Գրադարան
Դաս 77. Հովհաննես 17


Դաս 77

Հովհաննես 17

Նախաբան

Գեթսեմանիում տառապելուց առաջ Փրկիչն ասաց Իր մեծ Միջնորդական Աղոթքը: Նա աղոթեց, որ Իր աշակերտները և բոլոր նրանք, ովքեր հետևում են Իրեն, ճանաչեն Երկնային Հորը և ձեռք բերեն հավերժական կյանք, Նա նաև աղոթեց, որ նրանք կարողանան մեկ լինել Իր և Իր Հոր հետ:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 17․1-8

Հիսուս Քրիստոսը աղոթքով դիմում է Երկնային Հորը

Հրավիրեք ուսանողներին տալ հայտնի մարդկանց անուններ, ում մասին իրենք մի քիչ գիտեն: Այնուհետև խնդրեք նրանց տալ այնպիսի մարդկանց անուններ, ում նրանք շատ լավ գիտեն:

  • Ո՞րն է տարբերությունը ինչ-որ մեկի մասին իմանալու և փաստացի մարդուն ճանաչելու միջև:

  • Որքա՞ն է պահանջվում մարդուն իսկապես ճանաչելու համար:

  • Ովքե՞ր են այն մարդիկ, որոնց ճանաչելը կարևոր է ձեր համար: Ինչո՞ւ:

Բացատրեք, որ Փրկիչն ուսուցանել է Երկնային Հորը և Իրեն ճանաչելու կարևորության մասին: Խնդրեք ուսանողներին Հովհաննես 17 գլուխն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հովհաննես 17 գլխի համատեքստը, նշեք, որ երկու իրադարձությունների միջև՝ երբ Փրկիչը և Նրա աշակերտները ավարտեցին Վերջին Ընթրիքը և երբ նրանք մտան Գեթսեմանի պարտեզը, այդ ընթացքում Հիսուսն աղոթք ասաց, որն ավանդաբար կոչվում է Միջնորդական Աղոթք: Միջնորդել բառի իմաստններից մեկն է՝ բարեխոսելը մեկի մոտ հօգուտ մեկ ուրիշի: Այս դեպքում, Հիսուս Քրիստոսը խոսեց Երկնային Հոր հետ՝ հօգուտ Իր աշակերտների, խնդրելով, որ նրանք կարողանան ստանալ հավերժական կյանք:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 17.1–3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե Տերն ինչպես է նկարագրել հավերժական կյանքը:

  • Ինչպե՞ս է Փրկիչը նկարագրել հավերժական կյանքը:

  • Հատված 3-ից ելնելով, ինչպե՞ս կձևակերպեք սկզբունքը, որն ուսուցանում է, թե մենք ինչ պետք է անենք հավերժական կյանք ստանալու համար: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ պարզ է, որ հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է ճանաչենք Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում ճանաչել Աստծուն, ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքը.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Մի բան է իմանալ Աստծո մասին, այլ բան է՝ ճանաչել Նրան: Մենք գաղափար ենք կազմում Նրա մասին, երբ իմանում ենք, որ Նա անհատականություն է, ում պատկերով ստեղծվել է մարդը, երբ իմանում ենք, որ Որդին Իր Հոր անձի պատկերով է ներկայացած, երբ իմանում ենք, որ Հայրն ու Որդին ունեն որոշակի հատկանիշներ ու զորություն: Բայց մենք ճանաչում ենք նրանց՝ հավերժական կյանք ձեռք բերելու առումով, երբ վայելում ու զգում ենք նույն բաները, ինչ՝ նրանք: Աստծուն ճանաչելու համար պետք է մտածել Նրա պես, զգալ Նրա պես, ունենալ Նրա ունեցած զորությունը, հասկանալ ճշմարտություններն այնպես, ինչպես Նա է հասկանում և անել այն, ինչ Նա է անում: Նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն, դառնում են Նրա պես, Նրա կյանքից են ունենում, որը հավերժական կյանքն է» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:762):

  • Ինչո՞վ է տարբերվում Հորը և Որդուն ճանաչելը նրանց մասին պարզապես իմանալուց:

  • Ինչո՞ւ մարդը չի կարող ձեռք բերել հավերժական կյանք, առանց Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին ճանաչելու:

