Գրադարան
Դաս 34. Մարկոս 1


Դաս 34

Մարկոս 1

Նախաբան

Հովհաննես Մկրտիչը քարոզում էր «ապաշխարութեան մկրտութիւն մեղաց թողութեան համար» (Մարկոս 1.4): Երբ Հովհաննեսը մկրտեց Հիսուսին, Փրկիչը սկսեց քարոզել ավետարանը և հրաշքներ գործել աստվածային զորությամբ և իշխանությամբ: Նա դուրս քշեց պիղծ ոգիներին և բժշկեց մի բորոտի: Նրա համբավը տարածվեց ողջ Գալիլեայում:

Ուսուցման առաջարկներ

Մարկոս 1.1-20

Հիսուսը սկսում է Իր ծառայությունը

Դասից մի քանի օր առաջ երկու ուսանողի հարցրեք, թե արդյո՞ք նրանք համառոտ կկիսվեն Հիսուսի մասին իրենց վկայություններով: Հոգևոր հավաքից հետո հրավիրեք երկու ուսանողի կիսվել Փրկիչի մասին իրենց վկայությամբ: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ արժեքավոր բան կա նրանում, երբ վկայություն ենք լսում մի քանի անհատներից, քան երբ լսում ենք մեկ մարդուց:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել Մարկոսի վկայությունը հիմա, երբ դուք արդեն ավարտել եք Մատթեոսի վկայությունը:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մարկոսի 1.1–4, 9–11 հատվածները` ուշադրություն դարձնելով այն իրադարձությանը, որով Մարկոսը սկսել է Փրկիչի կյանքի մասին իր պատմությունը:

  • Ի՞նչ իրադարձությամբ է Մարկոսը սկսում իր պատմությունը:

Բացատրեք, որ Փրկիչի կյանքի մասին Մարկոսի պատմության նկարագրությունը տարբերվում է Մատթեոսի նկարագրությունից: Այն սկսվում է հանկարծակի և արագ տեմպով` շեշտելով Փրկիչի աստվածայնությունը` կենտրոնանալով Նրա գործերի և հրաշքների վրա: Մարկոսը, հավանաբար, գրել է իր պատմությունը` հիմնվելով Պետրոս Առաքյալից իր սովորածի վրա:

Ամփոփեք Մարկոսի 1.12-20` բացատրելով, որ 40 օրվա ծոմապահությունից հետո Հիսուսը փորձվեց սատանայի կողմից։ Գալիլեայում Նա քարոզեց նաև ապաշխարություն և կանչեց առաքյալներ` հետևելու իրեն: (Նշում. Այս պատմությունները ավելի մանրամասն ուսուցանվեցին Մատթեոսի 4 գլխին նվիրված դասում:)

Մարկոս 1.21-39

Հիսուսը դուրս է քշում դևերին և բժշկում է հիվանդներին

Գրատախտակին գրեք Թշնամու տարածք բառերը և հարցրեք ուսանողներին, թե զինվորը ի՞նչ վտանգների կարող է բախվել թշնամու տարածքում:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Դուք` երիտասարդներդ, մեծանում եք թշնամու տարածքում:

Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ պատերազմ եղավ երկնքում և Լյուցիֆերն ապստամբեց ու իր հետևորդների հետ «վայր գցվեցան» [Հայտնություն 12.9]: Նա որոշել է խանգարել Երկնային Հոր ծրագիրը և ջանում է կառավարել բոլորի մտքերն ու գործողությունները» («Խորհուրդ երիտասարդներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 16):

  • Ինչո՞վ է մեր կյանքն այստեղ` երկրի վրա, նման թշնամու տարածքում ապրելուն:

Խնդրեք ուսանողներին բարձրացնել ձեռքերը, եթե նրանք երբևէ ճնշված են զգացել չար ազդեցություններից և իրենց շրջապատող գայթակղություններից: Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մարկոսի 1.21-39 հատվածները, հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել այն ճշմարտությանը, որը կօգնի նրանց, երբ բախվեն չարի ազդեցությունների և գայթակղությունների հետ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 1.21-22 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչ արեց Կափառնայում և ինչպես արձագանքեցին հրեաները:

  • Հրեաներն ինչո՞ւ էին զարմացած Փրկիչի ուսմունքներից:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Հիսուսն ուսուցանում էր «ինչպէս իշխանութիւն ունեցող»: (Մարկոս 1.22):

Բացատրեք, որ դպիրները համարվում էին Մովսեսի օրենքի գիտակներ: Երբ նրանք քարոզում էին, հաճախ մեջբերում էին օրենքի նախկին իշխանավորներին (տես Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 103): Ի տարբերություն, Հիսուսը խոսում էր Իր Հոր զորությամբ ու իշխանությամբ և որպես մեծ Եհովան, ով տվեց Մովսեսի օրենքը (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 7.37 [Մատթոս 7.29, ծանոթագրություն ա]):

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մարկոս 1.23-26 հատվածները կամ ցուցադրեք «Հիսուսը բուժում է դիվահար մարդուն» (1:48) տեսանյութը՝ Հիսուս Քրիստոսի կյանքը Աստվածաշնչյան տեսաշարից, որը մատչելի է LDS.org կայքում: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց, երբ Հիսուսը ուսուցանում էր ժողովարանում։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Բացատրեք, որ «պիղծ ոգի» բառակապակցությունը վերաբերում է չար ոգուն:

  • Ի՞նչ գիտեր պիղծ ոգին Հիսուսի մասին:

  • Ինչպե՞ս գիտեր պիղծ ոգին, թե ով էր Քրիստոսը: (Պիղծ ոգիները, որոնք ջանում են տիրել ֆիզիկական մարմիններին, Լյուցիֆերի հետևորդներն են: Նրանք բնակվում էին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ` նախքան երկնքից դուրս նետվելը:)

  • Եթե այդ ժամանակ լինեիք ժողովարանում, ի՞նչ կմտածեիք Հիսուսի մասին։

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոս 1.27-28: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե ժողովուրդն ինչպես արձագանքեց, երբ Հիսուսը պիղծ ոգուն դուրս հանեց մարդու միջից:

  • Ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ:

  • Ի՞նչ է մեզ ուսուցանում այս պատմությունը Փրկիչի ուժի մասին: (Ուսանողները պիտի հիշատակեն նմանատիպ մի ճշմարտություն. Փրկիչը զորություն ուներ չարի ու նրա հետևորդների վրա:)

  • Այս ճշմարտության իմացությունը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ մենք ճնշված ենք զգում չարի ազդեցությունների և մեզ շրջապատող գայթակղությունների պատճառով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ արտահայտությունը.

Նկար
President James E. Faust

[Ջոզեֆ Սմիթը] ասել է․ «Ամբարիշտ ոգիներն ունեն իրենց սահմանները, սահմանափակումները և օրենքները, որով նրանք ղեկավարվում են» (History of the Church, 4:576)։ Այսպիսով, սատանան և նրա հրեշտակները ամենազոր չեն։ …

Սատանայի ջանքերը կարող են խափանվել բոլոր նրանց կողմից, ովքեր գալիս են դեպի Քրիստոսը` ավետարանի ուխտերին ու արարողություններին հնազանդվելով» (“Serving the Lord and Resisting the Devil,” Ensign, Sept. 1995, 6, 7):

  • Ըստ Նախագահ Ֆաուստի, մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի մեծ զորություն ստանանք չարին դիմակայելու համար։

  • Համաձայն 28-րդ հատվածի, ի՞նչ պատահեց, երբ Փրկիչը դուրս նետեց չար ոգուն:

Ամփոփեք Մարկոսի 1.29-39 հատվածները` բացատրելով, որ Փրկիչը բուժեց Սիմոն Պետրոսի զոքանչին, բժշկեց շատ ուրիշ հիվանդների և դուրս քշեց շատ դևերի: Փրկիչը շարունակեց քարոզել Գալիլեայում:

Մարկոս 1.40-45

Հիսուսը բուժում է բորոտին

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մարկոս 1.40 հատվածը` փնտրելով, թե ով եկավ Փրկիչի մոտ, երբ Նա շարունակում էր քարոզել Գալիլեայում: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտած նյութը։ Որևէ ուսանողի հանձնարարեք գալ կանգնել դասարանի առաջ։ Ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ դասարանի առջև կանգնած ուսանողը հիվանդ է բորոտությամբ։

Բացատրեք, որ բորոտությունը խրոնիկ հիվանդություն է, որն ախտահարում է մաշկը, նյարդերը, աչքերը և վերջույթները: Եթե հիվանդությունը չի բուժվում, ավարտվում է տանջալից մահով: Հին ժամանակներում հավատում էին, որ նրանք, ովքեր շփվում էին բորոտների հետ, վարակվում էին այդ հիվանդությամբ: Ցույց տվեք դասարանի առջև կանգնած ուսանողին և հարցրեք.

  • Եթե (ուսանողի անունը) հիվանդ լիներ բորոտությամբ և ապրեր հին ժամանակներում, ինչպե՞ս կարող էր բուժվել:

Բացատրեք, որ համայնքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար բորոտները ստիպված էին ապրել քաղաքից դուրս: Օրենքը նրանցից պահանջում էր բացականչել «Անմաքու՜ր»` նախազգուշացնելու բոլոր նրանց, ովքեր մոտենում են նրանց (տես Աստվածաշնչի բառարանը, «Բորոտություն», Ղևտացոց 13.44–46): Խնդրեք մի քանի ուսանողների հանդես գալ այս տեսարանում` քայլելով այն ուսանողի կողքով, ով ներկայացնում է բորոտին: Երբ նրանք քայլում են կողքով, խնդրեք բորոտին ներկայացնող ուսանողին աղաղակել «Անմաքու՜ր, Անմաքու՜ր»։ Կողքով քայլող ուսանողներին խնդրեք մտածել, թե նրանք ինչպես կարձագանքեին այդ իրավիճակում։ Ապա հրավիրեք ուսանողներին նստել:

  • Բորոտությամբ հիվանդ լինելն ինչպե՞ս կանդրադառնար ձեր կյանքի վրա:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենք բորոտությամբ հիվանդ են Հիսուս Քրիստոսի ժամանակներում: Հարցրեք նրանց, թե նրանք ի՞նչ կանեին, եթե տեսնեին, որ Փրկիչը մոտենում է:

  • Ըստ Մարկոսի 1.40-ի, ի՞նչ արեց բորոտը, երբ նա տեսավ Փրկիչին։ (Բացատրեք, որ աղաչել բառը նշանակում է խնդրել կամ աղերսել։)

  • Բորոտն ինչպե՞ս ցույց տվեց իր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: «Թե որ կամենաս» արտահայտությունը ինչպե՞ս է արտահայտում բորոտի հավատքը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մարկոս 1.41-42 հատվածները` փնտրելով, թե Փրկիչն ինչպե՞ս պատասխանեց մարդու խնդրանքին:

  • Մարդու խնդրանքին տված Փրկիչի պատասխանի մեջ ի՞նչը տպավորություն թողեց ձեր վրա:

  • Եթե դուք լինեիք բորոտի փոխարեն, ի՞նչ կնշանակեր ձեզ համար, երբ Փրկիչը դիպչեր ձեզ։ Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը, եթե Հիսուսը բժշկեր ձեզ բորոտությունից։

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Բորոտությունը կարող է համեմատվել մեղքի հետ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է բորոտությունը նմանեցվել մեղքին (տես Ղևտացոց 14), հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Բիբլիական ժամանակներում, բացի դրա ունեցած ավերիչ ֆիզիկական ազդեցությունից, բորոտությունը համարվում էր մեղքի և պղծության խորհրդանիշ, նշանակելով, որ ինչպես այս դիվային հիվանդությունը աստիճանաբար քայքայում և ոչնչացնում է ֆիզիկական մարմինը, այնպես էլ մեղքն է քայքայում ու ոչնչացնում մարդու հոգևոր աշխարհը» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 2.45):

  • Ինչո՞վ է բորոտությունը նման մեղքին: (Երբ բորոտությունը համեմատում եք մեղքի հետ, համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ պարտադիր չէ, որ հիվանդություններն առաջանան մեղքի պատճառով:)

Որևէ ուսանողի հրավիրեք բարձրաձայն վերընթերցել Մարկոսի 1.40-42 հատվածները բարձրաձայն, այս անգամ փոխարինելով բորոտ բառը մեղավոր բառով, իսկ բորոտություն բառը մեղք բառով: Դասարանին հանձնարարեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես կարող ենք բորոտի բուժումը նմանեցնել մեղքից մաքրվելուն։

  • Երբ դուք կարդում եք հատվածը այդ ձևով, ո՞ր բառերն են ենթադրում ներված լինելու գաղափարը:

  • Ինչո՞վ կարող ենք նմանեցնել մաքրվելու համար բորոտի կատարածն այն բանի հետ, ինչը մենք պիտի անենք մեղքից մաքրվելու համար:

  • Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել` նմանեցնելով բորոտի բժշկումը մեղքից մաքրվելու հետ: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնում են հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավատք գործադրենք Փրկիչի հանդեպ և գանք Նրա մոտ, Նա կարեկցանք կցուցաբերի մեր հանդեպ և կմաքրի մեզ մեղքից: Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին։)

  • Մենք ինչպե՞ս պիտի հավատք գործադրենք և գանք դեպի Փրկիչը, որպեսզի Նա կարողանա ներել մեր մեղքերը:

Ուսանողներին հրավիրեք նորից մտածել, թե ինչպիսի՞ն էր բորոտի կյանքը նրա բժշկումից առաջ ու հետո:

  • Եթե մեղքից մաքրվելու համար մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը, ինչպե՞ս կփոխվի մեր կյանքը:

  • Ե՞րբ եք ականատես եղել, թե ինչպես է փոխվում ինչ-որ մեկի կյանքը՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեղքից մաքրվելով: (Զգուշացրեք ուսանողներին` մարդկանց չնշել անուններով կամ հիշատակել նրանց նախկին մեղքերը:)

Խնդրեք ուսանողներին մտածել, թե նրանք ո՞ր մեղքերից պիտի մաքրագործվեն: Հրավիրեք ուսանողներին գալ դեպի Փրկիչը՝ Նրա հանդեպ հավատք գործադրելով աղոթքի, ապաշխարության և հնազանդության միջոցով, որպեսզի Նա կարողանա մաքրել նրանց: Կիսվեք ձեր վկայությամբ` Փրկիչի Քավության մաքրագործող զորության մասին:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 1.43-45: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն հրահանգներին, որոնք Փրկիչը տվեց բժշկված բորոտին։ Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտած նյութը։

Բացատրեք, որ Մովսեսի օրենքով պահանջվում էր, որ բորոտությունից բուժվածները պիտի իրենց ցույց տային տաճարի քահանային և զոհ ընծայեին:

  • Ի՞նչ արեց մարդը այն բանից հետո, երբ Փրկիչը նախազգուշացրեց նրան չպատմել ուրիշներին:

  • Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մարդը տարածեց իր բուժման մասին լուրը:

Եզրափակեք դասը` հարցնելով ուսանողներին, թե ի՞նչն ամենաշատը տպավորեց նրանց Մարկոսի 1 գլխում գրանցված Հիսուս Քրիստոսի գործողություններում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մարկոս 1․24–25 Փրկիչն ինչո՞ւ հրամայեց չարքերին «պապանձվել և դուրս գալ»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին ուսուցանել է, որ Հիսուսը «շարունակաբար արգելում էր [սատանաներին] վկայելու իր աստվածայնության վերաբերյալ: Դարձի բերող վկայությունը գալիս է Աստծուց, ոչ թե Լյուցիֆերից: Եթե Հիսուսը չսաստեր պիղծ ոգիներին կամ, եթե լուռ համաձայներ իր մասին նրանց վկայությանը (չնայած, այն իրականում ճիշտ էր), հրեաները ավելի մեծ արդարացում կպահանջեին նրա դեմ ուղղված իրենց կեղծ ամբաստանության համար. «Դև ունի, և գժվում է. ինչո՞ւ եք ականջ դնում դորան» (Հովհաննես 10.20)» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:168):

Մարկոս 1.40 Բորոտություն

Աստվածաշնչի մի մեկնաբան հետևյալ կերպ է նկարագրել բորոտություն հիվանդության ավերիչ հետևանքները.

«Այս հիվանդության ախտանիշներն ու հետևանքները շատ զզվելի են: Մաշկի վրա հայտնվում են սպիտակավուն ուռուցքներ կամ վերքեր, մազերի գույնը փոփոխվում է` բնականից դեղինի, հետո վարակը խորանում է` ախտահարելով ներքին օրգանները և ուռուցքները վեր են ածվում բաց վերքերի: …Եղունգները թափվում են, լնդերը ետ են քաշվում, իսկ ատամները փտում կամ թափվում են, առաջանում է շնչարգելություն, քիթը քայքայվում է, ձեռքերը, ոտքերը ևս կարող են քայքայվել, տեսողությունը վատանում է: Մարդկային գեղեցկությունը գնում է դեպի քայքայում» (Charles F. Deems, The Light of the Nations [1884], 185):

Մարկոս 1.40-42 Փրկիչի Քավության միջոցով մենք կարող ենք մաքրվել մեղքից:

Յոթանասունից Երեց Շեյն Մ. Բոուենն ուսուցանել է․

«Հիսուս Քրիստոսի Քավությունը հասանելի է մեզ` բոլորիս: Նրա Քավությունն անսահման է: Այն կիրառելի է բոլորի համար` նույնիսկ ձեր: Այն կարող է մաքրել, վերականգնել և սրբագործել նույնիսկ ձեզ: Սա այն է, ինչը նշանակում է հավերժ` լիակատար, կատարյալ, ամբողջությամբ, հավիտյան: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է. «Չկա սովորույթ, չկա կախվածություն, չկա ըմբոստություն, չկա օրինազանցություն, չկա ուխտադրժություն, ոչ էլ հանցանք, որը զերծ լինի լիովին ներվելու խոստումից: Դա Քրիստոսի քավության խոստումն է» (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, Nov. 1995, 20)» («Քավությունը կարող է մաքրել, վերականգնել և սրբագործել մեր կյանքերը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 34):