Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Կողոսացիս–Ա Տիմոթեոս (Մաս 26)


Տնային ուսումնասիրության դաս

ԿողոսացիսԱ Տիմոթեոս (Մաս 26)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Կողոսացիս–Ա Տիմոթեոս (մաս 26)-ի ուսումնասիրության ժամանակ ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ խորհեք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Կողոսացիս)

Կողոսացի Սրբերին ուղղված այս թղթում, Պողոսն ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսը Քավիչն է, Երկնային Հոր հոգևոր զավակներից անդրանիկը, բոլոր բաների Արարիչը, Եկեղեցու գլուխը և առաջինը, ով հարություն առավ։ Ուսանողները նաև սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ, եթե հիմնված ու հաստատ մնանք մեր հավատում։ Բացի այդ, արմատավորվելով և ամրապնդվելով Հիսուս Քրիստոսում, մենք կարող ենք խուսափել աշխարհիկ փիլիսոփայությունների և ավանդությունների կողմից մոլորվելուց։

Օր 2 (Ա Թեսաղոնիկեցիս)

Թեսաղոնիկեի Սրբերին ուղղված իր թղթում Պողոսը փառաբանեց նրանց հավատարմության համար և ուսուցանեց Տիրոջ Երկրորդ Գալուստին վերաբերող ճշմարտություններ։ Այս թուղթն ուսումնասիրելիս ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները․ Երբ մենք Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանենք Աստծո խոսքով և զորությամբ, մենք կօգնենք մյուսներին դառնալ Տիրոջ հետևորդները և Նրա ծառաները։ Մեր օրինակի շնորհիվ կարող ենք կիսվել ավետարանով։ Հավատարիմ Սրբերը, ովքեր մահացել են Երկրորդ Գալուստից առաջ, հարություն կառնեն, երբ Քրիստոսը կրկին գա։ Հավատարիմ սրբերը, ովքեր կենդանի կլինեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ, կհափշտակվեն վեր՝ հանդիպելու Հիսուս Քրիստոսին, երբ Նա գա։ Եթե մենք հավատարիմ ենք ու հետևում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախորդող նշաններին, ապա պատրաստ կլինենք, երբ Նա կրկին գա։

Օր 3 (Բ Թեսաղոնիկեցիս)

Ուսումնասիրելով Թեսաղոնիկեի Սրբերին ուղղված Պողոսի այս նամակը, որը պարզաբանում էր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին վերաբերող ճշմարտությունները, ուսանողները սովորեցին, որ եթե համբերությամբ ու հավատով դիմանանք ընդդիմությանն ու ձախորդությանը, մենք արժանի կհամարվենք Աստծո արքայության համար։ Պողոսն ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ արդարները կհանգստանան, իսկ ամբարիշտները կկործանվեն։ Նա նաև ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի կունենա ուրացություն։ Ուսանողները նաև սովորեցին, որ մեզ պատվիրված է ձգտել ինքնապահովման և օգնել ուրիշներին։

Օր 4 (Ա Տիմոթեոս)

Պողոսի այս նամակից, որն ուղղված էր Տիմոթեոսին` Եփեսոսում գտնվող մի երիտասարդ քահանայության ղեկավարի, ուսանողները սովորեցին, որ քահանայության ղեկավարները պարտավոր են հավաստիանալ, որ ճշմարիտ վարդապետություն և ճիշտ սովորույթներ են ուսուցանվում։ Նրանք նաև սովորեցին, որ սերը փողի հանդեպ հանգեցնում է անիրավության և ուրացության։ Մյուս կողմից, եթե մենք ապավինենք կենդանի Աստծուն և բարի գործերով հարստանանք, ապա կարող ենք ձեռք բերել հավերժական կյանք։

Նախաբան

Պողոսը գրեց Տիմոթեոսին` Եփեսոսի մի քահանայության ղեկավարի, և պատվիրեց օրինակ հանդիսանալ հավատացյալների համար։

Ուսուցման առաջարկներ

Նշում. Այս մասում ուսանողներն ուսումնասիրեցին Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3 սուրբ գրությունների սերտման հատվածները։ Կարող եք վերանայել այդ հատվածներն ուսանողների հետ և խնդրել, որպեսզի նրանք ամփոփեն դրանցում ուսուցանվող ճշմարտությունները։ Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել այս հատվածների մի մասը, կարող եք դասարանով մի քանի անգամ անգիր արտասանել 3-րդ հատվածը։

Ա Տիմոթեոս 4

Պողոսը նկարագրում է հավատարիմ ծառայող Հիսուս Քրիստոսի բնութագրերը։

Ձեր հետ դասարան բերեք մի ամրակ, մի կտոր թել, կպչուն ժապավեն և մագնիս։ Թելի մի ծայրը կապեք ամրակին, իսկ մյուս ծայրը կպչուն ժապավենի միջոցով ամրացրեք գրասեղանին կամ սեղանին։ Մագնիսը պահեք ամրակի մոտ` առանց դիպչելու ամրակին։ Մագնիսական ուժի շնորհիվ ամրակը կթեքվի մագնիսի ուղղությամբ։ Պտտեք մագնիսը շրջանաձև և տեսեք, թե ինչպես է այն ազդում ամրակի շարժման վրա։

  • Եթե ամրակը խորհրդանշում է մարդուն, ի՞նչ է խորհրդանշում մագնիսը։

Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես են իրենք մագնիսի նման եղել և ազդել ուրիշների վրա։ Հրավիրեք նրանց Ա Տիմոթեոս 4 գլուխն ուսումնասիրելիս փնտրել մի սկզբունք, որն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք դրական ազդեցություն ունենալ ուրիշների վրա։

Ամփոփեք Ա Տիմոթեոս 4․1–11 հատվածները և բացատրեք, որ Պողոսը մարգարեացավ, որ «յետին ժամանակներում» (հատված 1) Եկեղեցու որոշ անդամներ կհեռանան հավատքից և կհետևեն կեղծ ուսմունքներին ու սովորույթներին, ինչպես օրինակ «ամուսնանալուց կարգելեն» (հատված 3)։ Պողոսը հորդորեց Տիմոթեոսին սնուցել սրբերին ճշմարիտ վարդապետությամբ։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ա Տիմոթեոս 4․12 հատվածը և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի ցուցումի, ինչպես պետք է վարվի Տիմոթեոսը։ Բացատրեք, որ վարք բառն այս հատվածում վերաբերում է վարքագծին (տես Ա Տիմոթեոս 4․12, ծանոթագրություն գ)։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «օրինակ հավատացյալներին»: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունն իրենց սուրբ գրություններում:)

  • Պողոսն ի՞նչ եղանակներով պատվիրեց Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալներին։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Տիմոթեոս 4․13–16 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել Պողոսի տված լրացուցիչ խորհրդին, որը կօգնի Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալների համար։

  • Պողոսի տված ո՞ր խորհուրդը կարող էր նաև օգնել Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալների համար։

  • Ըստ 15-րդ հատվածի, ինչո՞ւ Պողոսն ասաց Տիմոթեոսին՝ խորհել այն վարդապետությունների շուրջ, որոնք ինքն ուսուցանեց և ամբողջովին նվիրվել ու ապրել դրանցով։ (Որպեսզի մյուսները տեսնեն, որ Տիմոթեոսը առաջադիմել էր։)

  • Ելնելով 16-րդ հատվածի Պողոսի ուսմունքներից, ի՞նչ կարող է հետևել, եթե մենք ձգտենք օրինակ ծառայել Հիսուս Քրիստոսի հավատացյալների համար։ Օգտագործելով ուսանողների բառերը, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքի նման մեկ սկզբունք․ Եթե մենք օրինակ հանդիսանանք Հիսուս Քրիստոսի հավատացյալների համար, մենք փրկություն կբերենք ինքներս մեզ և ուրիշներին։)

  • Ինչպե՞ս կարող է ուրիշներին փրկություն բերել մի մարդու օրինակը, ով հավատում և հետևում է Հիսուս Քրիստոսին։

Հրավիրեք ուսանողներին վերանայել գրատախտակին թվարկված ցուցակը և մտածել, թե Տիմոթեոսն ինչպես պիտի «օրինակ լիներ հավատացյալներին»(Ա Տիմոթեոս 4․12)։ Խնդրեք դասարանին նկարագրել այն եղանակները, որոնցով մարդը օրինակ է հանդիսանում այդ ոլորտներից յուրաքանչյուրում։

Կարող եք ցուցադրել հետևյալ տեսանյութերից մեկը։ «No Cussing Club» (4:57) կամ «The Lost Purse» (2:40)։ Այդ տեսանյութերը հասանելի են LDS.org-ում։ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպե՞ս են երիտասարդ տղան կամ աղջիկը տեսանյութում օրինակ հանդիսանում հավատացյալների համար։

  • Ե՞րբ է ինչ-որ մեկը ձեզ համար հավատացյալի օրինակ ծառայել Պողոսի նկարագրած եղանակներով։ (Կարող եք նաև կիսվել ձեր անձնական կյանքի փորձառությամբ։)

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել մի նպատակ, թե ինչպես կարող են օրինակ լինել Հիսուս Քրիստոսի հավատացյալներին և այդպիսով փրկություն բերել իրենց և մյուսներին։

Հաջորդ Մասը (Բ Տիմոթեոս 1Եբրայեցիս 4)

Հրավիրեք ուսանողներին մտածել Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու պատճառով մեր ունեցած դժվարություններից մի քանիսի մասին։ Բացատրեք, որ երբ հաջորդ շաբաթ նրանք շարունակեն ուսումնասիրել Պողոսի ուսմունքները, կսովորեն այնպիսի ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց մնալ հավատարիմ՝ չնայածդժվարություններին և հալածանքներին։