  • Ինչպե՞ս մենք կարող ենք գալ Հոր և Որդու ճանաչմանը:

Ամփոփեք Հովհաննես 17.4-5 հատվածները, բացատրելով, որ Փրկիչը հաղորդեց Հորը, որ կատարել է այն գործը, որ Հայրը տվել էր Իրեն, որ աներ: Նա խնդրում է Հորը փառավորել Իրեն այն նույն փառքով, որը Նա ուներ նախաերկրային կյանքում:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 17․6-8 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին աշակերտները՝ Փրկչին ճանաչելու համար:

  • Ի՞նչ արեցին աշակերտները՝ Փրկչին ճանաչելու համար: (Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն 8 հատվածում հանդիպող «ընդունեցին», «ճշմարտությամբ իմացան» և «հավատացին» արտահայտությունները։)

Հովհաննես 17․9-19

Փրկիչն աղոթում է Իր աշակերտների համար

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 17․9 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե հատկապես ում համար է աղոթում Փրկիչը:

  • Ո՞ւմ համար էր աղոթում Փրկիչը, երբ Նա պիտի սկսեր արդեն իրականացնել Քավությունը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞վ էր օգտակար Առաքյալների համար՝ լսելը, թե ինչպես է Փրկիչը աղաչում նրանց համար:

Գրատախտակին գրեք Հովհաննես 17.11–18: Ուսանողներին բաժանեք զույգերի: Հրավիրեք ուսանողներին զույգերով ուսումնասիրել այս հատվածները, տեսնելով, թե ինչ էր խնդրում Հիսուսն Իր աշակերտների համար: Կարող եք առաջարկել ուսանողներին գրքում նշել այն, ինչ գտան: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք մի քանիսին՝ դասարանի հետ կիսվել իրենց գտածով:

Շեշտեք, որ Փրկիչը նշեց, որ Իր աշակերտները շարունակելու էին ապրել աշխարհում, որը չար էր, և որը ատել էր նրանց:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 14–16 հատվածներից աշխարհում ապրելու մասին, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է լինենք աշխարհում, բայց ոչ աշխարհից:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել աշխարհում, բայց ոչ աշխարհից:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Եկեղեցում մենք հաճախ ենք ասում այս երկտողը. «Եղեք աշխարհում, բայց ոչ աշխարհից»: …

Միգուցե մենք պետք է արտասանենք այս երկտողը… որպես երկու առանձին հորդորներ: Առաջինը, «Եղեք աշխարհում»: Եղեք ներգրավված, եղեք տեղեկացված։ Փորձեք ըմբռնող և հանդուրժող լինել ու գնահատել բազմազանությունը: Նշանակալի ներդրումներ կատարեք հասարակությունում՝ ծառայության և ներգրավվածության միջոցով: Երկրորդը, «Բայց ոչ աշխարհից»: Մի հետևեք սխալ ուղիների, հակված մի եղեք ընդունել այն, ինչը ճիշտ չէ: …

Եկեղեցու անդամների ազդեցությունն ավելի մեծ պետք է լինի, քանի նրանց վրա գործող ազդեցությունը: Մենք պետք է աշխատենք հակազդել մեղքի ու չարի ալիքին, ոչ թե պասիվորեն ենթարկվենք դրա զարկին: Մեզանից յուրաքանչյուրը պետք օգնի լուծել այդ խնդիրը, ոչ թե խուսափի կան արհամարի այն» (“The Effects of Television,” Ensign, May 1989, 80):

  • Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք մնանք աշխարհում, չլինելով այս աշխարհից:

Հրավիրեք ուսանողներին կրկին զույգերով աշխատելով մտածել մի օրինակի մասին, թե ինչպես կարող է մի մարդ լինել աշխարհում, բայց ոչ աշխարհից հետևյալ այս պարագաներից յուրաքանչյուրի դեպքում.

  1. Դպրոցում

  2. Ընկերների հետ

  3. Համացանցում

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների ներկայացնել դասարանին իրենց մտածած օրինակները: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել փորձառություններով, երբ իրենք կամ իրենց ծանոթը օրինակ է ծառայել՝ լինելու աշխարհում, բայց ոչ աշխարհից:

Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնեն մի հատուկ ուղի, որով նրանք կձգտեն ավելի լավ հետևել Փրկչին, լինելով աշխարհում, բայց ոչ աշխարհից:

Հովհաննես 17.20–26

Փրկիչն աղոթում է բոլոր մարդկանց համար, ովքեր ընդունում են Իր ավետարանը

Հրավիրեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և մի առաջադրանք կատարել, որի արդյունքում նրա ձեռքերը կկեղտոտվեն՝ (օրինակ, գրատախտակի ջնջոցը մաքրել կամ կեղտոտ մի կաթսայում որևէ առարկա որոնել): Հորդորեք ուսանողին առաջադրանքը կատարելիս փորձել ձեռքերը մաքուր պահել:

Երբ ուսանողն ավարտի առաջադրանքը, խնդրեք ուսանողին ցույց տալ իր ձեռքերը դասարանին:

  • Ինչո՞վ է այս առաջադրանքը նման մեր ջանքերին՝ լինելու այս աշխարհում, բայց ոչ այս աշխարհից: (Չնայած մեր լավագույն ջանքերին, մենք չենք մնում ամբողջությամբ մաքուր մեղքերից ու չարից, որոնք կան աշխարհում։)

  • Եթե մենք չկարողանայինք մաքրվել մեր մեղքերից, ինչպիսի՞ հետևանք դա կունենար մեզ համար: Ինչո՞ւ: (Մենք ընդմիշտ կառանձնացվեինք Աստծո ներկայությունից, քանի որ ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Նրա ներկայության մեջ [տես 1 Նեփի 15.33–34]։)

Շնորհակալություն հայտնեք ուսանողից և խնդրեք նրան նստել:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 17.20–23 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ինչի համար է աղոթում Հիսուս Քրիստոսը:

  • Ինչի՞ համար աղոթեց Հիսուս Քրիստոսը: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն մեկ բառը, որտեղ էլ որ այն հանդիպի 20–23 հատվածներում։)

  • Ի՞նչն է մեզ համար հնարավոր դարձնում, որ մեկ լինենք Հոր և Որդու հետ: (Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները, որոնք մենք ստանում ենք հնազանդվելով Նրա պատվիրաններին, և Սուրբ Հոգու պարգևը):

Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Գալով Հիսուս Քրիստոսի մոտ և ստանալով Նրա Քավության օրհնությունները, մենք կարող ենք մեկ դառնալ Հոր և Որդու հետ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Անգլերեն Atonement, այսինքն, Քավություն բառի բուն իմաստը ակնհայտ է՝ այն առանձնացված կամ օտարացված առանձին բառերի միաձուլումն է (at-one-ment)» (“The Atonement of Jesus Christ,” Ensign, Mar. 2008, 34–35):

  • Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքից ելնելով, ինչո՞ւ եք դուք ցանկանում մեկ լինել Նրանց հետ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի հետևյալ խոսքը: Դասարանին խնդրեք լսել, թե ինչ օրհնություն կստանան նրանք, ովքեր ձգտում են մեկ լինել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Մենք պետք է ջանանք ոչ միայն իմանալ Վարդապետի մասին, այլ ձգտենք, ինչպես Նա է հրավիրել՝ մեկ լինել Իր հետ (տես Հովհաննես 17.21): …

… Գալիք օրերը լեցուն կլինեն տառապանքով ու դժվարություններով: Սակայն, Աստծո հետ անձնական հարաբերություններից բխող համոզիչ մխիթարությամբ, մեզ հանգստացնող քաջություն կտրվի» (“That We Might Know Thee,” Ensign, Jan. 1999, 2, 5):

Վկայեք Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը ճանաչելու կարևորության մասին և ձգտելու՝ մեկ լինել Նրանց հետ:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ նրանք կարող են անել, որպեսզի ավելի լավ ճանաչեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և ամրապնդեն իրենց հարաբերությունները Նրան հետ:

Հրավիրեք ուսանողներին գրել իրենց մտքերը սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում կամ դասարանային տետրերում: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք մի քանի ցանկացողների՝ դասարանի հետ կիսվել իրենց մտքերով և զգացումներով:

Նկար
սուրբ գրությունների սերտման պատկերակ
Սուրբ գրությունների սերտման հատված՝ Հովհաննես 17․3:

Որպեսզի օգնեք ուսանողներին անգիր սովորել Հովհաննես 17.3 հատվածը, խրախուսեք նրանց հետ շաբաթվա ընթացքում իրենց հետ պահեն այս հատվածը պարունակող սուրբ գրությունների սերտման քարտը: Քաջալերեք նրանց հարմար պահի դեպքում անդրադառնալ հատվածին և վարժվել՝ անգիր անելով: Կարող եք խորհուրդ տալ, որ նրանք փորձեն անգիր ասել այն իրենց ընտանիքի որևէ անդամին և բացատրեն դրա իմաստը: Հաջորդ մի քանի օրերին դասի սկզբում հրավիրեք ուսանողներին հաղորդել այս հատվածը մտապահելու իրենց հաջողությունների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 17.3: Ճանաչել Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին

Հորը և Որդուն ճանաչելու համար մենք պետք է հստակ պատկերացում ունենանք Նրանց մասին: Շատ մարդիկ կարծում են, որ Աստված և Աստվածագլուխը անըմբռնելի են, բայց սա կեղծ վարդապետություն է:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է.

«Մարդուն հայտնի ամենամեծ ճշմարտությունն այն է, որ կա Աստված երկնքում, ով անսահման է և հավերժական, որ Նա է բոլոր բաների արարիչը, պահողն ու պահպանողը, որ Նա ստեղծել է մեզ և աստղային երկինքը և կարգել ու հիմնել է փրկության մի ծրագիր, որով մենք կարող ենք առաջադիմել ու զարգանալ և նմանվել Իրեն: Նրան վերաբերող ճշմարտությունն այն է, որ Նա մեր Երկնային Հայրն է, ունի մսից ու ոսկորներից կազմված մարմին՝ շոշափելի, ինչպես մարդունը, որ Նա բառացի մարդ է, և եթե մենք հավատում ենք և հնազանդվում Նրա օրենքներին, մենք կարող ենք ձեռք բերել վեհացում, որը Նա ունի: Այժմ, դա է մարդկային մտքին հայտնի մեծագույն ճշմարտությունը և ամենափառավոր գաղափարը» (“The Seven Deadly Heresies” [Brigham Young University fireside, June 1, 1980], 7, speeches.byu.edu):

Հովհաննես 17.12: «Կորուստի որդին»

Պարզվում է, Հիսուս Քրիստոսն օգտագործել է «կորուստի որդի» արտահայտությունը՝ ակնարկելով Հուդա Իսկարիովտացուն, ով այդ պահին թողել էր Հիսուսին և տասնմեկ մյուս Առաքյալներին, որպեսզի մատներ Հիսուսին, հանձնելով կոռումպացված հրեա առաջնորդներին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին նշել է. «Հուդան… թերևս, կորուստի որդի չէր՝ ընդմիշտ նզովված լինելու իմաստով, այլ այն իմաստով, որ նա այս կյանքում սատանայի հետևորդը կամ որդին էր: Տես Մատթ. 26.21–25» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:765):

Հովհաննես 17.20–23: «Նորանց … որ նորանց խօսքովը կհավատան ինձ»

Թեև Հիսուս Քրիստոսը սկսեց Իր Միջնորդական Աղոթքը, աղոթելով աշակերտների համար, որ Իր հետ էին, Նա ընդլայնեց աղոթքը, ներառելով բոլոր նրանց, ովքեր կհավատան Իրեն «նրանց խոսքովը»: Տիրոջ Եկեղեցու անդամները կճանաչեն Հիսուս Քրիստոսին Առաքյալների վկայության ու ուսմունքների միջոցով: Սա օգնում է մեզ հասկանալ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ուսմունքներն այսօր ուսումնասիրելու կարևորությունը: Նորանց բառը 22 հատվածում վերաբերում է Առաքյալներին և հավատարիմ անդամներին, ովքեր ուսումնասիրում են նրանց ուսմունքները և ներդաշնակ են դրանց հետ, ինչպես ներդաշնակ են Աստծո Որդու հետ: Ավելին իմանալու համար, թե ինչպես կարող ենք «կատարյալ լինե[լ] միությունում» (Հովհաննես 17.23), տես Վարդապետություն և Ուխտեր 76.69: