Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Հակոբոս 2-Ա Պետրոս 5 (Մաս 29)


Տնային ուսումնասիրության դաս

Հակոբոս 2Ա Պետրոս 5 (Մաս 29)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Հակոբոսի 2 - Ա Պետրոսի 5-ում (մաս 29) ձեր ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին ձեր ուսանողների կարիքների շուրջ խորհելիս:

Օր 1 (Հակոբոս 2–3)

Այս գլուխներում Հակոբոսի ուսմունքներից ուսանողները սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդները սիրում են բոլոր մարդկանց` անկախ նրանց հանգամանքներից ու նրանից, որ մենք մեղք ենք գործում և մեղավոր դառնում Աստծո առջև: Նրանք նաև սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատքը երևում է մեր արդար գործերի միջոցով: Մեր լեզուն վերահսկելու մասին Հակոբոսի ուսմունքներն ուսումնասիրելիս` ուսանողները հասկացան, որ մեր ասածի վերահսկումը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքում, և որ Աստծո հետևորդները ձգտում են օգտագործել իրենց լեզուն արդար նպատակների համար, այլ ոչ թե չարիք տարածելու համար:

Օր 2 (Հակոբոս 4-5)

Հակոբոսի գրքի այս գլուխներն ուսումնասիրելիս ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները. եթե մենք մոտենանք Աստծուն, ապա Նա կմոտենա մեզ: Եթե մենք գիտենք ինչպես բարիք անել, սակայն ընտրում ենք չանել այն, ապա մենք մեղք ենք գործում: Հավատքով լի աղոթքով և քահանայության զորությամբ հիվանդները կարող են ապաքինվել:

Օր 3 (Ա. Պետրոս 1-2)

Պետրոսի ուսմունքներն ուսումնասիրելիս` ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները. չնայած մենք անցնում ենք փորձությունների միջով, մենք կարող ենք ուրախանալ Հիսուս Քրիստոսի Քավությամբ ու ապագա օրհնություններով, որ Աստված խոստացել է տալ մեզ: Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը փորձվում ու կատարելագործվում է, երբ մենք հավատքով հաղթահարում ենք փորձությունները: Մենք փրկագնվում ենք Հիսուս Քրիստոսի թանկագին արյան միջոցով: Քանի որ Հիսուս Քրիստոսն անմեղ կյանքով ապրեց, Նա կարողացավ Ինքն Իրեն որպես կատարյալ զոհ մատուցել մեզ համար: Հիսուս Քրիստոսը նախակարգված էր լինելու մեր Փրկիչը Աստված կոչ է անում Իր Սրբերին լինել աշխարհից հեռու և տարբեր, որպեսզի ուրիշները կարողանան տեսնել նրանց օրինակն ու փառաբանել Նրան: Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` համբերությամբ տանելով փորձությունները:

Օր 4 (Ա. Պետրոս 3-5)

Իր օրերի Սրբերին ուղղված Պետրոսի խրախուսանքից ուսանողները սովորեցին, որ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք պետք է ձգտենք միշտ պատրաստ լինել հեզությամբ ու ակնածանքով կիսվել ու պաշտպանել մեր համոզմունքները: Ուսանողները նաև սովորեցին, որ ավետարանը քարոզվում է նրանց, ովքեր մահացել են, որպեսզի նրանք ունենան նույն հնարավորությունները, ինչպես նրանք, ովքեր լսում են ավետարանի ուղերձը մահկանացու կյանքում: Պետրոսն ուսուցանել է, որ Եկեղեցու առաջնորդները սիրով ու իրենց օրինակով Աստծո հոտի մասին հոգ տանելու և պաշտպանելու պատասխանատվություն ունեն:

Նախաբան

Հակոբոս Առաքյալը պարզաբանեց Սրբերի մոտ տարածված որոշ թյուրիմացություններ` կապված ճշմարիտ հավատքի հետ: Նա նաև ուսուցանել է հավատքի ու գործերի միջև եղած հարաբերության մասին:

Ուսուցման առաջարկներ

Հակոբոս 2.14-26

Հակոբոսն ուսուցանում է մեր փրկության մեջ հավատքի և գործերի դերի մասին

Հրավիրեք ուսանողներին ենթադրել, որ մի երիտասարդ տղամարդ գիտակցում է, որ ինքը մեղք է գործել: Նա հավատում է Հիսուս Քրիստոսի Քավությանն ու Փրկիչի` իրեն փրկելու կարողությանը: Նա ասում է, որ այն ամենը, ինչ պետք է անի, դա հավատալն է, ու Տերը կների իրեն` առանց որևէ այլ ջանք նրանից պահանջելու:

Խնդրեք ուսանողներին խորհել արդյոք միայն այս երիտասարդ տղամարդու հավատքը բավարար է իր մեղքերից ներում ստանալու համար:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոսի 2.14 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ հարցրեց Սրբերին հավատքի վերաբերյալ:

  • Հակոբոսն ի՞նչ հարցրեց Սրբերին հավատքի վերաբերյալ։

  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ գործեր նկատի ուներ Հակոբոսը:

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրում էին Հակոբոսի 2 գլխի վրա հիմնված դասը, նրանք իմացան, որ Հակոբոս Առաքյալն ուղղում էր հավատքի վերաբերյալ սխալ գաղափարը: Որոշ մարդիկ սխալ էին հասկացել` կարծելով, որ հավատքը պարզապես համոզմունքի բանավոր արտահայտումն է: Հակոբոս 2.14-ի բովանդակությունում Հակոբոսը գործեր տերմինն այլ կերպ է օգտագործել, քան Պողոս Առաքյալը: Երբ Պողոսն օգտագործեց գործեր բառը, նա նկատի ուներ Մովսեսի օրենքի հետ առնչվող գործերը: Երբ Հակոբոսն օգտագործեց գործեր բառը, նա նկատի ուներ բարեպաշտության կամ արդարակեցության գործերը:

