Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Ղուկաս 18–Հովհաննես 1 (Մաս 12)


Տնային ուսումնասիրության դաս

Ղուկաս 18Հովհաննես 1 (Մաս 12)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որ ուսանողները սովորեցին Ղուկաս 18Հովհաննես 1 (մաս 12) ուսումնասիրելիս, չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Դասը, որը դուք սովորեցնում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ դուք խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Ղուկաս 18-21)

Այս դասի ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին անարդար դատավորի, Փարիսեցու և մաքսավորի մասին առակները: Նրանք նաև կարդացին կույրի մասին, որ փնտրում էր Տիրոջ օգնությունը, և Զաքեոսի մասին: Այս պատմություններից ուսանողները սովորեցին, որ եթե առ Տերը հավատք գործադրելիս անկեղծ ենք և հաստատակամ, մենք կարող ենք Նրա ողորմությանն արժանանալ:

Օր 2 (Ղուկաս 22)

Ուսանողները կարդալով Պետրոսին տրված Տիրոջ խորհուրդը սովորեցին, որ երբ դարձի ենք գալիս դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, մենք կարող ենք ամրացնել մյուսներին: Կարդալով Գեթսեմանում Փրկչի տառապանքների մասին ուսանողները սովորեցին նաև հետևյալ ճշմարտությունները՝ Եթե կամենում ենք հնազանդվել Երկնային Հորը, Նա մեզ ուժ կտա կատարելու Իր կամքը: Հիսուս Քրիստոսի քրտինքը ինչպես արյան մեծ կաթիլներ թափվում էին երկրի վրա:

Օր 3 (Ղուկաս 23-24)

Այս դասին ուսանողները կարդացին Հիսուս Քրիստոսի Խաչելության, թաղման և Հարության մասին: Նրանք սովորեցին հետևյալ ճշմարտությունները. Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ներելով նրանց, ովքեր մեղանչել են մեր առաջ: Բոլոր մարդկանց հոգիները իրենց մահվան պահին մուտք են գործում հոգիների աշխարհ: Հիսուս Քրիստոսը հարություն առած և մսից ու ոսկորներից կազմված մարմին ունի:

Օր 4 (Հովհաննես 1)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Հովհաննես Սիրեցյալի և Հովհաննես Մկրտչի խոսքերը, նրանք սովորեցին, որ ի սկզբանե Հիսուս Քրիստոսն Աստծո հետ էր, որ ամեն բան արարվեց Նրա կողմից և որ Նա Աշխարհի Լույսն է: Երբ ուսանողները կարդացին, թե ինչպես աշակերտներից մի քանիսը ճանաչեցին Հիսուս Քրիստոսին, նրանք սովորեցին, որ ընդունելով Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու հրավերը, մենք Նրա մասին մեր անձնական վկայությունն ենք ստանում:

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են հրավիրել Սուրբ Հոգին, որպեսզի ուսուցանի իրենց Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպես նաև նրանք կսովորեն, որ Հիսուս Քրիստոսը հարություն առած էակ է՝ մսից ու ոսկորներից կազմված մարմնով:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 24.13-32

Էմմաուսի ճանապարհին հարություն առած Տերը խոսում է երկու աշակերտների հետ

Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյոք իրենք երբևէ ձգտել են իմանալ ավետարանական որևէ գաղափարի ճշմարտացի լինելու մասին:

Բացատրեք, որ Ղուկաս 24.13 հատվածում մենք սովորում ենք, որ երկու աշակերտները դուրս եկան Երուսաղեմից այն նույն օրը, որ կանանց խումբը դատարկ էր գտել Հիսուսի գերեզմանը: Նրանք գրեթե 6-7.5 մղոն (10-12 կմ) ճամփորդեցին գնալով մի գյուղ, «որի անունն Էմմաուս» էր: Ուսումնասիրելով Էմմաուսի ճանապարհին նրանց ունեցած փորձառությունը մենք կիմանանք, թե ինչպես կարող ենք ամրացնել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին մեր վկայությունները:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 24․14-17 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան ուշադրություն դարձնելով, թե ով միացավ այդ երկու աշակերտներին, երբ նրանք ճանապարհին էին:

  • Ո՞վ միացավ աշակերտներին՝ Էմմաուս գնալու ճանապարհին:

  • Ինչո՞ւ աշակերտները չճանաչեցին Հիսուսին: (Բացատրեք, որ Ղուկաս 24.16 հատվածում բռնուած բառը նշանակում է փակված կամ ծածկված:)

Խնդրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 24.17-33 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե աշակերտները ինչ սովորեցին Հիսուսից, երբ քայլում էին Նրա հետ, չճանաչելով Նրան:

Եթե առկա է ձեր լեզվով, Ղուկաս 24.17–33 հատվածը կարդալու փոխարեն կարող եք ցուցադրել “Christ Appears on the Road to Emmaus” (3:32) տեսաֆիլմը The Life of Jesus Christ Bible Videos, որոնք գտնվում են LDS.org կայքում: Խնդրեք ուսանողներին դիտել այն մասը, թե աշակերտները ինչ սովորեցին Հիսուսից, երբ քայլում էին Նրա հետ, չճանաչելով Նրան: Նախքան տեսաֆիլմի դիտումը բացատրեք, որ տեսանյութում տրված երկխոսությունը վերցված է Ղուկաս 24.17-33 հատվածից, որպեսզի ցանկության դեպքում ուսանողները կարողանան զուգահեռ հետևել իրենց սուրբ գրություններում:

Նշեք, որ այս տեսաֆիլմում մենք չենք լսում, թե ինչ է Հիսուսն ուսուցանում աշակերտներին քայլելիս: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 24.27 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչ ուսուցանեց աշակերտներին:

  • Հիսուսն ի՞նչ ուսուցանեց աշակերտներին:

  • Ի՞նչ գործիք Նա օգտագործեց Իր մասին ուսուցանելու համար: (Սուրբ գրությունները:)

  • Հատված 32-ում ի՞նչ է նշանակում, որ աշակերտների սրտերը բորբոքվում էին իրենցում: (Սուրբ Հոգին վկայում էր, որ սուրբ գրություններում Հիսուսի մասին ուսմունքները ճշմարիտ էին:)

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող էին սովորել աշակերտները, երբ նրանց ուսուցանելու համար Հիսուսն օգտագործեց սուրբ գրությունները, և ոչ թե պարզապես հայտնեց Իր մասին: Մի քանի ուսանողների կարող եք խնդրել կիսվել իրենց մտքերով:

  • Այդ հատվածներն ի՞նչ սկզբունք են ուսուցանում մեր սուրբ գրություններն ուսումնասիրելու ազդեցության մասին: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Սուրբ գրություններն ուսումնասիրելիս մենք հրավիրում ենք Սուրբ Հոգին, որ ուսուցանի մեզ Հիսուս Քրիստոսի մասին:)

  • Մեր սրտերում այրող զգացում ունենալուց բացի, այլ կերպ նկարագրելու դեպքում, ի՞նչ զգացողություն կարող ենք ունենալ, երբ Սուրբ Հոգին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին:

Խնդրեք ուսանողներին գտնել մի սուրբ գրություն, որի օգնությամբ զգացել են՝ ինչպես է Սուրբ Հոգին ուսուցանում իրենց Հիսուս Քրիստոսի մասին: Խնդրեք նրանց կիսվել իրենց սուրբ գրությունների հատվածներով և իրենց ունեցած զգացողություններով: Դուք ևս կարող եք կիսվել մի սուրբ գրության հատվածով, որը անձնապես օգնել է ձեզ:

Ուսանողներին հիշեցրեք, որ չնայած Նոր Կտակարանն ընթերցելը կարևոր է սեմինարիայի գնահատականի համար, բայց ավելի կարևոր է սուրբ գրություններն ուսումնասիրել այնպես, որը կհրավիրի Սուրբ Հոգին Փրկչի մասին իրենց վկայություններն ամրացնելու համար:

Հնարավորության դեպքում, բաժանեք էջանշաններ, որոնց վրա գրված է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը, կամ խնդրեք ուսանողներին արտագրել այդ խոսքերը թղթի կամ բացիկի վրա, որը կարող են որպես էջանշան օգտագործել: (Բազմակի էջանշաններով տպվող PDF ֆայլ կարող եք գտնել այս դասի առցանց տարբերակում:)

Նկար
handout, scriptures

Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ—Տնային ուսումնասիրման դաս (Մաս 12)

Նկար
Elder D. Todd Christofferson

«Բոլոր սուրբ գրությունների առանցքային նպատակն է հավատքով լցնել մեր հոգիներն առ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ …

…Հավատքը գալիս է, երբ Սուրբ Հոգին վկայում է մեր հոգիներին, Հոգուց հոգի, երբ մենք լսում կամ կարդում ենք Աստծո խոսքը: Եվ հավատքը հասունանում է, երբ մենք շարունակում ենք ճաշակել խոսքը: …

… Ուշադիր, խորհրդածելով ուսումնասիրեք սուրբ գրությունները: Խորհեք դրանց շուրջ և աղոթեք: Սուրբ գրությունները հայտնություն են, և դրանք լրացուցիչ հայտնություն կբերեն» (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 34–35):

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Քրիստոֆերսոնի այդ խոսքերը: Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող են բարելավել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունը:

Հանձնարարեք ուսանողներին նպատակ դնել՝ ուսումնասիրելու իրենց սուրբ գրություններն այնպես, որը կհրավիրի Սուրբ Հոգին օգնելով մեծացնել առ Հիսուս Քրիստոս իրենց հավատքը և Նրա մասին իրենց գիտելիքը: Կարող եք առաջարկել, որ նրանք գրեն այս նպատակը էջանշանի հակառակ կողմում, որպեսզի իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում որպես հիշեցում օգտագործեն այն:

Ղուկաս 24.36–39

Հիսուսը հայտնվում է Իր աշակերտներին և ցույց տալիս նրանց Իր հարություն առած մարմինը

Բացատրեք, որ աշակերտները, ովքեր Հիսուսի հետ էին Էմմաուսի ճանապարհին, անմիջապես վերադարձան Երուսաղեմ և իրենց հետ պատահածի մասին պատմեցին Առաքյալներին և մյուս աշակերտներին (տես Ղուկաս 24.33-35):

Հանձնարարեք դասարանին միասին բարձրաձայն կարդալ սուրբ գրությունների սերտման հատվածը Ղուկաս 24.36-39-ում, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ այդ աշակերտներն իրենց հետ պատահածի մասին պատմեցին մյուս աշակերտներին:

  • Ի՞նչ տեղի ունեցավ, երբ այդ աշակերտները պատմեցին իրենց հետ պատահածի մասին:

Ցուցադրեք Հիսուս Քրիստոսը ցույց է տալիս Իր վերքերը նկարը (Gospel Art Book [2009], no. 60; տես նաև LDS.org):

  • Ի՞նչ պատվիրեց Հիսուսն Իր աշակերտներին անել, որպեսզի նրանք հասկանային, որ Նա ոչ թե պարզապես հոգի էր, այլ ուներ ֆիզիկական մարմին:

  • Ի՞նչ վարդապետություն կարող ենք սովորել այս հատվածից: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն շեշտեք, որ Հիսուս Քրիստոսը հարություն առած էակ է՝ մսից ու ոսկորներից կազմված մարմնով:) Գրատախտակին գրեք այս վարդապետությունը. տես նաև ՎևՈւ 130.22:)

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել Փրկչի Հարության մասին իրենց վկայություններով և բացատրել, թե ինչու է այս վարդապետությունը կարևոր իրենց համար, կամ խնդրեք նրանց կիսվել, թե ինչ գրեցին սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրում Մաս 12-ի հանձնարարություն 3-ի համար. Օր 3 դաս: Ավարտեք՝ բերելով ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի Հարության իրականության մասին:

Հաջորդ Մասը (Հովհաննես 2-6)

Բացատրեք ուսանողներին, որ Հովհաննես 2-6 գլուխներն ուսումնասիրելիս նրանք կիմանան հետևյալ հարցերի պատասխանները. Ո՞րն էր մարդկանց մեջ Հիսուսի գործած առաջին հրաշքը: Ինչպե՞ս դա օգնեց Իր մորը: Ինչո՞ւ Նա մաքրեց տաճարը: Հիսուսն ո՞ւմ առաջինը հայտարարեց, որ Ինքը Մեսիան է: Նա ի՞նչ հայտնեց այդ կնոջն իր կյանքի մասին, որ միայն Ինքը կարող էր իմանալ: Ինչո՞ւ է Փրկիչն Իրեն անվանում կենդանի ջուր և Կյանքի Հաց: Ուսանողները նաև կկարդան Հիսուս Քրիստոսի հրաշքով և զորությամբ կատարված ծառայության մասին: