Գրադարան
Դաս 92. Գործք Առաքելոց 15


Դաս 92

Գործք Առաքելոց 15

Նախաբան

Եկեղեցու որոշ հրեա անդամներ Անտիոքի հեթանոս նորադարձներին ասում են, որ փրկվելու համար նրանք պետք է թլփատվեն։ Պողոսն ու Բառնաբասը այս հարցը ներկայացնում են Առաքյալներին Երուսաղեմում։ Երուսաղեմում անցկացված համաժողովի ժամանակ (մոտավորապես մ.թ․ 49–50), Պետրոսը վկայեց, որ Աստված կփրկի հավատարիմ հրեաներին և հեթանոսներին, անկախ այն բանից, նրանք թլփատված են, թե ոչ։ Առաքյալները նամակներ են ուղարկում Եկեղեցու անդամներին, բացատրելով, որ թլփատությունը անհրաժեշտ չէ փրկության համար։ Պողոսն ընտրում է Շիղային որպես իր միսիոներական զուգընկեր և ձեռնարկում է երկրորդ միսիան։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 15․1–29

Ոգեշնչված խորհրդի միջոցով Պետրոսը և մյուս Առաքյալները որոշեցին, որ Տերն այլևս չի պահանջում թլփատություն

Հրավիրեք ուսանողներին գրատախտակին գրել մի քանի կարևոր որոշումներ, որոնք նրանք պետք է կայացնեն այժմ և հետագայում։

  • Ո՞ւմ հետ եք դուք խոսում, երբ պետք է կայացնեք կարևոր որոշումներ։ Ինչո՞ւ եք խոսում նրանց հետ։

  • Ինչո՞ւ է կարևոր փնտրել Աստծո օգնությունը նախքան որոշում կայացնելը:

Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․15 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են առաջնորդել նրանց, երբ նրանք ձգտում են իմանալ Աստծո կամքը։

Բացատրեք, որ մինչ Պողոսն ու Բառնաբասն այցելում էին Անտիոքի Սրբերին, Հրեաստանից եկած որոշ հրեաներ, ովքեր դարձի էին եկել և ընդունել քրիստոնեությունը, որոշ հայտարարություններ սկսեցին անել այն մասին, թե ինչ պետք է անեին հեթանոս նորադարձները փրկվելու համար։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 15.1 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ էին հայտարարում Հրեաստանից եկած տղամարդիկ, որ հեթանոս նորադարձները պետք է անեին փրկվելու համար։

  • Ի՞նչ էին հայտարարում այս տղամարդիկ, որ հեթանոս նորադարձները պետք է անեին փրկվելու համար։

Բացատրեք, որ որպես Աբրահամի հետ կապած ուխտի մի մաս, Աստված պատվիրել էր, որ բոլոր տղամարդիկ, ովքեր Իր հետ ուխտի մեջ էին մտնում, պետք է թլփատվեին։ «Թլփատությունը կատարվում էր տղա երեխաների և նաև մեծերի «անթլփատության մարմնից» կտրելով» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Թլփատություն», scriptures.lds.org)։ Թլփատությունը հաստատվել էր որպես ուխտի նշան կամ հիշեցում, որը մարդիկ կապել էին Աստծո հետ։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 15.2-3 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, երբ Պողոսն ու Բառնաբասը լսեցին, որ այս մարդիկ հայտարարում էին, թե հեթանոս նորադարձները պետք է թլփատվեն։

  • Համաձայն 2-րդ հատվածի, ի՞նչ պատահեց, երբ այս մարդիկ ասացին, որ Եկեղեցու նորադարձները պետք է թլփատվեն։

  • Անտիոքում Եկեղեցու անդամներն ի՞նչ որոշեցին անել։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 15.4-6 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ Պողոսը և մյուսները հասան Երուսաղեմ։

  • Երբ Պողոսն ու Բառնաբասը պատմեցին հեթանոսների հետ ավետարանով կիսվելու իրենց փորձառությունները, ըստ որոշ փարիսեցի նորադարձների, ի՞նչ պետք է անեին հեթանոս նորադարձները փրկվելու համար։

  • Համաձայն 6-րդ հատվածի, Առաքյալներն ու երեցներն ինչո՞ւ էին հավաքվել։

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին կամ բաժանեք դրանք ուսանողներին թերթիկների վրա գրված․

Նկար
թերթիկ

Գործք Առաքելոց 15․7–11

Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ—Դաս 92

  1. Ո՞վ կանգնեց ու սկսեց խոսել։

  2. Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պետրոսը, երբ ասում էր, որ «ոչինչ խտրութիւն չարաւ մեր՝ [դարձի եկած հրեաների] եւ նորանց՝ [դարձի եկած հեթանոսների] մեջ»:

  3. Ո՞ր արտահայտությունն է 8, 9 և 11 հատվածներում նշում այն մասին, որ հեթանոս նորադարձները փրկության համար կարիք չունեին թլփատվելու։

Դասարանը բաժանեք զույգերի: Խնդրեք ուսանողներին կարդալ Գոր․ 15․7–11 հատվածներն իրենց զույգերի հետ և փնտրել թվարկված հարցերի պատասխանները: Նախքան նրանց կարդալը բացատրեք, որ «շատ քննութիւն լինելուց յետոյ» արտահայտությունը 7-րդ հատվածում նշանակում է, որ առաքյալները եռանդուն կերպով քննարկել են թլփատվելու հարցը։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք ուսանողներից մի քանիսին իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ։ Երբ ուսանողները պատասխանեն առաջին հարցին, հիշեցրեք նրանց, որ Պետրոսն ավագ Առաքյալն էր երկրի վրա, ուստի լիազորված էր խոսելու Տիրոջ անունից։

  • Մենք ի՞նչ եղանակով կարող ենք իմանալ Տիրոջ կամքը։ (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն․ Մենք կարող ենք իմանալ Տիրոջ կամքը Նրա ապրող մարգարեների և առաքյալների միջոցով։ Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)

  • Որո՞նք են այն ուղիները, որոնց միջոցով ապրող Առաքյալներն օգնում են մեզ իմանալ իրենց ստացած հայտնությունների մասին։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 15.12-15 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց Պետրոսի հայտարարությանը, որի համաձայն թլփատությունը անհրաժեշտ չէր փրկության համար։

  • Մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Պետրոսի հայտարարությանը:

  • Ի՞նչ արեցին Պողոսն ու Բառնաբասը, որպեսզի հաստատեին Պետրոսի այն հայտարարությունը, որ հեթանոսները կարիք չունեին թլփատվելու։

  • Համաձայն 15-րդ հատվածի, ո՞ւմ խոսքերն էր հաստատում Պետրոսի (Սիմոնի) հայտարարությունը Հակոբոսի կարծիքով։

Դուք կարող եք բացատրել, որ Պետրոսը նախագահում էր համաժողովը և ակնհայտ է, որ Հակոբոսը նույնպես կարևոր ծառայություն էր իրականացնում այդտեղ։ Հակոբոսը Հիսուս Քրիստոսի արյունակից եղբայրն էր և Երուսաղեմի Եկեղեցու առաջին եպիսկոպոսը։ Ամփոփեք Գոր․ 15․16–18 հատվածները, բացատրելով, որ Հակոբոսը մեջբերում է Ամովս 9․11–12 հատվածները, որպեսզի ցույց տա, որ Պետրոսի հայտարարությունը համահունչ է մարգարեների խոսքերի հետ, ինչպես գրված է սուրբ գրություններում։

  • Հիմնվելով Հակոբոսի ուսմունքներին, ուրիշ ի՞նչ եղանակով մենք կարող ենք իմանալ Տիրոջ կամքը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն պետք է ներկայացնեն մի ճշմարտություն, որը նման է հետևյալին. Մենք կարող ենք իմանալ Տիրոջ կամքը սուրբ գրություններն ուսումնասիրելու միջոցով։ Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 15.19-20 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ խորհուրդ տվեց Հակոբոսը Եկեղեցու ղեկավարներին։ Բացատրեք, որ հարմար եմ համարում արտահայտությունը 19-րդ հատվածում նշանակում է առաջարկ կամ խորհուրդ (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:143)։

  • Ի՞նչ խորհուրդ տվեց Հակոբոսը, որ Եկեղեցու ղեկավարներն անեին հեթանոսների համար։ (Հակոբոսը խորհուրդ տվեց Եկեղեցու ղեկավարներին «նեղութիւն չտալ նորանց» [հատված 19], ոչ էլ ավետարանով ապրելը դարձի եկած հեթանոսների համար դարձնել ավելի բարդ և չպահանջել նրանցից նախքան Եկեղեցուն միանալը կատարել Մովսեսի օրենքի ծեսերը։ Այս խոսքերով Հակոբոսն աջակցում էր Պետրոսի որոշմանը, որը նա նախապես հայտնել էր։)

  • Համաձայն 20-րդ հատվածի, Հակոբոսի կարծիքով, այնուամենայնիվ, Մովսեսի օրենքի ո՞ր մասերը պետք է պահեին հեթանոս նորադարձները։ (Արգելքներ սեռական մեղք գործելու, կուռքերին զոհաբերված կենդանիների միսն ուտելու և արյուն ունեցող միս ուտելու վերաբերյալ։)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 15.22-27: Խնդրեք դասարանի անդամներին հետևել՝ փնտրելով խորհուրդի որոշումը:

  • Առաքյալներն ի՞նչ որոշեցին անել։ (Նամակներ ուղարկել Եկեղեցու անդամներին, հայտարարելով, որ թլփատությունը անհրաժեշտ չէ փրկության համար։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Առաքյալները որոշեցին նամակը տանելու համար ուղարկել Եկեղեցու այնպիսի ղեկավարների, ինչպիսին էին Պետրոսը և Շիղան։ (Ուսանողները կարող են ունենալ տարբեր պատասխաններ, սակայն պատճառներից մեկը պետք է լինի այն, որ հայտարարությունը տրվել է Առաքյալների ընդհանուր որոշման միջոցով։ Շեշտեք, որ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը մեր օրերում հետևում են այս նույն գործելակերպին, որպեսզի ոգեշնչված առաջնորդություն ապահովեն Եկեղեցու անդամների համար։)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչպես են Եկեղեցու ղեկավարները ոգեշնչում ստանում դժվարին խնդիրների վերաբերյալ: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Միասին խորհրդակցելու և Աստծուց հայտնություն փնտրելու միջոցով Եկեղեցու ղեկավարները ոգեշնչում են ստանում դժվարին խնդիրների վերաբերյալ։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե այս ճշմարտությունն ինչպես է այսօր կապված Եկեղեցու հետ, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Այս նույն գործելակերպին հետևում են այսօր՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում։ Եկեղեցու Նախագահը կարող է հայտարարել կամ մեկնաբանել իրեն տրված հայտնության վրա հիմնված վարդապետությունները (տես օրինակ` ՎևՈւ 138): Վարդապետական մեկնաբանությունը կարող է գալ նաև Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի միավորված խորհրդի միջոցով (տես օրինակ` Պաշտոնական Հայտարարություն 2): Խորհրդի ժողովի քննարկումը հաճախ կարող է ներառել կանոնական սուրբ գրությունները, Եկեղեցու առաջնորդների ուսմունքները և անցյալի կանոնակարգերը քննելը։ Բայց վերջում, ճիշտ, ինչպես Նոր Կտակարանի Եկեղեցում, նպատակը միայն համաձայնության գալը չէ խորհրդի անդամների միջև, այլ հայտնությունը Աստծուց։ Դա մի գործընթաց է, որը ներգրավում է ինչպես խելքը, այնպես էլ հավատը՝ Տիրոջ միտքն ու կամքը ձեռք բերելու համար» («Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 88)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր Եկեղեցու ղեկավարների համար հաճախ միասին խորհրդակցել, երբ փնտրում են հայտնություն Աստծուց։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 15.28-29 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե Առաքյալներն ու երեցներն ինչ գրեցին Եկեղեցու անդամներին ուղղված նամակում:

  • Առաքյալներն ու երեցներն ի՞նչ գրեցին Եկեղեցու անդամներին ուղղված նամակում:

  • Ի՞նչ է նշանակում «աւելի բեռ չդնել ձեզ վերայ այս հարկաւոր բաներից ջոկ» արտահայտությունը 28-րդ հատվածում։ (Կարիք չկար, որ մարդիկ ենթարկվեին այլ լրացուցիչ պահանջների, որոնք ներկայացնում էին մարդիկ, այլ ոչ թե Աստված։)

  • Համաձայն հատված 28-ի, Առաքյալներն ինչպե՞ս իմացան Աստծո կամքը դարձի եկած հեթանոսներին ներկայացված պահանջների հետ կապված։

Շեշտեք, որ Սուրբ Հոգին ոգեշնչեց Առաքյալներին, մինչ նրանք խորհրդակցում էին միասին։ Նա նաև հաստատեց այն վկայությունը, որ նրանց որոշումը ճիշտ էր։

  • Հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես Եկեղեցու ղեկավարներն իմացան Աստծո կամքը, ինչպես գրված է 28-րդ հատվածում, ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ Տիրոջ կամքը։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ մենք կարող ենք իմանալ Տիրոջ կամքը Սուրբ Հոգու ոգեշնչման միջոցով։ Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)

Հրավիրեք ուսանողներին նայել գրատախտակին գրված սկզբունքներին։

  • Ինչպե՞ս կարող են մեզ օգնել այդ ճշմարտությունները, երբ մենք պետք է կայացնենք կարևոր որոշում։

  • Համաձայն այդ ճշմարտությունների, մենք ի՞նչ պետք է անենք Տիրոջ կամքն իմանալու համար:

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ իմացել եք Տիրոջ կամքը՝ հետևելով այդ ճշմարտություններին։

Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել ժամանակակից մարգարեների խոսքերը և սուրբ գրությունները: Բացատրեք, որ եթե նրանք անեն դա, կարևոր որոշումներ կայացնելիս կարող են իմանալ Տիրոջ կամքը Սուրբ Հոգու միջոցով։

Գործք Առաքելոց 15․30–41

Պողոսը և մյուսները Առաքյալների նամակը հանձնում են Անտիոքի անդամներին

Ամփոփեք Գոր․ 15․30-41 հատվածները, բացատրելով, որ Եկեղեցու մի քանի ղեկավարներ Առաքյալների նամակը հանձնեցին Անտիոքի Եկեղեցու անդամներին։ Անտիոքում քարոզելուց հետո Պողոսը խնդրեց Բառնաբասին այցելել իր հետ այն բոլոր վայրերը, որտեղ նրանք ուսուցանել էին ավետարանը։ Բառնաբասը ցանկանում է վերցնել Մարկոսին իրենց հետ, սակայն Պողոսը մերժում է։ Եկեղեցու երկու ղեկավարների միջև կայացած վիճաբանությունից հետո Բառնաբասը որոշում է Մարկոսին վերցնել իր հետ, ուստի Պողոսն իրեն որպես միսիոներական զուգընկեր է ընտրում Շիղային և մեկնում իր երկրորդ միսիա։ Բացատրեք, որ ուրիշների հետ համաձայնության չգալը մեղք չէ։ Այնուամենայնիվ, հակառակվելու փոխարեն մենք պետք է միասին լուծումներ գտնենք մեր անհամաձայնություներին։ (Բ Տիմոթեոս 4․11 հատվածում մենք իմանում ենք, որ Պողոսի և Մարկոսի միջև ծագած խնդիրը հետագայում լուծվում է։)

Ավարտեք՝ բերելով ձեր վկայությունը Գոր․ 15 գլխում ուսանողների բացահայտած ճշմարտությունների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 15․6 «Առաքյալները եւ երէցները ժողովուեցան, որ տեսնեն այս բանի համար»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչպես է Փրկիչն Իր կամքը հայտնում Իր մարգարեներին․

«Ինչպե՞ս է Փրկիչը հայտնում Իր կամքը և վարդապետությունը մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին: Նա կարող է գործել Իր սուրհանդակի միջոցով կամ Իր սեփական անձով: Նա կարող է խոսել Իր իսկ ձայնով կամ Սուրբ Հոգու ձայնով` Հոգու հաղորդակցությունը հոգուն, որը կարող է արտահայտվել խոսքերով կամ զգացումներով, որն արտահայտում է խոսքերից վեր հասկացողություն (տես 1 Նեփի 17․45, ՎևՈւ 9․8)։ Նա կարող է Ինքը դիմել Իր ծառաներին անձնապես կամ գործելով խորհրդով (տես 3 Նեփի 27․1–8)» («Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա,մայիս 2012, 87)։

Գործք Առաքելոց 15․6–11 Առաքյալների համատեղ խորհրդակցությունից հետո Պետրոսը հայտարարում է Տիրոջ կամքը

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ուսուցանել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի որոշումների վերաբերյալ․

«Ոչ մի որոշում չի ելնում Առաջին Նախագահության և Տասներկուսի խորհրդածություններից, առանց բոլոր ներգրավվածների ընդհանուր համերաշխության։ Քննարկվող գործի սկզբում կարող են լինել տարակարծություններ։ Դրանց կարելի է սպասել։ Այդ մարդիկ գալիս են հասարակության տարբեր խավերից։ Նրանք ինքնուրույն մտածող մարդիկ են։ Սակայն նախքան վերջնական որոշում կայացնելը, տիրում է մտքի ու խոսքի համերաշխություն։

Դա կարելի է սպասել, եթե հետևում են Տիրոջ հայտնությամբ տրված խոսքին։ Կրկին անգամ ես մեջբերում եմ հայտնությունից․

«Այս քվորումների որոշումները կամ դրանցից յուրաքանչյուրը, պետք է կայացվեն ողջ արդարակեցությամբ, սրբությամբ, սրտի խոնարհությամբ, հեզությամբ ու երկայնամտությամբ և հավատքով ու առաքինությամբ, գիտությամբ, ժուժկալությամբ, համբերությամբ, աստվածայնությամբ, եղբայրասիրությամբ ու գթությամբ.

Քանզի խոստումն է, որ եթե այս բաներն առատ լինեն նրանց մեջ, նրանք անպտուղ չեն լինի Տիրոջ գիտության մեջ» (ՎևՈւ 107․30–31

Ես իմ անձնական վկայությունն եմ ավելացնում, որ քսան տարի շարունակ ծառայելով որպես Տասներկուսի Խորհրդի անդամ և գրեթե տասներեք տարի Առաջին Նախագահությունում ծառայելիս, երբեք որևէ մեծ քայլ չի ձեռնարկվել առանց այդ ընթացակարգը պահպանելու։ Այդ խորհրդածությունների ընթացքում ես տեսել եմ կարծիքների տարբերություններ։ Իրենց մտքերն արտահայտող տղամարդկանց հենց այդ գործընթացի ժամանակ տիրում է գաղափարների ու հասկացողությունների վերլուծություն ու տեսակավորում։ Սակայն իմ Եղբայրների շրջանում ես չեմ նկատել որևէ լուրջ տարաձայնություն կամ անձնական թշնամանք։ Հակառակը, ես նկատել եմ հրաշալի և ուշագրավ մի բան, որ տարբեր հայացքների տեր մարդիկ, հավաքվում են Սուրբ Հոգու առաջնորդող ազդեցության և հայտնության զորության ներքո այնքան ժամանակ, մինչև տիրում է լիակատար ներդաշնակություն և լիարժեք համաձայնություն։ Միայն դրանից հետո է գործողությունը կատարվում։ Ես վկայում եմ, որ դա իրենից ներկայացնում է հայտնության ոգին, որը հայտնվում է կրկին ու կրկին անգամներ՝ Տիրոջ այս աշխատանքն առաջնորդելու համար» (“God Is at the Helm,” Ensign, May 1994, 54, 59)։

Գործք Առաքելոց 15․20 «Խեղդուածից եւ արիւնից»

«Քանի որ Մովսեսի օրենքն արգելում է արյուն ուտելը (տես Ղևտացոց 3․17, 17․10–14, 19․26), Հակոբոսի խորհուրդը, որ հեռու մնան «խեղդուածից եւ արիւնից», միգուցե նպատակ ուներ խուսափել հրեաներին վիրավորելուց, որը կարող էր խոչընդոտել նրանց մեջ կատարվող միսիոներական աշխատանքին» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 309