Բացատրեք, որ Հակոբոսն իր հարցի պատասխանը լուսաբանելու համար 14-րդ հատվածում համանմանություն կատարեց:

Հրավիրեք երկու ուսանողների կանգնել դասարանի առջև։ Ուսանողներից մեկին խնդրեք կատարել մուրացկանի դեր, ով սնունդ, հագուստ և ծածկ է խնդրում, որն անհրաժեշտ է նրան գոյատևելու համար: Մյուս ուսանողին հրավիրեք կատարել որևէ մեկի դերը, ով կարող է օգնել մուրացկանին: Հրավիրեք երրորդ ուսանողին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.15-16 հատվածները` մինչ այն երկու ուսանողները կատարում են այդ հատվածներում նկարագրված իրավիճակը:

  • Մուրացկանի դերը կատարող ուսանողին տրված պատասխանում ի՞նչն է սխալ:

  • Մյուս ուսանողի պատասխանը բավարար կլինի՞ մուրացկանին օգնելու համար:

Հրավիրեք դասարանին միասին բարձրաձայն կարդալ կամ արտասանել Հակոբոսի 2.17-18 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ է ուսուցանել հավատքի մասին: Հիշեցրեք նրանց, որ Հակոբոս 2.17–18 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են։

  • Ձեր կարծիքով «հավատքը, եթէ գործ չունենայ, ըստ ինքեան մեռած է» (17-րդ հատված) արտահայտությունն ի՞նչ է նշանակում:

  • Ինչպե՞ս է Հակոբոսի` մուրացկանի մասին համանմանությունն օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը:

  • Ըստ 17-րդ հատվածի` Հակոբոսն ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի վերաբերյալ: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատքը երևում է մեր արդար գործերով: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.19–20 հատվածները: Հավաստիացեք, որ ուսանողը նաև բարձրաձայն կկարդա Հակոբոսի 2.19-ի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը (Հակոբոս 2.19-ի ա ծանոթագրությունում): Հրավիրեք դասարանին հետևել՝ ուշադրություն դարձնելով Հակոբոսի կիրառած օրինակին, որը ցույց էր տալիս, որ Աստծո գոյությանը հավատալը չի նշանակում հավատք ունենալ Աստծո հանդեպ:

  • Հակոբոսն ինչպիսի՞ օրինակ կիրառեց, որպեսզի ցույց տար, որ Աստծո գոյությանը հավատալը չի նշանակում հավատք ունենալ Աստծո հանդեպ:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ առաջնորդում է դեպի արդար գործողության: … Միայն գործը չի հանդիսանում հավատք Փրկիչի հանդեպ, սակայն ճշմարիտ սկզբունքներին համաձայն գործելը հավատքի կենտրոնական բաղադրիչն է» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95): Այսպիսով, «հավատքն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2.20)» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95)։

  • Ըստ Երեց Բեդնարի` ի՞նչն է հանդիսանում «հավատքի կենտրոնական բաղադրիչը»:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը նշանակում է և´ հավատալ Նրան, և´ գործել համաձայն ճշմարիտ սկզբունքների:

Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում քննարկված սյուժեի երիտասարդ տղամարդու մասին:

  • Ինչպե՞ս կարող է այն հասկացողությունը, որ հավատքն ընդգրկում է և´ համոզմունք, և´ գործողություն, օգնել ինչ-որ մեկին, ով ներում է փնտրում իր մեղքերի համար:

Ամփոփեք Հակոբոսի 2.21–26 հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը, որպես օրինակ, վերագրում էր Աբրահամին ու Ռախաբին, ում հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ երևաց իրենց գործերով: (Խիզախ կին Ռախաբի մասին պատմությունը գտնվում է Յեսուի 2.1-22-ում):

Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի ժամանակի մասին, երբ նրանք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք են ցուցաբերել իրենց գործերով և թե ինչպես են օրհնվել այդպես անելով: Խրախուսեք ուսանողներին ընդգրկել Փրկիչի մասին իրենց վկայությունը և թե ինչպես են նրանք ցուցաբերելու այդ համոզմունքն իրենց գործողությունների միջոցով: Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով:

Հրավիրեք ուսանողներին աղոթքով խորհել, թե ինչպես կարող են նրանք ավելի մեծ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ` հնազանդվելով Նրան: Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:

Հաջորդ Մաս (Բ Պետրոս Հուդա)

Հարցրեք ուսանողներին, թե ինչու են մարդիկ ընտրում մեղք գործել, չնայած որ գիտեն դա սխալ է: Հաջորդ շաբաթվա ընթացքում Բ Պետրոս-ի և Յուդայի գրքերը կարդալիս հրավիրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց պատասխանել հետևյալ հարցերին. Ինչպե՞ս կարող ենք խուսափել կեղծ վարդապետությամբ խաբվելուց: Ըստ Հովհաննեսի, ի՞նչը կհեռացնի վախը: Ինչպե՞ս պետք է արտահայտենք մեր սերն Աստծո նկատմամբ: Ինչպիսի՞ աստվածային հատկանիշներ պետք է զարգացնենք հավերժական կյանք ժառանգելու համար: Ինչպիսի՞ զգուշացում էր տրվել նրանց մասին, ում հետ մենք ընտրում ենք շփվել: