Գրադարան
Դաս 32․ Մատթեոս 27․1-50


Դաս 32

Մատթեոս 27․1-50

Նախաբան

Հիսուս Քրիստոսին սպանելու դավադրության պատրվակով հրեա առաջնորդները Հիսուսին բերեցին Պոնտացի Պիղատոսի առաջ։ Պիղատոսը Հիսուսին ենթարկեց խարազանման և խաչելության։ Հիսուսն ընդունեց տառապանքը և մահը, որպեսզի իրագործի Հոր կամքը։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 27․1-25

Հիսուսին հանձնում են Պիղատոսին, ով Նրան դատապարտում է խաչելության

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Եթե հնարավորություն ունենայիք ներկա գտնվելու սուրբ գրության իրադարձություններից մեկին, ո՞ր մեկը կընտրեիք։

Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց պատասխաններով: Բացատրեք, որ դասի ժամանակ ուսանողները կուսումնասիրեն աշխարհի պատմության մեջ երբևէ գոյություն ունեցող ամենանշանակալից իրադարձություններից մեկը։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք ներկա են գտնվում տեղի ունեցող իրադարձություններին։

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Այսօր ես տեսա և զգացի …

Անդրադարձեք գրատախտակին գրված անավարտ նախադասությանը և բացատրեք, որ ուսանողները հնարավորություն կունենան ավարտելու նախադասությունը դասի վերջում՝ ելնելով Մատթեոս 27․1–50 հատվածների իրենց սովորածից։

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Հիսուսին ձերբակալեցին, «բոլոր աշակերտները նորան թողեցին փախան» (Մատթեոս 26․56)։ Կայիափան և խորհուրդը Հիսուսին մեղադրեցին հայհոյելու մեջ՝ մի հանցագործություն, որը հրեական օրենքներով դատապարտվում էր մահվան, սակայն հռոմեական կանոններով հրեաները իշխանություն չունեին ինչ-որ մեկին մահվան դատապարտել հայհոյելու համար։ Հետևաբար, հրեա առաջնորդները ձգտում էին մի իրավախախտում գտնել հռոմեական օրենքներին համաձայն, ըստ որի Հիսուսը կպատժվեր մահվան։

Ամփոփեք Մատթեոս 27․1–10 և բացատրեք, որ հրեա առաջնորդները Հիսուսին հանձնեցին Պոնտացի Պիղատոսին, ով Հրեաստանի կուսակալն էր Հռոմի կողմից։ Երբ Հուդան տեսավ դա, նա զղջաց Հիսուսին դավաճանելու համար և ետ վերադարձրեց այն գումարը, որը նա ստացել էր հրեա առաջնորդների կողմից, իսկ հետո վերջ դրեց իր կյանքին։ Քանի որ արծաթը «արիւնի գին է» (Մատթեոս 27․6) և այդպիսով օրինական չէր այն գանձարան վերադարձնելու համար, հրեա առաջնորդներն այդ գումարով գնեցին բրուտի դաշտը, որտեղ պանդուխտը (կամ օտարականները) պետք է թաղվեին։ Մատթեոսը մեջբերել է այս իրադարձությունը որպես այն մարգարեության իրականացում, որը գրված է Զաքարիա 11․12–13 հատվածներում։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 27․11–14 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել այն մեղադրանքը, որը հրեա առաջնորդները ներկայացրին Հիսուսին Պիղատոսի առաջ։

Բացատրեք, որ հրեա առաջնորդները Հիսուսին մեղադրեցին պետական դավաճանություն կատարելու կամ հռոմեական կառավարությունը տապալելու մեջ և պնդում էին, որ Հիսուսն Իրեն թագավոր էր հռչակել և փորձում էր հաստատել Իր թագավորությունը։

Հարցրեք ուսանողներին, թե Փրկչին պաշտպանելու համար ի՞նչ նրանք կպատասխանեին Պիղատոսին, եթե նրանց հնարավորություն տրվեր խոսելու։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով դասարանի հետ:

Ամփոփեք Մատթեոս 27․15–16 հատվածները և բացատրեք, որ ամեն տարի Զատկի տոնի առիթով, հռոմեական կուսակալի սովորության համաձայն ներում էր շնորհվում դատապարտվածներից որևէ մեկին։ Ժողովուրդը կարող էր ընտրել, թե բանտարկյալներից ով պետք է ազատ արձակվի։ Հիսուսի դատավճռի ժամանակ նշանավոր բանտարկյալներից մեկը Բարաբբա անունով մի մարդ էր, ով դատապարտվել էր գողության, հռոմեական իշխանության դեմ ապստամբելու և մարդ սպանելու մեղադրանքով։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 27․17-25: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ հարցրեց Պիղատոսը կուսակալի պալատում հավաքված բազմությանը։

  • Ըստ 17-րդ և 21-րդ հատվածների, ի՞նչ հարցրեց Պիղատոսը բազմությանը։

  • Ի՞նչ պատճառներ ուներ Պիղատոսը Հիսուսին ազատելու առաջնահերթություն տալու համար՝ ի տարբերություն Բարաբբայի։

  • Ի վերջո, ինչո՞ւ Պիղատոսն ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին դատապարտեց խաչելության։

Մատթեոս 27․26-50

Հիսուսին խարազանում, ծաղրում և խաչում են

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 27․26 հատվածը և դասարանի ուշադրությունը հրավիրեք նրան, թե ինչ կրեց Հիսուսը նախքան խաչվելը։

  • Ի՞նչ է նշանակում ծեծվել (խարազանվել)։ (Պարբերաբար մտրակել։)

Կարող եք ցուցադրել սուր կամ ատամնավոր սայր ունեցող մի քարի կտոր և բացատրել, որ խարազանման համար օգտագործվող մտրակի վրա հաճախ լինում էին սրածայր առարկաներ (օրինակ, քարե, մետաղե կամ ոսկրե կտորներ), որոնք հյուսված էին մի քանի փոկերով։ Որպես կանոն, այդ տեսակի պատիժը կիրառվում էր ծառաների համար, իսկ ազնվազարմ մարդիկ կամ Հռոմի ազատ քաղաքացիները ծեծվում էին ճիպոտներով։ Խարազանման ժամանակ մարդկանցից շատերը չէին դիմանում, քանի որ այն առաջացնում էր ծանր ֆիզիկական վնասվածքներ։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 27․27-32: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե հռոմեացի զինվորներն ինչպես վարվեցին Հիսուսի հետ։

  • Հռոմեացի զինվորներն ինչպե՞ս ծաղրեցին Հիսուսին։

  • Ի՞նչ եք կարծում, ինչու համար զինվորները մարդ գտան, որ տաներ Հիսուսի խաչը Նրա փոխարեն։ (Պետք է որ Գեթսեմանիում տառապելուց և խարազանվելուց հետո Հիսուսը ֆիզիկապես հյուծված լիներ աներեվակայելի ցավից ու մեծ քանակությամբ արյուն կորցնելու պատճառով։)

  • Իմանալով, որ Հիսուսն Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը, ի՞նչ զգացում կապրեիք, եթե ստիպված լինեիք կրել Հիսուսի խաչը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 27․33-34 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, թե Փրկիչն ինչից հրաժարվեց խաչվելուց առաջ։

  • Ինչի՞ց հրաժարվեց Հիսուսը։ (Խմել իրեն տրված հեղուկը։)

Այդ հեղուկի մատուցումն իրականացրեց Սաղմոս 69․21 հատվածի մարգարեությունը։ Կարող եք բացատրել, որ «լեղիի հետ խառնած» գինին (Մատթեոս 27․34), կամ ինչպես Մարկոսն է գրել «զմռսած գինի» (Մարկոս 15․23), սովորաբար առաջարկվում էր որպես անզգայացնող միջոց մեռնող մարդու տառապանքները մեղմելու համար։ Հրաժարվելով խմել Հիսուսը գիտակցաբար չցանկացավ բթացնել Իր զգայարանները և վճռականություն հանդես բերեց՝ մնալու գիտակից վիճակում Իր քավող տառապանքների ողջ ընթացքում։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոսի 27․35-45 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք այն մյուս բաների վրա, որոնցով մարդիկ ծաղրեցին կամ գայթակղեցրին Հիսուսին։

  • Ինչպե՞ս մարդիկ ծաղրեցին կամ գայթակղեցրին Հիսուսին։

  • Իմանալով, որ Հիսուսը կարող էր ազատել Իրեն, ձեր կարծիքով ինչո՞ւ Նա չիջավ խաչից։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոս 27․46 հատվածը և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Հիսուսը՝ գտնվելով խաչի վրա։

  • Ի՞նչ ասաց Հիսուսը։ («Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ»։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ այդ պահին, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Հոգուս ողջ համոզվածությամբ ես վկայում եմ, որ … կատարյալ Հայրը չէր լքել Իր Որդուն այդ պահին։ Ես միանգամայն համոզված եմ, որ Քրիստոսի մահկանացու ծառայության ողջ ընթացքում Հայրը երբևէ ավելի մոտ չի գտնվել Իր Որդուն, քան Նրա տառապանքների այդ տանջալից պահերին։ Այնուամենայնիվ, … Հայրը մի կարճ ժամանակով հետ էր վերցրել Հիսուսից Իր սփոփանքի Հոգին՝ Իր անձնական ներկայության աջակցությունը» (“None Were with Him,” Ensign կամ Liahona, May 2009, 87–88)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Հայրն այդ պահին հետ վերցրել Իր Հոգին Հիսուսից։

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել 46-րդ հատվածի ճշմարտությունը, կարդացեք Երեց Հոլլանդի հայտարարության մնացած մասը․

«Իսկապես, Քավության մեջ ամենակարևորն այն էր, որ այդ կատարյալ Որդին, ով երբեք չէր վատաբանել, մեղք չէր գործել, ոչ մի անմաքուր բանի չէր դիպչել, պետք է հասկանար, թե ինչ են զգում բոլոր մարդիկ, երբ մեղքեր են գործում։ Որպեսզի Նրա Քավությունն անսահման ու հավերժական լիներ, Նա պետք է զգար, թե ինչ է նշանակում մեռնել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, պետք է հասկանար, թե ինչ է նշանակում լքված լինել Հոգու կողմից և մնալ լիակատար, անսահման և անհույս մենության մեջ» (“None Were with Him,” 88)։

  • Ելնելով Մատթեոս 27․46 հատվածից և Երեց Հոլլանդի հայտարարությունից, ինչպե՞ս կամփոփեիք այն, ինչ Փրկիչը կրեց Քավության համար։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Որպես Քավության մաս Հիսուս Քրիստոսն զգաց Երկնային Հոր Հոգու հեռացումն իրենից։)

  • Համաձայն Երեց Հոլլանդի խոսքերի, ինչո՞ւ Հոգին հեռացվեց Հիսուս Քրիստոսից։ (Որպեսզի զգա, թե ինչ է նշանակում հոգեպես մեռնելը։)

Բացատրեք, որ մենք հոգևոր մահ ենք ապրում, կամ Երկնային Հոր Հոգին հեռացվում է մեզանից, երբ մենք մեղք ենք գործում։ Վկայեք այն մասին, որ քանի որ Հիսուս Քրիստոսը հոգևոր մահ ապրեց Գեթսեմանիի պարտեզում և խաչի վրա, Նա կարող է օգնել մեզ, երբ մեր սխալ ընտրությունների պատճառով հեռացվում ենք Երկնային Հոր Հոգուց։ Նա նաև կարող է մեզ օգնել, երբ մենք միայնակ ենք զգում։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոս 27․50 հատվածը և մի քաղվածք Մատթեոս 27․54 հատվածի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունից, որը գտնվում է Մատթեոս 27․50, տողատակի գրառում ա և փնտրել, թե ուրիշ ինչ ասաց Փրկիչը խաչի վրա գտնվելիս։

  • Համաձայն այդ հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից, ինչո՞ւ Հիսուսը տառապեց Իր արարքների համար։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսը տառապեց, որպեսզի իրականացնի Երկնային Հոր կամքը։)

Հիշեցրեք ուսանողներին նախորդ դասը, որի ժամանակ նրանք ուսումնասիրեցին Մատթեոս 26 գլուխը և սովորեցին Գեթսեմանիում Փրկչի տառապանքների և Իր կամքը Հոր կամքին ենթարկեցնելու մասին։ Կարող եք ուսանողներին առաջարկել, որ նրանք Մատթեոս 26․39 հատվածը նշեն իրենց սուրբ գրություններում Մատթեոս 27․50 հատվածի կողքին որպես խաչաձև հղում, որը կօգնի նրանց հիշել, որ Հիսուսն արեց Իր խոստացածը։

  • Ինչո՞ւ էր Հայրը ցանկանում, որ Հիսուսը կրեր նմանատիպ տառապանքներ՝ սկսելով Գեթսեմանիի պարտեզից և վերջացնելով խաչի վրա։

Բացատրեք, որ լավագույն միջոցներից մեկը, որի շնորհիվ Տիրոջն արտահայտում ենք մեր երախտագիտությունն այն տառապանքների դիմաց, որը Նա կրեց մեզ համար, դա՝ արդար ապրելակերպն է։ Անդրադարձեք գրատախտակի այն անավարտ մտքին, որը դուք գրեցիք դասի սկզբում․ «Այսօր ես տեսա և զգացի …»։ Հրավիրեք ուսանողներին ավարտել այդ արտահայտությունն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվելու իրենց գրածով։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 27․15–21 Բարաբբան, թե՞ Հիսուսը։

Հեգնական է, բայց Բարաբբա անունը նշանակում է «հոր որդին»։ Ամբոխը, որոնց մեծ մասը ոգևորվել էր քահանայապետերի և երեցների կողմից, կոչ էին անում ազատ արձակել Բարաբբային՝ մինչ մերժում էին Հոր ճշմարիտ Որդուն։ Մենք բոլորս նման ենք Բարաբբային այն իմաստով, որ մենք մեղավոր որդիներն ենք և ազատ ենք արձակվել Հոր ճշմարիտ Որդու շնորհիվ, ով դատապարտվեց մահվան։ Բարաբբան գող, մարդասպան և դավաճան էր, իսկ Հիսուս Քրիստոսը կատարյալ էր։ Փրկչին մահվան դատապարտող մարդիկ ընտրության հստակ հնարավորություն ստացան և նրանք ընտրեցին չարը։

Մովսեսի օրենքը նախանշան էր տվել Բարաբբայի ազատ արձակվելու մասին՝ դրա պատահելուց դեռևս դարեր առաջ։ Մովսեսի օրենքն ուսուցանել է, որ տարին մեկ անգամ՝ Քավության օրը, քահանայապետն ընտրում է երկու այծ։ Այծերից մեկն ազատ արձակվողն էր և կենդանի ազատ արձակվեց դեպի անապատ, մինչդեռ մյուսը «Տիրոջ համար էր» և որպես զոհաբերություն սպանվեց մարդկանց մեղքերի համար (տես Ղևտացոց 16․8–10)։ Այնուհետև քահանայապետը մորթված այծի արյունը վերցրեց և տարավ խորանի Սրբերի Սրբոցը։ Նա սրսկեց արյունը ուխտի տապանակի կափարիչի վրա (որը կոչվում է «քաւութիւնի վերայ»), որը խորհրդանշորեն քավություն է անում Իսրայելի մեղքերի համար։

Ջերալդ Ն․ Լանդը, ով հետագայում դարձավ Յոթանասունի անդամ, բացատրել է, թե ինչպես է Քավության օրվա իրադարձությունները նախանշան հանդիսացել Փրկչի արյան զոհաբերության։ «Քրիստոսը՝ որպես Եհովայի գառը և Քահանայապետը, թափեց Իր արյունը երկնային Սրբերի Սրբոց մտնելու համար, որտեղ Նրա արյունն իրենց մեղքերից ազատեց այն մարդկանց, ովքեր կհավատան նրան և կհնազանդվեն Նրա պատվիրաններին։ (Տես Եբր. 9․11–14, 24–28, 10․11–22, ՎևՈւ 45․3–5։)» (Jesus Christ, Key to the Plan of Salvation [1991], 67)։

Մատթեոս 27․26 Ի՞նչ էր նշանակում ծեծվել (խարազանվել)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել է, թե ինչ է նշանակում խարազանվել։

«Այդ դաժան սովորությունը, որը նախորդում էր խաչելությանը, բաղկացած էր զոհի վրայից հագուստը պոկելուց, կաշեփոկով նրան սյանը կամ հենքից կապելուց և խարազանով ծեծելուց, որը պատրաստված էր կապարե և ոսկրե սուր կտորներ ամրացրած կաշեփոկերից։ Դրա արդյունքում խոշտանգված տառապյալը ենթարկվում էր արյունահոսության, տկարության, իսկ երբեմն՝ մահվան» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:807)։

Մեկ այլ առիթով Երեց Մակքոնկին կրկնել է, որ «շատերը մահանում էին միայն մտրակելուց, սակայն [Հիսուս Քրիստոսը] բարձրացավ մտրակի տառապանքներից, որպեսզի անարգ մահ կրի Գողգոթայի սոսկալի խաչի վրա» (“The Purifying Power of Gethsemane,” Ensign, May 1985, 9–10)։