Գրադարան
Դաս 119. Գաղատացիս 5-6


Դաս 119

Գաղատացիս 5-6

Նախաբան

Պողոսը հորդորեց գաղատացի սրբերին վերականգնել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատը և հավատալ, որ փրկությունը հասանելի է միայն Նրա միջոցով, այլ ոչ Մովսեսի օրենքին հնազանդվելով։ Պողոսն ավարտեց իր նամակը և հրավիրեց Եկեղեցու անդամներին Քրիստոսի միջոցով դառնալ նոր արարածներ և օգնել մյուսներին անել նույնը։

Ուսուցման առաջարկներ

Գաղատացիս 5

Պողոսը հորդորում է գաղատացի սրբերին վերականգնել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատը

Նկար
drawing, tug-of-war

Գրատախտակին նկարեք երկու խմբերի, որոնք խաղում են պարան ձգելու խաղը։

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում երկու խմբերի միջև պարան ձգելու խաղը։ Ինչպե՞ս են թիմերը հաղթում իրար։

  • Մեր կյանքն ինչո՞վ է նման երկու խմբերի միջև պարան ձգելու խաղին։

Եթե ուսանողները չնշեն դա, ապա ընդգծեք, որ մեր կյանքը ինչ-որ առումով նման է երկու խմբերի միջև պարան ձգելու խաղին, երբ մենք պայքարում ենք գայթակղության դեմ։ Հրավիրեք ուսանողներին Գաղատացիս 5 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնց օգնությամբ նրանք կիմանան, թե ինչպես պայքարել գայթակղության դեմ։

Հիշեցրեք ուսանողներին, որ հրեա քրիստոնյաներից ոմանք մոլորության մեջ գցեցին գաղատացի սրբերին՝ ուսուցանելով նրանց, որ փրկվելու համար նրանք պետք է ապրեն Մովսեսի օրենքով և թլպատվեն։ Պողոսը Մովսեսի օրենքի այդ կեղծ ուսմունքները նկարագրեց, որպես «ծառայության լուծ» (Գաղատացիս 5․1

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․1 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի խոսքերի, ո՞վ է ազատություն բերում ծառայության այդ լծից։

  • Ո՞վ է ազատություն բերում ծառայության այդ լծից։

Ամփոփեք Գաղատացիս 5․2–15 հատվածները և բացատրեք, որ Պողոսը նախատում է գաղատացի սրբերին, որ այդքան հեշտությամբ հետ քաշվեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի ազատությունից և դրա փոխարեն հետ են վերադառնում Մովսեսի օրենքի ծառայությանը։ Այնուհետև նա պարզաբանում է, որ չնայած Քրիստոսի հետևորդները ազատվել էին Մովսեսի օրենքի ծառայությունից, դա չի նշանակում, որ նրանք ազատ կարող էին մեղքին անձնատուր լինել։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․16–17 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել Պողոսի նկարագրած երկու մրցակցող ուժերին։

  • Որո՞նք են Պողոսի նկարագրած երկու մրցակցող ուժերը։

Գրատախտակին գծեք երկու սյունակ պարունակող աղյուսակ՝ ուղղահայաց գիծ տանելով նկարված պարանի մեջտեղից։ Գրեք՝ Քայլել Հոգով արտահայտությունը մի սյունակի վերևում և Կատարել մարմնի ցանկությունները՝ մյուս սյունակի վերևում։

  • Ի՞նչ է նշանակում «քայլել Հոգով»։ (հատված 16): (Ապրել արժանի և հետևել Սուրբ Հոգուն։)

  • Ինչի՞ն է վերաբերում «մարմնի ցանկությունները» (հատված 16) արտահայտությունը։ (Մեղք գործելու գայթակղությանը։)

  • Ինչպե՞ս են դրանք համարվում մրցակցող ուժեր։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 16-րդ հատվածից այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել մարմնական գայթակղությունները։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Երբ մենք քայլենք Հոգով, մենք կհաղթահարենք մարմնական գայթակղությունները։ Գրատախտակին գրեք այս սկզբունքը:)

Խնդրեք ուսանողներին խորհել, թե պարանի որ կողմում են իրենք գտնվում և որ ուժն է հաղթում իրենց կյանքում։

Դասարանի անդամերին բաժանեք երկու կամ երեք հոգանոց խմբերի։ Խմբերի մի մասին հանձնարարեք միասին բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․19–21 հատվածները և փնտրել «մարմնի ցանկությունները [կատարելու]» հետևանքները։ Մյուս կեսին հանձնարարեք միասին բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․22–23 հատվածները և փնտրել Հոգով քայլելու հետևանքները։ Երբ ավարտեն ընթերցանությունը, յուրաքանչյուր խմբից մեկական հոգու հանձնարարեք գրատախտակի համապատասխան սյունակում թվարկել իրենց գտած պատասխաններից մեկը։ Հորդորեք նրանց շարունակել նույն կերպ և թվարկել իրենց պատասխանները, մինչև որ աղյուսակում արտացոլվեն Պողոսի խոսքերը։ Կարող եք ձեր հետ բերել բառարան և հորդորել ուսանողներին փնտրել դժվար հասկանալի բառերը։

  • Ըստ հատված 21-ի և Պողոսի ուսմունքների, ի՞նչ կպատահի այն մարդկանց հետ, ովքեր տրվում են «մարմնի գործերին»։

  • Ըստ 22–23 հատվածների, ի՞նչ պտուղներ կամ հետևանքներ են ցույց տալիս, որ մարդը քայլում է Հոգով։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ ճշմարտությունը. Հոգու պտուղներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն և ժուժկալություն: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում։)

Անդրադարձեք աղյուսակի այն կեսին, որտեղ Հոգու պտուղներն են թվարկված։

  • Ինչո՞ւ արժե այդ օրհնություններն ունենալ։

Աղյուսակի ներքևում մի մեծ սլաք գծեք այն ուղղությամբ, որտեղ մարմնի ցանկություններն են թվարկված։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ այս փոխաբերական պարան քաշելու խաղի ժամանակ մենք մեզ թույլ ենք տալիս մոտենալ մարմնի ցանկություններին։

  • Ի՞նչ է պատահում Հոգու պտուղներին, երբ մենք տրվում ենք մարմնի ցանկություններին։ (Մենք սկսում ենք կորցնել Հոգու պտուղները։)

Ջնջեք սլաքը և մեկ ուրիշը նկարեք, որը կմատնանշի Հոգու պտուղների ուղղությունը։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ այժմ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։

  • Ի՞նչ է պատահում մարմնի գործերին, երբ մենք քայլում ենք Հոգով։ (Դրանք դադարում են մեր կյանքի մասը լինելուց։)

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե երբ են նրանք ունեցել կամ զգացել Հոգու այդ պտուղները։ Խնդրեք նրանց նաև գրի առնել, թե այդ ժամանակ ինչ էին անում Հոգով քայլելու համար։ Երբ ավարտեն, հրավիրեք մի քանիսին կիսվել իրենց գրածով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․24–25 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հիսուս Քրիստոսի աշակերտներն ինչ են փորձում անել մարմնի ցանկությունների հետ։

  • Հիսուս Քրիստոսի աշակերտներն ի՞նչ են փորձում անել մարմնի ցանկությունների հետ։ (Խաչի հանել դրանք կամ վերացնել դրանք իրենց կյանքից։)

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կանեն, որպեսզի ավելի լիարժեք քայլեն Հոգով։ Խրախուսեք նրանց գործել համաձայն իրենց ստացած հուշումների, որպեսզի նրանք կարողանան վայելել Հոգու պտուղները։

Գաղատացիս 6

Պողոսը հրավիրում է գաղատացի սրբերին փոխվել Հիսուս Քրիստոսի միջոցով

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե իրենց ծանոթներից ո՞վ այժմ չի ստանում ավետարանի օրհնությունները, նույնիսկ, եթե այդ մարդը Եկեղեցու անդամ է։ Հանձնարարեք դասարանի անդամներին Գաղատացիս 6 գլուխն ուսումնասիրելիս փնտրել մի սկզբունք, որը կօգնի նրանց լուծում գտնել, թե ինչպես օգնել այդ մարդուն ստանալու ավետարանի օրհնությունները։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 6․1–2 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի ուսմունքների, ինչպես պետք է Եկեղեցու անդամները վերաբերվեն այն մարդուն, ով մեղք է գործել։ (Կարող եք բացատրել, որ «բռնուի մի յանցանքով» [հատված 1] արտահայտությունը նշանակում է մեղք գործել։)

  • Ըստ Պողոսի ուսմունքների, ինչպե՞ս պետք է Եկեղեցու անդամներն վերաբերվեն այն մարդուն, ով մեղք է գործել։ («Հաստատեցեք» այդ մարդուն կամ օգնեք նրան վերադառնալ ավետարանի ուղին։)

  • Ինչո՞ւ է կարևոր ունենալ «հեզության հոգին» (հատված 1), երբ մենք օգնում ենք ինչ-որ մեկին վերադառնալու ավետարանի ուղին։

  • Ինչպե՞ս կարող ենք «իրար բեռը վեր առնենք»։ (հատված 2):

