Գրադարան
Դաս 3. Ուսանողի դերը


Դաս 3

Ուսանողի դերը

Նախաբան

Սրանցից յուրաքանչյուրը` Սուրբ Հոգին, ուսուցիչը և ուսանողը, կարևոր դեր ունեն ավետարանի ուսումնասիրության գործում։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ այս դերերից յուրաքանչյուրը, որպեսզի նրանք հաջողակ լինեն իրենց ուսումնասիրության ջանքերում։ Կարող եք այս դասի ընթացքում ուսուցանված սկզբունքները պարբերաբար կրկնել, որպեսզի ուսանողներին հիշեցնեք ավետարանի ուսումնասիրության իրենց պարտականության մասին։

Ուսուցման առաջարկներ

Սուրբ Հոգու, ուսուցչի և ուսանողի դերը ավետարանի ուսումնասիրության ժամանակ

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ սցենարը.

Մի երիտասարդ կին ոգեշնչված է և կատարելագործվում է սեմինարիա հաճախելուց։ Նա այնտեղ զգում է Սուրբ Հոգու ազդեցությունը և երախտապարտ է իր սովորածի համար։ Մեկ այլ երիտասարդ կին հաճախում է սեմինարիայի նույն դասարանը։ Սակայն նա հաճախ ձանձրանում է և զգում, որ դասից շատ բան չի ստանում։

  • Որո՞նք են այն մի քանի հնարավոր պատճառները, երբ միևնույն սեմինարիայի դասարանը հաճախելուց այս երկու երիտասարդ կանայք ունենում են այդպիսի տարբեր փորձառություններ։ (Հնարավոր պատասխանները կարող են ներառել հետևյալը. առաջին երիտասարդ կինը գուցե ավելի ակտիվ է մասնակցում դասին։ Առաջին երիտասարդ կինը միգուցե նախկինում ունեցել է ավելի շատ հոգևոր ուսումնասիրության փորձառություններ, որոնց վրա կարող է կառուցվել նրա ներկա ուսումը։ Իսկ երկրորդ երիտասարդ կնոջ միտքը գուցե շեղված է այլ մտահոգություններով)։

Հրավիրեք ուսանողներին փնտրել վարդապետություններ և սկզբունքներ իրենց այսօրվա դասում, որոնք կարող են օգնել նրանց` կատարել իրենց դերը սեմինարիայում և ամրացնել իրենց վկայությունները Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին։

Բացատրեք, որ երեք անհատներ էական դեր ունեն ավետարանի ուսումնասիրության ժամանակ այնպիսի միջավայրում, ինչպիսին է սեմինարիան` Սուրբ Հոգին, ուսուցիչը և ուսանողը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 14.26 հատվածը, իսկ մեկ ուրիշին՝ Հովհաննես 16.13 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` գտնելով Սուրբ Հոգու դերերից մի քանիսը:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից Սուրբ Հոգու դերերի մասին։ (Ուսանողները կարող են զանազան պատասխաններ տալ, բայց հավաստիացեք, որ նրանք նշեն հետևյալ վարդապետությունը. Սուրբ Հոգին ուսուցանում է ճշմարտություն:)

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե երբ է Սուրբ Հոգին ճշմարտություն ուսուցանում մեզ: (Դուք կարող եք խնդրել ուսանողներին անդրադառնալ Վարդապետություն և Ուխտեր 8․2-3 հատվածներին)։

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50․13-14 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և գտնել ավետարանի ուսուցչի դերը։ Նախքան ընթերցելը, բացատրեք, որ այդ հատվածները տրվել են վաղ շրջանի Եկեղեցու անդամներին, ովքեր կարգվել էին ուսուցանելու ավետարանը։

  • Ո՞րն է ավետարանի ուսուցչի դերը: (Sես նաև ՎևՈւ 42.14:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 33.1: Դասարանին խնդրեք հետևել նրան` փնտրելով, թե Սուրբ Հոգին ի՞նչ է անում մեզ համար, երբ ճշմարտությունն ուսուցանվում է Նրա զորությամբ։

  • Համաձայն այս հատվածի, ի՞նչ է անում Սուրբ Հոգին մեզ համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես հրավիրել Սուրբ Հոգուն` հասցնելու ճշմարտությունը նրանց սրտերին, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.118 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե մենք ինչպես պիտի ձգտենք ուսման։

  • Ինչպե՞ս պիտի մենք ձգտենք ուսման։ (Ուսումնասիրելով և հավատքով):

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե մենք ինչին ենք նպաստում, երբ ձգտում ենք սովորել հավատքով.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ուսուցիչը կարող է բացատրել, ցուցադրել, համոզել, վկայել և անել այս ամենը հոգևոր մեծ ուժով ու արդյունավետությամբ: Այնուամենայնիվ, ի վերջո ուղերձի բովանդակությունը և Սուրբ Հոգու վկայությունը ներթափանցում է սրտի մեջ, եթե միայն ստացողը թույլ է տալիս, որ դրանք ներս մտնեն։ Հավատքով սովորելը ուղի է բացում դեպի սիրտը» (Seek Learning by Faith, Ensign, սեպտ. 2007թ., 61)։

  • Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս խոսքերից այն մասին, թե ի՞նչ կարող է պատահել, եթե ձգտենք սովորել հավատքով։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը. Եթե մենք ձգտում ենք սովորել հավատքով, ապա հրավիրում ենք Սուրբ Հոգուն մեր սրտերի մեջ, որ սովորեցնի և վկայի ճշմարտության մասին։ Կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել գրատախտակին:)

Նշեք, որ հավատքն ավելին է, քան պասիվ հավատալիքը։ Մենք արտահայտում ենք մեր հավատքը գործերի միջոցով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սովորել հավատքով:

Նկարագրելու համար, թե ինչ է նշանակում սովորել հավատքով, հրավիրեք մի կամավորի, ով երբեք ֆուտբոլ չի խաղացել։ (Դուք կարող եք հարմարեցնել այս գործողությունը` ներգրավելով մի ուսանողի, ով երբեք բասկետբոլ չի խաղացել, երաժշտական գործիք չի նվագել, ձեռնածություն չի արել, փողկապ չի կապել, և այլն)։ Տեղեկացրեք կամավորին, որ դուք մտադիր եք նրան սովորեցնել այնքան լավ ֆուտբոլ խաղալ, որ կարողանա խաղալ ֆուտբոլային թիմի կազմում։ Հարցրեք կամավորին, թե արդյո՞ք նա հավատք ունի ուսուցանելու ձեր կարողության և սովորելու իր ունակության հանդեպ։ Ապա բացատրեք և ցուցադրեք, թե ինչպես գնդակը տանել առաջ, բայց մի թողեք, որ կամավորը փորձի անել այդ։ Բացատրեք, թե ինչպես փոխանցել գնդակը։ Այնուհետև ցույց տվեք՝ փոխանցելով գնդակը կամավորին, բայց գնդակը ետ վերցրեք և մի թողեք նրան` փորձել այն հետ փոխանցել ձեզ։ Արեք նույնը ֆուտբոլային գնդակը դաշտ նետելիս, երբ այն խաղից դուրս է եկել։ Ապա հարցրեք կամավորին.

  • Որքա՞ն պատրաստված եք զգում` փորձվելու ֆուտբոլային թիմում խաղալու համար։ Ինչո՞ւ:

  • Թեպետ ֆուտբոլի մասին սովորելը և մյուսների խաղը դիտելը կարող է օգնել, ի՞նչ է հարկավոր անել, եթե դուք ցանկանում եք զարգացնել անհրաժեշտ հմտությունները` ֆուտբոլում հաջողակ դառնալու համար։

  • Ինչպե՞ս կարող է այն առնչվել հավատքով սովորելուն: (Միայն հավատալով բավական չէ վստահել, որ Հոգին կարող է ուսուցանել մեզ։ Աստծո ճշմարտության մասին գիտելիք ձեռք բերելու համար մենք նաև պիտի ջանք գործադրենք, որ սովորենք և կիրառենք մեր սովորածը։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Երեց Բեդնարի հետևյալ հայտարարությունը: Խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչ է նա ուսուցանում հավատքով սովորելու մասին (դուք կարող եք պատճենահանել այս հայտարարությունն ուսանողների համար և հրավիրել նրանց նշել իրենց գտածը).

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ուսանողն է, որ ազատ կամքն օգտագործելով և ճիշտ սկզբունքների համաձայն գործելով, բացում է իր սիրտը Սուրբ Հոգու առաջ և ներս հրավիրում Նրա ուսմունքները, վկայության ուժը և հաստատող վկայությունը։ Հավատքով սովորելը պահանջում է ոչ թե պասսիվ համաձայնություն, այլ հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանքեր։ Մեր հավատքով ոգեշնչված գործերի անկեղծությամբ և հետևողականությամբ է, որ մենք ցույց ենք տալիս մեր Երկնային Հորն ու Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, որ կամենում ենք սովորել ու ցուցումներ ստանալ Սուրբ Հոգուց: …

«… Հավատքով սովորելը չի կարող ուսուցչից աշակերտին փոխանցվել դասախոսության, ցուցադրման կամ փորձնական վարժության միջոցով. ընդհակառակը, ուսանողը պետք է հավատք գործադրի և գործի, որպեսզի գիտելիք ձեռք բերի իր համար» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 64):

  • Որո՞նք են հոգևոր, մտավոր կամ ֆիզիկական ջանքերից մի քանիսը, որ մենք կարող ենք գործադրել Հոգին հրավիրելու համար, որպեսզի Նա մեզ սովորեցնի և վկայի ճշմարտության մասին։

Նշում. Գուցե տեղին է կարդալ Վարդապետություններ և Ուխտեր 88.122 և քննարկել կարգի ու հարգանքի կարևորությունը դասարանում։

  • Ինչպիսի՞ վերաբերմունքը կամ պահվածքը կարող է խանգարել Հոգուն` մեզ ճշմարտություն ուսուցանել սեմինարիայի դասին:

  • Սեմինարիայում մի ուսանողի, ով ձգտում է սովորել հավատքով, ստացած փորձն ինչպե՞ս կտարբերվեր մյուս ուսանողի փորձից, ով չի ձգտում դրան։

Խնդրեք ուսանողներին օգտվել Մատթեոս 4-րդ գլխից։ Բացատրեք, որ Պետրոս Առաքյալի փորձառությունից մենք կարող ենք տեսնել մի օրինակ, թե ինչպես հավատքով սովորելու ձգտումը մեր սրտերի մեջ է հրավիրում Սուրբ Հոգուն, որ սովորեցնի և վկայի ճշմարտության մասին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 4.18-20 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով Տիրոջ հրավերը Պետրոսին ու Անդրեասին:

  • Տերը ի՞նչ հրավիրեց անելու Պետրոսին ու Անդրեասին:

  • Ինչպե՞ս է նրանց արձագանքը հավատքով սովորելու ձգտումի օրինակ հանդիսանում:

Նշեք, որ Հիսուս Քրիստոսին հետևելու Պետրոսի քայլը թույլ տվեց նրան լինել Փրկիչի հետ Նրա ողջ մահկանացու ծառայության ընթացքում։ Ականջ դնելով Փրկիչի կանչին` հետևել Իրեն, Պետրոսը արտոնություն ունեցավ լսելու Փրկչին կանոնավոր ուսուցանելիս և վկա լինել շատ հրաշքների։ Փրկիչի հրավերով Պետրոսը նույնիսկ քայլեց ջրերի վրայով (տես Մատթեոս 14.28–29

Բացատրեք ուսանողներին, որ Հիսուսը մի առիթով Իր աշակերտներին մի հարց տվեց։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.13-14 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե Տերն ինչ հարցրեց։

  • Փրկիչն ի՞նչ հարցրեց Իր աշակերտներին:

  • Ինչպե՞ս նրանք պատասխանեցին:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.15-17 հատվածները։ Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե ինչպես Պետրոսը պատասխանեց Փրկիչի հաջորդ հարցին:

  • Ի՞նչ էր Պետրոսի պատասխանը Փրկիչի հարցին։

  • Ի՞նչ բացատրեց Փրկիչն այն մասին, թե ինչպես Պետրոսը ստացավ իր գիտելիքը:

  • Ինչպե՞ս է Պետրոսի փորձառությունը ցուցադրում այն ճշմարտությունները, որոնք մենք բացահայտեցինք այս դասին։

Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում (դուք կարող եք գրել այս պատասխանները գրատախտակին).

  • Ե՞րբ եք ձգտել սովորել հավատքով: Ինչպե՞ս Սուրբ Հոգին կատարեց Իր դերը ավետարանի ուսումնասիրության գործում, երբ դուք անում էիք այդ։ (Կարող եք հրավիրել ուսանողներին անդրադառնալ իրենց նախորդ ուսուցման փորձառություններին, որոնք ունեցել էին, երբ ձգտում էին ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:

Եթե ուսանողները ազատ են զգում կիսվելիս , ապա հրավիրեք մի քանիսին նկարագրել այն փորձառությունները, որոնց մասին նրանք գրեցին։ Կարող եք նաև կիսվել ձեր սեփական փորձառությամբ, ինչպես նաև ձեր վկայությամբ` քննարկված ճշմարտությունների մասին։

Խնդրեք ուսանողներին մտածել մեկ կամ երկու բանի մասին, որը նրանք կանեն հավատքով սովորելու համար և Սուրբ Հոգուն իրենց սրտերի մեջ հրավիրելու համար, որ սովորեցնի և վկայի ճշմարտության մասին։ Հրավիրեք ուսանողներին գրել, թե իրենք ինչ կանեն:

Ավարտեք` կիսվելով Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Երիտասարդներ, ես խնդրում եմ ձեզ մասնակցել սեմինարիային: Ուսումնասիրեք ձեր սուրբ գրություններն ամեն օր: Լսեք ձեր ուսուցիչներին ուշադիր: Կիրառեք ձեր սովորածը աղոթքով» («Մասնակցեք սեմինարիային», օգոստոսի 12, 2011թ., seminary.lds.org):

Բացատրական և պատմական տեղեկություն

Ակնածանքը հրավիրում է հայտնություն

Ակնածալի վերաբերմունքը և պահվածքը կարող են լինել հավատքով սովորելու մի մասը և կարող են հրավիրել Հոգուն, որպեսզի սովորեցնի և վկայի ճշմարտության մասին։ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ուսուցանել է ակնածանքի և հայտնության միջև հարաբերության մասին.

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք Եկեղեցում վկա ենք եղել ակնածանքի առկայության և բացակայության օրինակների։ Թեպետ շատերը արժանի են բարձր գովասանքի, մենք պասսիվ ենք մնում։ Մենք խորապես մտահոգված լինելու պատճառ ունենք։

«Աշխարհը դառնում է ավելի ու ավելի աղմկոտ։ …

«Միտումը՝ դեպի ավելի շատ աղմուկը, ավելի շատ հաճույքը, ավելի շատ հակառակությունը, ավելի քիչ զսպվածությունը, ավելի քիչ արժանապատվությունը, ավելի քիչ լրջությունը՝ ոչ զուգադիպություն է, ոչ՝ անմեղություն, ոչ էլ՝ անվնաս:

«Զինվորական արշավանքի գնացող հրամանատարի առաջին հրամանը նրանց կապի միջոցների խափանումն է, ում նա մտադրվել է հաղթել:

«Ոչ ակնածալի վերաբերմունքը ծառայում է հակառակորդի նպատակներին` փակելով մտքում և հոգում հայտնության նուրբ ուղիները։ …

«… Առաջնորդները պետք է սովորեցնեն, որ ակնածանքը հրավիրում է հայտնություն» (“Reverence Invites Revelation,”Ensign, Nov. 1991, 22):

Քույր Մարգարեթ Ս. Լիֆերթը` Երեխաների Միության գերագույն նախագահությունից, ուսուցանել է ակնածանքի մասին Եկեղեցու ժողովներում, և նրա հրահանգը վերաբերում է նաև սեմինարիայի դասին.

«Միայն ակնածալի վերաբերմունքի մթնոլորտում Հոգին կարող է հաստատել ավետարանի ճշմարտությունները՝ Աստծո խոսքի, երաժշտության, վկայության և աղոթքի միջոցով։ …

«Հաղորդագրություններ ուղարկելը կամ էլ.փոստ կարդալը Եկեղեցու ժողովներում՝ ոչ միայն ակնածալի չէ, այլ նաև շեղող է և ազդանշում է հարգանքի բացակայությունը մեր շուրջը գտնվող մարդկանց հանդեպ։ Այսպիսով, մենք ակնածանքի օրինակ ենք դառնում` մասնակցելով ժողովին, լսելով խոսնակներին և միասին երգելով Սիոնի օրհներգերը» («Հարգանք և ակնածանք»,Ensign կամ Լիահոնա, մայիս 2009թ., 13):

Մարգարեի կոչը` մասնակցել սեմինարիային

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հաղորդել է հետևյալ ուղերձը սեմինարիային մասնակցելու մասին.

«Սեմինարիան օրհնել է հարյուրավոր հազարավոր Վերջին Օրերի Սրբերի երիտասարդների կյանքը։ Ես հիշում սեմինարիայի իմ անձնական փորձը։ Ես հաճախում էի սեմինարիա վաղ առավոտյան` իմ ավագ դպրոցի դիմացի մայթին գտնվող մի փոքր տնակում։ Ես մտածում էի, որ եթե իմ ուսուցիչը կարող է այդքան շուտ վեր կենալ, ուրեմն ես էլ կարող եմ այդքան շուտ վեր կենալ։

«Սեմինարիան կօգնի ձեզ հասկանալ և ապավինել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և Քավությանը: Դուք կզգաք Տիրոջ Հոգին` սովորելով սիրել սուրբ գրությունները։ Դուք կպատրաստվեք տաճարի և միսիոներական ծառայության համար։

«Երիտասարդներ, ես խնդրում եմ ձեզ մասնակցել սեմինարիային: Ուսումնասիրեք ձեր սուրբ գրություններն ամեն օր: Լսեք ձեր ուսուցիչներին ուշադիր: Կիրառեք ձեր սովորածը աղոթքով» («Մասնակցեք սեմինարիային», օգոստոսի 12, 2011թ., seminary.lds.org):

Դասին մասնակցելը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հետևյալն է ուսուցանել ավետարանի ուսումնասիրության փորձառությանը մասնակցելու վերաբերյալ.

«[Ուսանողների] մասնակցության որոշումը ընտրելու իրավունքի գործածում է, որը թույլ է տալիս Սուրբ Հոգուն հաղորդել անձնական ուղերձ` նրանց անձնական կարիքներին համապատասխան: Մասնակցելու մթնոլորտի ստեղծումը մեծացնում է հավանականությունը, որ Հոգին կսովորեցնի ավելի կարևոր դասեր, քան [ուսուցիչը] կարող է հասկացնել։

«Այդ մասնակցությունը նրանց կյանք կբերի Հոգու առաջնորդությունը: Երբ խրախուսում եք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքը հարցին պատասխանելու համար, թեպետ առանց գիտակցելու, նրանք Սուրբ Հոգուն արտահայտում են սովորելու իրենց պատրաստակամությունը։ Ազատ կամքի այդ կիրառումը թույլ կտա այդ Հոգուն խրախուսել նրանց և տալ նրանց ավելի հզոր առաջնորդություն ձեր միասին անցկացրած ժամանակի ընթացքում։ Մասնակցությունը թույլ է տալիս անհատներին զգալ, որ նրանք առաջնորդվում են Հոգու կողմից։ Նրանք սովորում են ճանաչել և զգալ, թե ինչ է հոգևոր առաջնորդությունը» (“To Learn and Teach More Effectively” [Brigham Young University Campus Education Week devotional, Aug. 21, 2007], 4–5, speeches.byu.edu

Լրացուցիչ միջոցներ՝ օգնելու ուսանողներին իրագործել իրենց դերը ավետարանի ուսումնասիրության ժամանակ

Որպեսզի սովորեք, թե ինչպես օգնել ուսանողներին իրագործել իրենց դերը ավետարանի ուսումնասիրության ժամանակ, տես հետևյալ թեմաները այս ձեռնարկում Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012]:

  • «Մենք օգնում ենք ուսանողներին իրականացնել իրենց դերը ուսումնական գործընթացում և պատրաստվել ուսուցանել ավետարանը մյուսներին» (հատված 1.3.3, էջ 6–7):

  • «Ակնկալվում է, որ ուսանողները կկատարեն իրենց դերը որպես սովորողներ» (հատված 2.2.2, էջ 15)։

  • «Քննարկել հոգևոր ուսումնասիրության սկզբունքները» (հատված 2.2.3, էջ 17)։

  • «Կենտրոնանալ ուսանողներին օգնելու վրա, որպեսզի կատարեն իրենց դերը» (հատված 4.3.4, էջ 57)։