Գրադարան
Դաս 124. Փիլիպպեցիս 1-3


Դաս 124

Փիլիպպեցիս 1-3

Նախաբան

Պողոսը խրախուսեց Փիլիպպեայի Սրբերին աշխատել միասին՝ ապրելով ավետարանով։ Նա պատվիրեց նրանց հետևել խոնարհության և անձնուրացության Փրկիչի ցույց տված օրինակին և ուսուցանեց, որ Աստված աշխատում է նրանց հետ՝ ապահովելու նրանց փրկությունը։ Պողոսը նկարագրեց այն զոհաբերությունները, որոնք ինքն արել էր Հիսուս Քրիստոսին հետևելու համար։

Ուսուցման առաջարկներ

Փիլիպպեցիս 1

Պողոսը նկարագրում է այն օրհնությունները, որոնք գալիս են ընդդիմությունից

Դասից առաջ գրատախտակին գրեք Նախագահ Բրիգամ Յանգի հետևյալ խոսքերը։ (Այդ խոսքերը վերցված են Discourses of Brigham Young, ընտրանուց։ John A. Widtsoe [1954], 351։) Ընդգծված բառերը փոխարինեք դատարկ գծերով․

«Ամեն անգամ, երբ դուք դժգոհում եք «Մորմոնիզմից», դուք տանում եք այն վերև, դուք երբեք չեք տանում այն ներքև։ Ամենակարող Տերն է այդպես պատվիրում» (Նախագահ Բրիգամ Յանգ)։

Հետևյալ հարցերով սկսեք դասը․

  • Որո՞նք են այն օրինակները պատմությունից կամ մեր ժամանակներում, երբ մարդիկ դժգոհում կամ ընդդիմանում են Փրկիչի Եկեղեցուն և Նրա հետևորդներին։

Հանձնարարեք ուսանողներին Փիլիպպեցիս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունը, որը կօգնի նրանց հասկանալ, թե ինչպես է ընդդիմությունն ազդում Տիրոջ աշխատանքի վրա։

Կարող եք ուսանողներին հանձնարարել գտնել Փիլիպպեան Աստվածաշնչյան քարտեզներում, հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները», որը գտնվում է Աստվածաշնչի հավելվածում։ Բացատրեք, որ Պողոսն իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ Փիլիպեայում հաստատեց Եկեղեցու ճյուղ (տես Գործք Առաքելոց 16)։ Ավելի ուշ նա գրեց իր թուղթը Փիլիպպեցիներին, երբ նա գտնվում էր բանտարկության մեջ՝ ամենայն հավանականությամբ, Հռոմում։ Ամփոփեք Փիլիպպեցիս 1․1–11 հատվածները և բացատրեք, որ Պողոսն իր երախտագիտությունն ու սերն արտահայտեց Փիլիպպեայի Սրբերին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 1․12–14 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ հետևանք ունեցավ այն ընդդիմությունը, որին բախվեց Պողոսն իր միսիոներական աշխատանքը կատարելիս։

  • Համաձայն 12-րդ հատվածի, ո՞րն էր այն ընդդիմության հետևանքը, որին բախվեց Պողոսը։ («Ավետարանի առաջադիմությունը [առաջընթացը]»։)

  • Համաձայն 13-14 հատվածների, ինչպե՞ս այդ ընդդիմությունն օժանդակեց ավետարանի առաջընթացին։ («Պալատի» բոլոր մարդիկ [հատված 13] կամ ռազմական շտաբը գիտեին, որ Պողոսը բանտարկված էր Հիսուս Քրիստոսի մասին քարոզելու համար։ Պողոսի բանտարկությունը ոգեշնչեց նաև Եկեղեցու մյուս անդամներին համարձակություն ձեռք բերել ու քարոզել ավետարանը։)

  • Ի՞նչ ճշմարտություն ենք սովորում այդ հատվածներից այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել, երբ մենք ընդդիմության ենք բախվում՝ Հիսուս Քրիստոսին հետևելիս։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ ճշմարտությունը. Այն ընդդիմությունը, որին մենք բախվում ենք Հիսուս Քրիստոսին հետևելիս, կարող է օժանդակել Նրա աշխատանքի առաջընթացին։)

Անդրադարձեք գրատախտակին գրված Նախագահ Յանգի խոսքերին։ Հարցրեք ուսանողներին, թե որ բառերով կփոխարինեն դատարկ տեղերը։ Դատարկ տեղերը լրացրեք համապատասխան բառերով։ Կարող եք բացատրել, որ վերև բառը այս ենթատեքստում նշանակում է առաջ։

  • Որո՞նք են այն օրինակները, երբ ընդդիմությունն ինչ-որ կերպ օժանդակել է Փրկիչի աշխատանքի առաջընթացին։

Ամփոփեք Փիլիպպեցիս 1․15–26 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ասաց, որ Փրկիչը կմեծարվի իր հետ պատահածի արդյունքում։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 1․27–30 հատվածները։ Խնդրեք այդ ուսանողին նաև կարդալ Փիլիպպեցիս 1․28 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, որը գտնվում է (Փիլիպպեցիս 1․28, տողատակի գրառում ա-ի տակ)։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ խրախուսեց անել Սրբերին ։ Բացատրեք, որ գնացք (հատված 27) բառը վերաբերում է վարքին։

  • Պողոսն ի՞նչ խրախուսեց Սրբերին անել։

  • Համաձայն 29-30 հատվածների, ինչի՞ կենթարկվեն Եկեղեցու անդամները Փրկիչի համար։

Ուսանողներին հիշեցրեք նախկինում իրենց բացահայտած ճշմարտությունը։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կօրհնվեն Փիլիպպեայի Սրբերը, երբ հիշեն, որ Հիսուս Քրիստոսին հետևելու արդյունքում իրենց ունեցած հակադրությունը կարող է նպաստել Նրա աշխատանքի առաջընթացին։

Փիլիպպեցիս 2

Պողոսն ուսուցանում է Փրկիչի բարեհաճության մասին և Սրբերին ցուցումներ է տալիս նրանց փրկության վերաբերյալ

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Փիլիպպեցիս 2․2 հատվածը և ուշադրություն դարձնել Փիլիպպեայի Սրբերին տված Պողոսի խորհրդին։

  • Ինչպե՞ս կամփոփեիք Պողոսի խորհուրդը։

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 2․3–8 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչ հանձնարարեց Պողոսը Սրբերին անել, որպեսզի դառնան միասնական։ Հանձնարարեք յուրաքանչյուր զույգից մեկական ուսանողի գրատախտակին գրել իրենց գտած խորհուրդներից որևէ մեկը։

  • Համաձայն Պողոսի ուսմունքների, ինչպե՞ս էր Փրկիչը խոնարհության և անձնուրացության օրինակ հանդիսանում։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Պողոսի ուսմունքներից, որը կարող է մեզ օգնել դառնալ ավելի միասնական։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հետևենք խոնարհության և ուրիշների հանդեպ անձնուրաց մտահոգության Հիսուս Քրիստոսի օրինակին, ապա մենք կդառնանք ավելի միասնական։)

  • Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք հետևել խոնարհության և անձնուրացության Փրկիչի ցույց տված օրինակին՝ մեր ընտանիքներում, դպրոցներում, ծխերում կամ ճյուղերում։

  • Ե՞րբ եք ականատես եղել, երբ մարդիկ ուրիշների կարիքները վեր են դասում իրենց կարիքներից։ Ինչպե՞ս է դա մեծացնում միասնությունը։

Բացատրեք, որ ինչպես գրված է Փիլիպպեցիս 2․9–11 հատվածներում, Պողոսն ուսուցանում է, որ ի վերջո բոլորը կխոնարհվեն և «ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է» (հատված 11)։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե իրենց կարծիքով այդ իրադարձությունն ինչի՞ նման կլինի։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 2․12–13 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ խորհուրդ տվեց Պողոսը Փիլիպպեայի Սրբերին, որ նրանք անեն, որպեսզի խոնարհվեն Տիրոջը և ուրախ լինեն։ Կարող եք բացատրել, որ «ահով և դողալով» (հատված 12) վերաբերում է ակնածալից պատկառանքին և ուրախանալուն (տես Սաղմոս 2․11, Սուրբ գրքերի ուղեցույց, «Վախ», scriptures.lds.org

Նշեք, որ որոշ մարդիկ սխալ են հասկանում Փիլիպպեցիս 2․12 հատվածի Պողոսի խոսքերը և մեկնաբանում, որ մենք փրկված ենք մեր իսկ գործերի շնորհիվ։

  • Ո՞վ է փրկությունը հասանելի դարձրել մեզ համար։ Ինչպե՞ս։

  • Համաձայն Փիլիպպեցիս 2․13, որո՞նք են այն երկու եղանակները, որոնց միջոցով Աստված օգնում է նրանց, ովքեր ձգտում են անել այն, ինչն անհրաժեշտ է փրկության համար։ (Աստված օգնում է նրանց «կամենալ» կամ ցանկանալ և հնազանդվել «իր հաճությանը» կամ Նրա պատվիրաններին։ Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Աստված ցանկություն է առաջացնում մեր մեջ և օգնում է անել այն, ինչն անհրաժեշտ է մեր փրկության համար, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։)

  • Որո՞նք են փրկության համար անհրաժեշտ պահանջները, որոնք Աստված տվել է մեզ և օգնում է, որ մենք իրագործենք դրանք։ (Կարող եք հորդորել ուսանողներին աչքի անցկացնել երրորդ և չորրորդ հավատո հանգանակները։)

Նշեք, որ Սուրբ Հոգու ազդեցության միջոցով Աստված կարող է օգնել, որպեսզի մենք փոխենք կամ մաքրենք մեր ցանկությունները, որպեսզի կամենանք հնազանդվել Նրան (տես Մոսիա 5․2)։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես Աստված օգնեց նրանց փոխելու իրենց սրտերը, որպեսզի ցանկություն ունենան հնազանդվելու Իրեն, և ինչպես Նա օգնեց նրանց ավելի մեծ հավատարմությամբ հնազանդվել Իր պատվիրաններին։

Ամփոփեք Փիլիպպեցիս 2․14–30 հատվածները և բացատրեք, որ Պողոսը հիշեցրեց Սրբերին, որ նրանք «լույս տան աշխարհքին» (հատված 15) և ասաց, որ նա սուրհանդակներ կուղարկի՝ նրանց որպիսությունն իմանալու համար։

Փիլիպպեցիս 3

Պողոսը նկարագրում է այն զոհաբերությունները, որոնք նա արել է Հիսուս Քրիստոսին հետևելու համար

Հրավիրեք ուսանողներին մտաբերել մի արժեքավոր բան, որն աշխարհը նույնպես արժեքավոր կհամարեր (օրինակ՝ ընտանիք, ընկերներ, կրթություն, սնունդ, տեխնոլոգիաներ կամ փող) և հնարավորության դեպքում ցուցադրել դա։ Խնդրեք նրանց մտածել, թե այդ արժեքավոր ունեցվածքի համար ինչից են պատրաստ հրաժարվել։

Հանձնարարեք ուսանողներին Փիլիպպեցիս 3-րդ գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել, թե ինչից հրաժարվեց Պողոսը, որպեսզի ձեռք բերի այն մրցանակը, որը նաև մեզ է հասանելի։

Ամփոփեք Փիլիպպեցիս 3․1–3 հատվածները և բացատրեք, որ Պողոսը Փիլիպպեցիներին նախազգուշացրեց այլասերված ուսուցիչների մասին, ովքեր պնդում էին, որ Եկեղեցու նորադարձները պետք է ենթարկվեն հրեական որոշ սովորույթների, այդ թվում՝ թլպատմանը (see New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 436

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 3․4–6 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և փնտրել, թե ինչ ասաց Պողոսն իր հրեական ժառանգության մասին։

  • Ի՞նչ սոցիալական և կրոնական արտոնություններ ուներ Պողոսը հրեա հասարակությունում։ (Իսրայելի ազգի իր տոհմաբանությունը, Փարիսեցու կոչում, հուդայականության ջատագով, օրենքի խստապահանջ հետևորդ։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 3․7–11 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես էր Պողոսը վերաբերվում այն արտոնություններին, որը նա ուներ հրեա հասարակության մեջ։

  • Ի՞նչ տեսանկյունից էր Պողոսը նայում այն ամենին, ինչից նա հրաժարվեց Հիսուս Քրիստոսին հետևելու համար։

  • Ինչո՞ւ էր Պողոսը հոժարակամ «[կրելու] ամեն բաների վնասը»: (հատված 8): (Որպեսզի «գտնվի» Հիսուս Քրիստոսում [հատված 9] կամ հավատարիմ ուխտի մեջ լինի Նրա հետ, չարչարվի Նրա համար և լինի «արդարության» կամ արդարացի Հարության մասնակիցը [Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Փիլիպպեցիս 3․11 (Փիլիպպեցիս 3․11, տողատակի գրառում ա)]։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 3․12–14 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և փնտրել, թե Պողոսն ինչ ընդունեց իր հոգևոր առաջընթացի վերաբերյալ։ Բացատրեք, որ բռնել նշանակում է ձեռք բերել։

  • Պողոսն ի՞նչ էր ջանում ձեռք բերել, հետևում թողած բաների վրա կենտրոնանալու փոխարեն։ (Բացատրեք, որ «Աստուծոյ վերին կոչումի մրցանակը» [14-րդ հատված] հավերժական կյանքն է։)

  • Պողոսի օրինակից ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ինչ պետք է անենք, որպեսզի ճանաչենք Հիսուս Քրիստոսին և ձեռք բերենք հավերժական կյանք։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հրաժարվենք այն ամենից, ինչն անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսին հետևելու համար և առաջ մղվենք հավատքով, մենք կճանաչենք Նրան և ձեռք կբերենք հավերժական կյանք։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ պատմությունը, որը ռազմածովային մի սպայի հետ ունեցած իր հանդիպման մասին է, ով վերապատրաստման համար այլ երկրից ժամանել էր Միացյալ Նահանգներ և իր այցելության ժամանակ միացել էր Եկեղեցուն։ Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե այդ երիտասարդ տղամարդն ինչից էր պատրաստ հրաժարվել Հիսուս Քրիստոսին հետևելու համար։

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Ես նրա հետ ծանոթացա իր հայրենիք վերադառնալուց անմիջապես առաջ։ … Ես ասացի. «Ձեր ազգը քրիստոնյա չէ։ Ի՞նչ կպատահի, եթե դուք տուն վերադառնաք որպես քրիստոնյա, և մասնավորապես, Մորմոն քրիստոնյա»։

Նրա դեմքը մռայլվեց և նա պատասխանեց․ «Իմ ընտանիքը կհիասթափվի։ Հնարավոր է, նրանք ինձ դուրս կհանեն ու կհամարեն մահացած։ Ինչ վերաբերում է իմ ապագային և իմ կարիերային, հնարավոր է, որ բոլոր դռները կփակվեն իմ առաջ»։

Ես հարցրի․ «Արդյո՞ք դու պատրաստ ես այդքան մեծ գին վճարել ավետարանի համար»։

Արցունքներից խոնավացած նրա մուգ աչքերը փայլեցին գեղեցիկ թուխ դեմքի վրա և նա պատասխանեց․ «Այն ճշմարիտ է, այդպե՞ս չէ»։

Ամաչելով իմ տված հարցից, ես պատասխանեցի․ «Այո, այն ճշմարիտ է»։

Ի պատասխան դրան, նա ասաց․ «Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է»։ (“It’s True, Isn’t It?” Ensign, July 1993, 2)։

  • Փրկիչին հետևելու համար այդ երիտասարդ տղամարդն ինչի՞ց էր պատրաստ հրաժարվել։

  • Փրկիչին հետևելու համար ինչի՞ց եք դուք (կամ ձեր ծանոթներից մեկը) հրաժարվել։

  • Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսին ճանաչելու և դեպի հավերժական կյանքն առաջադիմելու մրցանակներն արժեն ձեր կատարած զոհաբերություններին։

Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյո՞ք կա որևէ բան, որից նրանք պետք է հրաժարվեն, որպեսզի ավելի լիարժեք հետևեն Հիսուս Քրիստոսին։ Հորդորեք նրանց նպատակ դնել դա անելու համար։

Ամփոփեք Փիլիպպեցիս 3․15-21 հատվածները և բացատրեք, որ Պողոսը նախազգուշացրեց այն կործանումը, որը սպասվում էր այն մարդկանց, ովքեր կենտրոնանում են միայն աշխարհիկ հաճույքների վրա։ Նա նաև ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսը կնորոգի մեր անկատար ֆիզիկական մարմինները և կդարձնի Իր անմահ մարմնի նման։

Ավարտեք՝ վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք բացահայտվեցին այս դասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Փիլիպպեցիս 2․3–8 Անձնուրացություն

Յոթանասունից Երեց Հ․ Բըրք Փիթերսոնը բացատրել է, թե ինչ է նշանակում անձնուրաց լինել․

«Այսօր մեր մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր լիովին անձնուրաց են,ինչպես [Հիսուս Քրիստոսն էր]։

