Գրադարան
Դաս 17. Մատթեոս 14


Դաս 17

Մատթեոս 14

Նախաբան

Հովհաննես Մկրտիչի մահն իմանալուն պես Հիսուսը ձգտեց միայնության, սակայն բազմաթիվ մարդիկ հետևեցին Նրան։ Նա գթաց նրանց, բժշկեց նրանց հիվանդներին և հրաշքով կերակրեց ավելի քան հինգ հազար մարդու։ Այդ գիշեր Հիսուսը ծովի վրայով քայլեց դեպի Իր աշակերտները, ովքեր Գալիլեայի ծովում պայքարում էին հզոր փոթորկի դեմ։

Ուսուցնման առաջարկներ

Մատթեոս 14․1-21

Հիսուսը ձգտում է միայնության, ապա կերակրում ավելի քան հինգ հազար մարդու։

Հորդորեք ուսանողներին վերհիշել, թե երբ են նրանք մեծապես տխրել։ Հրավիրեք նրանց վերհիշել, թե ինչ նրանք արեցին, որպեսզի դիմանային ու հաղթահարեին իրենց տխրությունը։

  • Որո՞նք են այն եղանակները, որոնց օգնությամբ մարդիկ դիմանում ու հաղթահարում են իրենց տխրությունը։

Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 14 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այն եղանակները, որոնց օգնությամբ նրանք կարող են դիմակայել և հաղթահարել իրենց վիշտը, փորձությունները և մտավախությունները։

Ամփոփեք Մատթեոս 14․1–11 հատվածները և բացատրեք, որ իր նոր կնոջ (Հերովդիայի) հորդորով, Հերովդես թագավորն անարդարացիորեն բանտարկեց Հովհաննես Մկրտչին։ Երբ իր կնոջ դուստրը (Սալոմեն) պարեց իր առաջ, Հերովդեսը հրապարակավ խոստացավ, որ նա կարող է ունենալ «ինչ-որ կամենա» (Մատթեոս 14․7)։ Աղջիկը մոր հետ խորհրդակցելուց հետո պահանջեց Հովհաննես Մկրտիչի գլուխը և դրա պատճառով Հերովդեսը գլխատեց Հովհաննեսին։

Հիշեցրեք ուսանողներին, որ Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսի ընկերն ու ազգականն էր և Աստծո կողմից ընտրվել էր լինելու այն մարգարեն, ով կպատրաստեր ճանապարհը Մեսիայի առաջ։

  • Պատկերացրեք, որ դուք Հովհաննես Մկրտիչի մոտիկ ընկերն եք։ Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե լսեիք նրա անարդար մահվան լուրը։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 14.12-13 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք նրան, թե ինչ արեց Հիսուսը, երբ լսեց Հովհաննեսի մահվան մասին։

  • Ի՞նչ արեց Հիսուսը, երբ Նա լսեց Հովհաննեսի մահվան մասին։ (Կարող եք բացատրել, որ «առանձին մի անապատ տեղը» վերաբերում է միայնության վայրին [տես Մարկոս 6․31, տողատակի գրառում ա]։)

  • Ի՞նչ պատահեց, երբ Հիսուսը փորձեց առանձնանալ։

  • Ինչպե՞ս դուք ձեզ կզգայիք, եթե տխուր լինեիք և ցանկանայիք միայնակ մնալ, բայց ուրիշները շեղեին ձեր ուշադրությունը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 14.14 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Հիսուսն արձագանքեց, երբ տեսավ Իրեն հետևող բազմությունը։

  • Ի՞նչ օրինակ Փրկիչը ցույց տվեց, որին մենք պետք է հետևենք, երբ տրտմում ենք։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Կարեկցելով ուրիշներին նույնիսկ մեր տխրության պահերին, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին։)

  • Ինչո՞ւ է դժվար կարեկցանք ցուցաբերել ուրիշներին մեր տառապանքի պահերին։

  • Ինչպե՞ս կարող է ուրիշների հանդեպ կարեկցանքն օգնել մեզ մեր տառապանքի պահերին։

  • Ե՞րբ եք դուք կամ որևէ մեկը, ում դուք ճանաչում եք, իր մեծ տխրության պահերին կարեկցանք ցուցաբերել ուրիշների հանդեպ։ Ի՞նչ առումով է ուրիշին ծառայելն օգնում։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 14․15-21 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես Հիսուսը շարունակեց կարեկցանք ցուցաբերել բազմությանը։ (Նշում․ Մատթեոս 14․15-21 հատվածների հրաշքներն առավել մանրամասնությամբ կքննարկվեն Մարկոսի 6․35–44 հատվածները քննարկող դասի ժամանակ։)

  • Ինչպե՞ս Հիսուսը կարեկցանք ցուցաբերեց այն մարդկանց հանդեպ, ովքեր հետևեցին Նրան։

Մատթեոս 14․22–36

Հիսուսը փոթորկի ժամանակ քայլում է ծովի վրայով։

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այն իրավիճակների շուրջ, երբ նրանք կասկածներ կամ վախ կունենան Հիսուս Քրիստոսին հետևելիս, հանձնարարեք երկու ուսանողի բարձրաձայն կարդալ հնարավոր հետևյալ դեպքերը․

  1. Մի երիտասարդ աղջիկ անօգնական է զգում, երբ տեսնում է, թե ինչպես է իր մայրը տառապում անբուժելի հիվանդությունից։ Նա սկսում է կասկածել, թե արդյոք Երկնային Հայրը տեղյակ է իր ընտանիքի ցավից։ Նա հուսահատորեն ցանկանում է հավատալ Աստծուն, սակայն կասկածները սկսում են տանջել նրան։

  2. Մի երիտասարդ տղա վերջերս է միացել Եկեղեցուն; Նրա հին ընկերներից շատերը բացահայտորեն քննադատել էին Եկեղեցուն միանալու նրա որոշումը; Նա սկսում է մտահոգվել, թե արդյո՞ք պետք է շարունակի և մնա ակտիվ ու հավատարիմ Եկեղեցու անդամ։

  • Հիսուս Քրիստոսին հետևելիս, ի՞նչ այլ եղանակներով մարդիկ կարող են կասկածներ կամ մտավախություններ ունենալ։

Խնդրեք ուսանողներին Մատթեոս 14 գլխի մնացած մասն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց հաղթահարել մտավախությունները, կասկածները և հուսահատությունը։

Ամփոփեք Մատթեոս 14․22 հատվածը և բացատրեք, որ Փրկիչը պատվիրեց Իր աշակերտներին նավով լողալ Գալիլեայի ծովի մյուս կողմը, մինչև որ Ինքը բաց կթողնի բազմությանը։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 14.23 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե որտեղ գնաց Հիսուսը բազմությանը արձակելուց հետո։ Խնդրեք նրանց կիսվել իրենց հասկացածով։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 14․24-25 հատվածները և դասարանի անդամներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց, երբ աշակերտներն անցնում էին Գալիլեայի ծովով։

  • Ի՞նչ պատահեց աշակերտների հետ, երբ նրանք անցնում էին Գալիլեայի ծովով։

  • Ի՞նչ է նշանակում, որ «քամին ներհակ էր» (հատված 24): (Այն փչում էր նրանց շարժմանը հակառակ ուղղությամբ։)

Համաձայն հատված 23-ի՝ երեկո էր, երբ Հիսուսը միայնակ էր սարի վրա և աշակերտներն անցնում էին Գալիլեայի ծովը։ Ծովի մյուս կողմն անցնելու հեռավորությունը հինգ մղոն էր (մոտ ութ կիլոմետր) և լավ եղանակի պայմաններում այն կարելի էր անցնել երկու-երեք ժամում։

  • Համաձայն հատված 25-ի, ե՞րբ Փրկիչը ջրերի վրայով մոտեցավ աշակերտներին։ (Չորրորդ պահը առավոտյան ժամը 3:00-ից 6:00 ընկած ժամանակահատվածն է։)

  • Շուրջ քանի՞ ժամ էին աշակերտները պայքարում քամու դեմ, որպեսզի անցնեին ծովը։ (Հավանաբար 9-12 ժամ։)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մարկոս 6.47-48 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ մանրամասներ, որոնք Մարկոսը տվել է այս իրադարձության վերաբերյալ։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Կարո՞ղ էր արդյոք Հիսուսն ավելի շուտ ազատեր աշակերտներին իրենց տառապանքներից։ Ո՞րն էր այն հնարավոր նպատակը, որ առաքյալներին մի որոշ ժամանակ թողեց տառապել, նախքան կփրկեր նրանց։

  • Մեր տառապանքների վերաբերյալ ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել աշակերտների այս պատմությունից, ովքեր փորձում էին անցնել ծովը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Նույնիսկ, եթե Աստված մեզ միշտ չազատի տառապանքներից, Նա գիտի, թե ինչ ենք մենք զգում և Իր իսկ ժամանակին կգա մեզ օգնության։)

  • Ի՞նչ օգուտ կարող ենք ստանալ, եթե մի որոշ ժամանակ տառապենք, այլ ոչ թե Տիրոջ կողմից անմիջապես ազատվենք մեր փորձություններից։

  • Ինչպես կարող է այն միտքը, որ Տերը տեղյակ է մեր տառապանքներից, ամրապնդել Նրա հանդեպ մեր հավատքը՝ նույնիսկ, երբ Նա անմիջապես չի ազատում մեզ դրանցից։

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ գիշերվա կեսին գտնվում են ձկնորսական նավակի վրա և ժամեր շարունակ պայքարում են զորեղ քամու և ալիքների դեմ, իսկ հետո տեսնում եք ինչ-որ մեկին ալիքների վրայով քայլելիս։

  • Եթե դուք լինեիք այդ իրավիճակում, ի՞նչ մտքեր կամ ապրումներ կունենայիք։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 14.26-27 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ինչպես աշակերտներն արձագանքեցին, երբ տեսան Հիսուսին։

  • Ինչպե՞ս աշակերտներն արձագանքեցին, երբ տեսան Հիսուսին։

  • Ինչպե՞ս պատասխանեց Հիսուսը նրանց երկյուղին։

Հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 14.28 հատվածը և դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ինչ էր ցանկանում անել Պետրոսը, երբ Նա լսեց Տիրոջ ձայնը։

  • Ի՞նչ էր ցանկանում անել Պետրոսը, երբ լսեց Տիրոջ ձայնը։

Հիսուսի նկարը պահեք դասարանի առաջ և խնդրեք դասարանին պատկերացնել, որ նրանք նավակի մեջ գտնվող Պետրոսն են։ Խնդրեք երկու ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 14.29-30 հատվածները: Յուրաքանչյուր հատվածը կարդալուց հետո հարցրեք ուսանողներին, թե ինչ նրանք կմտածեին կամ կզգային, եթե լինեին Պետրոսի դերում։

  • Ինչո՞ւ Պետրոսը սկսեց սուզվել։

  • Այս պատմության մեջ, ի՞նչ կարող է խորհրդանշել քամին ու ալիքները մեր կյանքում, որոնց պատճառով մենք կարող ենք վախենալ կամ կասկածել։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Պետրոսի ունեցած այդ փորձառությունից այն մասին, թե ինչպես խուսափել մեր երկյուղներից և կասկածներից։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ պարզորոշ արտահայտվի է այն միտքը, որ եթե մեր հայացքները սևեռենք Հիսուս Քրիստոսի վրա և պահենք Նրա հանդեպ մեր հավատքը, մենք կկարողանանք հաղթահարել մեր երկյուղներն ու կասկածները։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հովարդ Վ․ Հանթերի հետևյալ հայտարարությունը և դասարանի ուշադրությունը հրավիրեք այն վտանգին, որը գալիս է, երբ մենք չենք պահպանում հավատքը Տիրոջ հանդեպ․

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Ես խորապես համոզված եմ, որ եթե որպես անհատներ, որպես ընտանիքներ, համայնքներ և ազգեր մենք կարողանանք Պետրոսի նման սևեռել մեր հայացքները Հիսուսի վրա, մենք նույնպես կկարողանանք հաղթանակած քայլել «անհավատության մեծացող ալիքների» վրա և մնալ «անվախ` կասկածի բարձրացող ալիքների մեջ»: Բայց, եթե մենք հեռացնում ենք մեր հայացքը նրանից, ում մենք պետք է հավատանք, քանի որ դա շատ հեշտ է անել, և աշխարհը մեծապես գայթակղվում է անելու դա, եթե մենք նայում ենք մեր շուրջը գտնվող սարսափելի և կործանարար տարրերի զորությանը և ցասմանը, նրան նայելու փոխարեն, ով կարող է օգնել և փրկել մեզ, ապա մենք անխուսափելիորեն ընկղմվում ենք տարաձայնությունների, վշտի և հուսահատության ծովում» (“The Beacon in the Harbor of Peace,” Ensign, Nov. 1992, 19)։

  • Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող ենք «մեր աչքերը սևեռել» Հիսուս Քրիստոսի վրա այնպես, ինչպես սկզբում Պետրոսն արեց։

  • Ե՞րբ եք ականատես եղել, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը, թույլ է տվել ինչ-որ մեկին հաղթահարել վախը կամ կասկածը։

Վկայեք, որ եթե մենք «սևեռենք մեր աչքերը» Հիսուս Քրիստոսի վրա և պահպանենք Նրա հանդեպ մեր հավատքը, մենք հույս և խիզախություն կգտնենք մեր դժվարություններին դիմակայելիս։ Հրավիրեք ուսանողներին մտածել այն փոփոխությունների մասին, որոնք նրանք կարող են կատարել իրենց կյանքում, որպեսզի ավելի լավ կենտրոնանան և պահպանեն իրենք հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և նպատակ դնեն այդ փոփոխություններն իրագործելու։

Բացատրեք, որ Պետրոսի նման մենք երբեմն կարող ենք չպահել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և տրվել վախին, կասկածներին և հուսահատությանը։

Նկար
Christ walking on water

Ցուցադրեք մի նկար, որտեղ Հիսուս Քրիստոսը քայլում է ջրերի վրայով (տես Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 43; տես նաև LDS.org)։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 14.30-32 հատվածները։

  • Համաձայն հատված 30-ի, ի՞նչ արեց Պետրոսը, երբ գիտակցեց, որ սուզվում է։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչ կանի Տերը, եթե մենք դիմենք Նրա օգնությանը, երբ մեր հավատքը նվազի։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք դիմենք Աստծո օգնությանը, երբ մեր հավատքը նվազի, Նա կարող է մեզ բարձրացնել մեր երկյուղներից և կասկածներից։)

  • Ինչպե՞ս է Տերը մեզ բարձրացնում մեր երկյուղներից և կասկածներից։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 14.33 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք նրան, թե ինչպես աշակերտները նավակի վրա արձագանքեցին, երբ Հիսուսն ու Պետրոսը մտան նավը։

Ամփոփեք Մատթեոս 14․33-36 հատվածները և բացատրեք, որ այդ իրադարձությունից հետո Հիսուսն ու Իր աշակերտները շարունակեցին իրենց ճամփորդությունը և ժամանեցին Գալիլեայի հեռավոր ափերը։ Երբ մարդիկ իմացան, որ Հիսուսն այդտեղ էր, նրանք Նրա մոտ բերեցին հիվանդներին։ Շատերը բուժվեցին պարզապես դիպչելով Նրա հագուստի ծայրին։

Եզրափակեք և խրախուսեք ուսանողներին կիրառել այս դասի ժամանակ իրենց սովորածը և գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 14․25 «Գիշերի չորրորդ պահին Յիսուսը նորանց մօտ եկաւ»։

Երբ մենք ակնկալում ենք, որ Տերն արագ կերպով մեր խնդիրների լուծումը կտա, մենք չենք տեսնում Նրա օգնության ուշացման մեծ նպատակը։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խոսել է մի անձնական փորձության մասին, որի համար Տիրոջ կողմից շուտափույթ լուծում չի ստացել․

«Թեպետ ես անցյալում տառապել եմ, հետ նայելիս ես երախտապարտ եմ, որ իմ խնդիրներին շուտափույթ լուծում չի տրվել։ Այն փաստը, որ ես ամեն օր ստիպված էի դիմել Աստծո օգնությանը երկար տարիների ընթացքում, իսկապես սովորեցրեց ինձ, թե ինչպես աղոթել ու ստանալ պատասխաններ, և բազմաթիվ գործնական ձևերով ուսուցանեց ինձ հավատք ունենալ առ Աստված։ Ես ճանաչեցի իմ Փրկչին և իմ Երկնային Հորն այն տեսանկյունից և այն չափով, որն այլ կերպ հնարավոր չէր, կամ որին հասնելու համար ինձանից կպահանջվեր շատ ավելի ժամանակ։ … Ես սովորեցի իմ ողջ սրտով ապավինել Տիրոջը։ Ես սովորեցի օր-օրի քայլեր Նրա հետ» (“Give Us This Day Our Daily Bread” [Church Educational System fireside, Jan. 9, 2011], LDS.org

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին հետևյալն է ասել այն մասին, որ Փրկիչը տեղյակ էր փոթորկի ժամանակ Գալիլեայի ծովն անցնելու Իր աշակերտների ծանր ջանքերից․

«Այն սարի վրայից, որտեղ նա աղոթում էր …, Հիսուսը տեսավ իր սիրելի ընկերներին սպառնող վտանգն ու նրանց տառապանքը, երբ նրանք հանգրվան էին փնտրում Գալիլեայի լճի արևմտյան ափին։ … Նրանց վիճակի մասին իրազեկությունն ավելի շատ գալիս էր Հոգու զորությունից, քան՝ բնական աչքերի, քանի որ նրանք ավելի քան չորս, միգուցե, հինգ կամ վեց մղոն հեռու էին գտնվում։ …

… Ութ կամ տաս ժամվա ընթացքում նրանք ափից հեռացել էին չորս մղոնից էլ պակաս հեռավորություն։

Նրանց վտանգը շատ մեծ էր։ Նույնիսկ ուժեղ տղամարդիկ չէին կարող դիմակայել անորոշ ժամանակով ձգվող ջախջախիչ ալիքներին և ծովում փոթորկող պտտահողմին։ Եվ այժմ գիշերվա չորրորդ պահն էր՝ առավոտյան ժամը երեքից վեցն ընկած ժամանակահատվածը։ Հիսուսը թողել էր նրանց տանջվելու և պայքարելու մինչև որ նրանք ուժասպառ կլինեին։ Եվ ահա Նա եկավ փրկելու» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 2:358–59)։