Գրադարան
Դաս 145. Ա Պետրոս 3-5


Դաս 145

Ա Պետրոս 3-5

Նախաբան

Պետրոսը խրախուսում էր Սրբերին միշտ պատրաստ լինել Հիսուս Քրիստոսի մասին վկայելու և արդար ապրելու, որպեսզի կարողանային ցրել իրենց դեմ ուղղված կեղծ մեղադրանքները: Նա ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսն Իր մահից հետո քարոզեց ավետարանը հոգևոր աշխարհում։ Պետրոսը նաև հորդորում էր Եկեղեցու երեցներին հոգ տանել Աստծո հոտի մասին նույն հոգատարությամբ, ինչպես Հիսուս Քրիստոսը` Մեծ Հովիվը:

Ուսուցման առաջարկներ

Ա Պետրոս 3.1-17

Պետրոսը խորհուրդ է տալիս Սրբերին միասնական լինել արդարակեցության մեջ և միշտ պատրաստ լինել վկայելու Քրիստոսի մասին

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Մեր կյանքի ընթացքում մենք առիթներ կունենանք կիսվելու մեր համոզմունքներով, թեպետ չգիտենք, թե երբ այդ հնարավորությունը մեզ կընձեռվի: Նման հնարավորություն ես ունեցա 1957 թվին, երբ աշխատում էի հրատարակչությունում և պաշտոնական համագումարում խոսելու համար ինձ խնդրեցին գնալ Տեխասի նահանգի Դալլաս քաղաքը, [ԱՄՆ], որը երբեմն կոչվում է «եկեղեցիների քաղաք»: Համաժողովի ավարտից հետո ես նստեցի տեսարժան վայրեր տանող ավտոբուսը, որը շրջելու էր արվարձաններով: Տարբեր եկեղեցիների մոտով անցնելիս մեր վարորդը մեկնաբանում էր. «Ձախ կողմում դուք տեսնում եք Մեթոդական եկեղեցին» կամ` «Ահա, աջ կողմում Կաթողիկե եկեղեցու մայր տաճարն է»:

Երբ մենք անցանք բլրի վրա կարմիր աղյուսից կառուցված գեղեցիկ շինության կողքով, վարորդը հայտարարեց. «Այս կառույցում հավաքվում են մորմոնները»: Մի կին ավտոբուսի ետևի մասից ձայն տվեց. «Վարո՛րդ, կարո՞ղ եք մեզ մի փոքր ավելին պատմել մորմոնների մասին»:

Վարորդը կանգնեցրեց ավտոբուսը ճանապարհի եզրին, շրջվեց և պատասխանեց. «Տիկի՛ն, մորմոնների մասին գիտեմ միայն, որ նրանք հավաքվում են այն կարմիր աղյուսե շենքում: Այս ավտոբուսում կա՞ մեկը, ով ավելին գիտի մորմոնների մասին»: («Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 67)։

  • Եթե լինեիք այդ ավտոբուսում, ի՞նչ կանեիք:

  • Ինչու՞ երբեմն մեր համոզմունքների մասին ուրիշներին հայտնելը կարող է դժվար լինել:

Հրավիրեք ուսանողներին Ա Պետրոս 3. 1-17 հատվածներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն սկզբունքին, որը կօգնի նրանց առաջնորդվել ուրիշների հետ ավետարանով կիսվելու հնարավորությունների ընձեռման դեպքում:

Ամփոփեք Ա Պետրոս 3. 1-11` բացատրելով, որ Պետրոսը հորդորում էր կանանց, որ իրենց արդար վարքի միջոցով օգնեն իրենց ամուսիններին գալ դեպի Քրիստոսը: Նա խորհուրդ էր տալիս ամուսիններին մեծարել իրենց կանանց: Նա նաև խորհուրդ էր տալիս անդամներին ապրել համաձայն ավետարանի չափանիշների:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ա Պետրոս 3.14-16 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչ խորհուրդ տվեց անել Սրբերին, երբ նրանք հալածանքների էին ենթարկվում արդարակեցության պատճառով:

  • Ի՞նչ խորհուրդ տվեց Պետրոսը անել Սրբերին, երբ արդարակեցության պատճառով հալածանքների էին ենթարկվում:

  • Ըստ 15-րդ հատվածի` ի՞նչ հորդորեց Պետրոսը միշտ պատրաստ լինել անել Հիսուս Քրիստոսի հետևորդներին:

  • Ձեր կարծիքով ավետարանը ի՞նչ հեռանկարի հույս է տալիս մարդկանց:

Բացատրեք, որ 15-րդ հատվածում պատասխան բառը կարող է նաև թարգմանվել որպես պաշտպանություն (տես 15-րդ հատվածի բ ծանոթագրությունը): Պետրոսը հորդորում էր Սրբերին կիսվել իրենց կրոնական համոզմունքներով և պաշտպանել դրանք:

  • 15-րդ հատվածի ո՞ր բառերն են նկարագրում, թե մենք ինչպես պետք է կիսվենք Հիսուս Քրիստոսի ավետարանով ու պաշտպանենք այն: (Դուք կարող եք բացատրել, որ երկյուղածություն բառն այս համատեքստում նշանակում է ակնածանք կամ խորին պատկառանք):

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Ա Պետրոսի 3.15 հատվածից այն մասին, թե մենք, որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, ինչ պետք է միշտ պատրաստ լինենք անել: (Ուսանողները պետք է բացահայտեն նմանատիպ ճշմարտություն. որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք պետք է ձգտենք միշտ պատրաստ լինել հեզությամբ ու ակնածանքով կիսվել մեր համոզմունքներով և պաշտպանել դրանք : Գրեք այս ճշմարտությունը գրատախտակի վրա):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հեզությամբ ու ակնածանքով կիսվել մեր համոզմունքներով:

Գրատախտակին գրված ճշմարտությունը լուսաբանելու համար հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Մոնսոնի փորձառության այն մասը, որը տեղի էր ունենում ավտոբուսի մեջ:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Ես սպասեցի, որ տեսնեմ, թե ով կպատասխանի: Ես ուշադիր նայեցի յուրաքանչյուրի դեմքի արտահայտությանը, որպեսզի տեսնեմ` արդյոք ցանկանում են որևէ բան ասել: Ոչինչ: Ես հասկացա, որ ես պետք է անեմ այն, ինչ Պետրոս Առաքյալն էր առաջարկել՝ «միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե»: Ես նաև հասկացա, որ ճշմարիտ է այն ասացվածքը, որ «Երբ որոշում կայացնելու պահը գալիս է, պատրաստվելու ժամանակն անցյալում է»:

Հաջորդ 15 րոպեների ընթացքում ես ինքս ինձ արտոնեցի ավտոբուսի մարդկանց հետ կիսվել իմ վկայությամբ Եկեղեցու և իմ համոզմունքների մասին: Ես երախտապարտ էի իմ վկայության համար և երախտապարտ էի, որ պատրաստ էի կիսվել դրանով»:(«Խիզախություն ունեցիր կանգնել միայնակ» 67)։

  • Որո՞նք են այն բաները, որ մենք կարող ենք անել, որպեսզի միշտ պատրաստ լինենք կիսվել մեր համոզմունքներով:

Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք երախտապարտ են եղել, որ պատրաստ էին կիսվել իրենց համոզմունքներով կամ վկայությամբ: Հրավիրեք մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց փորձառություններով:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել, որպեսզի միշտ պատրաստ լինեն կիսվել իրենց համոզմունքներով ու պաշտպանել դրանք: Խրախուսեք նրանց գործել համաձայն իրենց ստացած հուշումների:

Ա Պետրոս 3.18-4.19

Հիսուս Քրիստոսն Իր մահից հետո քարոզեց ավետարանը հոգևոր աշխարհում

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք միսիոներներ են և ուսուցանում են մի մարդու, ով ասում է հետևյալը.

«Ես հավատում եմ, որ այն, ինչ դուք ուսուցանում եք ինձ, ճշմարիտ է, բայց ես մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր մահանում են առանց ճշմարտությունն իմանալու հնարավորության: Արդար չի լինի Աստծո կողմից պատժել կամ թույլ չտալ նրանց Իր հետ կրկին ապրել, եթե նրանք երբևէ Նրա փրկության ծրագրի մասին իմանալու հնարավորություն չեն ունեցել»:

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կպատասխանեին:

Խնդրեք դասարանի մի մասին ցածրաձայն կարդալ Ա Պետրոս 3.18-20 հատվածները` ներառյալ Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը 20-րդ հատվածի ածանոթագրությունում: Մյուս կեսին խնդրեք ցածրաձայն կարդալ Ա Պետրոս 4.5-6 հատվածները` ներառյալ Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը 6-րդ հատվածի ա ծանոթագրությունում: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել Պետրոսի ուսուցանած ճշմարտություններին, որոնցով նրանք կարող են կիսվել մարդկանց հետ դերախաղի ժամանակ: Բացատրեք, որ Ա Պետրոս 3.19-ի հատվածում «բանտումը եղող հոգիներ» արտահայտությունը վերաբերում է հոգևոր աշխարհի այն մարդկանց, ովքեր մահկանացու կյանքի ընթացքում չընդունեցին ավետարանը կամ էլ այն լսելու հնարավորություն չունեցան:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հարցրեք.

  • Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից նրանց մասին, ովքեր հոգևոր աշխարհում են, ովքեր մահկանացու կյանքի ընթացքում չընդունեցին ավետարանը կամ էլ այն լսելու հնարավորություն չունեցան:

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ

Ցույց տվեք Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 127, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհում էր Ա Պետրոս 3.18-20 և Ա Պետրոս 4.6 հատվածների մասին, երբ նա հայտնություն ստացավ և տեսիլք տեսավ հոգիների աշխարհ Փրկիչի այցելության մասին: Նա տեսավ, որ Հիսուս Քրիստոսն Իր մահվան և հարության միջև ընկած ժամանակահատվածում քարոզեց ավետարանն ու անձնապես սպասավորեց արդարակյաց հոգիներին։ Հիսուս Քրիստոսն այնուհետև կազմակերպեց և լիազորեց արդար սպասավորներին ուսուցանել ավետարանը հոգևոր բանտում գտնվող հոգիներին (տես ՎևՈւ 138.1-11, 29-30):

  • Համաձայն Ա Պետրոս 4.6 հատվածի` ինչո՞ւ է ավետարանը քարոզվում մահացածներին։ (Որպեսզի իրականացնի արդար ու ազնիվ դատաստան` տալով մեր Երկնային Հոր բոլոր զավակներին լսելու և Աստծո օրենքներով ապրելու հնարավորություն):

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Պետրոսի ուսմունքներից այն մասին, որ ավետարանը քարոզվում է մահացածներին: (Ուսանողները կարող են նաև իրենց սեփական բառերով ասել, բայց հավաստիացեք, որ նրանք կհանգեն նման ճշմարտության. ավետարանը քարոզվում է նրանց, ովքեր մահացել են, որպեսզի նրանք ունենան նույն հնարավորությունը, ինչպես նրանք, ովքեր լսել են ավետարանի ուղերձը մահկանացու կյանքում:)

Համառոտ ուշադրություն դարձրեք սուրբ գրության այս հատվածի սկզբում ներկայացված բովանդակությանը և հարցրեք.

  • Ինչպե՞ս է մահացածների փրկության վարդապետությունը փաստում Իր զավակների հանդեպ Աստծո ողորմածության և կարեկցանքի մասին։

Ամփոփեք Ա Պետրոս 4.7-19 հատվածները` բացատրելով, որ Պետրոսը հորդորեց Սրբերին ջերմ սեր ունենալ, քանի որ սերը ծածկում է կամ կանխում շատ մեղքեր (տես Ա Պետրոս 4.8 հատվածի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը [Ա Պետրոս 4.8 հատվածի ածանոթագրությունում]): Պետրոսը նաև ուսուցանեց Սրբերին ուրախ լինել, երբ նրանք ենթարկվեն փորձությունների կամ նախատինքի առ Հիսուս Քրիստոսն իրենց հավատքի պատճառով:

Ա Պետրոս 5

Պետրոսը հորդորում էր երեցներին հոգ տանել Աստծո հոտի մասին և խրախուսում էր Սրբերին անսասան մնալ իրենց հավատքում

Բացատրեք, որ որպեսզի Պետրոսն օգներ Սրբերին նախապատրաստվել իրենց գալիք փորձություններին, նա ուսուցանեց Եկեղեցու երեցներին իրենց պատասխանատվությունների մասին՝ որպես Եկեղեցու ղեկավարներ: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 1 Պետրոս 5.1-3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով Պետրոսի խորհրդին, որ տվեց Եկեղեցու երեցներին:

  • Ի՞նչ խորհուրդ տվեց Պետրոսը Եկեղեցու երեցներին:

Բացատրեք, որ «արածեցրէք Աստուծոյ հօտը» (հատված 2) նշանակում է մտածել ու հոգ տանել Եկեղեցու անդամների մասին: Եկեղեցու ղեկավարները պետք է ծառայեին պատրաստակամությամբ և սիրով, այլ ոչ դժկամությամբ կամ շահասիրական նկատառումով: «Տիրապետողներ» լինելու փոխարեն նրանք պետք է օրինակ լինեին անդամների համար (հատված 3):

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Եկեղեցու ղեկավարների պատասխանատվության մասին Եկեղեցու երեցներին ուղղված Պետրոսի խորհրդից: (Օգնեք ուսանողներին հասկանալ մի ճշմարտություն հետևյալի նման. Եկեղեցու ղեկավարների պատասխանատվությունն է սիրով ու օրինակով մտածել ու հոգ տանել Աստծո հոտի մասին: Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ա Պետրոս 5․4 հատվածը` ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Պետրոսը կոչում Փրկիչին: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

Նկար
Հիսուսը` կորած ոչխարը գրկում

Ցուցադրեք «Հիսուսը` կորած ոչխարը գրկում» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 64, տես նաև LDS.org) և հարցրեք.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը հաճախ պատկերված որպես հովիվ:

  • Քրիստոսանման ո՞ր որակներն ու հատկանիշները կարող են օգնել Քրիստոսանման ղեկավարներին մտածել ու հոգ տանել Եկեղեցու անդամների մասին:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել Եկեղեցու ղեկավարի Քրիստոսանման սիրո և օրինակի միջոցով:

Ամփոփեք Ա Պետրոս 5.7-14 հատվածները` բացատրելով, որ Պետրոսն ուսուցանում էր Սրբերին դնել իրենց հոգսը (որը նշանակում է անհանգստություն) Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա և անկախ իրենց տանջանքներից` անսասան մնալ հավատքում: Պետրոսը հավաստիացնում էր նրանց, որ եթե այդպես վարվեին, Աստված կկատարելագործեր ու կզորացներ նրանց:

Ամփոփեք` խրախուսելով ուսանողներին վստահել ու հետևել նրանց, ում Տերը կանչել է, որպեսզի նա օգնի արածեցնել ու հոգևորապես հոգալ նրանց մասին:

Նկար
Սուրբ գրության սերտման պատկերակ
Սուրբ գրությունների սերտում` Ա Պետրոս 4.6

Որպեսզի խրախուսեք ուսանողներին մասնակցել իրենց նախնիների փրկության աշխատանքին, նրանց հետ վերանայեք Ա Պետրոս 4.6 հատվածն ու այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք մեր նախնիներին, ովքեր ընդունել են ավետարանը հոգևոր աշխարհում և սպասում են հոգևոր բանտից ազատվելուն:

  • Ձեր կարծիքով ինչպե՞ս եք օրհնվել` կատարելով ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը ձեր նախնիների համար:

Հրավիրեք ուսանողներին իրենց նախնիների համար փնտրել ընտանեկան պատմության հետազոտություն կատարելու հնարավորություններ և այդ նախնիների համար մասնակցել տաճարային արարողություններին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Պետրոս 4.6: «Որովհետև իսկ սորա համար մեռելներին էլ ավետարանուեցավ»

Մահացածների փրկության աշխատանքի համար նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է հետևյալը.

«Բոլոր նրանք, ովքեր այստեղ հնարավորություն չունեցան ընդունելու այն, ովքեր կապաշխարեն այնտեղ և կընդունեն ավետարանը, կլինեն Աստծո սելեստիալ արքայության ժառանգները: Փրկիչը սկսեց այս հրաշալի աշխատանքը, երբ Նա գնաց և քարոզեց բանտում պահված հոգիներին, որպեսզի նրանք դատվեն ըստ մարմնի (կամ, այլ կերպ` ըստ ավետարանի սկզբունքների) և այնուհետև կենդանի լինեն Աստծո կողմից հոգով` իրենց ապաշխարության և Հիսուս Քրիստոսի առաքելության ընդունման միջոցով, ով մահացավ նրանց համար» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:132–33):

Հոգևոր աշխարհում ավետարանը քարոզելու վերաբերյալ Նախագահ Լորենսո Սնոուն ուսուցանել է.

«Երբ ավետարանը քարոզվում է բանտում գտնվող հոգիներին, այդ քարոզի հաջողությունն ավելի մեծ է, քան այս կյանքում մեր երեցների քարոզը: Ես հավատում եմ, որ այդ հոգիներից քչերը ուրախությամբ չեն ընդունի ավետարանը, երբ այն հասնի իրենց: Հանգամանքներն այնտեղ հազար անգամ ավելի բարենպաստ կլինեն» (“Discourse by President Lorenzo Snow,” Millennial Star, Jan. 22, 1894, 50).