Անձնուրաց մարդն այն մարդն է, ով ավելի շատ մտահոգված է մեկ ուրիշի երջանկությամբ և բարեկեցությամբ, քան իր հարմարավետությամբ ու հարմարությամբ, այն մարդն է, ով հոժարակամ ծառայում է ուրիշին, երբ դրա մասին չեն խնդրում, կամ շնորհակալություն չեն հայտնում, կամ այն մարդն է, ով հոժարակամ ծառայում է նույնիսկ նրան, ում չի սիրում։ Անձնուրաց մարդն արտահայտում է զոհաբերելու պատրաստակամություն, իր մտքից ու սրտից անձնական ցանկությունները, կարիքները և զգացմունքները զտելու պատրաստակամություն։ Գովեստի ու ճանաչման արժանանալու և սեփական ցանկությունները բավարարելու փոխարեն անձնուրաց մարդն այդ մարդկային կարիքները կբավարարի ուրիշների համար» (“Selflessness: A Pattern for Happiness,” Ensign, May 1985, 66).

Փիլիպպեցիս 2․5–8 Փրկիչն «իր անձն ունայնացրեց»

«Իր անձն ունայնացրեց» արտահայտությունը (Փիլիպպեցիս 2․7) բխում է հունարեն kenoō բառից, որը նշանակում է «դատարկել»։ Երեց Թեդ Ռ․ Քալիսթերը, ով ծառայեց Յոթանասունի Նախագահությունում, ուսուցանեց այն աստվածային արտոնությունների ու կարգավիճակի մասին, որոնք Հիսուսը «դատարկեց»՝ այս երկիր գալու համար․

«Աստված Որդին իր երկնային տունը` ողջ սելեստիալ պերճանքով հանդերձ փոխեց մահկանացու բնակավայրով` իր ողջ պարզունակությամբ: Նա՝ «երկնքի Թագավորը» (Ալմա 5.50), «Ամենակարող Տերը, որն իշխում էր զորությամբ» (Մոսիա 3.5), թողեց գահը, որպեսզի ժառանգեր մսուրը: Նա աստծո տիրապետությունը փոխեց մանկան կախվածությամբ: Հանուն ինչի՞ Նա հրաժարվեց բարեկեցությունից, իշխանությունից, տիրապետությունից և Իր փառքի լրիվությունից։ Հանուն չարախոսության, ծաղրանքի, նվաստացման և հպատակեցման։ Դա աննախադեպ հարթության մի գործարք էր, անհավանական չափի մի բարեհաճություն, անհաշվելի խորության մի անկում էր» (The Infinite Atonement [2000], 64)։

Փիլիպպեցիս 2․12–13 «Ահով եւ դողալով գործեցէք ձեր անձերի փրկութիւնը։ Վասն զի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում …»

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանեց, թե Եկեղեցու անդամներն ինչպես կարող են «գործել [իրենց] անձերի փրկությունը» (Փիլիպպեցիս 2․12)․

«Ես աղերսում եմ Եկեղեցու անդամներին կատարել արդարակեցության գործեր, պահել պատվիրանները, որոնել Հոգին, սիրել Տիրոջը, առաջինը դնել իրենց կյանքում Աստծո արքայության բաները և դրանով գործել իրենց փրկությունը ահով և դողով Տիրոջ առաջին» (in Conference Report, Oct. 1970, 8)։

Այդպիսի գործերը, որոնք Աստված թույլ է տալիս մեզ կատարել, անհրաժեշտ են բավարարելու Նրա հաստատած պահանջները, որպեսզի ստանանք այն բոլոր օրհնությունները, որոնք հասանելի են Նրա Քավության շնորհիվ։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է, որ Փրկիչի քավության շնորհիվ ենք մենք կենդանի․

«Անկասկած մարդն ունի ազդեցիկ զորություններ և անխոնջ ջանքերի ու համառ կամքի շնորհիվ կարող է առաջ բերել մեծ բաներ։ Սակայն, մեր ողջ հնազանդությունից և բարի գործերից հետո մենք չենք կարող փրկվել մեր անձնական մեղքերի ազդեցություններից առանց շնորհի, որ տրվում է Հիսուս Քրիստոսի քավությամբ:

… Մարդը չի կարող վաստակել իր սեփական փրկությունը» (“What Think Ye of Christ?” Ensign, Nov. 1988, 67)։