Գրադարան
Դաս 88. Գործք Առաքելոց 9


Դաս 88

Գործք Առաքելոց 9

Նախաբան

Հիսուսը հայտնվում է Սողոսին Դամասկոս տանող ճանապարհին, որից հետո Սողոսը կուրանում է։ Երբ Անանիան բժշկեց Սողոսին, նա մկրտվեց և սկսեց քարոզել Դամասկոսում։ Երեք տարի անց Սողոսը գնաց Երուսաղեմ, սակայն, քանի որ նրա կյանքը վտանգված էր, Առաքյալներն ուղարկեցին նրան Տարսոն։ Պետրոսը հրաշքներ գործեց Լյուդիայում և Հոպպեում։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 9․1–9

Հիսուսը հայտնվում է Սողոսին Դամասկոս տանող ճանապարհին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը գրեք գրատախտակին։ (Այս հայտարարությունը գտնվում է «Լավագույնը դեռ առջևում է» ելույթում, Ensign կամ Լիահոնա, հունվար 2010, 25-26:)

«Մեզանից շատերի մեջ կա մի բան, ինչը մասնավորապես չի կարողանում ներել և մոռանալ կյանքում գործած նախկին սխալները՝ լինեն դրանք մեր սխալները, թե ուրիշների սխալները։ …

Թույլ տվեք մարդկանց ապաշխարել։ Թույլ տվեք մարդկանց կատարելագործվել։ Հավատացեք, որ մարդիկ կարող են փոխվել և ավելի լավը դառնալ» (Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդ)։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ գրատախտակին գրված նախադասությունը։ Ապա հարցրեք դասարանին.

  • Որո՞նք են այն իրավիճակները, երբ կարևոր է ուրիշներին թույլ տալ փոխվել և կատարելագործվել ու հավատալ, որ նրանք կարող են անել դա։

  • Որո՞նք են այն իրավիճակները, երբ կարևոր է հավատալ, որ մենք կարող ենք փոխվել և կատարելագործվել։

Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 9 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել ճշմարտությունները, որոնք մենք կարող ենք սովորել մեկի օրինակից, ով փոխվեց և կատարելագործվեց։

Բացատրեք, որ Գոր․ 9 գլուխը հիմնականում կենտրոնանում է Սողոս անունով մարդու փորձառությունների վրա։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Սողոսի հետևյալ նկարագրությունը․

Սողոսը ծնվել էր Հունաստանի Տարսոն քաղաքում (տես Գոր․ 21․39) և Հռոմի քաղաքացի էր (տես Գոր․ 16․37)։ Նա Բենիամինի ցեղից մի հրեա էր (տես Հռովմայեցիս 11․1) և կրթությունը ստացել էր Երուսաղեմում Գամաղիելի մոտ (տես Գոր․ 22․3), ով հայտնի փարիսեցի էր և հրեական օրենքի հարգված ուսուցիչ (տես Գոր․ 5․34)։ Սողոսը փարիսեցի էր (տես Գոր․ 23․6), և նա խոսում էր «Եբրայեցիների լեզուով» (հավանաբար Արամերեն) և հունարեն (տես Գոր․ 21․37, 40)։ Նա հետագայում ճանաչում գտավ իր լատիներեն անունով՝ Պողոս (տես Գոր․ 13․9)։ (Տես Աստվածաշնչի բառարանը, «Պողոս»։)

Ուսանողներին հիշեցրեք, որ Սողոսը ներկա էր գտնվել Ստեփանոսի քարկոծմանը (տես Գոր․ 7․58-59)։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 8․1-3 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Գոր 9.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, փնտրելով, թե Սողոսն ինչպես էր վերաբերվում Հիսուս Քրիստոսի հետևորդներին։

  • Սողոսն ինչպե՞ս էր վերաբերվում Հիսուս Քրիստոսի հետևորդներին:

  • Համաձայն Գոր․ 9․1-2, Սողոսն ինչո՞ւ էր գնում Դամասկոս:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 9.3-6 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, մինչ Սողոսը գնում էր Դամասկոս։

  • Ո՞վ հայտնվեց Սողոսին։

Շեշտեք հատված 5-ում «խթանին քացի տալ» արտահայտությունը: Բացատրեք, որ խթան բառն այստեղ նշանակում է փայտ, որի օգնությամբ ստիպում են կենդանիներին շարժվել (հնարավորության դեպքում ուսանողներին ցույց տվեք սրածայր մի փայտ)։ Այս համատեքստում «խթանին քացի տալ» նշանակում է կռվել Աստծո դեմ։

Հրավիրեք ուսանողներին ընդգծել հատված 6-ում գրառված Սողոսի հարցը։

  • Ելնելով Սողոսի հարցից, ի՞նչ կարող ենք մենք իմանալ նրա մասին։ (Նա ցանկանում էր ենթարկվել Տիրոջ կամքին։)

Ամփոփեք Գոր․ 9․7–9 հատվածները, բացատրելով, որ Սողոսի հետ ճամփորդողները տեսան լույսը, սակայն չլսեցին Հիսուսի ձայնը, մինչ Նա խոսում էր Սողոսի հետ (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Գոր․ 9․7 [Գոր․ 9․7, ծանոթագրություն ա], Գոր․ 22․9)։ Տեսիլքից հետո Սողոսի աչքերը կուրացան։ Նրան տարան Դամասկոս, և նա ոչինչ չկերավ ու չխմեց երեք օր։

  • Պատկերացրեք, որ դուք Սողոսն եք։ Եթե դուք վճռականորեն հալածեիք Հիսուս Քրիստոսի աշակերտներին, ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք այդ պահին։

Գործք Առաքելոց 9․10–22

Սողոսը Դամասկոսում բժշկվում է Անանիայի օգնությամբ, մկրտվում է և քարոզում Հիսուս Քրիստոսի մասին

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 9.10-12 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ հանձնարարեց Անանիային՝ Դամասկոսում ապրող Եկեղեցու անդամներից մեկին։

  • Տերն ի՞նչ հանձնարարություն տվեց Անանիային:

Շեշտեք, որ Սողոսը սկզբում Դամասկոս էր գալիս Անանիայի նման մարդկանց ձերբակալելու մտադրությամբ։

  • Եթե դուք Անանիան լինեիք և իմանայիք Սողոսի համբավի մասին, ի՞նչ կմտածեիք Տիրոջից այս հրահանգը ստանալուց հետո։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 9.11-16 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ասաց Անանիային Սողոսի մասին։

  • Ինչո՞վ էր տարբերվում Սողոսի մասին Տիրոջ կարծիքը Անանիայի կարծիքից։

  • Համաձայն 15-րդ հատվածի, ի՞նչ էր Տերն ընտրել Սողոսի համար, որ նա դառնար և աներ։ (Դուք կարող եք նշել, որ «ընտրուած անօթ» արտահայտությունը կարող է վերաբերել այն փաստին, որ Սողոսը նախասահմանված առաքելություն ուներ։)

  • Համաձայն 16-րդ հատվածի, չնայած Սողոսը Տիրոջ համար լինելու էր ընտրված անոթ, ի՞նչ փորձառություններ էր նա ունենալու։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչպիսին է Տերը տեսնում մեզ։ (Ուսանողները կարող են նշել մի քանի ճշմարտություններ, սակայն համոզվեք, որ շեշտվում է հետևյալը․ Տերը տեսնում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կարող ենք դառնալ, և Նա տեսնում է մեր ներուժը՝ աջակցելու Իրեն Իր աշխատանքում։ Այդ ճշմարտությունները գրեք գրատախտակին։)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են իրենց ծագումով, բնավորության գծերով և ունակություններով աջակցել Տիրոջն Իր աշխատանքում։ Հորդորեք նրանց գրի առնել իրենց մտքերն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 9.17-20 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ արեց Անանիան այն բանից հետո, երբ Տերն օգնեց նրան հասկանալ Սողոսի ներուժն ու նրա հետագա առաքելությունը։

  • Ի՞նչ արեց Անանիան Պողոսի համար։

  • Համաձայն 20-րդ հատվածի, Սողոսն ի՞նչ արեց «շուտով» կամ անմիջապես այն բանից հետո, երբ մկրտվեց և վերականգնեց իր ուժերը։

Շեշտեք, որ Սողոսի ապաշխարությունը, մկրտությունը և քարոզչությունը ցույց էին տալիս նրա հավատն առ Հիսուս Քրիստոսը և հնազանդությունը Տիրոջ կամքին։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 9.21-22 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչպես մարդիկ արձագանքեցին Սողոսի քարոզներին։

  • Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում Սողոսի քարոզներին։

  • Ինչո՞ւ էին մարդիկ զարմանում, երբ լսում էին Սողոսին։

Հիշեցրեք ուսանողներին, որ Գոր․ 9․6 հատվածում գրառված հարցը, որը Սողոսն ուղղեց Հիսուսին, ցույց է տալիս նրա խոնարհությունը և Տիրոջ կամքին ենթարկվելու նրա ցանկությունը։

  • Սողոսի նման, մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի փոխվենք և գործի դնենք ներուժը, որը Տերը տեսնում է մեր մեջ։ (Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին․ Եթե մենք ենթարկվենք Տիրոջ կամքին, ապա կարող ենք փոխվել և գործի դնել ներուժը, որը Նա տեսնում է մեր մեջ։)

Հրավիրեք երկու կամավորների գալ առաջ։ Ուսանողներից մեկին տվեք փափուկ կավ, իսկ մյուսին՝ չորացած կավ։ (Եթե հնարավորություն չունեք կավ ձեռք բերելու համար, հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ կատարում են այդ վարժությունը, ապա տվեք նրանց այն հարցերը, որոնք տրված են վարժությունից հետո։) Կամավորներին տվեք մոտավորապես 30 վայրկյան, որպեսզի իրենց տրված կավով պատրաստեն ինչ-որ բան։ Եթե չորացած կավ ունեցող ուսանողն ասի, որ դա շատ դժվար է, խրախուսեք նրան շարունակել փորձել։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք կամավորներին ցուցադրել իրենց աշխատանքները։ Չորացած կավ ունեցող ուսանողին հարցրեք․

  • Ինչո՞ւ էր դժվար ինչ-որ բան պատրաստել ձեր կավով։

Շնորհակալություն հայտնեք կամավորներին և հրավիրեք զբաղեցնել իրենց տեղերը։ Հարցրեք դասարանին.

  • Ինչպե՞ս կարող ենք չորացած կավը նմանեցնել մեկին, ով չի ենթարկվում Տիրոջ կամքին:

  • Ինչպե՞ս կարող ենք փափուկ կավը նմանեցնել մեկին, ով ենթարկվում է Տիրոջ կամքին:

  • Տիրոջը ենթարկվելն ինչպե՞ս է օգնել ձեզ կամ ուրիշներին փոխվել և գործի դնել ներուժը, որը Տերը տեսնում է ձեր մեջ կամ նրանց մեջ։

Բարձրաձայն կարդացեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«[Մարդն] իր կյանքում չի կարող տալ ավելի կարևոր հարց, քան այն, որը տվեց Պողոսը․ «… Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ»։ (“Listen to a Prophet’s Voice,” Ensign, Jan. 1973, 57)։

Հրավիրեք ուսանողներին խորհել «… Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ» հարցի շուրջ։ Հրավիրեք նրանց գրի առնել ցանկացած ոգեշնչում, որը նրանք ստանում են։ Բավարար ժամանակից հետո բարձրաձայն կարդացեք Նախագահ Բենսոնի հետևյալ խոսքերը.

«Մարդը չի կարող ավելի մեծ գործ կատարել, քան այն ուղին բռնելը, որը կօգնի նրան գտնել այդ հարցի պատասխանը, իսկ հետո միշտ հիշել այդ պատասխանը» (“Listen to a Prophet’s Voice,” 57)։

Խրախուսեք ուսանողներին շարունակել փնտրել այս հարցի պատասխանը և գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:

Գործք Առաքելոց 9․23–31

Երուսաղեմում Սողոսի կյանքին վտանգ է սպառնում, և Առաքյալները նրան Տարսոն են ուղարկում

Շեշտեք, որ դարձի գալուց հետո Սողոսն ապրում էր Արաբիայում, իսկ հետո վերադարձավ Դամասկոս (տես Գաղատացիս 1․17)։ Ամփոփեք Գոր․ 9․23-26 հատվածները, բացատրելով, որ Դամասկոսում հրեաները որոշել էին սպանել Սողոսին, սակայն Եկեղեցու անդամներն օգնեցին նրան փախչել այդ քաղաքից։ Դարձի գալուց հետո երեք տարի անց (տես Գաղատացիս 1․18) Սողոսը գնաց Երուսաղեմ, որտեղ Եկեղեցու անդամները վախեցան ընդունել նրան, քանի որ չէին հավատում, որ նա դարձել է Հիսուս Քրիստոսի աշակերտը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Եկեղեցու որոշ անդամներ դժվարանում էին ընդունել այն փաստը, որ Սողոսը դարձել էր Հիսուս Քրիստոսի աշակերտը։

Ամփոփեք Գոր․ 9․27–31 հատվածները, բացատրելով, որ Բառնաբասը՝ Եկեղեցու անդամներից մեկը (տես Գոր․ 4․36–37), Սողոսին բերեց Առաքյալների մոտ և պատմեց նրանց Սողոսի տեսիլքի մասին և Դամասկոսում նրա համարձակ քարոզչության մասին։ Դրանից հետո Եկեղեցու անդամներն ընդունեցին Սողոսին իրենց շարքերը։ Երբ Երուսաղեմի հույն հրեաները ձգտում էին սպանել նրան, Եկեղեցու ղեկավարները նրան Տարսոն ուղարկեցին։ Եկեղեցին խաղաղություն և աճ ունեցավ Հրեաստանում, Գալիլեայում և Սամարիայում։

Գործք Առաքելոց 9․32–43

Պետրոսը հրաշքներ գործեց Լյուդիայում և Հոպպեում

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Խնդրեք յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի կարդալ Գոր․ 9.32–35 հատվածները, իսկ մյուս ուսանողին՝ կարդալ Գոր․ 9․36-42: Հրավիրեք նրանց փնտրել Պետրոսի գործած հրաշքները և թե ինչպես մարդիկ արձագանքեցին։ Բացատրեք, որ ողորմությունները (հատված 36) աղքատներին տրված նվիրատվություններն են։

Բավարար ժամանակ անց հրավիրեք ուսանողներին զույգերով քննարկել Պետրոսի գործած հրաշքները, և թե ինչպես մարդիկ արձագանքեցին։ Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Համաձայն 35 և 42 հատվածների, ինչպե՞ս Լյուդիայի և Հոպպեի մարդիկ արձագանքեցին Պետրոսի ծառայությանը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել նրանց արձագանքներից՝ ուրիշներին ծառայելու հնարավոր ազդեցությունների մասին։ (Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին․ Ուրիշներին ծառայելով, մենք կարող ենք օգնել մարդկանց դառնալ դեպի Տերը և հավատալ Նրան։)

Բացատրեք, որ ուրիշներին քահանայության օրհնություններ տալը ծառայելու ուղիներից մեկն է։ Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ուրիշ ինչ կերպ կարելի է ծառայել մարդկանց, հարցրեք․

  • Համաձայն 36 և 39 հատվածների, Տաբիթան ինչպե՞ս էր ծառայում ուրիշներին։

  • Ինչպե՞ս կարող է մեկը, ով «լիքն է բարի գործերով» (հատված 36) և ծառայում է ուրիշներին, օգնել մարդկանց դառնալ դեպի Տերը և հավատալ Նրան։

  • Ե՞րբ են մեկ ուրիշի բարի գործերն օգնել ձեզ կամ ուրիշներին դառնալ դեպի Տերը և հավատալ Նրան։

Վերջում կիսվեք այս դասին ուսուցանված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 9․1–2 Սողոսը լիազորված էր Եկեղեցու անդամներին կապված Երուսաղեմ բերելու

Սողոսը լիազորված էր Երուսաղեմի քահանայապետի կողմից, որ շրջեր Հրեաստանի բոլոր կողմերում և հրեաներին բերեր Սանհեդրինի առաջ դատվելու։ Քահանայապետը կարող էր տալ այդ իրավունքը, քանի որ «հռոմեացիները թույլ էին տալիս Սանհեդրինին անցկացնել քաղաքացիական և քրեական դատավարություններ» (բացառությամբ կարևոր իրադարձություններից) ողջ հրեա համայնքի համար, նույնիսկ Պաղեստինից դուրս (J. R. Dummelow, ed., A Commentary on the Holy Bible [1909], 831)։ Քանի որ Մովսեսի օրենքը հրեաների համար հանդիսանում էր ինչպես քաղաքացիական, այնպես էլ կրոնական օրենք, հրեա քրիստոնյաները կարող էին ձերբակալվել որպես հանցագործներ։ «Թղթերը», որոնք Սողոսն ուներ իր մոտ, փաստաթղթեր էին, որտեղ տրված էին հրահանգներ Սողոսի նպատակների հետ կապված և վավերացնում էին նրա լիազորությունը՝ կատարելու իր առաջադրանքը։

Գործք Առաքելոց 9․1–22 Սողոսի դարձը

Նախագահ Հարոլդ Բ․ Լին բացատրել է, որ «Տարսոնացի Սողոսը մեկն էր, ով քաջաբար և բարեխղճորեն փորձում էր արմատախիլ անել քրիստոնեությունը, որը, նրա կարծիքով, Աստծո խոսքը խեղաթյուրող աղանդ էր» (Conference Report, Oct. 1946, 144)։ Ինչևէ, հարություն առած Փրկիչի հետ ունեցած փորձառությունը շատ բան փոխեց Սողոսի մեջ։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին նկարագրել է, թե ինչ փորձառություն կարող էր ունենալ Սողոսը երեքօրյա կուրության ընթացքում․

«[Սողոսի] երեքօրյա կուրության ընթացքում սկիզբ դրվեց մի փոփոխության, որը հետագայում պետք է փոխեր քրիստոնեության պատմությունը։ Հոգու ինչպիսի տառապանք, խղճի ինչպիսի խայթ, Աստվածահաճո ինչպիսի տրտմություն նա կարող էր զգալ մեղքի համար, մինչ խոնարհեցնում էր իրեն՝ նախապատրաստվելով Անանիայի հետ հանդիպմանը» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:90)։

Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը Սողոսի դարձի մասին ասել է հետևյալը․

«Որպեսզի [Սողոսի] դարձը լիարժեք դառնար, նա մկրտվեց։ Պետրոսի կյանքը փոխվել էր։ Ուշագրավ է այն փաստը, որ այն մարդը, ով պահում էր Ստեփանոսի մահապատիժն ի կատար ածողների հանդերձները, հետագայում դարձավ այն սկզբունքների գլխավոր ջատագովը, որոնց համար Ստեփանոսը նահատակվեց։ …

… Պողոսի կյանքը Դամասկոսի ճանապարհին բաժանվեց երկու մասի։ Մինչ այդ նա մեծ եռանդով հալածում էր քրիստոնեությունը, սակայն Դամասկոսի ճանապարհից հետո նա դարձավ քրիստոնեության առավել եռանդուն քարոզիչներից մեկը» (Conference Report, Oct. 1964, 108–9)։

Գործք Առաքելոց 9․2 Հիսուս Քրիստոսի հետևորդներին ձերբակալելու Սողոսի ջանքերը

Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյը ուսուցանել է Հիսուս Քրիստոսի հետևորդներին ձերբակալելու Սողոսի դիտավորությունների մասին․

«Այնքան վճռական էր նա մի բանին վերջ դնելուն, ինչը նրա կարծիքով հերետիկոսություն էր, որ իրավունք էր ձեռք բերել` որպես Սանհեդրինի իշխանավոր, ձերբակալելու Հիսուսի հետևորդներին, որտեղ էլ գտներ նրանց։ Նա տնից տուն էր մտնում, մարդկանց քաշ տալով հեռացնում իրենց կանանցից ու երեխաներից։ Նա մինչև անգամ ձերբակալում էր կանանց և բանտ գցում նրանց: Անշուշտ, երեխաների լացն ու խղճալի աղերսանքները պիտի փշրեին նրա քարացած սիրտը, նույնիսկ ավելի շատ, քան արդար Ստեփանոսի նահատակությունը։ Անշուշտ, մինչ նա քշում էր տղամարդկանց ու կանանց իրենց տներից հեռու, կուչ եկած երեխաների դալուկ դեմքերի և նրանց սրտաճմլիկ հեկեկոցների տպավորություններն էին հավանաբար դրոշմվել նրա մոլեռանդ հոգում, որոնք պիտի խոնարհեցնեին նրան, եթե նույնիսկ չհետապնդեին իր ողջ կյանքի ընթացքում։ Միայն մի բան կարող էր մխիթարել նրան ապագայում, երբ նա հետ էր նայում այդ սարսափելի փորձառություններին։ Եվ դա հետևյալն էր՝ ինչպես նա է արտահայտել իր իսկ խոսքերով․ «Եւ հէնց ես ինքս հարկաւոր էի համարում, որ Յիսուս Նազովրեցու անունի հակառակ շատ բաներ գործեմ» [Գոր․ 26․9]։ Սողոսն անկեղծ էր իր արարքներում։ Նա չէր հավատում, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին էր, և մտածում էր, որ հաճելի կլինի իր Հորը, որ երկնքում էր, ստիպել յուրաքանչյուրին, ով հավատում էր Քրիստոսին, ուրանալ Նրա անունը» (Ancient Apostles, 2nd ed. [1921], 147–48)։

Գործք Առաքելոց 9․15–16 Տերը տեսնում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կարող ենք դառնալ

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ուսուցանել է Եկեղեցու անդամներին տեսնել մարդկանց այնպիսին, ինչպիսին Տերն է տեսնում նրանց (տես «Տեսեք ուրիշներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 70)։