Ամփոփեք Գաղատացիս 6․3–5 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ուսուցանեց, որ մենք չպիտի ամբարտավան ու ինքնահավան լինենք, որ ամեն մարդ պետք է «իր բեռը վեր առնէ» (հատված 4) կամ հաշվետու լինի իր ընտրությունների համար։

Ցուցադրեք որևէ մրգի կամ բանջարեղենի մի քանի սերմեր, որոնք ուսանողները հեշտությամբ կճանաչեն։ Խնդրեք նրանց գուշակել, թե ինչ տեսակի սերմեր են դրանք։

  • Ի՞նչ կարող եք ակնկալել, եթե տնկեք այդ սերմերը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 6․7–8 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի ուսմունքների, ինչ կարող ենք ակնկալել, եթե ցանենք սերմերը։

  • Ի՞նչ ուսուցանեց Պողոսն այն մասին, թե ինչ է պատահում, երբ սերմերը ցանվում են։ (Ինչ ցանես կամ տնկես, այն էլ կքաղես կամ կհնձես։ Դա կոչվում է հունձքի օրենք։)

  • Ինչպե՞ս է հունձքի օրենքն առնչվում մեր կայացրած որոշումներին։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Գաղատացիս 6․9–10 հատվածները։ Խնդրեք նրանց փնտրել, թե Պողոսն ինչու ուսուցանեց հունձքի օրենքը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Պողոսն ուսուցանեց հունձքի օրենքն այն բանից հետո, երբ հրավիրեց գաղատացիներին իրար օգնել՝ ավետարանի ուղու վրա մնալու կամ վերադառնալու համար։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից ավետարանի օրհնությունները չվայելող մարդկանց օգնելու մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Եթե մենք ջանասիրաբար բարիք ենք գործում, մենք կհնձենք մեր արարքների օրհնությունները։)

  • Ինչպե՞ս է «իր ժամանակին» հնձելու խոստումն օգնում մեզ «չթուլանալ» (հատված 9), կամ չհրաժարվել ուրիշներին ծառայելուց և մեր կյանքում ավետարանով ապրելուց։

  • Դուք կամ որևէ մեկը, ում ճանաչում եք, երբևէ ջանասիրաբար բարիք գործել եք, նույնիսկ, երբ օրհնություններն անմիջապես չեք ստացել։ (Կարող եք նաև կիսվել փորձառությամբ։)

Ամփոփեք Գաղատացիս 6․11–18 հատվածները և բացատրեք, որ գաղատացի սրբերին ուղղված իր թուղթը Պողոսն ավարտեց՝ վերահաստատելով, որ Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու ողորմությունը բոլոր նրանց վրա է, ովքեր դառնում են նորարարածներ՝ Նրա անվան հավատի շնորհիվ։

Խրախուսեք ուսանողներին «չձանձրանան բարին գործելուց» (հատված 9) և աղոթքով խորհեն, թե ում կարող են օգնել և վերադարձնել Տիրոջ ուղու վրա։ Հրավիրեք նրանց ջանասիրաբար հետևել Սուրբ Հոգուց ստացած տպավորություններին։

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում՝ Գաղատացիս 5․22–23

Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել Գաղատացիս 5․22–23 հատվածները, հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի հերթով արտասանել մեկական բառ։ Օրինակ, առաջին ուսանողը կասի «բայց», երկրորդ ուսանողը կասի «հոգու», երրորդ ուսանողը կասի «պտուղն է» և այդպես շարունակ, մինչև որ երկու հատվածներն էլ ավարտվեն։ Պահեք ժամանակը և դասարանին տվեք փորձելու շատ հնարավորություններ, որ նշված ժամանակահատվածում կարողանան ավարտել այն: Վարժությունը կրկնելով կարող եք փոխել ուսանողների հերթականությունը, որպեսզի նրանք ասեն տարբեր բառեր։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները մի քանի օր շարունակ յուրաքանչյուր դասի սկզբում վարժվեն դրանում, որպեսզի բարելավեն արտասանելու իրենց ժամանակը։ Երբ ուսանողները մի քանի անգամ լսեն հատվածների կրկնողությունը, հրավիրեք նրանց անգիր արտասանել այն իրենց մոտ նստած որևէ մեկի համար։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գաղատացիս 5․24 «Մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին»

Պողոսի այն ուսմունքը, որ «Նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին» չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր հետևում են Քրիստոսին, կդադարեն գայթակղություններ ունենալ։ Ավելի շուտ դա նշանակում է, որ նրանք կսովորեն, թե ինչպես հաղթահարել իրենց գայթակղությունները։