեք ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը:

  • Սամարացու քայլերից ո՞րն է ամենից շատ տպավորվում ձեր մեջ:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ կարելի է ակնկալել քահանայից, Ղևտացուց և Սամարացուց, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ բացատրությունը․

Քահանաներն ու Ղևտացիները կրում էին Ահարոնյան քահանայություն և նշանակված էին ծառայելու Աստծուն ու իրենց մերձավորներին թե տաճարում, թե որպես ուսուցիչներ, և թե որպես Աստծո օրենքի օրինակներ: Քահանայության այս կրողները լիարժեք տեղյակ էին «քո ընկերին սիրես քո անձի պես» պատվիրանին (Ղևտացոց 19.18) և օտարականների ու ճամփորդների մասին հոգ տանելու մասին (տես Ղևտացոց 19.34, 25.35): Ի տարբերություն սրա, «սամարացիները մասամբ իսրայելացի էին, իսկ մասամբ` հեթանոս: Նրանց կրոնը հրեական և հեթանոսական հավատքների ու սովորությունների խառնուրդ էր: … Հրեաները ատելություն էին դրսևորում սամարացիների հանդեպ, որովհետև սամարացիները ուրացել էին Իսրայելական կրոնը» (Guide to the Scriptures, “Samaritans,” scriptures.lds.org)։ Թե հրեաները, թե սամարացիները, որպես կանոն, թեքում էին ճանապարհը, որպեսզի խուսափեին միմյանց հանդիպելուց:

  • Քահանայի, Ղևտացու և Սամարացու գործողություններն այս առակում ինչո՞ւ կարող են զարմանալի թվալ:

  • Սամարացին ի՞նչ պատճառներ կարող էր ունենալ` վիրավոր Հրեային չօգնելու համար:

  • Ըստ 33-րդ հատվածի, ի՞նչը մղեց Սամարացուն գործելու, երբ նա տեսավ վիրավոր մարդուն։

Նշեք, որ կարեկցություն ունենալ` նշանակում է նկատել մեկ ուրիշի կարիքներն ու դժվարությունները և ցանկություն զգալ անելու մեզանից կախված ամեն բան` այդ մարդուն օգնելու համար:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 10․36-37 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ի՞նչ ուսուցանեց օրինականին հաջորդիվ:

  • Ինչպե՞ս է այս առակը պատասխանում հատված 29-ում տրված հարցին. «Եւ իմ ընկերն ո՞վ է»:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ այս առակում Տերն օգտագործում է Սամարացու կերպարը, որպեսզի ցույց տա, որ մեր ընկերը պարզապես ինչ-մեկը չէ, ով ապրում է մեր կողքին, այլ Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը` ներառյալ նրանք, ում սիրելը ամենից դժվարն է մեզ համար:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերը.

Նկար
President Howard W. Hunter

«Մենք պետք է հիշենք, որ չնայած մենք ենք ընկերներ գտնում, Աստված մեզ համար ընկերներ է դրել ամենուր: Սերը սահմաններ չպիտի ունենա: … Քրիստոսն ասել է. «Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք: Չէ՞ որ մաքսաւորներն էլ նույնն են անում» (Մատթեոսի 5.46)» (“The Lord’s Touchstone,” Ensign, Nov. 1986, 35):

Խնդրեք ուսանողներին կրկին մտածել այն մարդկանց մասին, ում նախկինում երևի իրենց համար դժվար կլիներ սիրելը:

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի սիրենք ու կարեկցանք ունենանք նրանց հանդեպ, ում մեզ համար դժվար է սիրելը:

  • Խորհեք այն ժամանակի մասին, երբ դուք կամ ձեր ծանոթը հետևել է Փրկիչի խորհրդին` «սիրիր քա ընկերին քո անձի պէս» (Ղուկասի 10.27): Ի՞նչ եղավ արդյունքը:

Եզրափակեք` կիսվելով այսօրվա դասին ուսուցանված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ: Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունները և հրավիրեք ուսանողներին ավարտել դրանք իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում. Ես կհետևեմ բարի Սամարացու օրինակին …։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 10.37 «Գնա, դու էլ այնպէս արա»։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեզ խորհուրդ է տվել ականջ դնել Փրկիչի կոչին` նմանվել բարի Սամարացուն.

«Մեզանից յուրաքանչյուրը մահկանացու կյանքի ճամփորդության ընթացքում կճամփորդի իր իսկ Երիքովի ճանապարհով: Ինչպիսի՞ն կլինի ձեր փորձառությունը: Ինչպիսի՞ն կլինի իմը: Արդյո՞ք ես կթերանամ նկատելու նրան, ով ընկած կլինի ավազակների ձեռքը և կունենա իմ օգնության կարիքը: Իսկ դո՞ւք: Արդյո՞ք ես կլինեմ մեկը, ով տեսնում է վիրավորվածին և լսում է նրա աղերսանքը, սակայն անցնում է ճանապարհի մյուս կողմը: Իսկ դո՞ւք: Թե՞ ես կլինեմ մեկը, ով տեսնում է, ով լսում է, ով կանգ է առնում ու օգնում է: Իսկ դո՞ւք:

Հիսուսը տվեց մեր նշանաբանը. «Գնա, դու էլ այնպէս արա»: Երբ մենք հնազանդվում ենք այդ հայտարարությանը, մեր հավերժական տեսադաշտում բացվում է նմանը չունեցող և անգերազանցելի ուրախության մի տեսարան: …

…Երբ մենք գնում ենք բարի Սամարացու հետքերով, մենք քայլում ենք այն ճանապարհով, որը տանում է դեպի կատարելություն» (“Your Jericho Road,” Ensign, Feb. 1989, 2, 4)։